ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Կենցաղային գազասարքերի շահագործման հրդեհային անվտանգությունը

10:47 / 25.05.2015

Կենցաղում գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով: Շատ հաճախ պայթյունի և հրդեհի պատճառ է հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների և այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետևանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով:

Անցանկալի դեպքերից և դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ է դրսևորել զգոնություն և գազով գործող կենցաղային սարքավորումների շահագործման ժամանակ խստորեն պահպանել ստորև ներկայացվող պահանջները:

Ժամկետանց, տեխնիկական անսարքություններ ունեցող գազաբալոնները պետք է ենթարկվեն ստուգման մասնագիտացված ծառայությունների կողմից: Արդեն փորձարկված բալոնները անհրաժեշտ է տեղավորել գազօջախից, ջեռուցման մարտկոցներից և տաքացման այլ պարագաներից 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Մինչև գազաբալոնի փորձարկումը պետք է ստուգել օդափոխության հորանում քարշի առկայությունը, իսկ բալոնը շահագործել միայն կարգավորիչ փականի` ռեդուկտորի առկայության դեպքում: Կենցաղային նշանակության գազի պարագաները բալոնի ռեդուկտորին միացվում են միայն 6-10 կգ/սմ2 աշխատանքային ճնշման համար նախատեսված ռետինե փողրակներով, որոնք պետք է լինեն մեկ ամբողջական կտորից և ունենան մինչև 10 մ երկարություն: Փողրակների կցամիացումների համար կիրառելի են միայն պողպատյա, գործարանային տեսակի ճարմանդներ:

Արձանագրված դեպքերի վերլուծությունը վկայում է, որ գազի առկայության դեպքում մեր քաղաքացիների որոշ մասը թույլ է տալիս կոպիտ վրիպումներ, որոնք ծանր, իսկ երբեմն էլ անուղղելի հետևանքներ են ունենում: Ուստի խորհուրդ է տրվում գազին բնորոշ հոտ զգալիս առաջին հերթին անհապաղ օդափոխել սենյակը: Այնուհետև ստուգել գազասարքի փականների դիրքը: Եթե դրանք գտնվում են փակ վիճակում, օճառի լուծույթով ներծծված սպունգով, այլ ոչ թե բաց կրակով, մանրազննին ստուգել խողովակի և ռեդուկտորի միացման հանգույցների հերմետիկությունը: Գազի արտահոսքի տեղը հայտնաբերելիս հուսալիորեն ձգել տվյալ հանգույցի պնդօղակները կամ ճարմանդները: Քանի դեռ սենյակում գազի հոտ է զգացվում, խստորեն արգելվում է լուցկի վառել, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորությունը և կենցաղային սարքավորումները:
 

Առանձնակի վտանգավորություն է ներկայացնում և անթույլատրելի է առողջապահական կազմակերպություններում, հանրակացարաններում, մարդկանց զանգվածային ներկայությամբ այլ օբյեկտներում կենցաղային նպատակների համար գազաբալոնային սարքավորումների օգտագործումը: Նշված բնույթի շենքերն իրենց տեխնիկական կառուցվածքային առանձնահատկություններով` հարկայնությամբ, օդափոխության համակարգի հնարավորություններով, տեխնիկական ընդհատակի առկայությամբ և մի շարք այլ պարամետրերով, բացառում է վերոհիշյալ սարքերի օգտագործումը: Հատկապես վտանգավոր է բնակելի հասարակական շենքերի նկուղային կամ ցոկոլային հարկերում գործող առևտրի ու հանրային սննդի պատրաստման օբյեկտներում գազաբալոնների տեղադրումը և շահագործումը: Դրանով անմիջական սպառնալիքի տակ է դրվում ամբողջ շենքի ու մարդկանց անվտանգությունը:

Հարգելի քաղաքացիներ. պահպանելով կենցաղային գազաբալոնային սարքավորումների հրդեհային անվտանգության կանոնները դուք կխուսափեք հրդեհից, պայթյունից և դրանց աղետալի հետևանքներից:


ՀՀ ԱԻՆ ՊՀ ևՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին