ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Աղետալի հրդեհների պատմությունից

09:56 / 25.05.2015

Հրդեհներ հյուրանոցներում

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի ՙԴայ-Յուն-Կակ՚ հյուրանոցում 1971 թվականի դեկտեմբերի 25-ին նշվում էր Սուրբ Ծննդյան տոնը: Վաղ առավոտից մարդիկ շտապում էին հյուրանոց` ակնկալելով ուրախ և հաճելի ժամանց: Սպասարկող անձնակազմը խստորեն հետևում էր, որ կողմնակի անձինք մուտք չգործեն, այդ իսկ պատճառով փակել էր բոլոր պահեստային ելքերը, և հյուրերը ներս էին մտնում միայն մեկ դռնից: Շենքում տեղակայված էին նաև տարբեր ֆիրմաների գրասենյակներ: Այն ուներ 2 ներքին սանդղավանդակ, սարքավորված էր հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգով և ներքին հակահրդեհային ջրացանցով:
Ժամը 10-ի սահմաններում 13-րդ հարկում գտնվող ռեստորանում հավաքվել էր 300-ից ավելի մարդ, նույնքան էլ գտնվում էր սրճարաններում և հյուրանոցի համարներում: Այդ ժամանակ 2-րդ հարկում գտնվող սրճարանում, հեղուկացված գազով` պրոպանով լցված բալոնի անսարքության պատճառով, տեղի էին ունեցել գազի արտահոսք և բռնկում (բռնկման պատճառը մնաց չպարզված): Կրակն արագորեն տարածվել էր և' ուղղահայաց և' հորիզոնական ուղղություններով, ինչին նպաստել էին տարբեր դյուրավառ նյութերը, որոնցով հարդարված էին կախովի առաստաղները, սենյակների, միջանցքների պատերը, միջնորմները: Մինչև 3-րդ հարկ սանդղավանդակները բաց էին, իսկ կախովի առաստաղների վերևում անցքեր էին բացված` հաղորդակցության (կոմունիկացիոն) միջոցների անցկացման համար: Բռնկվել էին միջանցքների սինթետիկ գորգերն ու վառունակ երեսապատումները, և խեղդող ծուխը տարածվել էր դեպի աստիճանավանդակներն ու վերելակների հորանները: Շենքում նախատեսված չէր հակածխային պաշտպանություն, ինչի հետևանքով հարկերն արագորեն պարուրվել էին թանձր ծխով և թունավոր գազերով: Կրակն անարգել տարածվել էր օդափոխման և օդի լավորակման համակարգ Շուտով հյուրանոցի բոլոր 22 հարկերը պարփակված էին կրակե օղակով: Վերևի հարկերում գտնվողները կտրված էին տարահանման ուղիներից, բարձրացել էին լուսամուտագոգերի վրա և օգնություն էին կանչում: Ոմանք, սարսափից խելագարված, պատուհաններից նետվում էին ցած: Շատերը խեղդվեցին համարներում, այրվեցին վերելակներում:
Սեուլի ամբողջ հրշեջ տեխնիկան և անձնակազմը, ոստիկաններ, զինվորներ` շուրջ 2000 մարդ, 12 ժամ պայքարում էին ամենակուլ տարերքի դեմ: Հրդեհաշիջման աշխատանքների առաջին փուլում որպես տարահանման ուղիներ օգտագործվում էին սանդղավանդակներն ու վերելակները, բայց էլեկտրաէներգիայի անջատվելուց և վերելակների շարքից դուրս գալուց հետո, մարդկանց տարահանումը իրականացվում էր հրշեջ ավտոսանդուղքների և ուղղաթիռների միջոցով: Շենքի ներքևի 8 հարկերից հաջողվեց փրկել հարյուրից ավելի մարդ, իսկ վերևի հարկերում գտնվող մարդկանց հրշեջներն ի վիճակի չէին օգնել, քանի որ հրշեջ ավտոսանդուղքները չէին հասնում մինչև 9-րդ հարկ, իսկ շենք մտնելու հնարավորություն չկար: Վերին հարկերում գտնվողները, սավանից պարան պատրաստելով, փորձում էին իջնել ներքև և հասնել ավտոսանդուղքներին:
Մարդկանց մի մեծ խումբ, փորձելով փրկվել կրակից և ծխից, բարձրացել էր հյուրանոցի հարթ տանիք, սակայն չկային արտաքին հրշեջ ստացիոնար սանդուղքներ, իսկ տանիքը հարմարեցված չէր ուղղաթիռների վայրէջքի համար: Բացի դրանից` ծխի քուլաները և ջերմային հոսանքները թույլ չէին տալիս մոտենալ տանիքին: Շատ քչերին հաջողվեց փրկել այդ ճանապարհով, քանի որ ոչ բոլորն էին ընդունակ դիմանալու գլխապտույտ թռիչքին` ուղղաթիռից նետված պարանի ծայրից կախված:
Հրդեհի հետևանքով զոհվեց 163 մարդ, որոնցից 38-ը ջախջախվել էին` դուրս նետվելով պատուհաններից, ևս 64-ը ստացան տարբեր աստիճանների այրվածքներ և թունավորումներ, շենքն ամբողջությամբ շարքից դուրս եկավ: Հրդեհը տևել էր շուրջ 12 ժամ, մոտ 2 ժամ էլ հրշեջները չէին կարողացել ստուգել շենքը և դուրս բերել զոհերին, քանի որ երկաթբետոնյա կառուցատարրերի գերշիկացման հետևանքով շենքում հաստատվել էր չափազանց բարձր ջերմաստիճան: Հրդեհից տուժած հյուրանոցների երկար շարքում Սեուլինն անվերապահորեն զբաղեցնում է առաջին տեղը: Հետևանքների ծանրության առումով նրա հետ կարող է մրցել թերևս միայն ամերիկյան ՙԱտլանտա՚ հյուրանոցը, որտեղ տեղի ունեցած հրդեհի ժամանակ զոհվեց 119 մարդ:
Հրդեհի հանգամանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե որոնք էին այդչափ աղետալի հետևանքների պատճառները: Նախ, տարահանման ճանապարհների հարդարման համար օգտագործվել էին վառունակ նյութեր, ինչն անթույլատրելի է հանրային նշանակության, մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում: Հյուրանոցում սարքավորված չէր հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, բացակայում էր հրդեհաշիջման սպրինկլերային համակարգը: Սպասարկող անձնակազմը պատրաստված չէր նման արտակարգ իրավիճակներում գործելու, շփոթվել էր, չէր բացել պահեստային ելքերը, մարդկանց ցույց չէր տվել տարահանման ուղիները, թույլ էր տվել օգտվել վերելակներից: Հյուրանոցում չէր պահպանվել հակահրդեհային կենսակարգը: Բացի դրանից, Սեուլի հրշեջները պատշաճ ձևով նախապատրաստված չէին բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելուն: Այս ամենն էլ ավելի էր բարդացրել առանց այն էլ ծանր իրավիճակը և հանգեցրել ողբերգական հետևանքների:
Այստեղ տեղին է նշել նաև, որ մարդկանց զանգվածային ներկայությամբ հասարակական շենքերում (հյուրանոցներ, ռեստորաններ, հանրախանութներ, առողջապահական կազմակերպություններ, և այլն) առանձնակի վտանգավորություն է ներկայացնում և անթույլատրելի է կենցաղային նպատակների համար հեղուկացված գազով գազաբալոնային սարքավորումների օգտագործումը: Նշված բնույթի շենքերն իրենց տեխնիկական կառուցվածքային առանձնահատկություններով` հարկայնությամբ, օդափոխության համակարգի հնարավորություններով և մի շարք այլ պարամետրերով, բացառում է վերոհիշյալ սարքերի օգտագործումը: Հատկապես վտանգավոր է բնակելի հասարակական շենքերի նկուղային կամ ցոկոլային հարկերում գործող առևտրի ու հանրային սննդի պատրաստման օբյեկտներում գազաբալոնների տեղադրումը և շահագործումը: Դրանով անմիջական սպառնալիքի տակ է դրվում ամբողջ շենքի ու մարդկանց անվտանգությունը:
Իհարկե, հյուրանոցներում տեղի ունեցած աղետալի հրդեհների լուրը տարածվում էր աշխարհով մեկ, սակայն շատ քչերն էին անհրաժեշտ հետևություններ անում` շարունակելով երկրորդական դեր հատկացնել հրդեհային անվտանգության հարցերին: Եվ կրակե արհավիրքը շարունակում էր պատժել մարդկանց` իրենց անհոգության և անտարբերության համար: Ոչ ամբողջական վիճակագրական տվյալների համաձայն, միայն վերջին 50 տարվա ընթացքում հյուրանոցներում տեղի ունեցած հրդեհները խլել են 2 հազարից ավելի մարդու կյանք: Համառոտ ներկայացնենք տխուր վիճակագրության չոր թվերը. նորվեգական Հարդանգեր քաղաքի ՙՇտալհայմ՚ հյուրանոց, 1959 թվական` 30 զոհ, 1963 թվական, ՙԱտլանտիկ Սիթի՚ (ԱՄՆ)` 26 զոհ, 1971 թվական, Բանգկոկի ՙԻմպերիալ՚ հյուրանոց` 24 զոհ, 1973 թվական, Կոպենհագենի ՙՀաֆնիա՚ հյուրանոց` 34 զոհ, 1977 թվական, Ամստերդամի ՙՊոլշա՚ հյուրանոց` 33 զոհ, Մանիլայի ՙՖիլիպինաս՚ հյուրանոց` 63 զոհ, Մոսկվայի ՙՌոսիա՚ հյուրանոց` 44 զոհ, 1978 թվական, Բորասի (Շվեդիա) ՙՇտադս Հոթել՚` 20 զոհ, 1979 թվական, Սարագոսայի ՙԿորոնա դե Արագոն՚ հյուրանոց` 72 զոհ, 1980 թվական, Լաս Վեգասի ՙԳրանդ հոթել՚` 83 զոհ,
Հրշեջ փորձագետները, վերլուծելով նմանօրինակ աղետալի հրդեհների առաջացման պատճառները, եկել են այն եզրակացության, որ դրանք հիմնականում հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջների անտեսումն են: Իսկ մարդկանց զանգվածային զոհվելուն նպաստել են վարչակազմի անգործությունն ու անփութությունը, սխալ գործողությունները, արտակարգ իրավիճակներում գործելու անկարողությունն ու խուճապը:1991 թվական, Լենինգրադի ՙԼենինգրադ՚ հյուրանոց` 27 զոհ:

Իսպանական ողբերգությունը
Իսպանական Տարագոնա նահանգի միջերկրածովյան ափին տեղակայված ՙԼոս-Ալֆակես՚ քեմպինգում կյանքն ընթանում էր իր բնականոն հունով մինչև այն հիշարժան օրը` 1978 թվականի հուլիսի 11-ը, երբ հնչեց խլացնող պայթյունը: Այն տեղի ունեցավ ժամը 14.38-ին, երբ զբոսաշրջիկների մեծ մասը գտնվում էր քեմպինգում` վայելելով հետճաշյա հանգիստը: Պայթյունի հզոր ալիքը սրբել էր իր ճանապարհին գտնվող ամեն ինչ: Հաշված վայրկյանների ընթացքում հանգրվանի ողջ տարածքը պարուրվել էր կրակի բոցերով, այրման գոտում ջերմաստիճանը հասել էր 1300-1500 աստիճանի, հալվում էր մետաղը:
Ընդհանուր առմամբ պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվեց 149 մարդ, ծանր այրվածքներ և վնասվածքներ ստացան 300-ը: Հետագայում նրանցից շատերը մահացան հիվանդանոցում` հիմնականում ջերմային այրվածքներից: Թեթև վնասվածքներ ու այրվածքներ ստացածների թիվը ոչ ոք չէր հաշվել: Պետք է նշել միայն, որ այդ օրը քեմպինգում բնակվում էր հազարից ավելի զբոսաշրջիկ:
Հրդեհաշիջման և պայթյունի հետևանքների վերացման համար մոբիլիզացվել էին ոչ միայն իսպանական մոտակա նահանգների փրկարարական ուժերը, այլև օգնության էին եկել հրշեջներ հարևան Ֆրանսիայից: Նրանց աշխատանքը կապված էր շատ մեծ բարդությունների և վտանգների հետ: Ամբողջ ծովափը վերածվել էր մի հսկայական հրեշավոր խարույկի, որի միջից պարբերաբար լսվում էին պայթյունի ձայներ: Պայթում էին գազի բալոնները և ավտոմեքենաների բենզաբաքերը` խիստ դժվարացնելով հրդեհաշիջման աշխատանքները:
Իսկ որն էր այդ աղետալի պայթյունի առաջացման պատճառը: Այդ հարցին պատասխանում է մասնագետների կողմից անցկացրած տեխնիկական փորձաքննությունը: Փորձագետների եզրակացության մեջ նշվում էր, որ պայթյունը տեղի է ունեցել ծովափին հարակից ավտոմայրուղով ընթացող, պրոպիլենով բեռնված ավտոցիստեռնում: Պրոպիլենը ածխաջրածին է, որն անգույն, թույլ տոքսիկ և խիստ հրդեհապայթյունավտանգ գազ է: Հետազոտելով դեպքի վայրը, քարշակի ու ցիստեռնի կտորները, դրանց դասավորությունը մայրուղու վրա պայթյունից հետո, կատարելով անհրաժեշտ չափումներ և հաշվարկներ, լսելով ականատեսների բացատրությունները մասնագետները պարզել էին, որ պայթյունը տեղի է ունեցել առանց կողմնակի ազդեցության: Ավտոցիստեռնը մայրուղով շարժվել էր առանց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, վարորդը չէր կատարել կտրուկ մանևրներ, նրան չէին խանգարել հանդիպակաց և համընթաց շարժվող մեքենաները: Քեմպինգի մոտակայքում ցիստեռնն անսպասելիորեն պայթել էր: Ահռելի ուժի պայթյունն ուղեկցվել էր հզոր լուսային ճառագայթումով և ինտենսիվ պայթյունային ալիքով: Վայրկենաբար բռնկված գազը, ինչպես կրակե գունդ, սփռվել էր հանգրվանի վրա` ավերելով ամեն ինչ:
Քննարկելով մի շարք վարկածներ փորձագետները եկել էին այն եզրակացության, որ պայթյունի առաջացման ամենահավանական պատճառը ցիստեռնի մետաղի մաշվածությունն է: Ցիստեռնի պահպանված կտորների հետազոտությունը ցույց է տվել, որ պայթյունը տեղի է ունեցել ներսից` էլեկտրաեռակցման կարերի միացման տեղերում: Բացի այդ ցիստեռնը շահագործվել էր շուրջ հինգ տարի, իսկ դա չափազանց մեծ ժամկետ է մշտապես բարձր ճնշման տակ աշխատող տարողության համար:
Իսպանական աղետից տասնմեկ տարի առաջ` 1967 թվականին, բելգիական Մարտելանժե քաղաքում հեղուկացված գազով ավտոցիստեռնի պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել էր 12 մարդ, իսկ 30-ը` ստացել տարբեր աստիճանի ջերմային այրվածքներ:
Ցավոք, մեր հանրապետությունը ևս չի խուսափել նմանօրինակ աղետից: Տարիներ առաջ Գյումրիում պայթել էր հեղուկացված գազով ավտոցիստեռնը: Բարեբախտաբար զոհեր չեն եղել, մի քանի մարդ ստացել են վնասվածքներ ու այրվածքներ:
Նմանատիպ դեպքերի վերլուծությունը վկայում է, որ պայթյունահրդեհավտանգ նյութերի տեղափոխումը տրանսպորտի տարբեր միջոցներով պետք է կատարվի անվտանգության կանոնների խստագույն պահպանմամբ, ինչը հնարավորություն կտա խուսափել հավանական աղետալի հրդեհներից և դրանց ողբերգական հետևանքներից:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին