ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհային անվտանգությունը դպրոցում

10:04 / 25.05.2015

Ինչպես հայտնի է նախադպրոցական տարիքում կյանքի մասին տեղեկությունները, այդ թվում նաև հրդեհային անվտանգության տարրական հմտությունների իմացությունը, ձեռք են բերվում խաղային գործունեության միջոցով, որտեղ ավելի ցայտուն է արտահայտվում մանկական ակտիվությունը: Հակահրդեհային կանոնների ուսուցումն իրականացվում է ընդհանուր ուսումնադաստիարակչական գործընթացի հետ մեկտեղ ինչպես դասերի, այնպես էլ արտադասարանային և արտադպրոցական միջոցառումների ժամանակ: Հրդեհային անվտանգության պահանջների կատարման կայուն հմտությունները ձևավորվում են երկարատև և համակարգված բացատրական աշխատանքի շնորհիվ: Աշակերտներին հրդեհային անվտանգության կանոնների ուսուցման հիմնական ձևը զրույցն է: Դասընթացներ անցկացնելիս պետք է պարզաբանվեն այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել դպրոցի կամ շրջանի տարածքում (հրդեհային անվտանգության պահանջների բնութագրական խախտումները, գաղտնի ծխելը, արգելված վայրերում խարույկներ վառելը, առաջացած հրդեհները և այլն):

Հրդեհային թեմայով դասընթացները սովորողների մոտ պետք է դաստիարակեն պատասխանատվության զգացում հանրային սեփականության նկատմամբ, սովորեցնեն նրանց կրակից, էլեկտրական սարքերից, կենցաղային քիմիայի միջոցներից զգուշությամբ օգտվելու հնարքները: Հակահրդեհային բնույթի բացատրական աշխատանքը ներառում է դասընթացներ սովորողների և զրույցներ՝ ծնողների հետ, թեմատիկ երեկոների և վիկտորինաների կազմակերպում, հակահրդեհային թեմաներով պատի թերթերի և կարգախոսների պատրաստում, հրդեհային ծառայության աշխատակիցների և վետերանների հետ հանդիպումներ, հակահրդեհային թեմաներով շարադրությունների և նկարների մրցույթների կազմակերպում, հակահրդեհային քարոզչության իրականացում դպրոցում, էքսկուրսիաներ հրշեջ մաս ու ծանոթացում հրշեջ տեխնիկայի և սարքավորումների հետ և այլն: Ծնողական ժողովներին անհրաժեշտ է պարբերաբար հրավիրել մոտակա հրշեջ մասի աշխատակիցներին, իսկ զրույց-հանդիպումներից հետո կազմակերպել վիկտորինաներ, հրդեհաշիջման միջոցների ձևերի ցուցադրություն: Էմոցիոնալ տեսակետից ավելի ազդեցիկ է մարված հրդեհի վայր տեսնելը: Կրակից վնասված կամ ոչնչացված շինության մոտ երեխաներին պետք է պատմել տվյալ հրդեհի պատճառի մասին, հատկապես եթե այն առաջացել է կրակի հետ երեխայի խաղի հետևանքով:
Ուսումնական տարվա սկզբին աշակերտներին անհրաժեշտ է ծանոթացնել դպրոցի համար հաստատված հրդեհային անվտանգության կանոններին, հրդեհի դեպքում տարհանման պլանին և հրշեջ ծառայություն կանչելու կարգին: Պարբերաբար դպրոցում պետք է կազմակերպվի ցուցադրական ուսումնական տարհանում: Հրդեհային անվտանգության կանոնների յուրացման, համապատասխան հմտությունների ձեռքբերման աշխատանքը հաջողություն կունենա միայն այն դեպքում, եթե գիտակցորեն ընկալվի դրանց պահպանման անհրաժեշտությունը:
Դպրոցական տարիքն ընդունված է բաժանել 3 շրջանների՝ կրտսեր, միջին և ավագ: Յուրաքանչյուր շրջան բնութագրվում է իր ֆիզիկական և հոգեկան հատկանիշներով, աշակերտի սոցիալական դիրքով դպրոցում և կյանքում, և հետևաբար, նաև հրդեհային կամ այլ վտանգ ներկայացնող խաղերով: Կրտսեր դպրոցական տարիքում երեխաները առաջնորդվում են ուսուցչի, ծնողների և տարիքով իրենցից մեծ երեխաների կարծիքներով: Միջին կամ դեռահասության տարիքում սկսում է ձևավորվել մեծ լինելու զգացումը, ինքնագնահատականը, ի հայտ են գալիս նոր հետաքրքրություններ, բուռն կերպով ընթանում են ֆիզիկական զարգացումն ու կենսաբանական հասունությունը: Ավագ դպրոցական տարիքում յուրաքանչյուր անորոշ իրավիճակ ենթադրում է որոշակի ռիսկի առկայություն: Ի դեպ, այս տարիքում ռիսկը և նրա <<արժեքը>> կարող է ինչպես գերագնահատվել, այնպես էլ թերագնահատվել:

Հրդեհը, վթարը կամ այլ էքստրեմալ իրավիճակ բնականաբար ուղեկցվում են հուզական լարվածությամբ, ինչն երեխաների մոտ կարող է առաջացնել անկանխատեսելի հետևանքներ (շոկ, կակազում և այլն): Այդպիսի երևույթները բացառելու համար երեխաներին պետք է սովորեցնել հանգիստ վերաբերվել նմանատիպ արտակարգ պատահարներին, այսինքն իրականացնել հուզական լարվածության յուրօրինակ պրոֆիլակտիկա: Պրոֆիլակտիկայի այս տեսակը հիմնված է գործունեության օբյեկտիվ բովանդակության վերակազմակերպման վրա և կառուցվում է նախևառաջ հատուկ մարզման համակարգերի կիրառման վրա: Այս կամ այն հանձնարարությունը կատարելու հանկարծակի առաջացող անհրաժեշտության հետևանքով գործունեության ապակազմակերպումն ավելի հեշտ է վերացնել, եթե անսպասելիության գործոնն ինքն է դառնում ուսումնասիրության առարկա: Ուսուցողական ծրագրերի մեջ հրդեհային անվտանգության կանոնների ուսումնասիրությանն ուղղված այլ հարակից գիտաճյուղերի (օրինակ, քիմիայի) գիտելիքներ պարունակող հատուկ դասընթացների ներառումը նման վարժանքի գործառույթ է կատարում:
Բարդ իրավիճակներում (հրդեհի դեպքում) վարվելակերպը կարգավորելու պարտադիր պայման է հանդիսանում ժամանակը ճիշտ բաշխելու կարողությունը և գործողությունների հստակ ծրագրի ինքնուրույն կառուցումը: Նման կարողության ձևավորումը հազվադեպ է առանձնացվում որպես հատուկ խնդիր, չնայած որ այդ գործընթացի անկանխատեսելի զարգացման արդյունավետությունն ակնհայտ է: Այդ պատճառով նպատակահարմար է դասի ընթացքում (անկախ դրա թեմատիկ բովանդակությունից) նախատեսել աշակերտների անվտանգությանը վերաբերվող հատուկ հանձնարարություններ: Նոր իրավիճակը, բարդ խնդրի ոչ ստանդարտ լուծում գտնելու անհրաժեշտությունը, գործունեության գերնշանակությունը և պատասխանատվությունը կորցնում են իրենց ստրեսային բնույթը, եթե անձը տիրապետում է բարդությունները հաղթահարելու ձևավորված հնարքներին: Ընդ որում, կարևոր է իմանալ նույն խնդրի լուծման մի քանի եղանակ, որպեսզի պայմանների փոփոխության դեպքում հնարավոր լինի ընտրել ստեղծված էքստրեմալ իրավիճակից փրկության լավագույն ճանապարհը:
Բարդ և հուզականորեն հագեցված իրավիճակներում վարքագծերի տարբեր ռազմավարությունների ձևավորման գործում շատ են օգնում խաղերը, այդ թվում նաև տարիքին համապատասխանող համակարգչային խաղերը: Խաղային գործունեությունը, հատկապես ժամանակակից տեխնիկական մակարդակի վրա իրականացված, հաճելի է թե՛ կրտսեր, թե՛ միջին, թե՛ ավագ տարիքի դպրոցականների համար: Դրանց շնորհիվ հրդեհի ժամանակ կամ այլ բարդ իրավիճակներում գիտակից գործելու նկատմամբ ստեղծվող հետաքրքրությունը թույլ է տալիս հաղթահարել ներքին վախը, դժվարությունները, չիմացությունը և իր իսկ համար աննկատ կերպով անցնել նոր իրադրությանը տիրապետելուն, ձեռք բերել համոզմունք ինքնափրկության և ուրիշներին փրկելու կարողության մեջ, ճիշտ հաշվարկել սեփական ուժերը և հնարավորությունները:

Դպրոցը, համախմբելով աշակերտներին և ուսուցիչներին, միաժամանակ ուսուցմանը տալով համակարգված և սոցիալական բնույթ, խորը ազդեցություն է գործում երեխաների վրա, հետևաբար, հրդեհաանվտանգ կենսակերպի սկզբունքների յուրացումը պետք է դառնա դպրոցական կյանքի նորմ:
Միջազգային վիճակագրության տվյալների համաձայն հրդեհի դեպքում ավագ դպրոցականների մահվան դեպքերը ավելի քիչ են, քան միջին և կրտսեր դպրոցականներինը: Այդ տարիքում երեխաները ոչ միայն գիտակցում են հրդեհի առաջացման հիմնական պատճառները և հետևանքները, այլև գիտեն փոքր բռնկումների մարման եղանակները: Նրանց մտավոր գործունեությունն ավելի ակտիվ և ինքնուրույն է: Սակայն դեռահասների մտածողական հետաքրքրությունների լայն ծավալը զուգակցվում է համակարգի բացակայությամբ և ցրվածությամբ: Երբեմն դեռահասները հակված են գերագնահատել սեփական գիտելիքների և, հատկապես, մտավոր կարողությունների մակարդակը: Գրեթե բոլոր ավագ դասարաններում հայտնվում են անտարբեր աշակերտներ, որոնց համար ուսումը երևակայական կյանքի հետ համեմատ անհետաքրքրիր է թվում: Նրանք ուզում են իրենք նոր բացահայտումներ անել: Օրինակ, քիմիայի դասին փորձ կատարել՝ գերազանցելով նյութի տրված չափաբաժինը, որի արդյունքում կարող է հրդեհապայթյունավտանգ խառնուրդ ստացվել: Միաժամանակ հրդեհի առաջացման տեսանկյունից պոտենցիալ վտանգ է ներկայացնում քիմիայի դասերին գործնական աշխատանքների և փորձերի կատարումը: Այդ պատճառով ուսուցիչը պարտադիր կարգով սովորողներին ծանոթացնում է հրդեհաշիջման պլանին քիմիայի դասարանում:
Հրդեհի դեպքում ուսուցիչը պարտավոր է.
 տեղեկացնել հրդեհի մասին (կանչել հրշեջ ծառայություն, հրդեհի մասին տեղյակ պահել դպրոցի ղեկավարությանը, հոսանքազրկել սենքը, նախապատրաստել դյուրավառ նյութերով արկղը դուրս բերման համար, մարտունակ վիճակի բերել հրդեհաշիջման սկզբնական միջոցները).
 տարհանել (դուրս բերել աշակերտներին փողոց կամ այլ անվտանգ սենք՝ տարհանման պլանի համաձայն).
 ստուգել աշակերտների ներկայությունը (ցուցակով և քանակով).
 տեղաբաշխել տարհանված աշակերտներին (նշել վայրը, սենքը և այլ).
 կազմակերպել հրդեհաշիջումը հրդեհաշիջման սկզբնական միջոցներով (այրվող սենքերի մեկուսացման և ձեռքի տակ գտնվող միջոցներով հրդեհաշիջման կազմակերպում).
 հրշեջ ծառայության դեպքի վայր ժամանելուն պես մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին (մատնանշել հրդեհի օջախին մոտենալու ամենակարճ ուղիները, այն վայրերը, որտեղ կարող են մարդիկ գտնվել կամ պահվում են քիմիական ռեակտիվ նյութեր):
Բացի դրանից, լաբորատոր և գործնական աշխատանքների ընթացքում աշակերտները ծանոթանում են այրման պրոցեսին, տարբեր նյութերի բոցավառման պայմաններին, ուսումնասիրում են կրակմարիչի կառուցվածքը և աշխատանքը: Ընդհանուր առմամբ, միջնակարգ դպրոցում քիմիայի դասընթացները լայն հնարավորություններ են ընձեռնում հրդեհային անվտանգության կանոնները յուրացնելու, ինչպես նաև դեռահասների մոտ ձևավորելու հրդեհապայթյունավտանգ նյութերով աշխատելու հմտություններ և գիտելիքներ: Սակայն ո՛չ քիմիայի դասագրքերում, ո՛չ մեթոդական ձեռնարկներում այդ հարցերին պատշաճ ուշադրություն չի դարձվում:

Այս տարիքի երեխաներին հրդեհային անվտանգության կանոնները սովորեցնելիս նպատակահարմար է օգտագործել արձանագրված հրդեհների վերաբերյալ տեղեկություններ, ռադիո և հեռուստաելույթների նյութեր, տպագրված հոդվածներ, կազմակերպել հանդիպումներ հրշեջ պահպանության մասնագետների հետ: Այս տարիքային խմբի հետ աշխատելիս հատուկ ուշադրություն է պետք դարձնել նրանց մոտ ծխելու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելուն, վտանգ և ավելորդ ռիսկ պարունակող հետաքրքրությունների բացառմանը:
Ուսումնական նյութը մատուցելիս պարտադիր կարգով պետք է պարզաբանվի հրդեհների հետևանքների ծանրությունը: Աշակերտների մոտ չպետք է առաջանա հրդեհային անվտանգության կանոնները խախտելու ցանկություն: Հրդեհային անվտանգության դասընթացների ժամանակ ուսումնասիրվում են ավելի բարդ թեմաներ՝ հրդեհաշիջման սկզբնական միջոցները, բնակելի շենքերում հրդեհների կանխարգելումը, էլեկտրական ցանցերի հրդեհավտանգավորությունը, հակահրդեհային սարքավորումները, ավտոմատ հրդեհաշիջման համակարգը, հրդեհի դեպքում վարվելակերպի կանոնները, իրավական պատասխանատվությունը հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, տարհանման ժամանակ կրտսեր աշակերտներին օգնության ցուցաբերումը:
Որպեսզի հրդեհային անվտանգության դասընթացները աշակերտների համար լինեն հետաքրքիր և օգտակար, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ ասպեկտները.
 կոնկրետ նյութի, եզրաբանության, փաստերի, հասկացությունների, միտումների, արդյունքների, կոնկրետ նյութերով աշխատելու միջոցների և ձևերի իմացություն.
 բացատրություն, մեկնաբանում, արտարկում.
 ստացված գիտելիքների կիրառում.
 կառուցման սկզբունքների, կապերի, տարրերի վերլուծություն.
 համադրում. հայտարարություն, գործողությունների համակարգի պլանի և հնարավորությունների մշակում, վերացական հարաբերությունների համակարգի ստացում.
 գնահատական. եղած տվյալների և արտաքին չափորոշիչների հիման վրա կատարված դատողություն.
 գործնական հմտություններ. հրշեջ-տեխնիկական ցուցահանդեսների, հրշեջ մասերի այցելություն:
Բացի դրանից, ավագ դպրոցականների հետ աշխատելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրանց մասնագիտական կողմնորոշման հարցը: Դպրոցների շրջանավարտները պետք է հստակ գիտակցեն, որ հրդեհային անվտանգության կանոններին անհրաժեշտ է հետևել միշտ և ամենուրեք՝ կենցաղում, արտադրության մեջ, հանգստի ժամանակ՝ սեփական և շրջապատող մարդկանց անվտանգության պահպանման համար:
Միջնակարգ դպրոցն ավարտելիս աշակերտը պետք է իմանա.
- հրդեհի առաջացման, զարգացման և հրդեհաշիջման դինամիկան,
- այրունակ միջավայրի և այրման աղբյուրների հիմնական հատկությունները,
- այրման ֆիզիկաքիմիական հիմունքները,
- հիմնական նյութերի հրդեհավտանգ հատկությունները,
- հրդեհների առաջացման պատճառները և դրանց կանխարգելման միջոցները,
- հրդեհաշիջման ձևերը և սկզբունքները,
- հրդեհաշիջման հիմնական միջոցները,
- տարբեր շինություններում և իրավիճակներում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները,
- հրդեհաշիջման սկզբնական միջոցները և դրանց հնարավորությունները,
- հրշեջ ջոկատների մարտական աշխատանքը,
- հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվությունը:
Աշակերտը պետք է կարողանա.
- գնահատել հրդեհային անվտանգությունը տարբեր վայրերում և տարբեր աշխատանքներ իրականացնելիս,
- բոցավառման կամ ծխապատման դեպքում գնահատել իրավիճակը, տանել աշխատանքներ հրդեհի մարման ուղղությամբ,
- օգտվել հրդեհաշիջման սկզբնական միջոցներից, հրշեջ ծորակներից, հրշեջ ավտոմատիկայի համակարգերից,
- աջակցել հրշեջ ջոկատների աշխատանքներին,
- առաջին բժշկական օգնություն ցուցաբերել այրվածքների և այրման արգասիքներից թունավորման դեպքում:
Հրդեհային անվտանգության ապահովումը ներառում է՝
 նորմատիվ-իրավական ակտերի, հրդեհային անվտանգության կանոնների և պահանջների պահպանում, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների իրականացում,
 ուսումնական հաստատության ապահովում հրդեհաշիջման սկզբնական միջոցներով,
 ուսումնական տարհանման կազմակերպում,
 կրակմարիչների վերալիցքավորում (անձնագրով հաստատված ժամկետներում) կամ դրանց ճնշման թույլատրելի ցուցանիշից ցածր իջնելու դեպքում՝ վերանորոգում,
 էլեկտրացանցերի և կայանքների պաշտպանություն հրդեհներից, դրանց հրդեհաանվտանգ վիճակի բերում,
 տարհանման ուղիների և ելքերի պահպանում պատշաճ վիճակում,
 նկուղային և ցոկոլային սենքերի հակահրդեհային վիճակի ապահովում:
Դպրոցը պետք է ապահովված լինի հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգով, հրդեհաշիջման սկզբնական միջոցներով՝ ածխաթթվային և փոշային կրակմարիչներով, երևացող տեղերում պետք է փակցված լինեն հրդեհի դեպքում տարհանման պլանները: Տարհանման գծապատկերային պլանի հետ մեկտեղ մշակվում է անվտանգ և արագ տարհանում կազմակերպելու հրահանգ: Մանկավարժական անձնակազմի և աշակերտների հետ կազմակերպվում են հրդեհային անվտանգության դասընթացներ: Դպրոցներում կիսամյակը մեկ անգամ իրականացվում են ուսումնական տարհանումներ:
Դպրոցում հրդեհային անվտանգության պահպանման հիմնական նպատակն է աշակերտների և անձնակազմի կյանքի և առողջության պահպանումը, բռնկումների և հրդեհների առաջացման բացառումը:


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին