ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Կրակմարիչների տեսակները

11:18 / 25.05.2015

Կրակմարիչը տեխնիկական սարքավորում է, որը նախատեսված է սկզբնական հրդեհաշիջման համար: Կրակմարիչները դասակարգվում են՝

1. ըստ կիրառվող հրդեհաշիջող նյութի տեսակի.
- փրփրային,
- փոշային,
- գազային,
- համակցված.
2. ըստ իրանի ծավալի.
- ձեռքի փոքրածավալ (մինչև 5լ),
- ձեռքի արտադրական (5-10 լ),
- ստացիոնար և շարժական (10լ ավելի).
3. ըստ հրդեհաշիջող խառնուրդի մղման եղանակի.
- լիցքի տարրերի քիմիական ռեակցիայի արդյունքում առաջացող գազերի ճնշման շնորհիվ,
- կրակմարիչի իրանում տեղադրված հատուկ բալոնից մղվող գազերի ճնշման շնորհիվ,
- կրակմարիչի իրան մղվող գազերի ճնշման շնորհիվ,
- հրդեհաշիջող նյութի սեփական ճնշման շնորհիվ.
4. ըստ արձակման սարքավորումների տեսակի.
- փականով,
- ատրճանակի տիպի արգելակող-արձակող սարքվածքով,
- ճնշման մշտական աղբյուրից արձակմամբ:
Այս դասակարգմամբ չեն սպառվում կրակմարիչների բազմաքանակ խմբի բոլոր ցուցանիշները: Կառուցվածքի մշտական կատարելագործումը, հուսալիության, տեխնոլոգիականության, միասնականացման և այլ ցուցանիշների բարձրացումը բերում է նոր, ավելի կատարյալ կրակմարիչների ստեղծմանը: Կրակմարիչները մականշվում են կրակմարիչի տեսակը բնորոշող տառերով և տարողությունը ցուցանշող թվերով:
Փրփրային կրակմարիչները նախատեսված են հրդեհաշիջման համար կրակմարիչ փրփուրով՝ քիմիական (ԿՔՓ) կամ օդամեխանիկական (ԿՕՄ): Քիմիական փրփուրը ստանում են թթուների և հիմքերի ջրային լուծույթներից, իսկ օդամեխանիկականը առաջացնում են ջրային լուծույթներից և փրփրարարներից՝ աշխատանքային գազի, օդի, ազոտի կամ ածխաթթու գազի հոսքերով: Քիմիական փրփուրը բաղկացած է 80%-ով ածխաթթու գազից, 19.7%-ով՝ ջրից և 0.3%-ով՝ փրփրարար նյութից, իսկ օդամեխանիկականը՝ մոտավորապես 90%-ով օդից, 9.8%-ով՝ ջրից և 0.2%-ով՝ փրփրարարից:
Փրփրային կրակմարիչները նախատեսված են գրեթե բոլոր պինդ նյութերի, ինչպես նաև այրվող և որոշ հեշտ բոցավառվող հեղուկների 1մ2-ից ոչ ավելի մակերեսի վրա սկսվող բռնկումը մարելու համար: Չի կարելի փրփուրով մարել լարման տակ գտնվող բռնկված էլեկտրական կայանքները և էլեկտրացանցերը, քանի որ այն էլեկտրական հոսանքի հաղորդիչ է: Բացի դրանից, փրփրային կրակմարիչները չի կարելի կիրառել նատրիումի և կադմիումի հիմնային մետաղների մարման համար, քանի որ դրանք փոխգործակցելով փրփուրի մեջ գտնվող ջրի հետ՝ արտազատում են ջրածին, որն ուժեղացնում է այրումը: Փրփրային կրակմարիչները չի կարելի կիրառել նաև սպիրտի մարման համար, քանի որ այն կլանում է ջուրը՝ լուծվելով դրա մեջ, և դրանց վրա ընկնելով փրփուրն արագ քայքայվում է:

Փրփրային կրակմարիչների թերություններից են կիրառման ջերմաստիճանային նեղ շրջանակը (+50C - +450C), լիցքի բարձր քայքայիչ ակտիվությունը, հրդեհաշիջման օբյեկտը վնասելու հնարավորությունը, ամենամյա վերալիցքավորման անհրաժեշտությունը: Քիմիական փրփրային կրակմարիչներից ամենալայն կիրառումը ստացել են հետևյալները՝ ԿՔՓ-10, ԿՔՕՓ-10, ԿՔ-Մ և ԿՔ-9ՄՄ (քիմիական խիտ փրփրային):
Գազային կրակմարիչների դասին են պատկանում՝
1. ածխաթթվային կրակմարիչները, որոնց մեջ որպես հրդեհաշիջող նյութ օգտագործվում է հեղուկացված ածխածնի երկօքսիդը (ածխաթթուն).
2. աէրոզոլային և ածխաթթվաբրոմէթիլային կրակմարիչները, որտեղ որպես լիցք օգտագործվում են հալոիդացված ածխաջրածինները, որոնց՝ այրման գոտի մղման դեպքում մարումը տեղի է ունենում թթվածնի համեմատաբար բարձր պարունակության դեպքում (14-18%):
Ածխաթթվային կրակմարիչներն արտադրվում են ինչպես ձեռքի (ԿԱ-2, ԿԱ-5, ԿԱ-8), այնպես էլ շարժական (ԿԱ-25, ԿԱ-80): Ձեռքի կրակմարիչներն ունեն նույն կառուցվածքը և կազմված են բարձր ամրության պողպատյա բալոնից (որի բկանցքում ամրացված է փականատիպ կամ ատրճանակատիպ արգելող-արձակող սարքվածք), սիֆոնային խողովակից (որը ծառայում է բալոնից դեպի արգելակող-արձակող սարքվածք ածխաթթվի մղման համար) և ձյուն առաջացնող փողալայնուկից:
ԿԱ-8 կրակմարիչի փողալայնուկը միացված է արգելակող գլխիկին 0.8մ երկարության զրահապատ ճկափողով: Կրակմարիչների բալոնները լիցքավորված են հեղուկ ածխաթթվով 6-7 ՄՊա ճնշման տակ: Ածխաթթվային կրակմարիչը գործարկելու համար անհրաժեշտ է ձյուն առաջացնող փողալայնուկն ուղղել դեպի կրակի օջախը և մինչև վերջ պտտել դարձանիվը կամ սեղմել արգելակող-արձակող սարքվածքի լծակը: Հեղուկ ածխաթթվի վերափոխումը ածխաթթու գազի ուղեկցվում է կտրուկ սառեցմամբ և դրա մի մասը դառնում է <<ձյուն>>՝ մանր բյուրեղների տեսքով: Ձեռքերի սառեցումից խուսափելու համար արգելվում է դիպչել մետաղական փողալայնուկին: Հեղուկ վիճակից գազայինի անցնելիս ածխաթթվի ծավալը ավելանում է 400-500 անգամ:
ԿԱ-2, ԿԱ-5, ԿԱ-8 ածխաթթվային կրակմարիչները նախատեսված են տարբեր նյութերի (բացառությամբ այն նյութերի, որոնք ունակ են այրվելու առանց օդի մուտքի), քաղաքային և երկաթուղային էլեկտրաֆիկացված տրանսպորտի, մինչև 380Վ լարման տակ գտնվող էլեկտրակայանքների բռնկումների մարման համար: Ածխաթթվային կրակմարիչների պահպանման և շահագործման ջերմաստիճանային ռեժիմը -400C - +500C է:
Ածխաթթվային-բրոմէթիլային կրակմարիչներում (ԿԱԲ-3Ա, ԿԱԲ-7Ա) հրդեհաշիջող լիցք է հանդիսանում 4ՆԴ բաղադրությունը (97% բրոմէթիլ և 3% ածխաթթու գազ): Բրոմային էթիլի կրակմարիչ գործողությունը հիմնված է այրման քիմիական ռեակցիաների արգելակման վրա, այդ իսկ պատճառով այն հաճախ անվանում են հակակատալիզատոր կամ արգելակիչ: Լիցքի դուրս մղման համար բալոնները լիցքավորում են օդով՝ 0,9 ՄՊա ճնշման տակ: Կրակմարիչի գործողության ժամանակը 20-30 վայրկյան է՝ շիթի 3-4մ երկարության դեպքում: Այս տիպի կրակմարիչները նախատեսված են տարբեր այրունակ և մարմրող նյութերի, ինչպես նաև 380Վ լարման տակ գտնվող էլեկտրակայանքների փոքր ծավալի բռնկումների մարման համար: Դրանք օգտագործվում են պահեստային սենքերում, բեռնատար և մասնագիտացված մեքենաների վրա, բենզաբաշխիչ կայաններում և այլն: Կրակմարիչները կարող են շահագործվել շրջակա միջավայրի -600C - +600C ջերմաստիճանի պայմաններում: Այս կրակմարիչների կրակը մարելու արդյունավետությունը 14 անգամ բարձր է ածխաթթվայիններից:
Աէրոզոլային (խլադոնային) կրակմարիչները կիրառվում են նույն դեպքերում, ինչ ածխաթթվա-բրոմէթիլայինները: Հրդեհաշիջող բաղադրությունը՝ խլադոն (ֆրեոն), 114Բ2, 13Բ1, հրդեհաշիջման ընթացքում չի ազդում նյութերի և սարքավորումների վրա, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել էլեկտրոնային սարքավորումների, նկարների և թանգարանային նմուշների հրդեհաշիջման ժամանակ: Արտադրվում են ԿԱԽ, ԿԽ-3 և այլ կրակմարիչներ:
Այրվող նյութերի, գազերի, մինչև 1000Վ լարման տակ գտնվող էլեկտրակայանքների, մետաղների և դրանց ձուլվածքների փոքր բռնկումները մարելու նպատակով օգտագործվում են ԿՓ-1, ԿՓ-25, ԿՓ-10 փոշային կրակմարիչները:
1լ տարողությամբ ԿՓ-1 փոշային կրակմարիչն օգտագործվում է ավտոմեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի փոքր բռնկումները մարելու համար: Այն բաղկացած է պոլիէթիլենից պատրաստված իրանից, ցանցից և կափարիչից: Լիցքավորված է չոր բիկարբոնատային փոշեխառնուրդով, որը բաղկացած է 88%-ով նատրիումի բիկարբոնատից՝ հավելված 10% տալկով, 9%-ով մետաղների (երկաթի, ալյումինի, կալցիումի մագնիումի, ցինկի) ստեարատից: Շահագործման ժամանակ հանում են կրակմարիչի կափարիչը և ցանցի միջով ձեռքով փոշեցրում են այրման օջախի վրա: Առաջացող կայուն փոշու ամպը մեկուսացնում է օդի թթվածինը և արգելակում այրումը:

ԿՓ-10 փոշային կրակմարիչը կիրառվում է հիմնային մետաղների (լիտիումի, կադմիումի, նատրիումի) և մագնիումի ձուլվածքների բռնկումները մարելու համար: Այս տիպի այլ կրակմարիչների մեջ օգտագործվում են փոշային տարբեր խառնուրդներ՝ նատրիումի բիկարբոնատի հավելումներով, ֆոսֆորաամոնիումային աղերի հավելումներով (փայտանյութի, այրվող հեղուկների և էլեկտրասարքավորումների հրդեհաշիջման համար), սիլիկաժելի հավելումով (նավթամթերքի և հրակիր միացությունների հրդեհաշիջման համար):
Ինքնագործարկվող փոշային կրակմարիչը (ԿԻՓ) հրդեհաշիջման միջոցների նոր սերնդից է: Այն հնարավորություն է ընձեռում բարձր արդյունավետությամբ, առանց մարդու մասնակցության մարել հրդեհները: Կրակմարիչն իրենից ներկայացնում է 1 կգ հրամարող փոշիով լցված, 50մմ տրամաչափով և 440մմ երկարությամբ հերմետիկ ապակե անոթ: Տեղադրվում է հնարավոր բռնկման օջախի վրա՝ մետաղական բռնիչի միջոցով: Ինքնագործարկվում է ջերմաստիճանի մինչև 1000C (ԿԻՓ-1) և 2000C (ԿԻՓ-2) բարձրացման դեպքերում, պաշտպանվող ծավալը՝ մինչև 9մ3: Նախատեսված են օրգանական ծագում ունեցող պինդ նյութերի, այրվող հեղուկների կամ հալվող պինդ մարմինների, մինչև 1000Վ լարվածության տակ գտնվող էլեկտրակայանքների հրդեհների օջախի մարման համար: Առավելություններն են՝ հրդեհաշիջման իրականացումն առանց մարդու ներկայության, մոնտաժի դյուրինությունը, շահագործման ընթացքում ծախսերի բացակայությունը, էկոլոգիապես մաքուր՝ ոչ թունավոր լինելը, գործարկման ժամանակ սարքավորմանը չվնասելը, -500C - +500C ջերմաստիճանային ռեժիմով փակ տարածություններում տեղադրման հնարավորությունը:
Կիրառման համապատասխան ջերմաստիճանային սահման ունեցող կրակմարիչ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել շենքերի և շինությունների շահագործման կլիմայական պայմանները: Ձմռանը (10C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում) կրակմարիչները պետք է պահել ջեռուցվող սենքերում: Եթե հնարավոր են տարբեր նյութերի այրման օջախներ, ապա ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է կիրառման տեսանկյունից ավելի համապիտանի կրակմարիչի:
Հեռախոսային կայանների, թանգարանների, արխիվների, համակարգչային և այլ սենքերի պաշտպանության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել հրամարող նյութերի և պաշպանվող սարքավորումների, առարկաների, նյութերի փոխազդեցության յուրահատկությունները: Խորհուրդ է տրվում տվյալ սենքերը սարքավորել խլադոնային և ածխաթթվային կրակմարիչներով՝ հաշվի առնելով հրամարիչ նյութի թույլատրելի խտությունը: Հրդեհավտանգավորության նույն մակարդակի մի քանի սենքերի համար անհրաժեշտ կրակմարիչների քանակը հաշվարկվում է ելնելով այդ սենքերի ընդհանուր մակերեսից: Օբյեկտում պետք է նշանակված լինի կրակմարիչների, հրդեհաշիջման այլ սկզբնական միջոցների ձեռքբերման, վերանորոգման, պահպանվածության և մարտունակության համար պատասխանատու անձ: Օբյեկտում տեղադրված յուրաքանչյուր կրակմարիչ պետք է ունենա իրանի վրա սպիտակ գույնով նշված հերթական համար, ինչպես նաև հաստատված նմուշի անձնագիր: Կրակմարիչները պետք է մշտապես պահվեն սարքին վիճակում, պարբերաբար ստուգվեն և վերալիցքավորվեն: Վերալիցքավորման ուղարկված կրակմարիչները պետք է փոխարինվեն համապատասխան քանակի լիցքավորված կրակմարիչներով:
Արտադրական և պահեստային սենքերում, ինչպես նաև օբյեկտների տարածքներում հրդեհաշիջման սկզբնական միջոցները տեղադրելու համար պետք է սարքավորվեն հրշեջ վահաններ: Միջանցքներում և անցումներում տեղադրված կրակմարիչները չպետք է խոչընդոտեն մարդկանց անվտանգ տարհանումը: Դրանք պետք է տեղակայվեն տեսանելի վայրերում, ելքերին մոտիկ՝ 1,5մ-ից ոչ ավելի բարձրության վրա: Թույլատրվում է տեղադրել կարճապահարանի կամ հրշեջ պահարանի մեջ: Հասարակական շենքերի և կառույցների յուրաքանչյուր հարկում պետք է տեղադրել ոչ պակաս, քան 2 շարժական կրակմարիչ: Հնարավոր հրդեհի օջախից մինչև կրակմարիչ եղած միջտարածությունը հասարակական շենքերում և կառույցներում չպետք է գերազանցի 20մ-ը: Արգելվում է կրակմարիչների օգտագործումը հրդեհաշիջման հետ կապ չունեցող տնտեսական և այլ կարիքների համար:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին