ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Շենքերին, տարածքներին ներկայացվող հրդեհային անվտանգության պահանջները

11:12 / 25.05.2015

Օբյեկտների, ինչպես նաև դրանց կառուցվածքային ստորաբաժանումների հրդեհային անվտանգության համար պատասխանատու է օբյեկտի ղեկավարը կամ իր կողմից նշանակված անձը: Առանձին տարածքների, շենքերի, շինությունների, արտադրամասերի, տեղամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և պրոցեսների, ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պատասխանատվությունը, օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտով, կարող է դրվել այլ պաշտոնատար անձանց վրա: Վարձակալված շենքերում տեղավորված օբյեկտներում հրդեհային անվտանգության ապահովումը կարգավորվում է վարձակալության պայմանագրով: Պայմանագրում նշված տեղեկությունների բացակայության դեպքում պատասխանատվությունը կրում է վարձատուն:

Օբյեկտների ղեկավարները կամ նրանց լիազորած անձինք պարտավոր են`
- անցկացնել աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորում.
- կազմակերպել հրդեհի դեպքում մարդկանց տարհանման ուղիների պլանների մշակումը և համապատասխան վայրերում դրանց տեղադրման աշխատանքները.
- հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նպատակով մշակել և իրագործել միջոցառումներ (կազմել միջոցառումների պլան):
Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանց մարման աշխատանքներին օբյեկտների աշխատակիցների ներգրավման նպատակով կարող են ստեղծվել հրդեհային պահպանության հասարակական կազմավորումներ: Օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովող մարմինների կողմից արտադրական, վարչական, պահեստային և օժանդակ շինությունների, ինչպես նաև կառուցվող օբյեկտների շինարարական հրապարակների տեսանելի վայրերում փակցվում են ցուցատախտակներ` հրդեհային պահպանության կանչի հեռախոսահամարով:
Հրդեհավտանգ օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտով պետք է սահմանվի հրդեհային վտանգին համապատասխան հակահրդեհային կանոնակարգ, որն իր մեջ ներառի`

- ծխելու վայրը և կահավորումը.
- շենքում (արտադրամասում) գտնվող միանվագ թույլատրելի դյուրավառ հումքի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի քանակները և պահման վայրերը.
- դյուրավառ թափոնների, հրդեհավտանգ փոշու հավաքման և հագուստների պահման կարգը.
- աշխատանքային օրվա վերջում էլեկտրասարքավորումների հոսանքազրկման, ժամանակավոր կրակային և այլ հրդեհավտանգ աշխատանքներ կատարելու կարգը.
- աշխատողների գործողությունները հրդեհ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև հակահրդեհային հրահանգավորման անցկացման կարգը, ժամկետները և պատասխանատուները.
- կառուցվող օբյեկտի շինարարական հրապարակում ժամանակավոր շինությունների, արտադրամասերի, շինանյութի, սղոցանյութի պահեստների, հրդեհաշիջման ջրաղբյուրների, հրշեջ վահանակների և դրանց` հրշեջ ավտոմեքենաների մոտեցման ճանապարհների տեղանշմամբ շինարարության ղեկավարի կողմից հաստատված և պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համաձայնեցված տարածքի հատակագիծը.
- տարածքում բաց կրակի օգտագործման և ժամանակավոր հրդեհավտանգ աշխատանքների կատարման կարգը:
Այն օբյեկտներում, որտեղ շինության մեկ հարկում միաժամանակ գտնվում են 10 և ավելի մարդ, տեսանելի վայրերում փակցվում են հրդեհների ժամանակ դեպի ելք ցույց տվող նշագծեր, սլաքներ, նախատեսվում են կայանքներ` հրդեհի դեպքում մարդկանց տեղեկացման համար: Այն օբյեկտներում, որտեղ միաժամանակ գտնվում են 50 և ավելի մարդ, նախատեսվում է հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունների պլան, որի համաձայն տարհանման աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների հետ պարբերաբար անցկացվում են մարզումներ (ուսումնավարժանքներ): Պայթյունավտանգ, ուժեղ ներգործող թունավոր նյութեր օգտագործող, վերամշակող և պահող օբյեկտների ղեկավարները հրդեհ առաջանալու դեպքում հրդեհաշիջման ղեկավարին տրամադրում են այդ նյութերի վերաբերյալ տվյալներ՝ անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով: Զանգվածային միջոցառումներ անցկացնող օբյեկտները և անձինք (պատասխանատուները) միջոցառումներ անցկացնելուց առաջ ապահովում են հրդեհային անվտանգության սահմանված պահանջները:
Շենքերի, շինությունների, շինարարական հրապարակների, բաց պահեստների հակահրդեհային միջտարածությունները պետք է ժամանակին մաքրվեն հրդեհավտանգ թափոններից և աղբից, որոնք հավաքվում են հատուկ հատկացված տարածքներում, կոնտեյներների կամ արկղերի մեջ և տեղափոխվում: Հակահրդեհային միջտարածությունները չեն կարող օգտագործվել նյութերի, սարքավորումների, տարաների պահեստավորման, ավտոտրանսպորտային տեխնիկայի կայանման, շենքերի և շինությունների կառուցման համար: Հրդեհաշիջման համար նախատեսված ջրաղբյուրների, անշարժ հրդեհային սանդուղքների, հրդեհային գույքի մոտեցման ճանապարհները և անցումները պետք է միշտ ազատ լինեն: Վերակառուցման պատճառով ճանապարհների փակման դեպքում, ջրային աղբյուրներին մոտենալու կամ այդ հատվածով անցնելու նպատակով տեղադրվում են շրջանցման ուղղությունը ցույց տվող ցուցանակներ: Հրշեջ հիդրանտների դիտահորերի կափարիչները և հրշեջ ջրավազաններին հարակից, հրշեջ ավտոմեքենաների կայանման համար նախատեսված հարթակները, պարբերաբար մաքրվում են սառույցից և ձյունից:

Ժամանակավոր շինությունները, կրպակները, տաղավարները տեղադրվում են շենքերից և շինություններից 8մ-ից ոչ պակաս հեռավորության վրա կամ հակահրդեհային պատնեշի մոտ (բացառությամբ այլ իրավական ակտերով սահմանված պահանջվող ավելի մեծ հակահրդեհային միջտարածության): Առանձին բլոկ-կոնտեյներային շենքերը թույլատրվում է տեղադրել խմբերով, յուրաքանչյուր բլոկում 10-ից ոչ ավելի կոնտեյներ, որոնց գումարային մակերեսը չպետք է գերազանցի 800մ2: Այդ շենքերի խմբերից մինչև շինությունները, առևտրական տաղավարները և օբյեկտներն ընկած հեռավորությունը չպետք է լինի 15 մ-ից պակաս:
Հակահրդեհային ջրաղբյուրները, շենքերի և շինությունների մուտքերը արագ ի հայտ բերելու նպատակով, օբյեկտների այդ տարածքներն ապահովվում են լուսավորությամբ: Օբյեկտների ներքին երկաթուղային գծանցները և անցումները պետք է ունենան համատարած տախտակում և լինեն ազատ հրշեջ մեքենաների երթևեկության համար, ընդ որում երկաթգծի գծանցերի քանակը պետք է լինի 2-ից ոչ պակաս: Մանկական ամառանոցների և առողջարանային համալիրների տարածքը, արտաքին սահմանագծով պետք է ունենա 3մ-ից ոչ պակաս վարած շերտ: Բնակավայրերը, այգեգործական ընկերությունները, որոնց շինությունները (հողակտորները) 300-ից ավելի չեն, հրդեհաշիջման համար պետք է ունենան շարժական հրշեջ շարժիչապոմպ, իսկ եթե դրանց քանակը 300-ից մինչև 1000 է՝ 2-ից ոչ պակաս կցովի հրշեջ շարժիչապոմպ: Գյուղական վայրերում գտնվող հանգստյան տները և առողջապահական հիմնարկները հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի համաձայն ապահովվում են հրշեջ տեխնիկայով և համապատասխան հրդեհատեխնիկական սարքավորումներով:
Արտադրական և պահեստային շինությունների համար որոշվում է պայթյունահրդեհավտանգության կարգը և նշվում շինությունների դռների վրա: Բարձր հրդեհավտանգություն ունեցող սարքավորումների մոտ փակցվում են անվտանգության նշաններ, ցուցանակներ: Շենքերի և շինությունների հակահրդեհային համակարգը և սարքավորումները (հակածխային պաշտպանության, հրդեհային ինքնաշխատ միջոցներ, հակահրդեհային ջրամատակարարման համակարգեր, հակահրդեհային դռներ, փականքներ, հակահրդեհային պատերի, ծածկերի միջի պաշտպանական սարքեր) պետք է մշտապես պահվեն սարքին, աշխատունակ վիճակում: Դռների ինքնափակման համար օգտագործվող սարքերը պետք է գտնվեն աշխատունակ վիճակում: Նորմավորված հրակայունության աստիճան պահանջող մետաղական կամ փայտյա կառուցատարրերի հրակայունության սահմանի բարձրացման կամ հրդեհային վտանգավորության կարգերի նվազեցման համար, դրանք ներկվում կամ մշակվում են հրապաշտպան պատվածքով: Շինարարական հիմնատարրերի այրվող ջերմամեկուսիչ նյութերի, մետաղական հենարանների և սարքավորումների հրապաշտպան պատվածքների վնասվածքները պետք է անմիջապես վերացնել: Մշակված փայտյա կառուցվածքների և գործվածքների ներգործության ժամկետը լրանալուց հետո, դրանք հակահրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան կրկին մշակվում են:

Շենքերի վերապլանավորման, նպատակային նշանակության փոփոխման կամ նոր տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման դեպքում պետք է պահպանվեն շինարարական և տեխնոլոգիական նախագծման նորմերի հակահրդեհային պահանջները: Հակահրդեհային պատնեշների, ծածկերի պարսպող հիմնատարրերի և ինժեներական, տեխնոլոգիական հաղորդակցման ուղիների փոխհատման տեղերում առաջացած բացվածքները և ճեղքերը պետք է փակվեն անհրաժեշտ հրակայուն և ծխագազանթափանցելիություն ապահովող շինարարական շաղախով կամ չայրվող նյութերով: Ձեղնահարկերի լսողական լուսամուտները պետք է մշտապես գտնվեն փակ վիճակում և լինեն ապակեպատված: Նավթաբազաները, 800-ից ավել նստատեղ ունեցող թատրոնները, 500-ից ավել մահճակալ ունեցող հիվանդանոցները, օդանավակայանները, էլեկտրակայանները, էլևատորները, քիմիական և նավթավերամշակման գործարանները, միջուկային էներգիայի հետ առնչություն ունեցող գիտահետազոտական հիմնարկները և հրդեհապայթունավտանգ տեխնոլոգիական պրոցեսներով արտադրական վտանգավոր օբյեկտները պետք է ունենան ուղիղ հեռախոսակապ հրշեջ փրկարարական մոտակա ստորաբաժանման կամ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնական կայանի հետ:
Շենքերում, շինություններում և բաց տարածքներում արգելվում է`
- հակահրդեհային միջտարածություններում, բաց տարածքներում կրակի միջոցով թափոններ ոչնչացնելը.
- աղբաոչնչացման համար նախատեսված հատուկ տեղերում այրումը հսկողությունից դուրս թողնելը.
- վագոնների կայանումը երկաթուղու գծանցում` առանց գնացքաքարշի.
- բնակելի շենքերի, ամառանոցային ավանների, հասարակական շենքերի տարածքի չհսկվող հրապարակներում, բակերում պահել դյուրավառ հեղուկներ և գազեր.
- արտադրության պրոցեսում օգտագործել պայթյունահրդեհավտանգության ցուցանիշները չուսումնասիրված նյութեր.
- տեղադրել հակածխային, հակահրդեհային դռների նորմալ փակմանը խոչընդոտող հարմարանքներ.
- աշխատանքներ կատարել ջերմային ճնշման ռեժիմների հսկողության համար նախատեսված վերահսկիչ-չափիչ սարքերի տեխնոլոգիական ինքնաշխատ համակարգերի անջատման դեպքում.
- աշխատանքներ կատարել անսարքություններով տեխնիկական սարքերի, սարքավորումների վրա, եթե դրանք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
- նկուղային և ցոկոլային հարկերում պահել և օգտագործել իրավական ակտերով նախատեսված քանակներից ավելի այրվող, դյուրավառ հեղուկներ, վառոդ, պայթուցիկ նյութեր, գազով բալոններ, աերոզոլային փաթեթավորումով ապրանքներ և այլ պայթյունավտանգ նյութեր.
- ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը, օդափոխիչ խցիկները և այլ տեխնիկական սենյակներն օգտագործել որպես արտադրական տեղամասեր, արհեստանոցներ, ինչպես նաև արտադրանքի, սարքավորումների, կահույքի և այլ իրերի պահման համար.
- ցոկոլային հարկերում և նկուղներում ստեղծել այրվող նյութերի պահեստներ, արհեստանոցներ, տնտեսական սենյակներ, եթե դրանց մուտքը մեկուսացված չէ ընդհանուր սանդղավանդակից.
- աղբահեռացման հորաններում և աղբակուտակման խցերում աղբի ոչնչացումը այրման միջոցով.
- հանել նախագծով նախատեսված նախասրահների, սրահների, միջանցքների, նախամուտքերի, սանդղավանդակների դռները.
- կուտակել կահույք, սարքավորումներ և այլ իրեր պատշգամբների և խորշապատշգամբների մուտքերի, կից բաժանմունքների, արտաքին տարհանման սանդուղքների դռների մոտ.
- շենքերում տարածքների մաքրումը բենզինով, կերոսինով և այլ այրվող, դյուրավառ հեղուկներով, ինչպես նաև սառած ջրմուղների տաքացումը զոդման լամպերով և բաց կրակի օգտագործման այլ մեթոդներով.
- տեղադրել ճաղավանդակներ լուսամուտների վրա (բացի պահեստներից, դրամարկղերից, հատուկ սենյակներից, բնակելի տներից, ավտոտնակներից).

- սանդղավանդակներում և միջանցքներում ստեղծել պահեստանոցներ (խորդանոցներ).
- պահել կահույք, այրվող, դյուրավառ նյութեր սանդղաբազուկների տակ և դրանց հարթակների վրա (սանդղաբազուկների տակ, առաջին և ցոկոլային հարկերում թույլատրվում է տեղադրել միայն կենտրոնական ջեռուցման, ջրաչափիչների, էլեկտրավահանակների կառավարման հանգույցներ, որոնք պետք է մեկուսացված լինեն չայրվող միջնորմներով).
- ապակեպատել հրդեհի դեպքում անվտանգության գոտիներին պատկանող խորշապատշգամբները և պատշգամբները.
- գործարկման ընթացքում վառարանային սարքերի, նավթավառների, կերոգազերի, պրիմուսների, լուսավորման լամպերի լցավորումը հեղուկ վառելանյութով.
- կրակի հետ անզգույշ վարմունքը, անզգուշությունը ծխելուց, հրդեհավտանգ աշխատանքներ կատարելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև կրակն առանց հսկողության թողնելը.
- միմյանց հետ քիմիական փոխազդեցությամբ ինքնայրում առաջացնող նյութերի համատեղ պահումը, ինչպես նաև ջերմային կամ կենսաբանական ինքնայրման հակում ունեցող նյութերի պահումը.
- շենքերի նկուղային և ցոկոլային հարկերի լուսամուտային խորշերը և պատուհանները խուլ փակել.
- նավթավառերը, կերոգազերը, պրիմուսները լցավորել տեխնիկական պահանջներով չնախատեսված դյուրավառ հեղուկներով.
- խախտել ծխաանթափանցելի, չայրվող դիաֆրագմաների կառուցատարրերն այն շենքերում, որոնց վիտրաժների բարձրությունը 1 հարկից ավելի է:
Շենքերի և շինությունների արտաքին հրշեջ սանդուղքները, տանիքների ճաղաշարերը պետք է պահել սարքին վիճակում և ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ փորձարկել ամրությունը: Մեկ տարհանման ելք ունեցող շինություններում թույլատրվում է անցկացնել միջոցառումներ, որոնց մասնակիցների թիվը չի անցնում 50-ից: IV աստիճանի հրակայունություն ունեցող շենքերում անցկացվող միջոցառումները, որոնց մասնակցում է 50-ից ավել մարդ, անցկացվում են առաջին հարկում: Շենքերի նկուղային և ցոկոլային հարկերի լուսամուտային խորշերը պետք է մաքրվեն աղբից: Հանդիսասրահներում, ճաշարաններում, ցուցահանդեսային, առևտրային, բորսային, պաշտամունքային շինություններում, լսարաններում, ինչպես նաև այլ մարդաշատ վայրերում, այցելուների թիվը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանված և տարհանման թողունակության հիման վրա կատարված հաշվարկային քանակից: Այն դեպքում, երբ նախագծման նորմերում բացակայում են հաշվարկման համար անհրաժեշտ տվյալները, մեկ մարդու համար տարհանման ժամանակը ընդունվում է 2 րոպե, իսկ հաշվարկային մակերեսը՝ 0.75մ2:
Մարդկանց զանգվածային ներկայությամբ շենքերում, շինություններում և բաց տարածքներում ամանորյա և այլ տիպի միջոցառումների անցկացման ժամանակ պետք է`
- բեմում և դահլիճում կազմակերպել հրշեջ հերթապահություն` կազմակերպիչների ուժերով.
- տոնածառը դնել կայուն հենամասի վրա այնպես, որպեսզի ճյուղերը չքսվեն պատերին և առաստաղին.
- էլեկտրական լուսավորության բացակայության դեպքում միջոցառումները անցկացնել ցերեկային ժամերին.
- տոնածառի վրա օգտագործել լամպերի շղթաներ մինչև 12 Վտ հզորությամբ լամպերի հաջորդական միացմամբ՝ առանց ցածրացնող տրանսֆորմատորի.
- լուսավորության անսարքություններ հայտնաբերելու դեպքում (լարերի տաքացում, լամպերի թարթում, կայծարձակում և այլն) սարքն անմիջապես հոսանքազրկել:
Չի թույլատրվում`
- օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
- օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինքնայրման հակում ունեցող, միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր.
- տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.
- միջոցառումներ անցկացնելու տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով.
- փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում տեղադրել լրացուցիչ բազկաթոռներ.
- դահլիճում լույսը լրիվ մարել բեմադրությունների և ներկայացումների ժամանակ:
Տարհանման ելքերի քանակը, չափերը, լուսավորության պայմանները, ճանապարհների երկարությունը և չծխապատման ապահովումը պետք է համապատասխանեն շինարարական նախագծման հակահրդեհային նորմերին: Տարհանման ելքերի դռները պետք է ազատ բացվեն դեպի դուրս: Տարհանման ուղիներում և սենքերում կախովի առաստաղների կմախքը պատրաստվում է չայրվող նյութերից: Դեպի ընդհանուր միջանցքներ տանող սանդղավանդակների, վերելակային նախասրահների, մշտական օդի ճնշմամբ նախամուտք-արգելակների դռները պետք է ունենան ինքնափակման համար հարմարանքներ: Շինություններում տեխնոլոգիական, ցուցահանդեսային և այլ սարքավորումների տեղաբաշխման ժամանակ նախատեսվում են տարհանման անցումներ դեպի սանդղավանդակները և տարհանման այլ ճանապարհները` նախագծման նորմերին համապատասխան: Չի թույլատրվում՝
- ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում (բացի բնակարաններից) ստեղծել հագուստի չորանոցներ, կախիչներ, զգեստապահարաններ, պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարհանման ելքերը.
- տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ.
- տարհանման ճանապարհների պատերի, առաստաղների երեսապատման և հատակի ծածկման համար այնպիսի նյութերի օգտագործումը, որոնք նվազ կալորիականության ջերմության աղբյուրի (այրվող լուցկի, չմարած ծխախոտ և այլն) կարճատև ջերմային ազդեցությունից կարող են այրվել.
- սանդղավանդակների, միջանցքների, սրահների, նախաշեմերի ինքնափակվող դռները ֆիքսել բաց դիրքում (եթե այդ նպատակների համար չեն օգտագործվում հրդեհի դեպքում գործող ինքնաշխատ սարքեր) կամ դրանք հանել.
- տարհանման ուղիներում պտուտակային սանդուղքների, սանդղահարթակների աստիճանների, ինչպես նաև սանդղամատերի տարբեր լայնությամբ և աստիճանների բարձրությամբ սանդուղքների սարքում.
- սանդղավանդակում (բացի նորմերով հատուկ վերապահված դեպքերի) տեղակայել գազագծեր, այրվող հեղուկներով խողովակագծեր, ներկառուցված պահարաններ (բացի հրշեջ ծորակների և հաղորդակցուղիների համար նախատեսված պահարաններից), էլեկտրական մալուխներ և հաղորդալարեր (բացի սանդղավանդակների և միջանցքների լուսավորման համար նախատեսված էլեկտրահաղորդալարերից):
Էլեկտրաէներգիայի անջատման դեպքում սպասարկող անձնակազմը պետք է ունենա էլեկտրական լապտերներ, որոնց քանակը որոշում է օբյեկտի ղեկավարը՝ ելնելով օբյեկտի առանձնահատկություններից, շենքում մարդկանց քանակից, բայց ոչ պակաս, քան մեկ հատ յուրաքանչյուր հերթապահի համար: Գորգերը, ուղեգորգերը և այլ հատակային ծածկերը շինությունների մարդաշատ վայրերում հուսալի ամրացվում են հատակին:
Հրդեհը հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել հրդեհային պահպանության մարմիններին և հնարավոր միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու և հրդեհը մարելու համար: Օբյեկտի ղեկավարը (իրավասու պաշտոնատար անձը) հրդեհի վայր հասնելուց հետո պարտավոր է՝
- անմիջապես կազմակերպել մարդկանց փրկումը, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում.
- շենքում դադարեցնել բոլոր աշխատանքները (եթե դա թույլատրվում է արտադրության տեխնոլոգիական գործընթացներով), բացի հրդեհաշիջման աշխատանքներից.
- մինչև հրշեջների ժամանումն իրականացնել հրդեհաշիջման աշխատանքների ընդհանուր ղեկավարումը (հաշվի առնելով օբյեկտի առանձնահատկությունները).
- կազմակերպել հրդեհի տարածումը և շինությունների ծխապատումը կանխող միջոցառումներ.
- ապահովել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված աշխատակիցների կողմից անվտանգության պահանջների կատարումը.
- կազմակերպել հրշեջ փրկարարական ստորաբաժանումների դիմավորումը, հրդեհաշիջման ղեկավարին տեղեկացնել օբյեկտի կառուցվածքային և տեխնոլոգիական առանձնահատկությունների, հարակից շենքերի, շինությունների, պահվող, օգտագործվող նյութերի, արտադրանքի քանակի, դրանց հրդեհավտանգ հատկությունների մասին, հաղորդել այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հրդեհի հաջող վերացման համար.
- կազմակերպել հրդեհի վերացման աշխատանքներում օբյեկտի ուժերի և միջոցների ներգրավումը։
Անտառային զանգվածներում գտնվող բնակավայրերի համար կառավարման մարմինների, կազմակերպություններ կողմից անհրաժեշտության դեպքում մշակվում և իրականացվում են միջոցառումներ` անտառային և տորֆային հրդեհների ժամանակ կրակի տեղափոխումը դեպի շենքերն ու շինությունները բացառելու նպատակով։ Այդ նպատակով ստեղծվում են հրդեհային պաշտպանության գոտիներ, ամռան ամիսներին հեռացվում է չոր բուսականությունը և այլն։ Ամառային ամիսներին կայուն չոր, շոգ և քամոտ եղանակի պայմաններում գյուղական բնակավայրերում, կազմակերպություններում, ամառանոցային ավաններում խարույկների վառումը, հրդեհավտանգ աշխատանքների կատարումը կարող է ժամանակավորապես դադարեցվել։ Հրդեհի դեպքում հրշեջ փրկարարական ծառայությանը տեղեկացնելու համար, բնակավայրերը և առանձին տեղաբաշխված օբյեկտները պետք է ունենան սարքին հեռախոսային, ռադիո կամ կապի այլ միջոցներ։
Չի թույլատրվում`
- բնակելի շենքերի բնակարաններում, հանրակացարանների բնակելի սենյակներում ստեղծել արհեստանոցներ, պահեստներ, որտեղ օգտագործվում և պահվում են պայթյունահրդեհավտանգ նյութեր (բացի նախագծման նորմերով նախատեսված դեպքերի).
- բնակարաններում, բնակելի սենյակներում պահել 20լ-ից ավելի այրվող կամ դյուրավառ հեղուկներ (այրվող գազեր).
- այրվող կամ դյուրավառ հեղուկները, այրվող գազի բալոնները պահել փակ պատշգամբներում և խորշապատշգամբներում, եթե օդափոխության համակարգ չկա.
- այրվող և դյուրավառ հեղուկները թափել կոյուղի.
Խոհանոցային սալօջախները գազով մատակարարելու համար նախատեսված գազաբալոնային սարքերը (բալոնների 12լ-ից ավելի տարողությամբ) տեղադրվում են արտաքին խուլ պատին կից չայրվող շինությունում (պահարանում` 3-ից ոչ ավելի բալոն), որից մինչև մուտքն ընկած հեռավորությունը չպետք է լինի 5մ-ից պակաս: Հյուրանոցների, մոթելների, կեմպինգների, հանրակացարանների համարներում (միջանցքներում) փակցվում են հրդեհի դեպքում տարհանման ուղղությունը ցույց տվող նշագծեր, սլաքներ: Հրդեհի դեպքում բնակիչների տարհանումը հաջող կազմակերպելու համար հյուրանոցի աշխատակազմն ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (շնչառական դիմակներ, հակագազեր և այլն): Սոցիալական ապահովության կազմակերպություններում` ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ) կազմակերպվում է սպասարկող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն: Հերթապահն իր մոտ ունենում է տարհանման բոլոր ելքերի դռների բանալիները, իսկ մյուս օրինակը պահվում է հերթապահի սենյակում:
Ուսումնական, գիտական կազմակերպություններում ուսումնասիրություններ, գիտափորձեր կատարելու ընթացքում գիտական ղեկավարը (պատասխանատու կատարողը) պարտավոր է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով: Լաբորատորիաներում և այլ սենյակներում պահվող այրվող և դյուրավառ հեղուկների քանակը չպետք է գերազանցի մեկ հերթափոխային պահանջմունքը: Դյուրավառ հեղուկներն աշխատանքային օրվա վերջում լցվում են հատուկ փակ տարայի մեջ և լաբորատորիայից տեղափոխվում: Դասասենյակներում և աշխատասենյակներում դպրոցական նստարանների (սեղանների) քանակը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանվածից: Պարապմունքների ավարտից հետո բոլոր պայթյունահրդեհավտանգ նյութերը աշխատասենյակներից, լաբորատորիաներից և ահրեստանոցներից տեղափոխվում են հատուկ սարքավորված սենյակներ:
Մանկական ամառանոցների շենքերը պետք է առնվազն 2 տարհանման ելք, ապահովված լինեն հեռախոսային կապով և տագնապի ազդանշանային սարքով: Կարկասային և վահանային շենքերը սվաղվում են և ունեն չայրվող տանիքածածկ, որոնց ջերմապահպանիչը անօրգանական նյութերից է: Արգելվում է երեխաներին տեղավորել շենքերի ձեղնահարկային սենյակներում, առնվազն 2 տարհանման ելք չունեցող շենքերում, շինություններում, հարկերում, ինչպես նաև երեխաների բնակեցման շինություններում օգտագործել նավթավառեր և էլեկտրաջեռուցիչ սարքեր:
Մշակութային կազմակերպություններում հյուրախաղերի, ներկայացումների, ցուցահանդեսների կազմակերպման և անցկացման ժամանակ պետք է պահպանվեն հրդեհային անվտանգության պահանջները: Թանգարաններում, պատկերասրահներում մշակվում են ցուցանմուշների և ապրանքանյութական այլ արժեքների, իսկ կրկեսներում և կենդանաբանական այգիներում՝ կենդանիների տարհանման սխեմաներ: Հանդիսադահլիճների և տրիբունաների բոլոր բազկաթոռներն ու աթոռները հատակին պինդ ամրացվում են: Այն դեպքում, երբ օթյակներն ունեն առանձին ելք, իսկ տեղերի քանակը 12-ից ավելի չէ, բազկաթոռները (աթոռները) կարող են չամրացվել: Պարային երեկոների համար օգտագործվող մինչև 200 նստատեղ ունեցող հանդիսադահլիճներում աթոռները հատակին կարելի է չամրացնել, բայց շարքերում դրանք պետք է պարտադիր կերպով իրար միացված լինեն:
Բեմական փայտյա կառուցվածքները, այրվող դեկորացիաները, բեմական և ցուցահանդեսային ձևավորումները, ինչպես նաև հանդիսադահլիճների, ճեմասրահների վարագույրները մշակվում են հրապաշտպան նյութով: Կազմակերպության ղեկավարը պետք է ունենա համապատասխան ակտ այդ մշակումը կատարող կազմակերպության հետ, որտեղ նշվում են մշակման ամսաթիվը և դրա ներգործման ժամկետը: Թատերական հիմնարկների բեմահարթակներում միաժամանակ կարող են գտնվել դեկորացիաներ` ոչ ավելի, քան 2 ներկայացման համար: Չի թույլատրվում դեկորացիաների, բուտաֆորիայի և այլ գույքի պահումը սանդղաբազուկների և հարթակների տակ, ինչպես նաև հանդիսադահլիճների տակ գտնվող նկուղներում: Բեմադրությունների ձևավորման ժամանակ, դեկորացիաների շուրջը պետք է լինի 1մ լայնությամբ անցում: Ներկայացման ավարտից հետո բոլոր դեկորացիաները, ինչպես նաև բուտաֆորիան քանդվում և բեմից տեղափոխվում են հատուկ պահեստներ:
Բեմի վրա ծխելը, բաց կրակի, աղեղային լուսարձակների և կրակային այլ էֆեկտների օգտագործումը չի թույլատրվում: Բեմի վրա հակահրդեհային վարագույրի իջեցման սահմանագիծը նշվում է կարմիր գծով: Դեկորացիաները և այլ բեմական իրերը չպետք է դուրս գան այդ սահմանից: Բեմադրության (փորձնական ներկայացման) ավարտից հետո հակահրդեհային վարագույրն իջեցվում է: Բարձրացնող-իջեցնող մեխանիզմը կարգավորվում է այնպես, որպեսզի իջեցման արագությունը 0.2մ/վ-ից ավելի չլինի: Ծխանցքերի փականները ձմռան ամիսներին ջերմացվում են և ոչ պակաս, քան 10 օրը մեկ անգամ ստուգվում է դրանց աշխատունակությունը:
Զանգվածային միջոցառումների ժամանակ հնարավոր հրդեհներ, բարձր ջերմաստիճանային բոցավառումներ, պայթյուններ առաջացնող հրագործական արտադրատեսակներ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մարդկանց, կենդանիների և օգտագործվող տեխնիկայի նկատմամբ դրանց վտանգավորության աստիճանը, որոշել անվտանգության գոտիները, նախատեսել հրդեհաշիջման միջոցները: Հրթիռներից կրակելու ուղղությունն ընտրվում է այնպես, որպեսզի չայրված աստղիկները գետնին ընկնելու դեպքում բացառվի հրդեհի բռնկումը: Բաց հրապարակներում հատուկ էֆեկտների կիրառման անհրաժեշտության դեպքում, հրդեհները կանխելու նպատակով, պատասխանատու բեմադրիչի (գլխավոր ռեժիսորի, գեղարվեստական ղեկավարի) կողմից ձեռնարկվում են համապատասխան հակահրդեհային միջոցառումներ:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ

← Վերադառնալ ցուցակին