ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Գարնանային հրդեհներ

10:34 / 25.05.2015

Հրդեհների առաջացման պատճառները շատ են և բազմապիսի, սկսած կայծակներից և պայթյուններից, վերջացրած էլեկտրական կարճ միացումներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով և կենցաղային էլեկտրական սարքերի անսարքություններով: Բոլորին հայտնի է, թե ինչի է ընդունակ հրդեհ կոչվող չարիքը: Հաշված րոպեների ընթացքում այն կարող է մոխիր դարձնել մարդկանց ունեցվածքը` պատճառ դառնալով նյութական խոշոր կորուստների, իսկ երբեմն էլ` մարդկային զոհերի և վնասվածքների:

Գարնանը նկատվում է հրդեհների որոշակի աճ հիմնականում հողամասերի մաքրման աշխատանքների ժամանակ, երբ անտեսվում են հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջները: Քաղաքային և հատկապես գյուղական բնակչության կողմից կարծես ընդունված ձև է դարձել հավաքված խոտի, ճյուղերի մնացորդների ոչնչացումն այրման միջոցով: Ինչ խոսք, միջավայրի սանիտարական մաքրության պահպանությունը կարևոր խնդիր է, սակայն այդ ամենը կարելի է անել անվտանգ և թույլատրելի ձևերով: Մինչդեռ, մեր բնակիչների մի ստվար մասը հողագործական աշխատանքների ընթացքում հավաքված աղբն այրում է որտեղ պատահի և, թողնելով գարնանային քամու և երեխաների քմահաճույքին, հանգիստ խղճով հեռանում: Արդյունքում կրակը հսկողությունից դուրս մնալով անարգել տարածվում է և, ընդհուպ մոտենալով բնակելի հատվածին, իրական սպառնալիք ստեղծում:

Անցանկալի դեպքերից խուսափելու համար պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն առաջարկում է չոր խոտի, տերևների, ճյուղերի մնացորդների ոչնչացման համար շինություններից, անտառային զանգվածներից անվտանգ հեռավորության վրա առանձնացված տեղեր հատկացնել, այրման ամբողջ ընթացքը հսկողության տակ առնել, վերջում կրակի մնացորդները ջրով հանգցնել, կամ ամբողջ մակերեսը ծածկել հողի բարակ շերտով: Որպես կանոն, քամու առկայության պայմաններում ընդհանրապես արգելվում է այրման աշխատանքներ կատարելը:

Վերոհիշյալն ապացուցելու համար ներկայացնենք մի դեպք, որ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Եղեգնաձորի Արենի գյուղում: Գյուղացիներից մեկը իր հողամասի եղեգնի չորուկները վերացնելու նպատակով դրանք այրում է: Ժամանակի ընթացքում կրակն աննկատ տարածվելով շրջապատում է գյուղացուն` փակելով ելքի բոլոր ուղիները: Նույնիսկ համագյուղացիներն, որ հասնում են օգնության, ոչ մի կերպ չեն կարողանում մի քանի ժամ առաջ իր հողամասը մաքրելու հանգիստ աշխատանքով զբաղված գյուղացուն հանել կրակի ճիրաններից: Տարիներ առաջ Դիլիջանում 30 հեկտարից ավելի տարածք այրվել էր, քանի որ գյուղացիներից մեկը անփութորեն քամու քմահաճույքին էր հանձնել հողագործական աշխատանքների ժամանակ հավաքված աղբը: Նման դեպքեր գրանցվել են նաև Իջևանում, Նոյեմբերյանում, Եղվարդում, Արտաշատում և Վեդիում:

Դեպքերը շատ են, սակայն հրդեհային անվտանգության կանոններն իմանալու պարագայում կարելի է խուսափել նման անցանկալի ու վտանգավոր դեպքերից: Մի փոքր զգուշություն, աչալրջություն, իմացություն ու կխուսափենք և' հրդեհներից, և' դրանց պատճառած վնասներից:

 

 

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին