ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Աղետալի հրդեհների պատմությունից

10:40 / 25.05.2015

Հրդեհներ մարզամշակութային օբյեկտներում

Հնուց ի վեր հրդեհները չարիք են դարձել թատրոնների համար: Մատների վրա կարելի է հաշվել այն բեմերը, որոնց խնայել է կրակի ավերիչ ուժը: Թերևս միայն անտիկ ժամանակաշրջանի թատրոնին` իր բաց ամֆիթատրոնով և լայնարձակ բեմահարթակով, առանց կուլիսների և վարագույրների, հաջողվել է խուսափել այդ փորձանքից: Թատրոնում ամեն ինչ դյուրավառ է` կտորե կուլիսներ, փայտե բեմ, դեկորացիաներ, զգեստապահարան, ներկ ու գրիմ: Սրանք գումարվում են բոլոր շենք-շինություններին հատուկ հրդեհավտանգ տարրերին և հանգույցներին: Հրշեջ-մասնագետներն ամբողջ աշխարհում, հաշվի առնելով դառը փորձը, հանգել են մի եզրակացության` թատրոնների հրդեհները գործնականում անհնար է մարել, և հրդեհաշիջում կազմակերպելիս հիմնական շեշտը դրվում է մարդկանց փրկության վրա: Սակայն այդ էլ հաճախ չի հաջողվում, վկան` տխուր վիճակագրությունը:
Ցավոք, մեր հանրապետությունը ևս չի խուսափել նմանատիպ հրդեհներից, որոնց արդյունքում զոհվել են մարդիկ, պատճառվել է զգալի նյութական վնաս: Հաճախ անփութությունը, անզգուշությունը, արագ չկողմնորոշվելը, հրդեհը մարելու սխալ միջոցառումների իրականացումը, այս կամ այն շինության հակահրդեհային համակարգի կիսատ-պռատությունը կարող են աղետալի հրդեհների պատճառ դառնալ: Միլիոններ են ծախսվում շենք կառուցելու, դրա հակահրդեհային անվտանգությունն ապահովող համակարգի նախագիծը կազմելու վրա: Սակայն բավական է այսօրվա գործը վաղվան թողնելու մեզ հատուկ բնավորությունը, և ամեն ինչ կլինի այնպես` ինչպես սովորաբար: Ու դառնում է հնարավոր, որ ընդամենը մեկ կայծից բռնկվի ամիսներ առաջ մեծ շուքով ու հանդիսավորությամբ Երևանում բացված մարզահամերգային համալիրի ամենակուլ հրդեհը:
1985 թվականի փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում, համալիրի պտտվող տրիբունայի 500 վատտ հզորությամբ լամպում առաջանում է կարճ միացում, շիկացած նիկելի մասնիկներն ընկնում են տրիբունայի աթոռների վուշե պաստառների վրա և կրակի փոքր օջախ ստեղծում: Այդ պահին դահլիճում է լինում համալիրի 2 աշխատակից, որոնք կրակը տեսնելով հազիվ հասցնում են իմաց տալ հակահրդեհային ծառայության պետին: Սա էլ գալով` սկսում է իր վերարկուով հարվածել կրակին, մարելու փոխարեն ավելի բորբոքելով այն: Հավաքված աշխատակիցները չեն կարողանում գտնել կրակմարիչներ, գտածներն էլ` դատարկ են լինում (համալիրն ունեցել է 140 կրակմարիչ, որոնք ներսում անհրաժեշտ տեղերում չեն եղել): Մի քանի ամիս առաջ շահագործման հանձնված ներքին ջրագծի ծորակների վրա էլ փողրակներ չեն լինում, միացված չեն լինում ջրի ճնշումն ապահովող պոմպերը:
Կրակի արագ տարածմանը նպաստում է նաև միջանցիկ քամին: Հավաքվածները տեսնելով, որ կրակը տարածվել է ամբողջ տրիբունայով, հասել է առաստաղ, անցել համերգային ու մարզադահլիճներ և արդեն անհնար է դարձել հրդեհի մարումը` նոր միայն ահազանգում են հրշեջ պահպանության կապի կենտրոնական կայան: Չանցած րոպեներ ժամանում են հրշեջները, սակայն կրակն արդեն տարածվել էր ամբողջ համալիրով: Ինչևէ, հրդեհը մարվում է: Ցավոք, կորուստները լինում են ոչ միայն նյութական (խորհրդային պետությանը հասցվում է ավելի քան 5 միլիոն ռուբլու վնաս): Կոնֆերենց դահլիճում աշխատող բանվորները` Ա. Մաթևոսյանն ու Գ. Գասպարյանը մթության մեջ չկողմնորոշվելով, ծխից շնչահեղձ են լինում:

Հրդեհի հետևանքով այրվում են համալիրի համերգային դահլիճի և պտտվող տրիբունայի երեսպատման փայտե մասերը, փափուկ աթոռները, մարզական դահլիճի աջ և ձախ կողմերի աթոռները, բեմական մասն իր ողջ հանդերձանքով, էլեկտրական ցուցատախտակն ու այլ թանկարժեք սարքավորումներ: Ըստ մասնագետների` հրդեհը հնարավոր կլիներ արագ մարել, եթե սարքին վիճակում լինեին ջրածորակներն ու կրակմարիչները, ինչպես նաև պատասխանատու անձինք տեղյակ լինեին իրենց պարտականություններին, կրակի օջախը հայտնաբերելուց հետո խուճապի չմատնվեին, չդրսևորեին անկազմակերպվածություն և կարողանային ժամանակին մեկուսացնել ու վերացնել կրակը, բացառեին դրա հետագա տարածումը:
Այնուհետև հերթը օպերայի և բալետի ակադեմիական թատրոնինն էր. 1999 թվականի հունվարի 25-ի երեկոյան թատրոնի երկու պահակ, գտնվելով շենքի մուտքի նախասենյակի պահակատանը, ծխի հոտ են զգում և, ստուգելով թատրոնի բեմահարթակի ու առաջին հարկի տարածքը` պարզում, որ հրդեհ է բռնկվել բալետի տեսուչի առաջին հարկի աշխատասենյակում, իսկ դրանից վերև գտնվող բեմահարթակից ծուխ է դուրս գալիս: Նրանք հրդեհի մասին տեղեկացնում են ոստիկանությանը և հրշեջ կապի կենտրոնական կայանին: Ձեռնարկված հմուտ գործողությունների շնորհիվ հրշեջներին հաջողվում է արագորեն մեկուսացնել և մարել հրդեհը: Հրդեհից գրեթե ամբողջապես այրվում են բալետի տեսուչի աշխատասենյակը, ինչպես նաև բեմահարթակի մոտ 20 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հատվածը: Հրդեհի մարման ժամանակ բալետի տեսուչի աշխատասենյակում հայտնաբերվում է թատրոնի աշխատակից Ա. Անդրեասյանի կիսայրված դիակը:
Հրդեհի հետաքննությամբ պարզվեց, որ դրա առաջացման հավանական պատճառը տեսուչի աշխատասենյակում օգտագործված ինքնաշեն էլեկտրական սալիկի սնուցման հաղորդալարում առաջացած էլեկտրական վթարային ռեժիմի երևույթն է (էլեկտրական կայծեր, էլեկտրական կարճ միացում և այլն) կամ էլեկտրական սալիկի բաց պարույրի ջերմային ազդեցությունը:
Առավել վտանգավոր էր 2000 թվականի դեկտեմբերի 27-ի հրդեհը, երբ բռնկվել էր թատրոնի տանիքի ամբողջ կենտրոնական մասը` մոտ 300 քառակուսի մետր: Չնայած ստեղծված բարդ իրավիճակին, հրշեջներին հաջողվում է կանխել կրակի ներթափանցումը շենքի այլ տեղամասեր, ուժերի գերլարումով մեկուսացնել և մարել հրդեհը: Այրվում են տանիքածածկը կրող փայտե հիմնատարրերը, ջերմահարվում և ձևախախտվում են ծածկաթիթեղները, ինչպես նաև լուսամուտի փայտե շրջանակը: Բարեբախտաբար դժբախտ պատահարներ չեն արձանագրվում: Ձեղնահարկի զննության ժամանակ պարզվում է, որ տանիքածածկի փոխարինման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի նորոգման ժամանակ կատարվել են եռակցման աշխատանքներ` չպահպանելով հրդեհային անվտանգության կանոնները: Հրդեհի հետաքննությունը պարզեց, որ օպերային թատրոնի դահլիճի ձեղնահարկում առաջացած հրդեհի հավանական պատճառն էլեկտրատեխնիկական է, ծագել է էլեկտրաեռակցման սարքի հանգույցներում:

Ստորև ներկայացվող դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 31-ին, Երևանի <<Կամերային երաժշտության ազգային կենտրոնի>> շենքում: Հրդեհը հայտնաբերել է պահակ Տարոն Թորոսյանը և ահազանգել ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է սեղմ ժամկետներում մեկուսացնել ու մարել հրդեհը` կանխելով դրա հետագա տարածումը:
Հրդեհի հետևանքով ծխից թունավորվել է Տ. Թորոսյանը, իսկ կենտրոնին պատճառվել է զգալի նյութական վնաս: Այրվել են տնօրենի աշխատասենյակի դուռը, հեռուստացույցը, համակարգիչը, օդորակիչը, սառնարանը և կահույքի լրակազմը: Կրակի ջերմային ուժեղ ազդեցությունից ջերմահարվել-դեֆորմացվել են պատուհանները, սանհանգույցի դուռը, փշրվել են պատուհանի ապակիները:
Հրդեհի վայրի զննությունից և ականատեսներից բացատրություններ վերցնելուց հետո առաջ քաշվեցին ու քննարկվեցին հրդեհի առաջացման պատճառի վերաբերյալ մի քանի վարկածներ, որոնցից առավել հավանական համարվեցին երկուսը` բաց կրակի օգտագործումը կամ էլեկտրական վթարային ռեժիմի երևույթը: Հրդեհի առաջացման ստույգ պատճառը, ինչպես նաև պատճառված նյութական վնասի չափը պարզաբանելու համար ՀՀ փորձագիտական կենտրոնում նշանակվել են հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ:

Իսկ մարտի 1-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հրդեհը միայն երջանիկ պատահականության շնորհիվ չունեցավ ծանր հետևանքներ: Պատճառը դարձյալ մարդկային անփութությունն ու անզգուշությունն էր, իսկ ավելի կոնկրետ` չնախատեսված վայրում ծխելը: Ճիշտ է, հրդեհային անվտանգության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձը ենթարկվեց վարչական պատասխանատվության, սակայն դժվար է մտածել, որ այլևս հնարավոր չեն հրդեհային անվտանգության կանոնների նման խախտումներ և թատրոնի հակահրդեհային վիճակն ավելի բարվոք կդառնա: Ավելի շուտ հակված ենք ենթադրելու հակառակը:
Աշխարհում ոչ մի թատրոն ու մարզամշակութային այլ օբյեկտ երաշխավորված չէ հրդեհներից և հատկապես դրանց ծանր հետևանքներից: Այսօր դեռևս չի հորինվել այդօրինակ օբյեկտների հրդեհների դեմ պայքարի նոր արդյունավետ միջոց: Միակը եղել ու մնում է հրդեհային անվտանգության կանոնների անշեղ պահպանումը և հակահրդեհային ժամանակակից համակարգի ստեղծումը: Իսկ դրան հասնելու ուղիներն առաջին հերթին կոնստրուկտիվ-նախագծային ճիշտ որոշումներն են, տարահանման ելքերով ապահովումը, հրդեհաշիջման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգերի լայն կիրառությունը, տարահանման ուղիների և բեմահարթակի` դյուրավառ զանազան նյութերով հարդարման անթույլատրելիությունը, հրդեհային անվտանգության վիճակի, և հետևաբար, մարդկանց կյանքի ու առողջության պահպանման հարցերում վարչակազմի պատասխանատվության բարձրացումը:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին