ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգեր

10:07 / 25.05.2015

Հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը նախատեսված է հրդեհի սկզբնական փուլի բացահայտման, դրա առաջացման տեղի, ժամանակի մասին ազդարարման, իսկ անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման և ծխի վերացման ինքնաշխատ համակարգերի միացման համար: Հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը պետք է`

- արագ բացահայտի հրդեհի առաջացման վայրը.
- հուսալիորեն փոխանցի հրդեհի մասին ազդանշանը ընդունիչ-վերահսկիչ սարքի վրա.
- հրդեհի մասին ազդանշանը վերականգնի այն ձևով, որը հարմար է պահպանվող օբյեկտի անձնակազմի ընկալմանը.
- հրդեհի գործոններից տարբերվող արտաքին գործոնների ազդեցության նկատմամբ մնա անընկալունակ.
- արագորեն բացահայտի և փոխանցի համակարգի նորմալ աշխատանքին խոչընդոտող անսարքությունների մասին տեղեկություն:
Հրդեհի ազդանշանման համակարգը բաղկացած է`
- տվիչներից և փոխակերպիչներից, որոնք հրդեհի առաջացման գործոնները (տաքությունը, լույսը, ծուխը) փոխակերպում են էլեկտրական ազդանշանի.
- ընդունիչ-վերահսկիչ կայանից, որը հաղորդում է ազդանշանը և միացնում լուսային ու ձայնային ազդանշանման համակարգը.
- հրդեհաշիջման և ծխի վերացման ինքնաշխատ համակարգերից:
Հրդեհի ազդանշանային համակարգը իրենից ներկայացնում է հրդեհի ահազանգման համակարգերի ամբողջություն, որոնք մոնտաժվել են մեկ օբյեկտում և վերահսկվում է ընդհանուր հրդեհային կայանքի կողմից: Հրդեհի ազդանշանման տեխնիկական միջոցները կարելի է պայմանականորեն բաժանել խմբերի` ըստ կատարվող ֆունկցիաների` հրդեհային տվիչներ, ընդունման-վերահսկման և կառավարման հրդեհային սարքավորումներ, հրդեհային ազդարարիչներ:
Հրդեհների բացահայտումը սկզբնական շրջանում հեշտացնում է դրանց մարումը, ինչը մեծ մասամբ կախված է տվիչների զգայնությունից: Տվիչները կարող են լինել տարբեր տիպերի`

- ջերմային հրդեհային տվիչ` ինքնաշխատ տվիչ, որն արձագանքում է որոշակի ջերմաստիճանին կամ դրա աճման արագությանը.
- ծխային հրդեհային տվիչ` ինքնաշխատ տվիչ, որն արձագանքում է այրման աէրոզոլային արգասիքին.
- ռադիոիզոտոպային հրդեհային տվիչ` ծխային տվիչ, որն աշխատում է տվիչի աշխատող խցիկի վրա այրման արգասիքի ազդեցության հետևանքով.
- օպտիկական հրդեհային տվիչ` ծխային տվիչ, որն աշխատում է տվիչի էլեկտրամագնիսական ճառագայթման կլանման կամ տարածման վրա այրման արգասիքի ազդեցության հետևանքով.
- կրակի հրդեհային տվիչ` արձագանքում է կրակի էլեկտրամագնիսական ճառագմանը.
- համակցված հրդեհային տվիչ` արձագանքում է հրդեհի երկու (կամ ավելի) գործոնների:
Առավել բազմաքանակ են ջերմային տվիչները: Դրանք բաժանվում են հետևյալ տեսակների` մաքսիմալ ջերմային տվիչներ, որոնք աշխատում են միջավայրի ջերմաստիճանի բարձրացման դեպքում, և տարբերակված (դիֆերենցիալ) ջերմային տվիչներ, որոնք աշխատում են միջավայրի ջերմաստիճանի` որոշակի արագությամբ բարձրանալու դեպքում: Տարբերակված ջերմային հրդեհային տվիչները կիրառվում են հրդեհի օջախի բացահայտման համար, եթե հսկողության գոտում չի ենթադրվում ջերմաստիճանի տատանում, որը կապված չէ հրդեհի առաջացման հետ: Մաքսիմալ ջերմային հրդեհային տվիչները չպետք է կիրառել ցածր ջերմաստիճան (00C- ից ցածր) ունենցող այն շինություններում, որտեղ պահվում են նյութական և մշակութային արժեքներ: Ջերմային հրդեհային տվիչների դեպքում հարկ է հաշվի առնել, որ մաքսիմալ և մաքսիմալ տարբերակված տվիչների գործարկման ջերմաստիճանը պետք է տարածքում օդի առավելագույն թույլատրելի ջերմաստիճանից 200C-ով բարձր լինի: Մաքսիմալ ջերմային տվիչները բնութագրվում են լավ կայունությամբ, սխալ տանգնապներ չեն տալիս և ունեն հարաբերականորեն ցածր արժեք: Սակայն դրանք պակաս զգայունակ են և նույնիսկ հրդեհային բռնկումների տարածքներից ոչ մեծ հեռավորության վրա աշխատում են նշանակալի հապաղումով (ուշացմամբ): Տարբերակված ջերմային տվիչներն ավելի զգայունակ են, սակայն բարձր գին ունեն: Բոլոր ջերմային տվիչները տեղակայվում են անմիջապես աշխատանքային գոտիներում, այդ իսկ պատճառով հաճախ են ենթարկվում մեխանիկական վնասվածքների: Այն վայրերում, որտեղ հնարավոր է տվիչների մեխանիկական վնասումը, դրանք սարքավորվում են պաշտպանիչ սարքերով, որոնք չեն ազդում աշխատունակության վրա: Ջերմային մեկ տվիչը վերահսկում է 10-25մ2 մակերես:
Գազային հրդեհային տվիչները կիրառվում են, եթե հսկողության գոտում հրդեհի առաջացման դեպքում, սկզբնական շրջանում ենթադրվում է որոշակի տիպի գազերի անջատում այնպիսի խտությամբ, որը կարող է առաջացնել տվիչների գործարկումը: Այդ տվիչները չեն կիրառվում այն շինություններում, որոնցում կարող են, հրդեհի բացակայության պայմաններում, տվիչների գործարկման վրա ազդող գազեր առաջանալ: Այն դեպքում, երբ հսկողության գոտում հրդեհի գերիշխող գործոնը որոշված չէ, կիրառվում են համակցված հրդեհային տվիչներ կամ հրդեհային տվիչների համակցություն, որոնք արձագանքում են հրդեհի տարբեր գործոնների:

Ծխային հրդեհային տվիչի ընտրությունը պետք է կատարել տարբեր ծխեր հայտնաբերելու դրա ունակությանը համապատասխան: Այդ տվիչները կիրառվում են օպերատիվ, տեղային ազդարարման և հրդեհի տեղի որոշման համար այն շինություններում, որոնցում հրդեհի օջախի առաջացման հիմնական գործոն է հանդիսանում ծխի առաջացումը, իսկ պաշտպանվող սենքերում հնարավոր է մարդկանց առկայություն: Նման տվիչները ներառվում են հրդեհի ազդանշանման միասնական համակարգի մեջ: Ծխային տվիչը` իոնացված խցիկով, ունակ է վերահսկելու 30-100մ2 մակերես:
Օպտիկական տվիչները բաժանվում են երկու խմբի` ուղիղ տեսնող ցուցասարքեր (որոնք պետք է անմիջականորեն տեսնեն հրդեհը) և ֆոտոէլեկտրական ծխային սարքեր: Առաջինները գործնական նշանակություն քիչ ունեն, քանի որ, ինչպես և ջերմային տվիչները, պետք է հրդեհի հնարավոր օջախին շատ մոտ գտնվեն: Ֆոտոէլեկտրական ծխային տվիչներն աշխատում են լուսավորող ֆոտոտարրում լույսի հոսքի թուլացման դեպքում` օդի ծխով լցվելու արդյունքում: Այս տիպի տվիչները կարող են տեղադրվել հրդեհի հնարավոր օջախներից տասնյակ մետրերի հեռավորության վրա: Փոշու հատիկները, որ առկա են օդում, կարող են հանգեցնել տվիչների գործարկմանը: Բացի այդ, սարքի զգայունակությունը նկատելիորեն իջնում է փոշու պաշարմանը զուգահեռ, այդ իսկ պատճառով պետք է կանոնավոր ձևով զննել և մաքրել տվիչները:
Կրակի հրդեհային տվիչները հարկ է կիրառել, եթե հսկողության գոտում հրդեհի առաջացման պայմաններում, սկզբնական շրջանում ենթադրվում է բաց կրակի առաջացում: Կրակի տվիչի զգայունակությունը պետք է համապատասխանի վառվող նյութերի կրակի ճառագման սպեկտրին: Դրանք տեղակայվում են ծածկերի, պատերի և այլ շինարարական կառույցների, ինչպես նաև տեխնիկական սարքերի վրա` հաշվի առնելով օպտիկական խոչընդոտների հնարավոր ներգործությունները: Պաշտպանվող մակերևույթի յուրաքանչյուր կետ վերահսկվում է կրակի երկու տվիչների կողմից, իսկ տվիչների դիրքը ապահովում է պաշտպանվող մակերևույթի հսկողությունը, որպես կանոն` հակադիր ուղղություններով: Լուսային տվիչներն աշխատում են կրակի ուլտրամանուշակագույն ճառագման ազդեցության միջոցով և կարող են վերահսկել 400-600մ2 մակերես: Ինքնաշխատ տվիչները հիմնականում տեղակայվում են առաստաղի վրա կամ կախվում հատակից 6-10մ բարձրության վրա: Կետային հրդեհային տվիչները, բացի կրակի տվիչներից, տեղադրվում են ծածկի տակ` տարածքի յուրաքանչյուր բաժնում:
Տվիչները պետք է միշտ մաքուր պահվեն: Արգելվում է անսարք տվիչի փոխարինումը այլ տիպի կամ այլ սկզբունքով գործող տվիչով: Տվիչները պետք է հասանելի լինեն, իսկ դրանց տեղակայման վայրերը բավականաչափ լուսավորված: Ընդունիչ կայանի կամ ընդունիչ-վերահսկիչ սարքի մեկ ճյուղում կարող են ներառվել 50-ից ոչ ավելի տվիչներ: Օբյեկտի հրդեհային տվիչների պաշարը չպետք է պակաս լինի տեղակայվածների քանակի 10%-ից: Ձեռքի հրդեհային տվիչները կիրառվում են օբյեկտներում մարդկանց կողմից ընդունիչ կայան հրդեհի մասին ինֆորմացիա հաղորդելու համար: Դրանք տեղադրվում են պատերի վրա` հատակից 1.5մ բարձրությամբ, միացվում են ընդունիչ կայանին և տանգնապի ազդանշան են տալիս կոճակը սեղմելու դեպքում:

Ինքնաշխատ հրդեհային տվիչների քանակը որոշվում է ամբողջ վերահսկվող տարածքի մակերեսով հրդեհի առաջացման բացահայտման անհրաժեշտությամբ, իսկ կրակի տվիչների համար` նաև սարքավորման անհրաժեշտությամբ: Յուրաքանչյուր պաշտպանվող սենքում անհրաժեշտ է տեղակայել ոչ պակաս, քան երկու հրդեհային տվիչներ: Հրդեհային տվիչները պետք է տեղադրվեն տվյալ տվիչի տեխնիկական փաստաթղթի պահանջներին համապատասխան: Վերահսկողության մեկ գոտում տարբեր հրդեհային տվիչներ տեղադրելու դեպքում, դրանց տեղակայումը պետք է կատարվի յուրաքանչյուր տիպի տվիչի տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համաապատասխան:
Սարքերը, որոնց ազդանշանով միանում են հրդեհաշիջման, ծխահեռացման կամ հրդեհի մասին ազդարարող ինքնաշխատ համակարգերը, պետք է կայուն լինեն արտաքին խոչընդոտների ներգործության նկատմամբ: Ընդունիչ-վերահսկիչ և կառավարման սարքերը տեղակայվում են պատերի, միջնորմների ու չհրկիզվող նյութերից պատրաստված կառույցների վրա: Հրդեհի ազդանշանման ընդունիչ կայանները նախատեսված են հրդեհային տվիչների տագնապի ազդանշանի ընդունման և կապի գծերի աշխատունակության վերահսկման համար: Հրդեհի ազդանշանման համակարգի կապի գծերը շենքերի ու տարածքների արտաքին պատերին տեղակայելու դեպքում դրանք քողարկում են կամ պաշտպանում մեխանիկական վնասվածքներից, իսկ ներքին տարածքներում թույլատրվում է դրանք բաց ձևով տեղակայել:
Հրդեհի ազդանշանման համակարգը շահագործում է օբյեկտի անձնակազմը, որտեղ դրանք մոնտաժված են, իսկ օբեյկտի ղեկավարը պատասխանատու է համակարգի հուսալի աշխատանքի համար և նշանակում է պատասխանատուներ` դրա շահագործման համար:


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին