ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Գյուղատնտեսական օբյեկտների հրդեհային անվտանգութփյան կանոնները

11:25 / 25.05.2015

Անասնապահական և թռչնաբուծական ֆերմաների` վակուումային պոմպերի և ջերմագեներատորների տեղադրման համար նախատեսված շենքերը, կոշտ անասնակերի պաշարի պահման շինությունները, անասուններ և թռչուններ պահելու տեղերից առանձնացվում են հակահրդեհային պատնեշներով, ծածկով և պետք է ունենան ելքեր դեպի դուրս։ Ֆերմաների ձեղնահարկերում կոշտ կերի պահման դեպքում անհրաժեշտ է նախատեսել՝

- չայրվող նյութերից ծածկ.
- փայտյա ձեղնահարկերի այրվող ծածկի պաշտպանություն չայրվող ջերմամեկուսիչով.
- ձեղնահարկում էլեկտրահաղորդագծի մեխանիկական վնասվածքներից պաշտպանություն.
- ծխնելույզների պարագծով ցանկապատում` 1մ հեռավորության վրա։
Էլեկտրական տաքացուցիչների տեղադրման և շահագործման ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի`
- ջեռուցման սարքերից մինչև վառողունակ նյութեր ընկած հեռավորությունը լինի ուղղաձիգ գծով 80սմ-ից, հորիզոնական գծով` 25սմ-ից ոչ պակաս
- ջեռուցման սարքերը լինեն գործարանային արտադրության.
- սարքերի էլեկտրասնուցումը բաշխիչ վահաններից կատարվի ինքնուրույն գծով, իսկ յուրաքանչյուր ճտանոցի տաքացուցիչի մոտ լինի առանձին անջատիչ.
- բաշխիչ վահանն ունենա անջատիչ` ամբողջ էլեկտրացանցի հոսանքազրկման համար, կարճ միացման հոսանքներից և գերծանրաբեռնվածությունից պաշտպանիչ սարքեր.
- ճտանոցի տաքացուցիչի ջերմային ռեժիմը պահպանվի ինքնաշխատ սարքերով։
Շարժական ուլտրամանուշակագույն սարքավորումները և դրանց էլեկտրասարքերը պետք է գտնվեն վառողունակ նյութերից ոչ պակաս, քան 1մ հեռավորության վրա։ Ճտանոցների էլեկտրատաքացուցիչների և ուլտրամանուշակագույն սարքավորումների սնման էլեկտրալարերը տեղադրվում են հատակից ոչ պակաս, քան 2.5մ բարձրության վրա` վառողունակ կառուցվածքներից 20սմ հեռավորությամբ։
Ամոնիակային բորակը պահվում է I և II աստիճանի հրակայունության, առանց ձեղնահարկերի, չայրվող, մեկ հարկանի առանձին շինություններում։ Բացառիկ դեպքում այն կարելի է պահել I և II աստիճանի հրակայունության հանքային պարարտանյութերի ընդհանուր պահեստի առանձին հատվածամասում։ Ուժեղ ներգործող օքսիդիչները (մագնեզիումային ու կալցիումային քլորատներ, ջրածնի գերօքսիդ և այլն) պահվում են I, II և III աստիճանի հրակայունության շինությունների առանձին հատվածամասերում։ Դաշտային պայմաններում նավթամթերքների պահեստավորումը և լցավորումը կատարվում է խոտից ու աղբից մաքրված հրապարակներում, որոնց շուրջը պետք է լինի ոչ պակաս, քան 4մ լայնությամբ հերկված շերտ։ Լցավորումը թույլատրվում է կատարել նաև կալից, խոտի դեզերից, ծղոտներից, հացահատիկային զանգվածներից ոչ պակաս, քան 100մ, իսկ շինություններից` 50մ հեռավորության վրա գտնվող հերկված տարածությունում։
Աշխատանքն սկսելուց առաջ հատիկազատման, կալսման մեքենաների արտաձգման ուղիների օդային ռեժիմը կարգավորվում է այնպես, որպեսզի ապահովվի հացահատիկի որակով աէրոդինամիկական մաքրումը և բացառվի շինությունում փոշու անջատումը։ Մեքենաների վրայի պայթապարպիչները պետք է գտնվեն սարքին աշխատանքային վիճակում։ Շերեփավոր էլևատորները (50տ/ժ-ից ավելի արտադրողականությամբ) պետք է ունենան ինքնաշխատ արգելակման սարքեր, որպեսզի կանգառի դեպքում ժապավենի հետադարձ շարժում տեղի չունենա։ Չմաքրված հացահատիկի պտուտակրիչները սարքավորվում են խոշոր խառնուկների որսման ցանցերով և արտադրանքի ճնշման տակ բացվող պաշտպանիչ կափույրներով։ Ցանցերի մաքրման պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ղեկավարի կողմից։ Բոլոր սեպափոկային փոխանցումներում փոկերի ձգվածությունը պետք է միատեսակ լինի, իսկ սեպաձև փոկերի փոխարինումը տվյալ փոխանցման համար կատարվի ամբողջ լրակազմով։

Բերքահավաքից առաջ այդ աշխատանքների մեջ ներգրավված անձինք անցնում են հակահրդեհային հրահանգավորում։ Բերքահավաքի մեքենաները, կոմբայնները, տրակտորները և ավտոմեքենաները պետք է ունենան հրդեհաշիջման սկզբնական միջոցներ (երկուական կրակմարիչ, սվինաձև բահ), կարգավորված սնման, վառքի, յուղման համակարգեր, ինչպես նաև կահավորված լինեն սարքին կայծմարիչներով։ Երկաթուղային, խճուղային ճանապարհի օտարման գոտիներից հնձած խոտի դեզերը պետք է տեղադրվեն հացահատիկային զանգվածներից ոչ պակաս, քան 30մ հեռավորության վրա։ Հատիկավոր կուլտուրաների հասունացումից առաջ անտառների, տորֆային զանգվածների, տափաստանային շերտերի, երկաթգծերի, ավտոճանապարհների մերձակա տարածություններում հացահատիկային դաշտերը հերկվում են 4մ լայնությամբ։ Հացահատիկային կուլտուրաները հավաքելուց առաջ այդ զանգվածները բաժանվում են 50հա-ից ոչ ավելի հատվածների, որոնց միջտարածությունները հնձվում են 8մ-ից ոչ պակաս լայնությամբ, իսկ հնձված հացահատիկն այդ գոտուց անմիջապես հեռացվում է։
Դաշտակացարանների, կալատեղերի տարածքները պետք է ունենան 4մ լայնությամբ հերկված շերտեր: Հացահատիկի հավաքման զանգվածների մակերեսը 25հա-ից ավելի լինելու դեպքում, հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման համար, անհրաժեշտ է նշված տարածքների մոտակայքում ունենալ տրակտոր և գութան։ Շարժիչների ջերմափոխանակիչների, տեսակավորող, հավաքող և ծղոտը խրձող մեքենաների լիսեռները, պտուտակրիչները, ինչպես նաև այլ հանգույցներն ու մասերը պետք է ժամանակին մաքրվեն փոշուց, ծղոտից և հացահատիկից։
Վիտամինային խոտի պատրաստման ագրեգատները տեղադրվում են շինություններում կամ ծածկարանների տակ, ընդ որում վառողունակ նյութերից պատրաստված շինությունների և ծածկարանների հիմնատարրերը մշակվում են հրապաշտպան բաղադրություններով։ Խոտի ալյուրի պատրաստման շենքերի, շինությունների և վառելիքաքսանյութերով ցիստեռնների միջև ընկած հակահրդեհային միջտարածությունները չպետք է լինեն 50մ-ից, իսկ մինչև կոշտ կերերի պահեստները՝ 150մ-ից պակաս։ Վառելիքի ծախսման բաքը տեղադրվում է ագրեգատի շինություններից դուրս, իսկ վառելիքամուղերը պետք է ունենան ոչ պակաս, քան 2 փական (ագրեգատի և վառելիքի բաքի մոտ)։
Պատրաստված և փաթեթավորված ալյուրը, ջերմաստիճանի իջեցման համար, անհրաժեշտ է 48ժ պահել ծածկարանի տակ։ Ալյուրը պետք է պահվի առանձին պահեստում կամ հուսալի օդափոխությամբ, հակահրդեհային պատերով և ծածկերով առանձնացված պահեստի հատվածամասում` այլ նյութերից առանձին։ Պահեստը պետք է պահել չոր և բացառել խոնավության ներթափանցումը։ Ալյուրի պարկերը դարսելիս դարսակների բարձրությունը չպետք է լինի 2մ-ից ավելի (յուրաքանչյուր շարքում` 2 պարկ)։ Շարքերի միջև անցումների լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 1մ, իսկ պատերի երկարությամբ՝ 0.8մ։ Պահվող ալյուրի ինքնաբռնկումը կանխելու նպատակով անհրաժեշտ է կատարել ջերմաստիճանի վերահսկում։
Չի թույլատրվում`

- անասունների և թռչունների պահման շինություններում ստեղծել պահեստներ, արհեստանոցներ և ավտոփոխադրամիջոցների (ավտոտրանսպորտի), տրակտորների, գյուղտեխնիկայի կայանատեղեր.
- անասունների և թռչունների պահման շինություններում կատարել ֆերմաների սպասարկման հետ չկապված աշխատանքներ.
- տրակտորների, ավտոմեքենաների, գյուղատնտեսական մեքենաների մուտքը անասունների և թռչունների պահման շինություններ առանց արտանետման խողովակները կայծմարիչներով կահավորելու.
- բաց ջեռուցման սարքերի օգտագործումը.
- խուզման կետում մեկ հերթափոխի արտադրանքից ավելի բրդի կուտակումը.
- խուզման կետի անցուղիները և ելքերը բրդի հակերով ծանրաբեռնելը.
- աշխատել փոկերի անլրակազմության, փոկանիվների սեպաձև առվակներին չհամապատասխանող փոկերի օգտագործման դեպքում.
- երկաթուղային, խճուղային ճանապարհի օտարման գոտիներում հասկավոր կուլտուրաներ ցանել.
- ժամանակավոր դաշտակացարանները տեղադրել հացահատիկային զանգվածներից, կալատեղերից 100մ-ից պակաս հեռավորության վրա.
- խոզանները, հնձած արտի մնացորդները դաշտերում այրել.
- հացահատիկի կալատեղերը տեղակայել շենքերից, շինություններից 50մ-ից, իսկ հացահատիկային զանգվածներից՝ 100մ-ից պակաս հեռավորության վրա.
- առանց շարժիչի ծածկոցների կամ դրանց բաց լինելու դեպքում աշխատեցնել տրակտորները, ինքնագնաց ամրաշրջանակները, ավտոմեքենաները.
- զոդալամպերի օգտագործումը շարժիչների ջերմափոխանակիչների վրա նստած փոշու այրման համար.
- ալյուրի կույտավորված պահեստավորումը:
Բնական չորացումը կատարվում է հատուկ հատկացված տեղերում, իսկ արհեստական չորացումը` հատուկ չորանոցներում։ Արտադրական շենքերում տեղադրված չորանոցները այլ շինություններից առանձնացվում են հակահրդեհային պատնեշով, իսկ չորանոցների ու խցիկների հիմնատարրերը` երկու կողմից սվաղվում։ Օդափոխման խողովակները սարքավորվում են սողնակներով (ձգափականներով), որոնք տեղադրվում են օդափոխիչից առաջ և դրանից հետո։ Ծխախոտի չորանոցների դարակաշարերը և հարկաշարերը պետք է լինեն չայրվող նյութերից։ Կրակային չորանոցներում ջերմախողովակների վրա տեղադրվում են մետաղյա շուրթեր, որպեսզի բացառվի դրանց վրա ծխախոտի ընկնելը։ Ծխախոտի պահոցների արտաքին լուսավորության լուսարձակների հենարանները տեղադրվում են շինություններից դուրս։
Տեխնիկական կուլտուրաների մշակման կետերի տարածք մուտք գործող ավտոմեքենաները, տրակտորները և այլ ինքնաշարժ մեքենաները սարքավորվում են կայծմարիչներով։ Տրանսպորտային միջոցները խոտի դեզերին պետք է մոտենան շարժիչներից արտամղվող գազերի ուղղությանը հակառակ։ Տեխնիկական կուլտուրաների մշակման կետի տարածքում ծխելու տեղերը տեղադրվում են արտադրական շինություններից, պատրաստի արտադրանքի պահեստավորման տեղերից ոչ պակաս, քան 30մ հեռավորության վրա։ Տեխնիկական կուլտուրաների նախնական մշակման շենքերի տանիքները կառուցվում են չայրվող նյութերից։


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին