ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհային պրոֆիլակտիկան բնակելի հատվածում և գյուղական բնակավայրերում

13:50 / 25.05.2015

Հրդեհային պրոֆիլակտիկան պետական ու հասարակական միջոցառումների համալիր է, որն անցկացվում է հրդեհների նախականխման (կանխարգելման), դրանց տարածման սահմանափակման, այրվող շենքերից մարդկանց տարհանման համար պայմաններ ստեղծելու և հրդեհների արդյունավետ մարման նպատակով: Հրդեհային պրոֆիլակտիկան հանդիսանում է պետական հրդեհային հսկողության աշխատանքների հիմնական և կարևորագույն ուղղությունը: Հրդեհային պրոֆիլակտիկ աշխատանքներն անընդհատ կատարելագործվում են` փորձելով հակազդել արագորեն փոփոխվող մարտահրավերներին:

Պետական հրդեհային հսկողության մարմինները, շահագրգիռ այլ պետական կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցելով, նպատակասլաց կերպով փնտրում են կազմակերպչական և տեխնիկական այն լուծումները, որոնք թույլ կտան կանխարգելել մարդկային զոհերը, նվազեցնել տեխնոլոգիական գործընթացների հրդեհային վտանգավորությունը, բարելավել մարդկանց զանգվածային ներկայության օբյեկտների, հասարակական ու բնակելի բարձրահարկ շենքերի հրդեհային անվտանգությունը: Այսինքն, հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում հրդեհը չվտանգի մարդկանց առողջությանը, առավել ևս կյանքին: Պետական հրդեհային հսկողության աշխատակիցները հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնելիս պետք է հասնեն նրան, որ առավելագույնս ապահովվի մարդկանց անվտանգությունը, ամբողջովին բացառվի նրանց` հրդեհից զոհվելու հնարավորությունը:
Գյուղական բնակավայրերի և գյուղատնտեսական ձեռնարկությունների հրդեհաանվտանգ վիճակի բերելը առավելապես կախված է պետական հրդեհային հսկողության տեղական ստորաբաժանման կազմակերպչական հաջող աշխատանքներից և հրդեհատեխնիկական հետազոտությունների որակից: Գյուղական բնակավայրերի և գյուղատնտեսական ձեռնարկությունների հրդեհային անվտանգությունն ապահովում է հակահրդեհային-պրոֆիլակտիկ միջոցառումների մի ամբողջ համալիր` -բնակելի հասարակական շենքերի և շինությունների կառուցման ժամանակ հրակայուն, չայրվող նյութերի լայն կիրառումը.

-գյուղական բնակավայրերի կառուցապատման կանոնակարգումը, ջրագծերի և ջրամբարների կառուցումը.
-սեզոնային փոփոխությունների ժամանակ նախազգուշական միջոցառումների ժամանակին իրագործումը.
-հրդեհների մարման համար արագ արձագանքման ուժերի և տեխնիկական միջոցների վաղօրոք պլանավորումը.
-մարդկանց շրջանում հակահրդեհային քարոզչական ակտիվ աշխատանքների իրականացումը, հակահրդեհային հրահանգավորումների անցկացումը.
-գյուղատնտեսական մեքենաների հարմարեցումը և օգտագործումը հրդեհների մարման ժամանակ և այլն:
Բնակելի հատվածում առաջացած հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք առավել հաճախ տեղի են ունենում մարդկանց անփութության, անուշադրության, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների չիմացության հետևանքով: Բնակելի հատվածի հրդեհատեխնիկական հետազոտությունները շատ կարևոր են, առաջին հերթին դա վերաբերվում է բարձրահարկ (բարձրաբերձ) բնակելի շենքերին, որոնք ունեն հրդեհավտանգավորության բարձր աստիճան: Պետական հրդեհային հսկողության մարմինների գործունեության ընթացքում ձևավորվել և հաջողությամբ կիրառվում է բնակելի հատվածում պրոֆիլակտիկ աշխատանքների ձևերի ու մեթոդների մի ամբողջ համալիր: Թվարկենք դրանցից հիմնականները.
1. Հրդեհավտանգավորության առավել բարձր աստիճան ունեցող բնակելի շենքերի (այդ թվում` բարձրահարկ) պլանային հրդեհատեխնիկական հետազոտությունների իրականացում.

2. Բնակելի ֆոնդի հակահրդեհային վիճակի պարբերական ստուգումների իրականացում.
3. Բնակիչներին` հրդեհային անվտանգության կանոնների ուսուցանում (հակահրդեհային հրահանգավորում).
4. Հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ բրոշյուրների, թռուցիկների, հիշեցումների, բուկլետների հրատարակում և տարածում.
5. Զրույց-զեկուցումների, այլ քարոզչական աշխատանքների իրականացում բնակիչների շրջանում` կենցաղում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման և հրդեհի դեպքում գործելու կարգի վերաբերյալ (այդ թվում` հեռուստատեսության, ռադիոյի, թերթերի միջոցով).
6. Պետական հրդեհային հսկողության ստորաբաժանումներում բնակելի հատվածի հակահրդեհային վիճակի վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների (լսումների) կազմակերպում.
7. Պրակտիկ համաժողովների անցկացում` բնակելի հատվածի հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհների կանխարգելման նպատակով և այլն:
Պրոֆիլակտիկ աշխատանքների նշված կազմակերպական ձևերը կարող են փոփոխվել` կախված տեղական պայմաններից և հնարավորություններից:

Ճիշտ կազմակերպված հրդեհային պրոֆիլակտիկ աշխատանքները, ինչպես նաև պետական հրդեհային հսկողության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումների կատարումը թույլ կտան բացառել հրդեհի առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից:


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին