ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հիվանդանոցների հրդեհային անվտանգություն

13:41 / 25.05.2015

Արտակարգ իրավիճակների կամ տարերային աղետների ժամանակ մարդկանց մեծամասնությունը կորցնում կամ պահպանում է կյանքը պատահարից անմիջապես հետո: Մարդիկ ապավինում են հիվանդանոցների արագ և արդյունավետ արձագանքմանը՝ որպես միակ հույս և հենարան: Խոշոր արտակարգ իրավիճակների դեպքում ողբերգական իրավիճակն ավելի է բարդանում, եթե բժշկական հաստատությունները չեն կատարում իրենց խնդիրները: Երբ փլվում է հիվանդանոցը կամ ընդհատվում է դրա գործունեությունը, շտապ օգնության կարիք ունեցող մարդիկ կարող են կորցնել կյանքը:

Հիվանդանոցները հիմնականում կառուցվում են տիպային նախագծերով՝ չայրվող կառուցատարրերից: Դրանք տեղակայվում են մեկ կամ, ավելի հաճախ, մի քանի անցումներով իրար միացված մասնաշենքերում: Հիվանդանոցների տարողունակությունը 100-ից մինչև 2-3 հազար մահճակալ, բարձրությունը՝ 2-5 հարկ: Վերջին ժամանակներս կառուցվում են 9-12 հարկանի հիվանդանոցներ՝ 800-1000 տեղի համար: Հիվանդանոցների ներքին հատակագծումը միջանցքային տիպի է՝ միջանցքի մեկ կամ երկու կողմերում սենքերի տեղակայմամբ և հատվածամասերի բաժանմամբ՝ յուրաքանչյուրում 25-30 մահճակալի հաշվարկով: Երկու հարկից բարձր հիվանդանոցային շենքերում կան վերելակներ: Հիվանդանոցների շենքերի լայնությունը սովորաբար 9-15մ է, հարկերի բարձրությունը (հատակից) նոր շենքերում՝ 3,3 մ:
Հիվանդանոցների հիմնական սենքերն են հիվանդասենյակները, վիրակապարանները, ռենտգենյան ժապավենների պահպանման սենքերը, դեղատները, դեղագործական բաժանմունքները, գրանցասենյակը և տարբեր տիպի ու նշանակության օժանդակ սենքերը (սննդի տեղամասը, հանդերձարանները, սպիտակեղենի սենքերը և այլն): Որոշ հիվանդանոցներում միջանցքը և սենքերը (հիվանդասենյակները) երբեմն առանձնացվում են ճաղերով և ցանցերով: Ցանցեր և ճաղավանդակներ տեղադրվում են նաև լուսամուտատեղերում: Դա հիվանդանոցային շենքերի առանձնահատկություններից է, որը հրդեհաշիջման ղեկավարը պետք է հաշվի առնի հրդեհաշիջման ժամանակ: Հիվանդանոցների շատ սենքեր (վիրահատարաններ, հետվիրահատարանային հիվանդասենյակներ և այլն) մոնտաժված են մեծ քանակի օդափոխման անցուղիներ ունեցող օդի լավորակման համակարգով:
Ներկայումս հիվանդանոցներում լայն կիրառվում են օդափոխության հետ համատեղվող ջեռուցում (օդային), էլեկտրական և ռադիոսարքավորումների շատ տեսակներ (ազդարարում, ռադիո, հեռուստատեսություն և այլն), կենտրոնացված հաղորդագծերի համակարգեր (թթվածնի, գոլորշու և այլն), աղբահեռացման, փոշեհեռացման կենտրոնացված համակարգ և այլն: Հրդեհի դեպքում առավել վտանգ են ներկայացնում հիվանդասենյակները, քանի որ այդտեղ մշտապես շատ հիվանդներ են գտնվում (քայլող և անկողնային): Հիվանդանոցների սենքերի տեսակարար հրդեհային բեռնվածքը նույնը չէ: Օրինակ, գրանցասենյակների բեռնվածքը 80-100 կգ/մ2 է, իսկ հիվանդասենյակներինը՝ 40-50 կգ/մ2:
Շենքերի ու շինությունների հարկերում 10 և ավելի մարդկանց միաժամանակյա ներկայության դեպքում անհրաժեշտ է մշակել և տեսանելի վայրերում փակցնել հրդեհի դեպքում մարդկանց տարհանման սխեման, ինչպես նաև նախատեսել հրդեհի դեպքում մարդկանց ազդարարման համակարգ (կայանք): Մարդկանց զանգվածային ներկայության (50 և ավելի մարդ) օբյեկտներում, ի լրումն հրդեհի դեպքում մարդկանց տարհանման սխեմատիկ պլանի, պետք է մշակվի անձնակազմի գործողությունների հրահանգ՝ մարդկանց անվտանգ և արագ տարհանումն ապահովելու համար, որով կիսամյակն առնվազն մեկ անգամ, տարհանմանը մասնակցող բոլոր աշխատողների հետ պետք է իրականացվեն գործնական վարժանքներ: Մարդկանց գիշերային ներկայությամբ օբյեկտների համար հրահանգում նախատեսվում է գործողությունների 2 տարբերակ՝ գիշերային և ցերեկային: Նշված օբյեկտների ղեկավարներն ամեն օր, հրդեհային հսկողության մարմինների կողմից հաստատված ժամին, իրենց տարածքը սպասարկող հրշեջ ծառայությանը տեղեկություններ են հաղորդում յուրաքանչյուր օբյեկտում գտնվող մարդկանց քանակի վերաբերյալ:
Սահմանափակ շարժունակությամբ մարդկանց (հենաշարժողական ապարատի վնասվածքով անդամալույծներ, տեսողական և լսողական դեֆեկտներով անձինք, ինչպես նաև տարեցներ և ժամանակավոր անաշխատունակներ) շուրջօրյա ներկայությամբ շենքերն ու շինությունները պետք է ապահովված լինեն (հրդեհի մասին ազդարարման համակարգին միացված ձայնային, լուսային, տեսողական (վիզուալ) կրկնօրինակող ազդարարում ներառող) հրդեհի մասին դյուրըմբռնելի և որակյալ տեղեկատվության ժամանակին ստացմամբ: Լուսային, ձայնային և տեսողական ազդարարումը պետք է նախատեսված լինի տվյալ խմբի անձանց ներկայության սենքերում, ինչպես նաև յուրաքանչյուր տարհանման, վթարային ելքի մոտ, տարհանման ուղիներում: Լուսային ազդանշանները պետք է միանան ձայնային ազդարարման հետ միաժամանակ, իսկ լուսային թրթռումների հաճախականությունը պետք է լինի 5 հերցից ոչ բարձր: Տեսողական ինֆորմացիան տեղադրվում է գունային հակադրությամբ ֆոնի վրա՝ համապատասխան չափերի նշանների միջոցով: Այդպիսի կազմակերպությունների սպասարկող անձնակազմը, հրդեհային հսկողության մարմինների հետ համաձայնեցված ծրագրով, պետք է անցնի հատուկ վերապատրաստում՝ սահմանափակ շարժունակությամբ մարդկանց տարհանումը կազմակերպելու համար:

Բուժհաստատության ղեկավարը պետք է ամեն օր, հիվանդների դուրս գրվելուց հետո, հրշեջ ծառայությանը հայտնի տվյալներ յուրաքանչյուր մասնաշենքում գտնվող հիվանդների քանակի վերաբերյալ:
Ինքնուրույն տեղաշարժվել չկարողացող մարդկանց մշտական ներկայությամբ հիվանդանոցների և այլ կազմերպությունների շենքերը պետք է ապահովված լինեն պատգարակներով, յուրաքանչյուր 5 հիվանդին՝ 1 պատգարակ հաշվարկով: Երեխաների և ծանր հիվանդների հիվանդասենյակները պետք է տեղակայվեն ներքևի հարկերում:
Հիվանդասենյակներում անկողինների միջտարածությունը պետք է լինի 0,8մ-ից, իսկ հիմնական կենտրոնական անցումների լայնությունը՝ 1,2մ-ից ոչ պակաս: Անթույլատրելի է տարհանման ուղիների և ելքերի ծանրաբեռնումն աթոռներով, պահարանիկներով և այլ գույքով:
Արգելվում է՝
• բուժման հետ չառնչվող սենքերի (բացի նախագծման նորմերով նախատեսված) տեղակայումն ու շահագործումը հիվանդասենյակներով մասնաշենքերում.
• միջանցքներում, սպասասրահներում և տարհանման ուղիներում տեղադրել մահճակալներ.
• հիվանդասենյակների և սպասարկող անձնակազմի սենյակների պատուհաններին տեղադրել մետաղական ճաղավանդակներ կամ շերտափեղկեր.
• փայտյա պատերին և առաստաղներին փակցնել պաստառներ կամ դրանք ներկել յուղային կամ նիտրոներկերով.
• սենքերը հարդարել այնպիսի նյութերով, որոնք այրման ժամանակ թունավոր արգասիքներ են առաջացնում.
• բուժհաստատությունների շենքերում տեղադրել և պահել թթվածնային բալոններ.
• օգտագործել ռետինե և պլաստմասե խողովակներ՝ թթվածինը բալոնից հիվանդասենյակ հասցնելու համար.
• օգտվել անսարք բուժական էլեկտրասարքավորումներից.
• բուժհաստատությունների նկուղային և կիսանկուղային հարկերում տեղակայել արհեստանոցներ, պահեստներ, խորդանոցներ:
Լաբորատորիաներում, բաժանմունքներում, բժիշկների աշխատասենյակներում թույլատրվում է 3կգ-ը չգերազանցող ընդհանուր քանակի դեղորայքի և ռեակտիվների (դյուրավառ և այրվող հեղուկների խմբին պատկանող՝ սպիրտ, եթեր և այլն) պահպանումը հատուկ, փակվող մետաղական պահարաններում՝ հաշվի առնելով դրանց համատեղելիությունը: Արխիվային պահոցների սենքերում չի թույլատրվում տեղակայել էլեկտրական վահաններ, անջատիչ սարքեր, էլեկտրական զանգեր, խրոցակային միացումներ: Ոչ աշխատանքային ժամերին պահոցները պետք է հոսանքազրկված լինեն: Թույլատրվում է մինչև 4կգ ռենտգենյան ժապավենի պահպանումը արխիվային պահոցներից դուրս, մետաղական պահարանում՝ այդ պահարանը ջեռուցման սարքերից 1մ հեռավորության վրա տեդադրելու պայմանով: Այն սենքերում, որտեղ գտնվում են նմանատիպ պահարաններ, արգելվում է ծխել և օգտագործել ցանկացած տիպի ջեռուցման սարքեր: Ռենտգենյան ժապավենի պահոցները սարքավորվում են 50սմ երկարության և խորության հատվածների բաժանված մետաղական (փայտյա՝ ասբեստի վրայից մետաղապատված) ֆիլմապահարաններով կամ պահարաններով: Հեռավորությունը պահարաններից մինչև պատերը, պատուհանները, առաստաղը և հատակը պետք է լինի ոչ պակաս, քան 0,5մ:
Հրշեջ գույքը պետք է օգտագործվի միայն հրդեհի դեմ պայքարելու նպատակով: Արգելվում է հրշեջ գույքի օգտագործումը տնտեսական կարիքների կամ արտադրական խնդիրների լուծման համար: Հրդեհաշիջման սկզբնական միջոցները տեղադրվում են շենքերի և շինությունների սենքերում և հանձնվում են դրանց պահպանության ու մարտունակության համար պատասխանատու անձին:
Կրակմարիչների տեղադրման համար օբյեկտներում պետք է տեղակայվեն հատուկ հրշեջ վահաններ, պահարաններ, ստենդներ: Ստենդները և հրշեջ վահանները պետք է տեղակայվեն սենքում կամ տարածքում, երևացող և հասանելի տեղերում՝ հնարավոր բռնկման տեղերին և սենքերի ելքերին հնարավորինս մոտ վայրերում: Կրակմարիչները կարող են օգտագործվել միայն դրանք արտադրող կազմակերպության հրահանգում նշված դասի հրդեհները մարելու համար:

Ձեռքի կրակմարիչները պետք է տեղակայվեն`
• ուղղահայաց կախվածքի վրա, հատակից ոչ ավելի, քան 1,5մ բարձրության վրա և դռնից այնպիսի հեռավորությամբ, որը բավարար է դուռն ամբողջությամբ բացելու համար.
• հատուկ պահարանիկներում, հրշեջ պահարաններում՝ հրշեջ ծորակների հետ կամ հրշեջ վահանների և ստենդների վրա:
Հաստատությունում տեղադրված կրակմարիչները պետք է լինեն լիցքավորված, սարքին և մարտունակ վիճակում: Հարկերում տեղադրված կրակմարիչները պետք է լինեն միանման, հիմնական տվյալների և շահագործման կանոնների մասին բացատրական մակագրությամբ: Կրակմարիչները պետք է պահվեն մշտապես աշխատունակ վիճակում: Ձմռանը (10C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում) դրանք պետք է տեղափոխվեն ջեռուցվող սենքեր: Ածխաթթվային կրակմարիչները պետք է պաշտպանվեն գերտաքացումից և արևի ճառագայթների ազդեցությունից: Հակահրդեհային անվտանգության համար պատասխանատու աշխատակիցն առնվազն 10 օրը մեկ անգամ պետք է ուսումնասիրի կրակմարիչը, ստուգի ապահովիչ թիթեղների ամբողջականությունը, իսկ փրփրային կրակմարիչների մոտ՝ կապարակնիքների առկայությունը: Միաժանամակ մաքրվում են փրփրային կրակմարիչների ցողիչները: Կրակմարիչների լիցքի կշռային հսկողությունն իրականացվում է առնվազն տարին մեկ անգամ: Եթե հերթական ստուգիչ կշռման ժամանակ ածխաթթվի արտահոսքի հետևանքով լիցքի քաշը պակաս լինի 1,15կգ-ից (ԿԱ-2 կրակմարիչների համար), 3,15կգ-ից (ԿԱ-5), 5,15կգ-ից (ԿԱ-8), ապա կրակմարիչը պետք է վերալիցքավորվի:
Թույլատրվում է շահագործել միացման գլխիկ ունեցող հրշեջ փականով, փողրակին միացված ճնշումային հրշեջ ճկափողով և կափույրի բացումը հեշտացնող լծակով կահավորած հրշեջ ծորակներ: Հրշեջ ճկափողը պետք է միացված լինի փականին: Թվարկված սարքերով սարքավորված հրշեջ ծորակը պետք է տեղակայվի ներկառուցված կամ կախովի հրշեջ պահարանում, որը կնքվում է: Հրշեջ պահարանի փեղկի վրա նշվում է ՀԾ տառային ցուցիչը, յուրաքանչյուր հրշեջ ծորակի հերթական համարը և մոտակա հրշեջ մասի հեռախոսահամարը:
Հրդեհային ինքնաշխատ կայանքները պետք է շահագործվեն ավտոմատ ռեժիմով և շուրջօրյա գտնվեն աշխատունակ վիճակում: Դրանց շահագործումը պետք է իրականացվի արտադրող գործարանի հրահանգներին և հրդեհային ինքնաշխատ կայանքների տեխնիկական պահպանման տիպային կանոններին համաձայն: Հրդեհաշիջման և ազդարարման կայանքների, պոմպերի, էլեկտրասողնակների միացման ազդանշանները պետք է հասնեն ընդունիչ կայան, որը տեղակայվում է հերթապահ անձնակազմի շուրջօրյա և մշտական ներկայության սենքերում:
Ազդարարման և հրդեհաշիջման համակարգերի շահագործման ժամանակ արգելվում է՝
• անսարք ոռոգիչների փոխարեն տեղադրել խցաններ և խցափակիչներ.
• բաշխիչ խողովակաշերերի վրա տեղադրված ոռոգիչները փոխարինել այլ տիպի կամ նմանատիպ, բայց այլ տրամաչափի ելքային անցքերով ոռոգիչներով.
• կայանքի խողովակաշարերը օգտագործել այլ սարքավորում ամրացնելու կամ կախելու համար.
• փոխել կայանքի հրդեհաշիջող նյութի տեսակը.
• արտադրական սարքավորումը և սանիտարական սարքերը միացնել կայանքի սնիչ խողովակաշարերին.
• փոխել կայանքի տեխնիկական սպասարկման ժամկետները և կարգը: Կանոնակարգային աշխատանքների անցկացման ժամկետներն ու կարգը հաստատվում են հրահանգով.
• հրդեհային ինքնաշխատ կայանքի ավտոմատ ղեկավարումը փոխել ձեռքի ղեկավարման:
Հաստատությունները պետք է ունենան ներքին և արտաքին հուսալի հեռախոսակապ հրշեջ ծառայության հետ: Արտաքին հեռախոսային կապի սարքերը պետք է տեղադրվեն օրվա յուրաքանչյուր պահին հասանելի վայրերում: Դրանց մոտ պետք է նախատեսվեն <<Հրդեհի դեպքում զանգել 1-01 կամ 911>> մակագրությամբ ցուցանակներ:

Բժշկական հաստատություններում հրդեհային անվտանգության ապահովման միջոցառումների համակարգը բաղկացած է երեք հիմնական խմբերից՝
1.Հակահրդեհային գործելակարգ հաստատելուն ուղղված միջոցառումներ.
2.Բոլոր շենքերում, կառույցներում, սենքերում, հարթակներում, աշխատասենյակներում, առանձին վայրերում և այլ կետերում պատշաճ հակահրդեհային վիճակի հաստատմանը և պահպանմանն ուղղված միջոցառումներ,
3.Շենքերի, կառույցների, սենքերի, կոմունալ ցանցերի, սարքերի, գույքի շահագործման, վերանորոգման, սպասարկման ընթացքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողական միջոցառումներ:
Հակահրդեհային գործելակարգը ներառում է՝
 ժամանակավոր կրակային և այլ հրդեհավտանգ աշխատանքների իրականացման կարգի հաստատումը և կանոնակարգումը.
 ծխելու համար հատուկ վայրերի նախատեսումը կամ ծխելն արգելելը.
 հրդեհի դեպքում էլեկտրասարքավորումների հոսանքազրկման կարգի հաստատումը.
 ավտոմեքենաների և այլ տեխնիկայի վերանորոգման ու սպասարկման արհեստանոցներում այրունակ թափոնների, փոշու, յուղոտ լաթերի, հատուկ հագուստի մաքրման (հավաքման) աշխատանքների իրականցման կարգի սահմանումը.
 պահեստներում, սենքերում միաժամանակ պահվող հրդեհապայթյունավտանգ նյութերի թույլատրելի քանակի և վայրի սահմանումը.
 աշխատանքն ավարտելուց հետո սենքի զննման և փակման կարգի հաստատումը.
 հրդեհ հայտնաբերելու դեպքում աշխատակիցների, անձնակազմի գործողությունների կարգի սահմանումը.
 հրդեհատեխնիկական մինիմումի դասընթացների և հակահրդեհային հրահանգավորման անցկացման ժամկետների և կարգի սահմանումը.
 առանց համապատասխան հրահանգավորման որևէ աշխատանքի իրականացման արգելումը:
Բուժհաստատության հակահրդեհային գործելակարգը սահմանվում է հիմնարկի ղեկավարի հրամանով:
Պատշաճ հակահրդեհային վիճակի պահպանման համար անհրաժեշտ է՝
• ձեռք բերել և համապատասխան վայրերում տեղադրել հրդեհաշիջման սկզբնական միջոցներ.
• շենքերում, սենքերում մոնտաժել հրդեհաշիջման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգեր.
• սարքին վիճակում պահել հրշեջ ծորակները, հիդրանտները, դրանք համալրել անհրաժեշտ քանակի հրշեջ փողրակներով և փողակերով.
• ամրակցված տարածքներում պահպանել մաքրություն և կարգուկանոն.
• օրվա մութ ժամերին տարածքում ապահովել արտաքին լուսավորություն.
• հաստատությունում մոնտաժել գունային, ձայնային, տեսողական ազդանշաններ ներառող, հրդեհի դեպքում մարդկանց ազդարարման համակարգ.
• միշտ ազատ պահել շենքերին, կառույցներին, պահեստներին, արտաքին հրշեջ աստիաճաններին և ջրաղբյուրներին հարող ճանապարհները, ուղիները՝ հրշեջ տեխնիկայի մոտեցումն ապահովելու համար.
• սարքին վիճակում պահել հակահրդեհային դռները, կափույրները, հակահրդեհային պատերի և միջնորմներում տեղակայված այլ պաշտպանիչ սարքավորումները, ինչպես նաև դռների ինքնափակումն ապահովող սարքերը.
• սարքավորման մետաղական հենարանների, այրունակ երեսպատվածքի և ջերմամեկուսիչ նյութերի, կառուցատարրերի հրապաշտպան շերտի քայքայման դեպքում ժամանակին իրականացնել վերականգնողական աշխատանքները.
• սարքին վիճակում պահել ուղիղ հեռախոսակապը հրդեհային պահպանության մոտակա ստորաբաժանման հետ.
• արգելել նկուղների պատուհաններին և գետնախորշերին խուլ ճաղաշարերի տեղադրումը.
• ազատ և սարքին վիճակում պահել տարհանման ելքերի դռները.
• սարքին վիճակում պահել հակահրդեհային ջրացանցը և այլն:
Հրդեհային անվտանգության կանոնների կատարման նկատմամբ հսկողությունը ներառում է հետևյալ միջոցառումները.
 հրդեհային անվտանգության ապահովման համար պատասխանատու անձանց կողմից ստորաբաժանումներում հակահրդեհային վիճակի և սահմանված հակահրդեհային գործելակարգի գնահատման պլանային և արտապլանային ստուգումների իրականացումը (տարեկան 2 պլանային ստուգում).
 օրենքով սահմանված կարգով հրդեհային հսկողության պետական տեսուչների գնահատմանը և հետազոտմանը ներկայացնել հաստատությանը պատկանող բուժախտորոշիչ, արտադրական, վարչատնտեսական շենքերը, կառույցները, սենքերը.
 հակահրդեհային սարքավորումների ու գույքի հսկիչ-չափիչ սարքերի ժամանակին ներկայացումը չափագիտական ծառայություն՝ աստիճանավորման համար:
Բժշկության մեջ հրդեհային անվտանգության թեմայի արդիականությունը հաստատվում է նաև այն փաստով, որ բուժհաստատություններում անվտանգության հարցերը չեն արծարծվում առհասարակ, ինչպես նաև իսպառ բացակայում են հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված կանոնավոր միջոցառումները: Շատ բուժհաստատություններում անսարք են կամ ընդհանրապես բացակայում են հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգերը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները, պատուհանները ճաղապատված են տարհանումը խոչընդոտող խուլ մետաղական ճաղաշարերով և այլն: Իսկ դառը փորձը ցույց է տալիս, որ հրդեհային անվտանգության հարցերի անտեսումը կարող է ողբերգության հասցնել:
Վերջին ժամանակներում մենք ականատեսն ենք կառուցվող և շահագործվող բուժհաստատություններում հրդեհային անվտանգության նորմերի արդարացի խստացման միտմանը: Սակայն դրանց իրականացումը կախված է ինչպես կազմակերպչական, այնպես էլ զուտ տեխնիկական բարդությունների հետ: Իսկ հրդեհային հսկողության մարմինների որոշ պահանջներն իրականացնելն առհասարակ անհնարին է: Դրա հետ մեկտեղ բուժհաստատությունները վերապլանավորման, օբյեկտների վերակառուցման, սենքերի վերանորոգման աշխատանքները հաճախ իրականացնում են առանց անվտանգության ժամանակակից պահանջները հաշվի առնելու:

Հրդեհային անվտանգության հարցերի լուծումը տեխնիկական տեսակետից համալիր միջոցառումներ է պահանջում: Միաժամանակ պետք է հիշել, որ միայն տեխնիկական միջոցառումներով անվտանգության խնդիրը չի լուծվում: Բուժհաստատության անձնակազմի, իսկ երբեմն էլ՝ հիվանդների համակարգված, գրագետ, դյուրըմբռնելի հրահանգավորումը թույլ կտա արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում ճիշտ կազմակերպվել և, դրանով իսկ խուսափել անտեղի կորուստներից այն իրավիճակում, երբ անվտանգության նույնիսկ ամենաժամանակակից համակարգերն անզոր կլինեն:
Վերջում պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում առողջապահության օբյեկտների հրդեհային անվտանգության կատարելագործումն իր մեջ ներառում է՝
 առողջապահության օբյեկտների անվտանգության ապահովման միջոցառումների համալիր բնույթը,
 անձնակազմին հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների ուսուցումը և արտակարգ իրավիճակներում առողջապահության օբյեկտների գործունեության կայունության բարձրացումը,
 բուժհաստատությունների հրդեհային անվտանգության ապահովման միջոցառումների պլանավորման, կազմակերպման և ղեկավարման համակարգի օպտիմալացումը.
Բուժհաստատությունների՝ հրդեհային անվտանգության ապահովման հարցերով հստակ փոխգործակցության կազմակերպումը ԱԻՆ մարմինների, այլ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ:
Ընդգծենք, որ առողջապահության օբյեկտներում հրդեհի դեպքում գործունեության կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների նախապես պլանավորումն ու անցկացումը, ինչպես նաև անվտանգության անձնագրերի, հրդեհային անվտանգության և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակումը թույլ կտան էապես նվազեցնել ռիսկը և մեղմել հրդեհի հետևանքները:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին