ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Ձմռան անակնկալները

09:51 / 25.05.2015

Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Պետք է հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` հղի են անուղղելի հետևանքներով: Եվ որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն և կանխվի չարիքը, հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Մասնավորապես, էլեկտրատնտեսության անսարքություններից և զանազան էլեկտրաջեռուցիչ սարքերի սխալ շահագործումից առաջացած հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել էլեկտրատեխնիկական և հակահրդեհային մի շարք կանոններ, մասնավորապես.
-էլեկտրացանցը պետք է մոնտաժեն միայն մասնագետները` համաձայն էլեկտրատեխնիկական և հակահրդեհային նորմերի և կանոնների,

-արգելվում է ժամանակավոր էլեկտրահաղորդագծերի անցկացումը, ինչպես նաև հաղորդալարերը մեխերով ամրացնելը,
-հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց տեղերը փաթաթել մեկուսիչ ժապավենով,
-էլեկտրական ցանցի ճյուղավորումներն անհրաժեշտ է կատարել պատերի խոռոչներում տեղադրված փոխանցման չայրվող տուփերում, որոնք ծածկվում են կափարիչներով,
-էլեկտրական ցանցը պետք է ապահովված լինի գործարանային ապահովիչներով, որոնք հաշվիչի հետ միասին ամրացվում են չայրվող նյութից պատրաստված տակդիրի վրա, տեղադրվում պատի խոռոչում և ծածկվում չայրվող կափարիչով,
-խստորեն արգելվում է ինքնաշեն ապահովիչների, այսպես կոչված ՙխծուծալարերի՚ օգտագործումը,
-արգելվում է ինքնաշեն էլեկտրական սպառիչների օգտագործումը,
-չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ,
-էլեկտրասպառիչների` էլեկտրական ցանցին միացումներն անհրաժեշտ է կատարել միայն վարդակների, եղանիկների և հատուկ ծայրապանակների օգնությամբ,
-էլեկտրական տաքացման սարքերը պետք է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից և առարկաներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա և այլն:

Պակաս կարևոր չեն նաև հրդեհային անվտանգության ապահովման համար թիթեղյա վառարաններին ներկայացվող պահանջները, մասնավորապես, արգելվում է.
-վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության,
-վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ,
-բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները,
-վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս,
-վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս, քան 25 սմ,
-վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք: Ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել և լուսամուտով դուրս հանել,

-վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր,
-գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին:
Կենցաղում զանազան գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով: Շատ հաճախ պայթյունի և հրդեհի պատճառ է հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների և այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետևանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով:
Արձանագրված դեպքերի վերլուծությունը վկայում է, որ գազի առկայության դեպքում մեր քաղաքացիների որոշ մասը թույլ է տալիս կոպիտ վրիպումներ, որոնք ծանր, իսկ երբեմն էլ անուղղելի հետևանքներ են ունենում; Ուստի խորհուրդ է տրվում գազին բնորոշ հոտ զգալիս առաջին հերթին անհապաղ օդափոխել սենյակը: Այնուհետև ստուգել գազասարքի փականների դիրքը: Եթե դրանք գտնվում են փակ վիճակում, օճառի լուծույթով ներծծված սպունգով, այլ ոչ թե բաց կրակով, մանրազննին ստուգել խողովակի և ռեդուկտորի միացման հանգույցների հերմետիկությունը: Գազի արտահոսքի տեղը հայտնաբերելիս հուսալիորեն ձգել տվյալ հանգույցի պնդօղակները կամ ճարմանդները: Քանի դեռ սենյակում գազի հոտ է զգացվում, խստորեն արգելվում է լուցկի վառել, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորությունը և կենցաղային սարքավորումները:
Հարգելի քաղաքացիներ, մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ զանազան էլեկտրաջեռուցիչ սարքավորումների, գազասարքերի և վառարանների ոչ ճիշտ օգտագործումը, դրանց հետ անփույթ, անպատասխանատու վարվելն ու հրդեհային անվտանգության կանոնների ամենաաննշան խախտումն անգամ բավական են, որ կորցնեք նյութական արժեքներ, պատճառ դառնաք մարդկանց խեղանդամության կամ մահվան:

Անհրաժեշտ է նաև բարձրացնել մարդկանց կարգապահությունը հրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ տխուր հետևանքներից:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ

← Վերադառնալ ցուցակին