ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Աղետալի հրդեհների պատմությունից

10:53 / 25.05.2015

Հրդեհներ մանկական և ուսումնական օբյեկտներում

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները պարբերաբար նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացնում հանրապետության մանկական և ուսումնական հաստատություններում (դպրոցներ, գիշերօթիկներ, ԲՈՒՀ-եր, մանկապարտեզներ, ուսումնարաններ և այլն): Ստուգման արդյունքները վկայում են, որ շենքերի և շինությունների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային անվտանգության կանոնների բազմաբնույթ խախտումներով: Տեսչության կարգադրագրերով առաջարկված միջոցառումների անբավարար կատարման կամ չկատարման համար մի շարք օբյեկտների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, սակայն իրավիճակը դեռևս շատ հեռու է բավարար լինելուց:
Մեր հանրապետությունում նմանօրինակ օբյեկտներում հիմնականում լուծված չեն հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհաշիջման և հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգերի վերանորոգման և գործարկման, դրանց տեխնիկական սպասարկման, տարահանման ճանապարհների և ելքերի պատշաճ վիճակում պահելու, էլեկտրատնտեսությունում տեղ գտած թերությունների վերացման, հրդեհաշիջման սկզբնական միջոցներով ապահովելու և այլ հարցեր: Առավել անհանգստացնողն այն փաստն է, որ այդ օբյեկտների աշխատակիցների և սովորողների գերակշիռ մասը պարզապես անտեղյակ է հրդեհի առաջացման դեպքում իրենց կողմից կատարվող գործողություններից: Մոռացության է մատնված հակահրդեհային հրահանգավորման անցկացումը, սովորական երևույթ է դարձել հակահրդեհային կենսակարգի խախտումը: Տարիներ շարունակ չեն կատարվում պետական հրդեհային տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումները:
Չնայած հրդեհների նախականխման ուղղությամբ Տեսչության կողմից իրականացվող զգալի աշխատանքներին, դեռևս անհնար է լիովին խուսափել հրդեհներից: Դրանց պատճառահետևանքային կապերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող իրավիճակը պայմանավորված է համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խնդրի նկատմամբ դրսևորած անտարբեր մոտեցմամբ: Նման իրավիճակում առաջացած յուրաքանչյուր հրդեհ կարող է խուճապ առաջացնել` լուրջ և ծանր հետևանքներով:
Այժմ անդրադառնանք մի շարք հրդեհների, որոնք տեղի են ունեցել մանկական, ուսումնական օբյեկտներում և պատճառ են դարձել զոհերի, խեղանդամությունների և խոշոր նյութական կորուստների:

1996 թվականի դեկտեմբերի 23-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում Նոր-Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակիցները ծխի հոտ էին զգացել: Պարզվել էր, որ հրդեհ է բռնկվել մանկատան 3-րդ մասնաշենքի ննջասենյակում, որտեղ այդ պահին քնած են եղել 10-12 տարեկան անդամալույծ 12 երեխաներ և դայակը: Բացելով ննջասենյակի դուռը հերթապահ աշխատակիցները նկատել էին, որ կրակով բռնկվել են մանրահատակը, մահճակալները, զգեստապահարանը և էլեկտրական ջեռուցիչ սարքը: Նրանք անմիջապես ձեռնամուխ էին եղել երեխաների տարհանմանը և հրդեհի մարմանը: Այդ ընթացքում հերթապահ բուժքույրը փորձել էր հեռախոսով ահազանգել հրշեջ ծառայությանը, սակայն չէր կարողացել` հեռախոսի չաշխատելու պատճառով: Ի վերջո, ձեռքի տակ եղած սուղ միջոցներով և ուժերի գերլարումով հաջողվել էր մարել հրդեհը, սակայն հետևանքներն ահավոր էին: Մոլեգնած տարերքի զոհ էին դարձել 8 երեխա, ևս 3-ը և դայակը ստացել էին տարբեր աստիճանի ջերմային այրվածքներ:

Իսկ որո՞նք էին այս ողբերգությանը նպաստած պայմանները և դրա առաջացման պատճառը: Նախ նշենք, որ տարիներ շարունակ պետական հրդեհային հսկողության կարգադրագրերով առաջարկվել էին 20-ից ավելի հակահրդեհային միջոցառումներ, սակայն դրանցից միայն 2-3-ն էին կատարվել մանկատան տնօրինության կողմից: Մանկատունն ապահովված չէր հրդեհաշիջման սկզբնական միջոցներով` կրակմարիչներով և հեռախոսակապով, չեն գործել հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգն ու ներքին հրշեջ ջրագիծը: Ննջասենյակը տաքացնելու համար օգտագործվել էր էլեկտրաջեռուցիչ սարք` խախտելով նաև դրա տեղակայման և շահագործման կանոնները: Մասնավորապես, սարքը տեղադրված էր եղել դյուրավառ իրերից, առարկաներից անթույլատրելի հեռավորության վրա և թողնվել էր առանց հսկողության` միացված վիճակում:
Հանձնաժողովը, ուսումնասիրելով հրդեհի վայրը, լսելով մանկատան աշխատակիցների բացատրությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրաջեռուցիչ սարքը սնող հաղորդալարի վրա կային մետաղե հալվածքի գնդիկավոր հետքեր, պարզեց, որ հրդեհի առաջացման հավանական պատճառը էլեկտրական վթարային ռեժիմի երևույթն է (կարճ միացում, անցումային դիմադրություն, էլեկտրական կայծեր և այլն):
Իսկ ովքե՞ր էին մեղավորները: Առաջին հերթին մանկատան տնօրինությունը, որն անհրաժեշտ միջոցներ չէր ձեռնարկել շենքի հակահրդեհային վիճակի բարելավման համար, այնուհետև հերթապահ դայակն ու բուժքույրը, որոնք չէին հետևել հակահրդեհային կենսակարգի պահպանմանը, քնել էին` նպաստելով հրդեհի ուշ հայտնաբերմանը և ծանր հետևանքներին:

1999 թվականի նոյեմբերի 27-ին հրդեհ էր բռնկվել Երևանի թիվ 136 միջնակարգ դպրոցում: Այն հայտնաբերել էր դպրոցի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղի գիշերային պահակը և ահազանգել հրշեջ պահպանությանը: Դեպքի վայր էր ուղարկվել երկու հրշեջ մարտական ջոկ, որոնց ներկայանալու պահին այրվում էին առաջին հարկի միջանցքը, դասասենյակները և կրակն արագորեն տարածվում էր դեպի վերին հարկերը: Գնահատելով ստեղծված բարդ իրավիճակը հրդեհաշիջման ղեկավարն օգնություն է խնդրել: Հրդեհի վայր են ներկայացել ևս 7 հրշեջ ու 3 հատուկ ավտոմեքենաներ: Հրշեջ ստորաբաժանումների մարտական գործողությունների արդյունքում հաջողվել է նախ մեկուսացնել, ապա լիովին մարել հրդեհը:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել էին առաջին հարկի միջանցքի պատերի և առաստաղի երեսապատումները, դրանց փայտե հիմնակմախքները, միջանցքում և դասասենյակներում գտնվող գույքը, իրերն ու առարկաները: Ուժեղ և տևական ջերմային ազդեցության հետևանքով ճկվել, ձևախախտվել էին դեպի 2-րդ և 3-րդ հարկեր տանող աստիճանների մետաղե հեծանները, քայքայվել էին սանդղաբազուկները: Մասամբ այրվել, ածխացել էին 2-րդ և 3-րդ հարկերի դասասենյակների դռները:
Հրդեհի օջախը գտնվում էր առաջին հարկի թիվ 1 դասասենյակում, որտեղ առկա էին հրդեհի օջախին բնորոշ մի շարք հատկանիշներ: Հրդեհի հետազոտությունն իրականացնող հանձնաժողովը զննելով դեպքի վայրը, լսելով ականատեսների բացատրությունները և դատելով հրդեհի ընդհանուր պատկերից պարզել էր, որ թիվ 1 դասասենյակում և միջանցքում հրդեհն ունեցել է ազատ այրման և տարածման բավականին երկար փուլ: Չնայած դպրոցի պահակը պնդել էր, որ ինքը գտնվել է դպրոցում (դեպքը տեղի է ունեցել գիշերը), սակայն պարզվել էր, որ նա բացակայել է իր աշխատավայրից` նպաստելով հրդեհի ուշ հայտնաբերմանը և մեծ չափեր ընդունելուն:
Հանձնաժողովը, առաջ քաշելով և քննարկելով հրդեհի առաջացման մի քանի վարկածներ, առավել հավանական էր համարել դրանցից մեկը: Դասասենյակի դինամիկական զննությամբ պարզվել էր, որ սենյակի ջեռուցումն իրականացվել է շինարարական սալիկներ հիշեցնող էլեկտրաջեռուցիչների միջոցով, որոնց սնուցող էլեկտրական հաղորդալարերը մոնտաժված էին բազմաբնույթ խախտումներով, իսկ դրանց վրա հայտնաբերվել էին էլեկտրական վթարային ռեժիմին բնորոշ հետքեր: Այդ իսկ պատճառով հրդեհի առաջացման առավել հավանական պատճառ էր համարվել էլեկտրատեխնիկականը, որի դեպքում առաջացած էլեկտրական վթարային ռեժիմների (կարճ միացում, անցումային դիմադրություն, էլեկտրական կայծեր և այլն) ջերմային ազդեցությունից բռնկվել էին դյուրավառ իրերն ու առարկաները:
Պետական հրդեհային հսկողության աշխատակիցները բազմիցս էին դպրոցի տնօրինությանը տեղյակ պահել հակահրդեհային անմխիթար վիճակի մասին: Դեռ ավելին, հակահրդեհային միջոցառումների չկատարման և հակահրդեհային կենսակարգի խախտման համար դպրոցի տնօրենը, փոխտնօրենը և պահակը ենթարկվել էին վարչական տուգանքի: Բարեբախտաբար դեպքը տեղի էր ունեցել գիշերը, երբ դասեր չէին անցկացվում, այլապես հետևանքները կարող էին ողբերգական լինել:
2006 թվականի մարտի 14-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանի 3-րդ մասնաշենքի պահակատանը բռնկված հրդեհի զոհ դարձավ պահակը` 57-ամյա Վ.Բաղդասարյանը: Դեպքի վայրի զննությամբ պարզվեց, որ նա պահակատան ջեռուցման նպատակով օգտագործել էր ինքնաշեն տաքացման էլեկտրասալիկ` տեղադրելով այն սեղանի տակ, այրունակ նյութերից և իրերից անթույլատրելի հեռավորության վրա: Արդյունքում առաջացել էր հրդեհ, և չնայած հրշեջներին հաջողվել էր արագորեն մեկուսացնել և մարել հրդեհը, պահակի կյանքը փրկել չէր հաջողվել:
2010 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 21.38-ին ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Դեպքի վայր է ուղարկվել երեք մարտական հաշվարկ, որոնց ներկայանալու պահին այրվելիս են եղել բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի քիմիայի ամբիոնի միջանցքի պատերի երեսապատման թեփասալերը: Արագ բացազատվելով, հրշեջներին հաջողվել էր կարճ ժամանակահատվածում մեկուսացնել և մարել հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի հարակից տարածքներ:
Իսկ որ հետևանքները կարող էին առավել ծանր լինել, վկայում էր շենքի հակահրդեհային անմխիթար վիճակը: Շենքում սարքավորված չէր հրդեհի ազդանշանային ինքնաշխատ համակարգ, էլեկտրական տնտեսությունը մոնտաժված էր բազմաբնույթ խախտումներով, տարահանման ուղիների պատերը երեսապատված էին վառողունակ թեփասալերով և այլն:
Տեղազննությամբ պարզվել էր, որ հրդեհի օջախը գտնվել է քիմիայի ամբիոնի միջանցքի դռնից ներս ձախ պատի թեփասալի վրա մոնտաժված էլեկտրական անջատիչի շրջակայքում: Այդ տեղամասից հեռանալով այրման խորությունները թեփասալերի վրա աստիճանաբար նվազում էին: Մանրակրկիտ ուսումնասիրելով հրդեհի օջախը, որտեղ ջերմային ազդեցությունից գրեթե լիովին այրվել էին երեսապատման թեփասալերը, էլեկտրական հաղորդալարերը, լսելով ականատեսների և հրդեհաշիջման մասնակիցների բացատրությունները, հաշվի առնելով օջախի տեղամասում էլեկտրական հաղորդալարերի վրա հայտնաբերված գնդիկավոր երեսահալվածքները, հրդեհատեխնիկական հանձնաժողովն եկավ այն եզրակացության, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել էլեկտրական անջատիչում տեղի ունեցած կարճ միացումը: Դրա հետևանքով անջատված մետաղի շիկացած մասնիկներն ընկել էին թեփասալերի վրա և բռնկեցրել դրանք: Բարեբախտաբար հրդեհը շուտ էին հայտնաբերել և ահազանգել հրշեջներին, որոնց օպերատիվ ու արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր էր եղել կանխել հրդեհի հետագա տարածումը և խուսափել առավել ծանր հետևանքներից:
Դեպքերի թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն բերված օրինակներն էլ բավական են հասկանալու համար այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` հղի են անուղղելի հետևանքներով: Եվ որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն և կանխվի չարիքը, հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Հատկապես կարևոր է օբյեկտների աշխատակիցների և վարչակազմի, ինչպես նաև աշակերտների, ուսանողների` հրդեհային անվտանգության կանոնների իմացությունը: Հրդեհների կանխարգելման համար վարչակազմի և պետական հրդեհային հսկողության աշխատակիցների ջանքերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրների լուծմանը`

-հրդեհի բռնկման հնարավոր աղբյուրների բացառում,
-հնարավոր հրդեհների տարածման պայմանների բացառում,
-հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարհանումն ապահովող պայմանների ստեղծում,
-հնարավոր հրդեհների շիջման համար նպաստավոր պայմանների ստեղծում,
-բոլոր աշխատակիցների, աշակերտների, ուսանողների` հրդեհային անվտանգության կանոնների ուսուցանում:
Հնարավոր հրդեհների տարածումը բացառելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, արգելել սանդղավանդակներում պահեստային և օժանդակ շինությունների տեղակայումը, դյուրավառ նյութերի պահումը, բաց կրակով աշխատանքներ կատարելը: Հրշեջ ավտոմատիկայի և հրդեհաշիջման համակարգերն անհրաժեշտ է պահել աշխատունակ վիճակում: Մարդկանց և նյութական արժեքների անվտանգ տարհանումն ապահովելու համար անհրաժեշտ է մշտապես ազատ վիճակում պահել բոլոր անցումները, ելքերը, միջանցքները, անցախցերը և աստիճանավանդակները: Աշխատակիցները, աշակերտները, ուսանողները պետք է ուսուցանվեն տարահանման ձևերին և մեթոդներին: Արգելվում է տարահանման ուղիների պատերի, հատակների, առաստաղների հարդարումը զանազան դյուրավառ նյութերով:
Հնարավոր հրդեհների հաջող մարման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան հակահրդեհային ջրացանց և մշտական տեխնիկական հսկողություն իրականացնել դրա նկատմամբ: Հրշեջ ջրավազանների և հիդրանտների տեղակայման վայրերը պետք է նշվեն լուսային ցուցանակներով, իսկ մոտեցման ճանապարհները մշտապես ազատ լինեն: Պրակտիկան ցույց է տալիս, որ հրդեհաշիջման սկզբնական միջոցները` կրակմարիչներ, ներքին հրշեջ ծորակներ, ավազ և այլն, հաճախ շատ մեծ ծառայություն են մատուցում հրդեհների մարման ժամանակ: Հրդեհաշիջման աշխատանքների լիարժեք իրականացման համար շատ կարևոր է նաև, որ օբյեկտներին մոտենալու ճանապարհները հնարավորություն ընձեռեն հրշեջ ավտոմեքենաների` ցանկացած շենքի, ցանկացած կողմից և տարվա բոլոր եղանակներին (հատկապես` ձմռանը) մոտեցման համար:
Շատ կարևոր են հրդեհի առաջացման դեպքում օբյեկտի վարչակազմի և աշխատակիցների ճշգրիտ գործողությունները: Դրանք առաջին հերթին պետք է ուղղված լինեն մարդկանց անվտանգ տարահանմանը:
Մանկական և ուսումնական օբյեկտներում ճիշտ կազմակերպված հրդեհային պրոֆիլակտիկ աշխատանքները, ինչպես նաև Տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումների կատարումը թույլ կտան բացառել հրդեհի առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին