ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհը և նրա զոհերը

09:39 / 25.05.2015

Մարդկության զարգացման պատմության մեջ դժվար է թերագնահատել կրակի դերը: Կրակի, այրման գործընթացների տիրապետումը ստեղծեց մարդկային քաղաքակրթությունը: Սակայն մարդկության զարգացման դիալեկտիկան այնպիսին է, որ շատ դեպքերում և տարբեր պատճառներով կրակը դուրս է գալիս մարդու հսկողությունից, դառնում է անկառավարելի և վերափոխվում ահեղ թշնամու՝ հրդեհի, որը մարդկանց պատճառում է ահռելի կորուստներ ու դժբախտություններ:

Երկրագնդի վրա տարեկան տեղի ունեցող հրդեհների քանակը հասել է 6,5 միլիոնի, յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ ինչ-որ տեղ հրդեհ է բռնկում: Այսօր հրդեհների պատճառած տարեկան վնասը հաշվվում է միլիարդավոր դոլարներով, իսկ զոհերի թիվը՝ տասնյակ հազարներով: Հրդեհներ առաջանում են ձեռնարկություններում, հիվանդանոցներում, հյուրանոցներում, հանրախանութներում, ռեստորաններում, վարչական շենքերում ու բնակելի տներում, այրվում են գնացքներ, ինքնաթիռներ և նավեր: Կրակը չի խնայում թանգարաններն ու գրադարանները, տաճարներն ու մշակույթի հուշարձանները, թատրոններն ու մարզասրահները: Ամենածանր հետևանքները կապված են խոշոր հրդեհների հետ, որոնք տեղի են ունենում արդյունաբերական համալիրներում, տրանսպորտային մայրուղիներում, բարձրահարկ շենքերում և այլն:
Հրդեհների քանակի, պատճառված վնասի ու զոհերի թվի վրա ազդող բազմաթիվ օբյեկտիվ գործոններից կարելի է առանձնացնել մի քանի հիմնական խմբեր: Նախ դա հրդեհավտանգավորության իրական ու լիովին հասկանալի աճն է աշխարհում՝ պայմանավորված այնպիսի նոր նյութերի կիրառմամբ, որոնք ստեղծվել են գիտության նվաճումների շնորհիվ՝ մեծ քանակությամբ նավթի ու նավթամթերքների, բնական ու արհեստական գազերի օգտագործմամբ, արտադրությունում բարդ և էներգատար տեխնոլոգիական գործընթացների ներդրմամբ: Ժամանակակից նյութերի մեծ մասն այրվելիս արձակում է ավելի շատ ջերմություն և մի քանի անգամ ավելի շատ այրման թունավոր արգասիքներ՝ քան փայտանյութը: Ժամանակակից տեխնոլոգիական գործընթացներում հաճախ օգտագործվում են չափազանց բարձր ճնշումներ ու ջերմաստիճաններ, բարձր կալորիականության հումք, ինչի հետևանքով դրանք ունեն խիստ մեծ պոտենցիալ հրդեհավտանգավորություն: Տնտեսության բոլոր ոլորտներում առկա էներգիայի հոսքերը, վերահսկողությունը փոքր ինչ թուլացնելու դեպքում, ձգտում են <<ազատության>>՝ վերածվելով կործանարար հրդեհի: Դրա հետ մեկտեղ պողպատը, բետոնը, ապակին, որոնք շինարարության մեջ փոխարինել են փայտանյութին, ստեղծել են հրդեհից հուսալի պաշտպանության խաբուսիկ տպավորություն: Բոլոր այս պատճառները հիմնականում նպաստում են հրդեհների քանակական աճին:

Գործոնների մյուս խմբին կարելի է դասել բնակչության (հատկապես՝ քաղաքային) շարունակական աճը, շենքերի ու շինությունների բարձրության, մակերեսների ավելացման միտումը, ինչի շնորհիվ դրանց հրդեհավտանգավորության մակարդակը խիստ բարձր է: Բարձրահարկ բնակելի շենքերում ու հյուրանոցներում, խոշոր հանրախանութներում, թատրոններում, ռեստորաններում տեղի ունեցած հրդեհների տխուր փորձը դրա վառ ապացույցն է: Որպես կանոն այդ հրդեհներն ուղեկցվում են մեծաթիվ մարդկային զոհերով և դա հրդեհի զոհերի քանակի ավելացման պատճառներից մեկն է:
Գործոնների երրորդ խումբը բնութագրվում է արտադրական, բնակելի, վարչահասարակական շենքերի միավոր մակերեսի ու ծավալի վրա նյութական արժեքների խտության անընդհատ աճով: Վերջին տարիներին էապես աճել է վերը նշված շինությունների մեկ քառակուսի մետրի արժեքը, ինչը պայմանավորված է թանկարժեք սարքավորումների ու գույքի շարունակական ավելացմամբ: Այդ իսկ պատճառով նմանօրինակ օբյեկտներում տեղի ունեցող նույնիսկ աննշան հրդեհը զգալի վնաս է հասցնում:

Թվում է, թե այս ամենը շատ պարզ ու հասկանալի է և պետք է ձեռնարկվեն անհապաղ ու լուրջ միջոցներ՝ պրոբլեմի արմատական լուծման համար: Սակայն այդ խնդրի մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրա լուծումն այնքան էլ դյուրին չէ: Նախևառաջ, այն միանշանակ չէ և ունի երեք ասպեկտ՝ տնտեսական, տեխնիկական և հոգեբանական, որոնցից յուրաքանչյուրը շատ հակասական է ու բավականին բարդ: Հրդեհների և դրանց ծանր հետևանքների քանակական աճը որոշակիորեն պայմանավորված է տնտեսական անկայունությամբ: Ձեռնարկությունները խնայողության նպատակով նվազագույնի են հասցնում հրդեհային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ծախսերը:
Օպերատիվ իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ հրդեհներից առավել հաճախ տուժում են սոցիալապես չպաշտպանված քաղաքացիները՝ թոշակառուները, հաշմանդամները, գործազուրկները: Բնակչության շրջանում տարածված է խեղաթյուրված պատկերացում հրդեհային անվտանգության իրական պրոբլեմների, բարդության ու սոցիալական նշանակության մասին: Մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ հրդեհ երբեք տեղի չի ունենա, համենայնդեպս՝ իրենց մեղքով: Արդյունքում, հրդեհների կեսից ավելին տեղի է ունենում մարդկանց անհոգության, անփութության և կրակի հետ անզգույշ վարվելու (երբեմն՝ հրկիզման) հետևանքով:
Հակահրդեհային անգրագիտության մակարդակն ուղղակի ցնցող է: Մարդկանց մեծամասնությունն ի վիճակի չէ կողմնորոշվել պարզագույն իրավիճակներում: Որևէ տեսակի հրդեհաշիջման սկզբնական միջոցների առկայությունը բնակելի հատվածում հազվադեպ հանդիպող երևույթ է, գործնականում բացակայում են հրդեհի ազդարարիչները, որոնք լայնորեն տարածված են զարգացած երկրներում: Դա պայմանավորված է նաև հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ մարդկանց չտեղեկացվածությամբ, ինչպես նաև կյանքի ցածր մակարդակով: Որքան էլ դա պարադոքսալ է, մարդը թեթևամտորեն, կույր անհոգությամբ կրակի իշխանությանն է հանձնում տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծած բարիքները, ահավոր վտանգի է ենթարկում իր և հարազատների կյանքն ու առողջությունը: Ինչպես վկայում է վիճակագրությունը, բոլոր հրդեհները՝ չնչին բացառությամբ, առաջանում են մարդկանց մեղքով, ավելի հաճախ՝ կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով (լինում են, իհարկե, նաև հրկիզումներ, որոնց մասնաբաժինը մեծ չէ):
Հրդեհային անվտանգության հարցերի նկատմամբ նման մոտեցման ուսումնասիրումը սոցիոլոգների, հոգեբանների և այլ մասնագետների կողմից թույլ է տալիս հետևություն անել, որ մարդը, ով ստեղծել է նոր, մեծամասամբ արհեստական բնակության միջավայր, ինքը հոգեբանորեն լիովին չի հարմարվել դրան: Նրա ժառանգած բնազդներն ու ռեֆլեքսներն ավելի ու ավելի քիչ են պիտանի ժամանակակից աշխարհում, իսկ նոր պաշտպանական, հուզականորեն ամրագրված հմտությունների, սովորույթների ստեղծմանն ու ուսուցմանը պատշաճ նշանակություն չի տրվել: Ի հավելումն հրդեհային պրոբլեմատիկայի դա նշանակում է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուրի մոտ ստեղծել վտանգի այդ զգացողությունը, այլ ոչ թե պրոբլեմի միայն մտատեսողական ընկալումը: Այդպիսի զգացողության դաստիարակումը համարյա ռեֆլեկտորային մակարդակում՝ բարդ ու երկարատև գործընթաց է, բայց այն խիստ անհրաժեշտ է, քանի որ այստեղ թաքնված են հրդեհների քանակի նվազեցման անսպառ ռեզերվներն ու հնարավորությունները: Ընդ որում այդ դաստիարակությունը պետք է սկսվի մանկությունից և շարունակվի ողջ կյանքում:
Հրդեհները, ինչպես ցանկացած այլ աղետ, միշտ պատճառում են ավերածություններ ու մահ, բայց ավելի ծանր հետևանքներով աչքի են ընկնում այն հրդեհները, որոնք առաջանում են մարդկանց զանգվածային ներկայությամբ բնակելի, հասարակական շենքերում: Հրդեհներում մարդկանց զոհվելը մեծ մասամբ պայմանավորված է նրանց մոտ հակահրդեհային գիտելիքների ու հմտությունների բացակայությամբ: Շատ հաճախ մարդիկ չգիտեն ոչ միայն հրդեհային անվտանգության տարրական կանոնները, այլ նույնիսկ հրշեջ ծառայության հեռախոսահամարը: Շատերը տեղյակ չեն հրդեհի դեպքում գործելակարգից, տարհանման ձևերից ու միջոցներից: Դա բնորոշ է հատկապես բնակելի հատվածին, որտեղ տեղի է ունենում զոհերով հրդեհների մեծ մասը:

Իսկ ի՞նչն է հանդիսանում հրդեհի ժամանակ մարդկանց զոհվելու պատճառը, ի՞նչ պետք է իմանալ հրդեհի մասին, որպեսզի չտուժեք դրա հետևանքներից և կենդանի մնաք:
1. Հրդեհը կուրացնում է, դուք չեք կարող տեսնել կրակի մեջ.
Եթե դուք երբեք չեք զգացել հրդեհի իրական գործոնների ազդեցությունը, ապա կլինեք լիակատար շոկային վիճակում: Դուք հանկարծ կիմանաք, որ իրական հրդեհում չեք կարող ոչինչ տեսնել: Բոցը ամեն ինչ դարձնում է սև, ոչինչ չի երևում, սարսափելի մթություն է: Դուք բացարձակապես չեք կարողանում կողմնորոշվել և գտնել ձեզ այնքան ծանոթ ելքի դուռը: Այս ամենին գումարած խուճապը և ծանր հետևանքներն անխուսափելի են:
Այդ ամենից հնարավորինս խուսափելու համար շենքերում օգտագործում են՝
- վթարային լուսավորություն,
- <<տարհանման (պահեստային) ելք >> լուսային ցուցիչներ,
- տարհանման ուղիներում օգտագործվող հրդեհային անվտանգության նշաններ, այդ թվում՝ մթության մեջ լուսարձակող,
- էլեկտրական լապտերներ:
2. Սպանում են ծուխն ու գազը, այլ ոչ թե բոցը.
Ժամանակակից բնակարանը ծանրաբեռնված է տարատեսակ նյութերով ու առարկաներով, որոնք այրվելիս առաջացնում են 70-ից ավելի թունավոր արգասիքներ (ածխածնի օքսիդ, ածխաթթու գազ, դիֆոսգեն, ֆոսգեն, ցիանական ջրածին և այլն): Նման միջավայրում անգամ վայրկյաններ գտնվելն արդեն լուրջ վտանգ է ներկայացնում կյանքի համար: Հիմնականում մարդիկ զոհվում են ոչ թե կրակից կամ փլվող կառուցատարրերից, այլ ծխից ու թթվածնի անբավարարությունից, ընդ որում՝ հիմնականում հենց հրդեհի վայրում: Կենդանի մնացած տուժածների 40%-ից ավելին ստանում է ծանր թունավորումներ, նրանցից յուրաքանչյուր երրորդը՝ գիտակցության չգալով, մահանում է հիվանդանոցում: Զոհերի շուրջ 70%-ը մահանում է ծխի ազդեցությունից, ընդ որում դրա տարածման արագությունը չափազանց բարձր է: Տասը հարկանի շենքում բավական է 2-3 րոպե՝ միջանցքի, 1-1,5 րոպե՝ աստիճանավանդակի ծխապատման համար:
Շատ վտանգավոր է, երբ հրդեհն առաջանում է բնակելի տանը գիշերը: Դուք մտածում եք, թե կարթնանաք և կսկսեք գործել, սակայն սարսափելի փաստն այն է, որ ծխի հոտից չեք արթնանա, այլ ավելի խորը կքնեք: Դուք չեք կարողանում շարժվել, ծուխը մեռցնում է ձեր ուղեղը: Հրշեջների կողմից ծխապատված գոտում հայտնաբերած մարդկանց 90%-ն այնպիսի տեսք ունեն, կարծես քնած լինեն: Եթե դուք գտնվում եք ծխով լցված սենքում, ապա չեք կարող ոչ միայն տեսնել, այլ նաև շնչել: Դա նման է նրան, երբ խեղդվում եք և ձեր գլուխը ջրի տակ է: Դուք վախենում եք և մոռանում այն ամենը, ինչն ըստ ձեզ, գիտեք հրդեհի մասին: Դուք մոլորվում և խուճապի եք մատնվում, անկանխատեսելի եք պահում ձեզ, քանի որ հոգեբանորեն պատրաստ չեք նման էքստեմալ իրավիճակի:
Ծխի դեմ պայքարի համար նախատեսվում են.
- չծխապատվող աստիճանավանդակներ (օդի դիմհարի կամ հարկ առ հարկ մուտքերի հաշվին),
- ծխահեռացման ինքնաշխատ բացվող կափույրների միջով հզոր օդաքարշ օդափոխիչների միացման շնորհիվ սենքերից ու միջանցքներից ծխի հեռացում,
- ծխի տարածմանը խոչընդոտող ինքնափակվող դռների տեղադրում աստիճանավանդակներում,
- հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգի (ծխային և ջերմային տվիչների, ձեռքի հրդեհի ազդարարման կոճակի, հրդեհային տագնապի զանգերի, հրդեհային ազդարարման կայանքների) մոնտաժում,
- մարդկանց ազդարարման և տարհանման կառավարման համակարգեր,
- հրդեհի դեպքում շնչառական օրգանների պաշտպանության անհատական միջոցներ,
- բնակելի շենքերի բնակարանների համար՝ մարտկոցով աշխատող ինքնավար հրդեհի ազդարարիչներ,
- խմբակային և անհատական փրկարարական լրակազմեր, պարանային աստիճաններ:
3. Բարձր ջերմաստիճանը կարող է վայրկենական մահ առաջացնել:
Բարձր ջերմաստիճանը սարսափելի է: Այն կարող է սպանել հաշված վայրկյանների ընթացքում: Դա շատ դժվար է նկարագրել բառերով: 650C ջերմաստիճանի դեպքում մարմինը դադարում է գործել, թոքերը բառացիորեն գոլորշիանում են, մարդը կորցնում է գիտակցությունը: Մոտ մեկ րոպե տևող հրդեհը սենյակում առաջացնում է 3700C-ի ջերմաստիճան՝ ծխապատ շերտում: Եթե գլուխը պաշտպանված չէ, վրա է հասնում վայրկենական մահ: Վերևում ջերմաստիճանը և ծխի խտությունը ավելի բարձր են: Երբ սենյակում սկսի այրվել այն ամենը, ինչն ընդունակ է այրվելու, ջերմությունը կհասնի իր կիզակետին: Ծուխն ինքը պատրաստ է պայթելու, թվում է՝ ողջ կառույցն օդ կթռչի: Այս պայմաններում ողջ մնալու հնարավորություն չկա:
4.Հրդեհը մտածելու ժամանակ չի թողնում: Պետք է հասցնել կրակից դուրս պրծնել: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ հրդեհի դեպքում դեռ ժամանակ կա: Սակայն դա այդպես չէ, հրդեհի դեպքում ժամանակ չկա: Հրդեհը սկսվում է աղբամանում: Այն մնում է աննկատ: Րոպե անց բազմոցը բռնկվում է և ծուխը տարածվում է սենյակով: Ջերմաստիճանն աճում է և արդեն ոչ ոք չի կարող ողջ մնալ: 4 րոպե հետո միջանցքներն անանցանելի կդառնան: Պահանջվում է ընդամենը 5 րոպե, որպեսզի տան ներսի հրդեհը բոլոր բնակիչների մահվան պատճառ դառնա: Այսպիսով, 3-ից 5 րոպե, և վերջ ամեն ինչին: Պարզվում է հրդեհի դեպքում ժամանակը կարող է դառնալ ձեր վատագույն թշնամին:
Որքան ժամանակ է հարկավոր խոհանոցի հրդեհում ողջ մնալու համար: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ 10 րոպե: Իրականում, 30 վայրկյան հետո կրակը անկառավարելի է դառնում: Պետք է հասցնել դուրս պրծնել՝ չհապաղելով և չմտածելով իրերի մասին, փակել դուռը (ոչ բանալիով) և ահազանգել հրշեջ ծառայությունը:
Գոյություն ունի տարհանման անփոփոխելի կանոն. մանկական հաստատություններում փոքր և նախադպրոցական խմբերի երեխաներին չեն հագցնում, այլ փաթաթում են վերմակով (ծածկոցով) և դուրս են բերում վտանգավոր տարածքից: Դպրոցների աշակերտներին դուրս են բերում ուսուցիչների կամ դաստիարակների ղեկավարությամբ, որոնք անձնական պատասխանատվություն են կրում իրենց խմբի երեխաների համար: Հյուրանոցներում արագ տարհանման նկատառումներից ելնելով արգելում են ճամպրուկները հավաքել, և այլն:
5. Հրդեհի ժամանակ հնարավոր է խուճապի առաջացում:
Խուճապի մատնված մարդիկ անկանխատեսելի են պահում իրենց: Երբեմն խուճապից մահանում է ավելի շատ մարդ, քան հրդեհի վտանգավոր գործոններից: Միանգամայն ակնառու է, որ հոգեբանորեն պատրաստված և ուսուցանված անհատը նմանատիպ էքստրեմալ իրավիճակում կվարվի այլ կերպ:
6. Մարդկանց զոհվելը հրդեհների ժամանակ մեծ մասամբ պայմանավորված է բնակչության մոտ հակահրդեհային գիտելիքների և ինքնապաշտպանության հմտությունների բացակայությամբ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց զգալի մասը չի մտածում հրդեհի մասին, չի անհանգստանում իր կացարանի անվտանգության համար, անտարբեր է իր և հարազատների անվտանգության ու առողջության նկատմամբ: Դրա մասին է վկայում բացակայող կրակմարիչը, որը կարող էր առանց պրոբլեմների մարել հեռուստացույցի, էլեկտրական սարքավորման, խոհանոցի սկսվող հրդեհները: Գործնականում եզակի բնակարաններ են ապահովված վաճառքի մեջ գտնվող հրդեհի ինքնավար ազդարարիչներով, որոնք աշխատում են սովորական մարտկոցով: Դրանք տեղադրվում են միջանցքներում, խոհանոցներում, սենյակներում և ծուխ հայտնաբերելու դեպքում՝ արձակում են սուր և բավականին բարձր ձայն, որն ուշադրություն է գրավում և արթնացնում քնածներին:
Ցավոք սրտի, ակնառու է հասարակության կողմից հրդեհի և դրա վտանգավոր գործոնների իրական սպառնալիքի նկատմամբ թերագնահատում: Այդ է վկայում մեր վերաբերմունքը բնակելի տների պատշգամբներին և խորշապատշգամբներին: Դրանց մեծ մասն ապակեպատված է, խուլ փակված են պատշգամբների վթարային աստիճանների ելանցքերը, խցանված են խորշապատշգամբների միջև անցումները, միջապատերում տեղադրված է կահույք: Այս ամենը թույլ չի տա ինքնուրույն տարհանվել դեպի չայրվող հարկ կամ թաքնվել պատշգամբի, խորշապատշգամբի միջապատերում այն դեպքում, երբ չեք հասցրել լքել բնակարանը կամ հիմնական տարհանման աստիճանավանդակը ծխապատված է: Այս դեպքում, մինչև հրշեջ ծառայության ժամանումը, ողջ մնալու հնարավորությունները քիչ են հատկապես այն մարդկանց համար, ովքեր այսօր չեն մտածում դրա մասին, չունեն շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներ կամ պարանային աստիճան, պատշգամբով (խորշապատշգամբով, պատուհանով) տարհանվելու համար փրկարարական լրակազմ, կամ էլեկտրական լապտերիկ, ինչպես նաև անտեսում են տանը հակահրդեհային վարժանքների կազմակերպումը, ինչն անում են արտասահմանյան զարգացած երկրների քաղաքացիները:
Փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ մարդիկ խուճապի չեն մատնվել և նրանց գործողությունները եղել են ակտիվ ու գիտակցված` հրդեհների հետևանքները ծանր չեն եղել, և ընդհակառակը: Այնպես, որ հրդեհներից և դրանց աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն և փորձված միջոցը եղել և մնում է հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունը և անշեղ կատարումը: Յուրաքանչյուրը պետք է գիտենա հակահրդեհային պաշտպանության վերաբերյալ հիմնական տվյալները, հրդեհի մասին տեղեկացման և հրդեհաշիջման գործողությունների կարգը, տարահանման ձևերն ու միջոցները, և այլն: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ՝ ողբերգական հետևանքներից:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

 

← Վերադառնալ ցուցակին