ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգությունը

13:52 / 25.05.2015

Շենքերի, շենքերի և շինությունների (այսուհետ` շենքերի) հակահրդեհային պաշտպանության ընդհանուր պահանջները` դրանց նախագծման, շինարարության և շահագործման փուլերում, ինչպես նաև շենքերի, դրանց տարրերի և մասերի, սենքերի, շինարարական կոնստրուկցիաների և օգտագործվող նյութերի հրդեհատեխնիկական դասակարգումները սահմանված են ՀՀՇՆ 21-01-2014 նորմերով: Շենքերի, շինարարական կոնստրուկցիաների և նյութերի նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերը պետք է բովանդակեն այդ շինարարական նորմերով կանոնակարգվող իրենց հրդեհատեխնիկական բնութագրերը: Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի հակահրդե¬հային նորմերը և պահանջները պետք է հիմնվեն տվյալ նորմերի պահանջների վրա, որոնց հետ մեկտեղ պետք է պահպանվեն սահմանված կարգով հաստատված այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանված հակահրդեհային պահանջները: Այդ նորմատիվ փաստաթղթերը կարող են բովանդակել սույն շինարարական նորմերը լրացնող, ճշգրտող և փոփոխող դրույթներ` հաշվի առնելով շենքերի, սենքերի և ինժեներական համակարգերի առանձին տեսակների գործառական նշանակության և հրդեհային պաշտպանության առանձնահատկությունները:

Այն շենքերի համար, որոնց վերաբերյալ բացակայում են հակահրդեհային նորմեր, ինչպես նաև 75մ-ից ավելի բարձրությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի, 50մ-ից ավելի բարձրությամբ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասերի շենքերի և մեկից ավելի թվով ստորգետնյա հարկերով շենքերի, ինչպես նաև առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքերի համար, սույն նորմերի պահանջների պահպանումից բացի, լրացուցիչ ինժեներատեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրի ներգրավմամբ պետք է մշակվեն դրանց հակահրդեհային պաշտպանվածության առանձնահատկություններն արտահայտող տեխնիկական պայմաններ: Նշված տեխնիկական պայմանները պետք է համաձայնեցվեն շինարարության պետական կառավարման և հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմինների հետ ու հաստատվեն պատվիրատուի կողմից: Շենքի բարձրությունը, բացի հատուկ վերապահված դեպքերից, որոշվում է վերին հարկի դիրքի բարձրությամբ, հաշվի չառնելով վերին տեխնիկական հարկը, իսկ հարկի դիրքի բարձրությունը որոշվում է հրշեջ ավտոմեքենաների անցման մակերևույթի և արտաքին պատի լուսամուտի բացվող որմնանցքի ներքևի սահմանի նիշերի տարբերությամբ:
Նորմերում չներառված շենքերի և շինությունների համար շինարարական նորմերի հակահրդեհային պահանջներից շեղումներ կարող են կատարվել քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի թույլտվությամբ` հիմնավորման դեպքում համաձայնեցնելով հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմնի հետ: Գոյություն ունեցող շենքերի կամ դրանց առանձին սենքերի գործառնական նշանակության փոփոխման, ինչպես նաև ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների փոփոխման դեպքում, պետք է կիրառվեն այդ շենքերի կամ սենքերի նոր նշանակությանը համապատասխան գործող նորմատիվ փաստաթղթեր:
Շենքերի և շինությունների նախագծման ընթացքում պետք է նախատեսվեն հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան կոնստրուկտիվ, ծավալահատակագծային և ինժեներատեխնիկական լուծումներ, որոնք պետք է ապահովեն՝
- մարդկանց անվտանգ տարահանման հնարավորությունը, անկախ նրանց տարիքից և ֆիզիկական վիճակից, դեպի դուրս` շենքին հարակից անվտանգ տարածք, մինչև հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցության հետևանքով նրանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի վերանալը,
- մարդկանց փրկելու հնարավորությունը,
- հրշեջ փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի մոտեցման և հակահրդեհային պաշտպանության տեխնիկական միջոցները հրդեհի օջախ հասցնելու, ինչպես նաև մարդկանց և նյութական արժեքները փրկելու միջոցառումների իրականացման հնարավորությունը,
- ուղղակի և անուղղակի նյութական վնասի սահմանափակումը, ներառյալ շենքի պարունակությունը և ինքը շենքը` հակահրդեհային միջոցառումների, հրշեջ փրկարարական ստորաբաժանումների և դրանց տեխնիկական զինվածության ծախսերի ու վնասի մեծության տնտեսապես հիմնավորվածության հարաբերակցության դեպքում,
- մոտակայքում տեղակայված շենքերի վրա հրդեհի տարածման կանխարգելումը, այդ թվում այրվող շենքի փլուզման դեպքում:
Շինարարության ընթացքում անհրաժեշտ է ապահովել.
- համապատասխան գործող նորմերով մշակված և սահմանված կարգով հաստատված նախագծով նախատեսված հակահրդեհային միջոցառումների առաջնային կատարումը,
- գործող նորմերով նախատեսված հակահրդեհային կանոնների պահպանումը և կառուցվող օժանդակ օբյեկտների հրդեհից պահպանումը, շինարարական և մոնտաժային աշխատանքների հրդեհաանվտանգ իրագործումը,
- հրդեհի դեմ պայքարի միջոցների առկայությունը և դրանց սարքին վիճակում պահպանությունը,
- կառուցվող օբյեկտում և շինարարական հրապարակում հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանման և փրկելու, ինչպես նաև նյութական արժեքների պահպանման հնարավորությունը:
Շահագործման ընթացքում անհրաժեշտ է.
- ապահովել շենքի պահպանությունը և նրա հակահրդեհային պաշտպանության տեխնիկական միջոցների սարքինությունը` համաձայն դրանց նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պահանջների,
- ապահովել հրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը,
- չթույլատրել կոնստրուկտիվ, ծավալահատակագծային և ինժեներատեխնիկական լուծումների փոփոխություններ առանց գործող նորմերի համաձայն մշակված և սահմանված կարգով հաստատված նախագծի,
- վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում չթույլատրել գործող նորմերի պահանջներին չհամապատասխանող կոնստրուկցիաների և նյութերի օգտագործում:
Եթե շենքի կառուցման թույլտվությունը ստացված է պայմանով, որ շենքում կամ նրա ցանկացած մասում գտնվող մարդկանց քանակը կամ հրդեհային բեռնվածությունը սահմանափակ են, ապա շենքի ներսում նկատելի տեղերում պետք է տեղադրված լինեն այդ սահմանափակումների մասին ծանուցումներ, իսկ շենքի պատասխանատուների կողմից պետք է մշակվեն հրդեհի կանխարգելման և հրդեհի ժամանակ մարդկանց տարահանման հատուկ կազմակերպչական միջոցառումներ:
Շենքերի հակահրդեհային պաշտպանության միջոցառումները նախատեսվում են՝ հաշվի առնելով հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը և դրանց տեղակայումը: Շենքերի հրդեհային վտանգավորությունը վերլուծելիս կարող են օգտագործվել հաշվարկային սցենարներ՝ հիմնված զարգացման ժամանակավոր հարաչափերի և հրդեհի վտանգավոր գործոնների տարածման, մարդկանց տարահանման և հրդեհի դեմ պայքարի հարաբերակցության վրա:
Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, շենքերի, սենքերի, շենքերի մասերի և տարրերի հրդեհատեխնիկական դասակարգումը հիմնավորվում է դրանց ստորաբաժանումով ըստ հատկությունների, որոնք նպաստում են հրդեհի վտանգավոր գործոնների առաջացմանը և դրա զարգացմանը (հրդեհային վտանգավորություն) և, ըստ հրդեհի ազդեցության ու դրա վտանգավոր գործոնների տարածման դիմադրողա¬կա¬նության հատկությունների (հրակայունություն): Հրդեհատեխնիկական դասակարգումը նախատեսված է սահմանելու կոնստրուկցիաների, շենքերի, սենքերի, շենքերի մասերի և տարրերի հակահրդեհային պաշտպանության անհրաժեշտ պահանջները` կախված դրանց հրակայունությունից և կամ հրդեհային վտանգավորությունից:
Շինարարական նյութերը բնութագրվում են միայն հրդեհային վտանգա¬վորությամբ, որը որոշվում է հետևյալ հրդեհատեխնիկական բնութագրերով` այրվողականությամբ, բոցավառե-լիությամբ, մակերևույթով բոցի տարածմամբ, ծխագոյացման հատկությամբ և թունավորությամբ.
1 Շինարարական նյութերն ըստ այրվողականության ստորաբաժանվում են չայրելիների ՉԱ, և այրելիների Ա:
Այրելի շինարարական նյութերը ստորաբաժանվում են չորս խմբի.
ա. Ա1 Գ1 - թույլ այրելի,
բ. Ա2 Գ2 - չափավոր այրելի,
գ. Ա3 Գ3 - նորմալ այրելի,
դ. Ա4 Գ4 - ուժեղ այրելի:
Շինարարական նյութերի այրելիությունը և դրանց խմբերն ըստ այրելիության սահմանվում են համապատասխան ստանդարտներով: Չայրելի շինարարական նյութերի համար հրդեհային վտանգավորության այլ ցուցանիշներ չեն սահմանվում և չեն նորմավորվում:
2 Այրելի շինարարական նյութերն ըստ բոցավառելիության ստորաբաժանվում են երեք խմբի.
ա. Բ1 Վ1 - դժվար բոցավառվող,
բ. Բ2 Վ2 - չափավոր բոցավառվող,
գ. Բ3 Վ3 - հեշտ բոցավառվող:
Շինարարական նյութերի խմբերն ըստ բոցավառելիության սահմանվում են համապատասխան ստանդարտով:
3 Այրելի շինարարական նյութերն ըստ մակերևույթով բոցի տարածման ստորաբաժանվում են չորս խմբի.
ա. ԲՏ1 ՌՊ1 - բոցը չտարածող,
բ. ԲՏ2 ՌՊ2 – բոցը թույլ տարածող,
գ. ԲՏ3 ՌՊ3 - բոցը չափավոր տարածող,
դ. ԲՏ4 ՌՊ4 - բոցը ուժեղ տարածող:
Շինարարական նյութերի խմբերն ըստ բոցավառելիության սահմանվում են տանիքածածկի և հատակի մակերևութային շերտերի, այդ թվում գորգային ծածկույթների համար համապատասխան ստանդարտով: Այլ շինարարական նյութերի համար մակերևույթով բոցի տարածման խմբերը չեն սահմանվում և չեն նորմավորվում:
4 Այրելի շինարարական նյութերն ըստ ծխագոյացման ունակության ստորաբաժանվում են երեք խմբի.
ա. Ծ1 Դ1 - փոքր ծխագոյացման ունակությամբ,
բ. Ծ2 Դ2 - չափավոր ծխագոյացման ունակությամբ,
գ. Ծ3 Դ3 - բարձր ծխագոյացման ունակությամբ:
Շինարարական նյութերի խմբերն ըստ ծխագոյացման ունակության սահմանվում են համապատասխան ստանդարտով:
5 Այրելի շինարարական նյութերն ըստ իրենց այրման թունավորության աստիճանի, ստորաբաժանվում են չորս խմբի.
ա. Թ1 Տ1 – փոքրավտանգ,
բ. Թ2 Տ2 - չափավոր վտանգավոր,
գ. Թ3 Տ3 – բարձրավտանգ,
դ . Թ4 Տ4 - արտակարգ վտանգավոր:
Շինարարական նյութերի խմբերն ըստ այրման արգասիքների թունավորության աստիճանի սահմանվում են համապատասխան ստանդարտով:

Շինարարական կոնստրուկցիաները բնութագրվում են հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ: Հրակայունության ցուցանիշը հանդիսանում է հրակայունության սահմանը, իսկ կոնստրուկցիայի հրդեհային վտանգավորությունը բնութագրում է իր հրդեհային վտանգավորության դասը: Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանը որոշվում է ըստ տվյալ կոնստրուկցիայի համար նորմավորվող մեկ կամ հաջորդաբար մի քանի սահմանային վիճակների հատկանիշների առաջանալու ժամանակի (րոպեներով): Սահմանային վիճակների հայտանիշներն են`
1) կրողականության կորուստը` R (Ռ),
2) ամբողջականության կորուստը` E (Ե),
3) ջերմամեկուսացնող հատկության կորուստը` I (Ի):
Շինարարական կոնստրուկցիաների հրակայունության սահմանները և դրանց պայմանական նշանները սահմանվում են համապատասխան ստանդարտով: Ընդ որում, պատուհանների հրակայունության սահմանը սահմանվում է միայն ըստ ամբող¬ջականության կորստի առաջացման ժամանակի` E (Ե):
Շինարարական կոնստրուկցիաներն ըստ հրդեհային վտանգավորության ստորաբաժանվում են չորս դասի.
1) Կ0 Կ0 - ոչ հրդեհավտանգավոր,
2) Կ1 Կ1 - քիչ հրդեհավտանգավոր,
3) Կ2 Կ2 - չափավոր հրդեհավտանգավոր,
4) Կ3 Կ3 - հրդեհավտանգավոր:
Շինարարական կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորության դասը սահմանվում է համապատասխան ստանդարտով:
Հակահրդեհային պատնեշները նախատեսված են հրդեհի և այրման արգասիքների տարածումը սենքից կամ հրդեհի օջախով հրդեհային հատվածամասից այլ սենքեր կանխելու համար: Հակահրդեհային պատնեշներին են դասվում հակահրդեհային պատերը, միջնորմները, ծածկերը: Հակահրդեհային պատնեշները պետք է հենվեն շենքի հիմքի կամ հիմքի հեծանի վրա և բարձրանան շենքի ամբողջ բարձրությամբ, հատելով շենքի կոնստրուկցիաները և հարկերը: Հակահրդեհային պատնեշները պետք է բարձրանան շենքի տանիքածածկից վեր.
1) 60սմ-ից ոչ պակաս, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի տարրերից մեկը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված է այրվող շինանյութերից,
2) 30սմ-ից ոչ պակաս, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի տարրերից մեկը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված է թույլ այրվող շինանյութերից,
3) հակահրդեհային պատնեշները կարող են չբարձրանալ շենքի տանիքածածկից վեր, եթե ձեղնահարկի կամ անձեղնահարկ տանիքի ծածկի բոլոր տարրերը, բացառությամբ տանիքածածկի, իրականացված են չայրվող շինանյութերից:
Շենքերում, որոնց արտաքին պատերը իրականացված են այրվող կամ թույլ այրվող շինարարական կոնստրուկցիաներով, հակահրդեհային պատերը արտաքին պատի հարթությունից պետք է դուրս գան 30սմ-ից ոչ պակաս:
Հակահրդեհային պատնեշները բնութագրվում են հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ`
1 հակահրդեհային պատնեշի հրակայունությունը որոշվում է իր հետևյալ տարրերի հրակայունությամբ՝
ա. պատող մասի,
բ. պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների,
գ. այն կոնստրուկցիաների, որոնց վրա պատնեշը հենվում է,
դ. դրանց միջև ամրակապման հանգույցների,
2 հակահրդեհային պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների, պատնեշի հենման կոնստրուկցիաների և դրանց միջև ամրակապման հանգույցների հրակայունության սահմաններն ըստ R(Ռ) հատկանիշի պետք է լինեն հակահրդեհային պատնեշի պատող մասի հրակայունության սահմանից ոչ պակաս,
3 հակահրդեհային պատնեշի հրդեհային վտանգավորությունը որոշվում է ամրակապման հանգույցների հետ իր պատող մասի և պատնեշի կայունությունն ապահովող կոնստրուկցիաների հրդեհային վտանգավորությամբ:
Միջնորմները և նախամուտք-անցախցերի ծածկերը պետք է լինեն հակահրդեհային:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին