ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհաշիջման սպրինկլերային (ցայտաջրմուղային) կայանքներ

13:51 / 25.05.2015

Հակահրդեհային ինքնաշխատ սարքավորումներն ըստ գործառնական նշանակության բաժանվում են երկու խմբի`

1. Հրդեհաշիջման ինքնաշխատ կայանքներ.
2. Հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգեր:

Առաջացած հրդեհներն արագ և ժամանակին հայտնաբերելու ու մարելու համար օբյեկտները կահավորում են հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերով, որոնցում որպես հրդեհաշեջ նյութ օգտագործում են`

- ջուր, ջրաքիմիական լուծույթներ.
- օդամեխանիկական փրփուր.
- գազեր (ածխաթթուներ, իներտ գազեր, և այլն).
- տարբեր բաղադրության փոշիներ:

Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը ըստ գործարկման լինում են պնևմատիկ, մեխանիկական, հիդրավլիկ, էլեկտրական (ջերմային, ծխային և այլ տվիչների միջոցով) և համակցված թողարկումով: Այս սարքավորումների թողարկման հուսալիությունը և արդյունավետությունը բարձրանում է դրանց մեջ օգտագործվող տվիչների հաշվին, որոնք կարող են արագ հայտնաբերել հրդեհի հատկանիշները: Բացի վերը նշված եղանակներից այս սարքավորումները կարելի է գործարկել նաև ձեռքի կամ տեղային թողարկումով:

Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը ըստ հրդեհաշեջ նյութերի լինում են ջրային, փրփրային, գազային և փոշե: Ջրային հրդեհաշիջման սարքերով կահավորվում են այնպիսի օբյեկտներ, որտեղ պահվում կամ օգտագործվում են բամբակ, փայտ, գործվածքներ, պլաստմասա, ռետինե նյութեր, հրդեհավտանգ հեղուկներ: Այս սարքավորումներն օգտագործվում են նաև տեխնոլոգիական սարքավորումների, մալուխային թունելների, մշակութահանդիսարանային օբյեկտների պաշտպանության համար:

Ջրային հրդեհաշիջման համակարգերն ըստ գործունեության տեսակի լինում են սպրինկլերային և դրենչերային: Սպրինկլերային համակարգերը նախատեսված են անձրևացված ջրով հրդեհների տեղային մեկուսացման և մարման համար: Ջերմաստիճանից կախված դրանք լինում են երկու տեսակի`

- ջրային, երբ խողովակային համակարգը մշտապես գտնվում է ջրի ճնշման տակ: Օգտագործվում է տաքացվող սենքերում, որտեղ օդի ջերմաստիճանը ցածր չէ 50C- ից.
- օդային, երբ խողովակային համակարգը մինչև հսկիչ-թողարկիչ հանգույցը գտնվում է ջրի ճնշման տակ, իսկ մնացած հանգույցները գտնվում են հերթապահ ռեժիմում և լցված են սեղմված օդով: Օգտագործվում է չտաքացվող սենքերում, որտեղ օրվա միջին ջերմաստիճանը ցածր է 50C- ից:

Սպրինկլերային հրդեհաշիջման համակարգերը բաղկացած են հետևյալ հիմնական տարրերից`

- ջրաղբյուրից.
- ջրասնուցիչ խողովակից.
- հսկիչ-թողարկիչ հանգույցից.
- վերահսկիչ ազդանշանային կափույրից.
- սպրինկլերային ցանցից, որը բաղկացած է մայրուղային սնուցիչ և բաշխիչ խողովակաշարից, սպրինկլերային ցողիչներից, ազդանշանային սարքավորումներից, պնևմոբաքից, էլեկտրական շարժիչից, պոմպից և ղեկավարման վահանակից:

Հրդեհի առաջացման դեպքում բացվում է սպրինկլերի թեթևացված խցանը, ջուրը համապատասխան ցանցից տրվում է հրդեհի օջախ: Երբ ջրի ճնշումն ընկնում է համապատասխան մայրուղային գծում և խողովակաշարերում` բացվում է կենտրոնական ղեկավարման համակարգի փականը ջրազդանշանային փականի հետ միաժամանակ` բաց թողնելով ջրի հոսքը դեպի սպրինկլերային ցանց: Այդ ժամանակահատվածում ջուրը մղվում է հսկիչ-թողարկիչ հանգույց արդեն բաց վիճակում գտնվող փականի միջոցով, որն աշխատում է ավտոմատ կերպով: Միաժամանակ, սկզբնական հրդեհաշիջման պահին, ջուրը հսկիչ-թողարկիչ հանգույցից օղակաձև մղվում է դեպի ջրազդանշանային փական և խողովակաշարի միջով մղվում է ազդանշանիչի ճնշմամբ: Ազդանշանային ալիքը տրվում է էլեկտրական մալուխի միջոցով` դեպի ազդանշանային սարք, որը ձայնային ազդանշանով հայտնում է հրդեհի վտանգի մասին, իսկ լուսային ազդանշանը ցույց է տալիս հրդեհի օջախի գտնվելու վայրը: Ջրի ճնշման անկման դեպքում Էլեկտրակոնտակտային մանոմետրի միջոցով տրվում է ազդանշան, աշխատում են սպրինկլերային սարքերը` գործի գցելով էլեկտրական շարժիչները, որոնք էլ գործարկում են հրդեհային պոմպերը: Ջուրը պոմպերի միջոցով, սնուցող խողովակաշարերով տրվում է դեպի հսկիչ-թողարկիչ հանգույց և ոռոգիչներ, որոնք ջուրը մղում են հրդեհի օջախ: Աշխատանքի ավարտից հետո վերականգնում են սարքի աշխատունակությունը` նախապես փոխելով կիսայրված սպրինկլերները, իսկ պնևմոբաքը լցնելով ջրով:

Սպրինկլերային ոռոգիչները, հանդիսանալով ինքնաշխատ սարքեր, կատարում են միաժամանակ երկու գործողություն` վերահսկողական հրդեհային ցուցիչների և ոռոգիչների: Սպրինկլերները լինում են կորացած կամ ուղիղ ցանցով, պատին ամրացվող, դյուրահալ էլեմենտով և ապակյա սրվակով: Սպրինկլերային համակարգի մեկ հատվածամասում կարող են օգտագործվել 800-ից, իսկ ներդարակաշարային տարածքներում` 500-ից ոչ ավելի սպրինկլերային ցողիչներ:

Սպրինկլերային փրփրային սարքերը նախատեսված են տեղային հրդեհաշիջման կամ շինություններում հրդեհների մեկուսացման համար, երբ ջուրը չի տալիս պահանջվող որակը կամ դրա օգտագործումն անհնար է` տակտիկատեխնիկական հնարավորություններից ելնելով: Օդամեխանիկական փրփուրի համար նախատեսված հատուկ սարքավորումները քիչ են տարբերվում ջրային սպրինկլերային սարքավորումներից: Տարբերությունն այն է, որ ջրային սպրինկլերային ոռոգիչների փոխարեն փրփրային ոռոգիչներ են և ունեն փրփրասնուցող սարքավորումներ, բաժնաչափիչ փրփրային սարքեր: Կախված այն բանից, թե ինչքան է մեծանում փրփուրի խառնվածությունը ջրի հետ, փրփուրները լինում են ցածր (մինչև 20), միջին (20-200) և բարձր (200 և ավելի) պատիկության: Փրփրային հրդեհաշիջման սարքերն օգտագործում են քիմիական, նավթավերամշակման արտադրամասերի պաշտպանության համար, ինչպես նաև այն օբյեկտներում, որտեղ գտնվում են մեծ քանակությամբ դյուրավառ լուծույթներ: Փրփրային հրդեհաշիջման սարքերի շահագործման ժամանակ պետք է հատուկ ուշադրություն դարձնել փրփրագեներատորին, փրփրահեղուկի տարողությանը և խողովակաշարերին:

Սպրինկլերային համակարգերի տեղակայման ժամանակ պետք է հաշվի առնել`
- հրդեհային ծանրաբեռնվածության բնութագիրը.
- հրդեհների տարածման հնարավոր ուղիները.
- ամենաքիչ պահպանվող տարածքի շառավիղը.
- խմբակային ոռոգիչների քանակը և տեղաբաշխումը:

Մեկ շինության ամբողջ տարածքում անհրաժեշտ է տեղադրել միևնույն տրամաչափի սպրինկլերային ոռոգիչներ ուղղահայաց դիրքով` խողովակի ուղղությունը դեպի վեր, այն սենքերում, որտեղ օդի ջերմաստիճանը համեմատաբար ավելի բարձր է: Սպրինկլերային ինքնաշխատ սարքերը պետք է միշտ պահել աշխատանքային վիճակում: Դրանց տեղադրման չափանիշները, յուրաքանչյուր պահպանվող շինությունում, պետք է համապատասխանեն շահագործման չափանիշներին և նորմատիվային փաստաթղթերին: Սպրինկլերային ինքաշխատ սարքերի տեղադրման չափանիշներ են հանդիսանում`

- շինության առաստաղների (որոնց վրա ամրացվում են հրդեհաշիջման ինքնաշխատ սարքավորումները) զննումը.
- սենյակների քանակը, դասավորությունը, որոնք պետք է միաժամանակ պահպանվեն նույն հրդեհաշիջման ինքնաշխատ սարքի միջոցով.
- շինության երկարությունը, լայնությունը, բարձրությունը և արտաքին պատերի կառուցատարրերը.
- ինժեներային կառուցատարրերը.
- մշտապես բաց սենյակների շառավիղը, շրջապատող ներքին պատերի կոնստրուկցիան և դիրքը.
- սպրինկլերային սարքերի տեղակայման սենքերի ջերմաստիճանը, օդի ճնշումը.
- հրդեհավտանգ նյութերի և սպրինկլերային սարքերի քանակը, որոնք պետք է գտնվեն շինության ներսում.
- հրդեհավտանգ տարածքների դասավորվածության սխեման.
- օդափոխության ձևերը և կարգը, ջերմաստիճանը և օդի հովացումը.
- սպրինկլերային սարքերի տեխնոլոգիական բնութագիրը.
- շինության հրդեհավտանգության կարգը.
- մարդկանց քանակությունը և նրանց տարհանման ելքերը.

Սպրինկլերային ոռոգիչները, կախված հնարավոր հրդեհավտանգ իրավիճակից, լինում են չափանշված աշխատող, արագ արձագանքող, մեծ տարածություն ընդգրկող, ինչպես նաև նախատեսված պահեստներում, սառնարաններում և կենցաղում օգտագործման համար: Սպրինկլերները, որոնք տարբեր ժամանակահատվածներում են արձագանքում, ունեն օգտագործման իրենց չափանիշները` կախված պահպանվող օբյեկտի մեծությունից, ծավալից, ձևից, պահեստավորված նյութերի հրդեհավտանգությունից:

Անհրաժեշտ է ապահովել ոռոգիչի արագ աշխատանքը պաշտպանվող տարածքներում, որպեսզի սեղմ ժամանակում հնարավոր լինի մեկուսացնել և հանգցնել կրակը: Նման սարքերը թույլ են տալիս ստեղծել հակահրդեհային պաշտպանության դինամիկ ղեկավարման համակարգ և ապահովել անվտանգ տարհանում, ինչը խիստ կարևոր է հրդեհի դեպքում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:

 

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին