ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Անվտանգության դպրոց, կամ ինչպես գործել էքստրեմալ իրավիճակներում

10:15 / 25.05.2015

<<Անվտանգության դպրոց, կամ ինչպես գործել էքստրեմալ իրավիճակներում>>՚ Հրդեհ. ինչպես վարվել հրդեհի դեպքում. օրինակներ առօրյա կյանքից

Իրադրություն. Հրդեհ ավտոբուսում, տրոլեյբուսում կամ տրամվայում:

Ձեր գործողությունները.
• Անմիջապես տեղեկացրեք վարորդին և ուղևորներին, պահանջեք կանգնել ու բացել դռները (կամ սեղմեք դռների վթարային բացման կոճակը).
• Հրդեհի օջախը հանգցնելու համար փորձեք օգտագործել սալոնում գտնվող կրակմարիչը և ձեռքի տակ եղած միջոցները: Զգու՛յշ եղեք. Տրոլեյբուսների ու տրամվայների մետաղական մասերը կարող են գտնվել լարման տակ` հաղորդալարերի պաշտպանիչ մեկուսացման խաթարման հետևանքով.
• Եթե դռները բլոկավորվել են` տարհանման համար օգտվեք վթարային լյուքերից և կողային լուսամուտներից (բացեք դրանց վրա առկա հրահանգների համաձայն): Անհրաժեշտության դեպքում, բռնաձողերից կախվելով` ոտքերով կոտրեք ապակիները.

• Առաջին հերթին փրկեք երեխաներին ու ծերերին, կանխեք խուճապի առաջացումը, կատարեք վարորդի բոլոր հրահանգները.
• Ցանկացած տրանսպորտում կան նյութեր, որոնք այրվելիս թունավոր գազեր են առաջացնում, այդ իսկ պատճառով հնարավորինս արագ լքեք սալոնը` քիթն ու բերանը փակելով թաշկինակով կամ հագուստի թևքով: Դուրս գալով սալոնից` հեռացեք անվտանգ տարածության վրա, քանի որ կարող են պայթել վառելանյութի բաքերը կամ հնարավոր է բարձր լարման հաղորդալարերի կարճ միացում.
• Անհապաղ ահազանգեք (հեռախոսով կամ անցնող մեքենաների վարորդների միջոցով) հրշեջ ծառայությանը և հնարավորության սահմաններում տուժածներին օգնություն ցուցաբերեք:

 

Իրադրություն. Հրդեհ մետրոյի վագոնում:Ձեր գործողությունները.

• Ծխի հոտ զգալով անմիջապես տեղեկացրեք մեքենավարին (խոսակցային սարքի միջոցով) և կատարեք նրա հրահանգները: Աշխատեք կանխել խուճապի առաջացումը, հանգստացրեք մարդկանց, բռնեք երեխաների ձեռքերից: Ուժեղ ծխապատման դեպքում փակեք աչքերն ու շնչեք թաց թաշկինակի միջով.
• Քանի դեռ գնացքը շարժվում է թունելով` մնացեք ձեր տեղում: Կայարան հասնելուց և դռները բացվելուց հետո առաջին հերթին դուրս հանեք երեխաներին ու ծերերին` պահպանելով հանգստություն և սառնասրտություն: Համոզվեք, որ վագոնում մարդիկ չեն մնացել (հակառակ դեպքում օգնեք նրանց դուրս գալ).
• Հրդեհի մասին անմիջապես հայտնեք շարժասանդուղքի և կայարանի հերթապահներին, օգնեք մետրոյի աշխատակիցներին մարել հրդեհը` օգտագործելով կայարանում առկա կրակմարիչներն ու հրդեհաշիջման այլ միջոցները.
• Շարժման ընթացքում վագոնում բաց կրակի առկայության դեպքում փորձեք հանգցնել այն` օգտագործելով նստարանների տակ տեղակայված կրակմարիչները կամ ձեռքի տակ եղած միջոցները: Եթե հնարավոր է՝ տեղափոխվեք վագոնի կրակով չբռնկված տեղամաս (ցանկալի է` առաջամաս) և դիմակայեք կրակի տարածմանը` վերարկույով հարվածներ հասցնելով կամ կրակի վրա ցանկացած ոչ դյուրավառ հեղուկ (ջուր, հյութ, կաթ և այլն) լցնելով.
Հիշե՛ք. Ոչ մի դեպքում մի փորձեք արգելալծակի միջոցով կանգնեցնել գնացքը թունելում` դա կդժվարացնի հրդեհաշիջման աշխատանքներն ու մարդկանց տարհանումը:
• Եթե գնացքը կանգնել է թունելում` մի փորձեք լքել վագոնն առանց մեքենավարի հրահանգի: Չդիպչեք վագոնի դռներին ու մետաղական կորպուսին (պատյանին) մինչև ամբողջ տեղամասում բարձր լարման հոսանքի անջատումը: Դուրս գալու թույլտվություն ստանալուց հետո բացեք դռները կամ ոտքերով կոտրեք (դուրս հրեք) ապակիները, շարժվեք գնացքի ուղղությամբ դեպի առաջ` մինչև մոտակա կայարանը: Շարժվեք ռելսերի արանքով, մի դիպչեք կողային հոսանքատար գծերին` լարումը տալուց հետո հոսանքահարումից խուսափելու համար.
• Հատկապես ուշադիր եղեք թունելից դեպի կայարանի կառամատույց դուրս գալու, ուղիների հատման ու սլաքների տեղամասերում, քանի որ չի բացառվում հանդիպակաց գնացքի հայտնվելը: Եթե ձեր լքած գնացքը տեղից շարժվել և հասնում է ձեզ, ապա սեղմվեք թունելի պատի որմնախորշին: Հասնելով կայարան, տեղի ունեցածի մասին անմիջապես հայտնեք հերթապահին և կատարեք նրա հրահանգները:

Իրադրություն. Հրդեհ գնացքում:

Ձեր գործողությունները.
• Հրդեհի մասին անմիջապես տեղեկացրեք վագոնի ուղեկցորդին, առանց խուճապ առաջացնելու անցեք վագոնով և բարձրաձայն, հստակ ու հանգիստ ուղևորներին հայտնեք տեղի ունեցածի մասին: Արթնացրեք քնած մարդկանց և բռնեք երեխաների ձեռքերից.
• Առավել անվտանգ է տարհանվել դեպի առջևի վագոններ, սակայն եթե դա հնարավոր չէ, ապա հեռացեք դեպի գնացքի վերջնամաս` ձեր ետևից ամուր փակելով վագոնախցիկների ու միջվագոնային անցումների դռները: Ուղեկցորդի հետ միասին անպայման ստուգեք այրվող վագոնի վագոնախցիկներում, վագոնահարթակներում, զուգարաններում մարդկանց հնարավոր առկայությունը.
• Օգտագործելով կրակմարիչներ ու ձեռքի տակ եղած միջոցներ (ծածկոցներ, թաց լաթեր և այլն), ուղևորների հետ միասին փորձեք հանգցնել կրակը: Փակեք պատուհանները, որպեսզի քամին չբորբոքի կրակը: Մի՛ փորձեք փրկել ուղեբեռը, եթե դա սպառնում է ձեր անվտանգությանը.
• Եթե կրակը փակել է դեպի ելքեր տանող ուղիները, ապա մտեք վագոնախցիկ կամ զուգարան` ձեր ետևից ամուր փակելով դուռը: Բացեք պատուհանը և սպասեք օգնության տեղ հասնելուն.
• Մի՛ ցատկեք շարժվող գնացքի վագոնից դուրս և մի՛ փորձեք բարձրանալ վագոնի տանիք` դա խիստ վտանգավոր է: Ծայրահեղ դեպքում կարելի է դուրս ցատկել` հագնելով ձեր մոտ եղած ամբողջ հագուստը ու փաթաթվելով ներքնակով.
• Եթե հնարավոր չէ մարել կրակը և կապվել գնացքի պետի կամ մեքենավարի հետ, ապա արգելալծակի օգնությամբ կանգնեցրեք գնացքը, մարդկանց դուրս բերեք վագոնից` բացելով դռները կամ կոտրելով ապակիները.
• Ուղեկցորդի օգնությամբ վագոններն անջատեք իրարից` հրդեհի տարածումն այլ վագոններ կանխելու նպատակով: Վագոնների տեղաշարժը կանխելու համար (թեքության վրա) անիվների տակ տեղադրեք արգելակիչ կաղապարներ կամ ձեռքի տակ եղած այլ միջոցներ.
• Ուղևորներին հեռացրեք այրվող վագոնից անվտանգ հեռավորության վրա և մարդիկ ուղարկեք մոտակա բնակավայր` հրդեհի մասին տեղեկացնելու համար: Այնուհետև գործեք գնացքի պետի և հրշեջների ցուցումների համաձայն.
• Նկատելով այրվող վագոնում մնացած մարդկանց` անմիջապես տեղյակ պահեք հրշեջներին: Ցանկացած ձևով կանխեք խուճապի առաջացումն ու տուժածներին առաջին օգնություն ցուցաբերեք:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին