ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Գազային հրդեհաշիջման կայանքներ

17:15 / 12.11.2015

Գազային հրդեհաշիջման կայանքը նախատեսված է նավամբարներում, պատկերասրահներում, թանգարաններում, արխիվներում, մալուխային թունելներում, լարման տակ գտնվող տարբեր էլեկտրասարքավորումներում առաջացած հրդեհների, ինչպես նաև այնպիսի սենքերի հրդեհաշիջման համար, որտեղ օգտագործվում են հրդեհավտանգ հեղուկներ: Բացի այդ դրանք կիրառվում են բոլոր այն դեպքերում, երբ, հաշվի առնելով այրվող նյութերի քիմիական հատկությունները, հրդեհաշիջման համար հնարավոր չէ կիրառել ջուր կամ օդամեխանիկական փրփուր կամ գազային հրդեհաշիջման կայանքի կիրառումն ավելի արդյունավետ է:

Գազային հրդեհաշիջման կայանքները բաժանվում են ըստ հրդեհաշիջման, թողարկման և հրդեհաշեջ նյութերի պահպանման եղանակների: Հրդեհաշիջման եղանակով գազային հրդեհաշիջման կայանքները բաժանվում են ծավալային և տեղային հրդեհաշիջման կայանքների: Ծավալային հրդեհաշիջման եղանակը հիմնված է սենքի ամբողջ ծավալով հրդեհաշեջ նյութի հավասարաչափ բաշխման և հրդեհաշեջ խտության ստեղծման վրա, ինչն ապահովում է սենքի ցանկացած կետում՝ այդ թվում նաև դժվարամատչելի, հրդեհաշիջման արդյունավետությունը: Դրանք օգտագործվում են փակ սենքերում, որտեղ հնարավոր է կրակի արագ տարածումը: Տեղային հրդեհաշիջման կայանքներն օգտագործվում են ագրեգատներում և սարքավորումներում առաջացած հրդեհները հանգցնելու համար, երբ հնարավոր կամ նպատակահարմար չէ սենքի ամբողջ ծավալով իրականացնել հրդեհաշիջում: Տեղային հրդեհաշիջման էությունը կայանում է նրանում, որ սենքի վտանգավոր տարածությունում ստեղծվի համապատասխան հրդեհաշեջ խտություն:

Թողարկման եղանակով գազային հրդեհաշիջման կայանքները լինում են մետաղաճոպանով (մեխանիկական), պնևմատիկ, էլեկտրական և համակցված: Էլեկտրական և պնևմատիկ թողարկումով գազային հրդեհաշիջման կայանքներն ավելի լայն տարածում ունեն, քան մետաղաճոպանով գործարկվող կայանքները: Պնեմատիկ թողարկումով կայանքի էլեկտրական մասն ապահովում է կայանքի աշխատանքի պատրաստվածության ավտոմատ հսկողությունը, ինչպես նաև ազդանշան է հաղորդում պաշտպանվող սենքում հրդեհի առաջացման և կայանքի գործարկման մասին: Համակարգի գործարկման մասին հրահանգը տալիս է էլեկտրակոնտակտային մանոմետրը և ճնշման ազդարարիչը:

Էլեկտրական թողարկումով (հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգով) գազային հրդեհաշիջման կայանքները կառուցվածքային առանձնահատկությամբ տարբերվում են պնևմատիկ թողարկումով կայանքներից: Դրանցում բացակայում են դրդիչ-թողարկիչ հատվածը, դրդիչ խողովակաշարերը և ցայտաջրմուղները, իսկ փականների բացման համար որպես էներգիայի աղբյուր օգտագործվում է վառոդային գազերի ճնշումը, որն առաջանում է հրափամփուշտի պայթունից: Կայանքի հեռահար թողարկումն իրականացվում է պաշտպանվող սենքի մուտքի մոտ մոնտաժված էլեկտրական թողարկիչ կոճակից:

Էլեկտրական թողարկումով գազային հրդեհաշիջման կայանքի էլեկտրաավտոմատիկան կազմված է հրդեհի ազդանշանման կայանից, հրդեհային տվիչներից, ղեկավարման վահանակից և հրափամփուշտներով հաղորդագծերից: Էլեկտրաավտոմատիկան ապահովում է կայանքի հրդեհաշիջման պատրաստականության վրա անընդհատ հսկողությունը, հրդեհի մասին ազդանշանի ստացումը, ավտոմատ միացումը, ավտոմատ թողարկման խափանման դեպքում՝ հեռահար միացումը, ինչպես նաև հրդեհի դեպքում տեխնոլոգիական սարքավորումների աշխատանքի ռեժիմի փոփոխման համար ազդանշանի կազմավորումը:

Գազային հրդեհաշիջման կայանքները ըստ հրդեհաշեջ նյութերի պահպանման եղանակի բաժանվում են ճնշման տակ գտնվող և առանց ճնշման կայանքների: Կայանքներում օգտագործվող գազերից առավել տարածված են ազոտը, ածխածնի երկօքսիդը և տարբեր տեսակի խլադոնները:

Ազոտն առանց գույնի և հոտի գազ է, օդից մի փոքր թեթև, պահվում և տեղափոխվում է ինչպես հեղուկ, այնպես էլ գազային վիճակում: Գազակերպ ազոտի ազդեցությամբ հրդեհաշիջման էֆեկտին հասնում են այրման գոտում ռեակցիայի մեջ եղած նյութերի նոսրացմամբ մինչև այն աստիճան, երբ այնտեղ եղած թթվածինը բավարար չէ այրումը շարունակելու համար: Առավել արդյունավետ է հեղուկ ազոտի օգտագործումը (որի ջերմաստիճանը կազմում է -196oC), քանի որ փոշիացնելիս այն կտրուկ սառեցնում է այրման գոտին: Հեղուկ վիճակում ազոտն օգտագործում են ալկալիական մետաղների, սպիրտի, ացետոնի, սիլիցիումաօրգանական և մետաղաօրգանական միացությունների հրդեհաշիջման համար:

Ածխածնի երկօքսիդը հանդիսանում է գազային հրդեհաշիջման ավանդական միջոց: Այն սովորական պայմաններում անգույն գազ է, չունի հոտ և համ, ավելի քան 1,5 անգամ ծանր է օդից: Ածխածնի երկօքսիդով հրդեհաշիջման մեխանիզմը հիմնականում կայանում է նրանում, որ պաշտպանվող սենքում թթվածնի խտությունը նոսրացվում է այն աստիճան, որ այրումը դադարում է: Մեկ լիտր ածխածնի հեղուկ երկօքսիդից ստացվում է 506 լիտր գազ, այն օգտագործում են լարման տակ գտնվող էլեկտրակայանքների, հաշվիչ տեխնիկայի, մթերքների պահեստների, գրադարանների, արխիվների, թանգարանների, հրդեհավտանգ հեղուկների օգտագործմամբ արտադրական սենքերի և այլ օբյեկտների հրդեհաշիջման համար:

Չնայած այն բանին, որ ածխածնի երկօքսիդը թունավոր չէ, դրա 10%-ոց խտությունը բավարար է, որ մարդը կորցնի գիտակցությունը, ստանա թոքերի կաթված և մահանա: Հենց այս պատճառով էլ ածխածնի երկօքսիդի կիրառմամբ հրդեհաշիջման կայանքների օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության որոշակի պահանջներ՝ գազի արտանետման հապաղում, կայանքի բլոկավորում, ազդանշանման սարքավորումների կիրառում և այլն: Ածխածնի երկօքսիդի արտանետումը հերմետիկ տարածք կարող է առաջացնել վտանգավոր ավելցուկային ճնշում, ինչը կարող է տվյալ տարածքը պատնեշող կառուցատարրերի փլուզման պատճառ դառնալ: Նման հետևանքներից խուսափելու նպատակով, պաշտպանվող տարածքներում նախատեսում են արտանետման անցքեր կամ փականներ (տարածքի 10%-ից ոչ ավելի չափով):

114Վ2 տեսակի խլադոնը (ֆրեոն) ծանր, անգույն հեղուկ է, հանդիսանում է առավել արդյունավետ արգելակիչ (արգելակիչ են անվանում այն նյութերին, որոնց այրման գոտի մատակարարելիս այրումը դադարում է՝ ռեակցիայի արգելակման պատճառով), գրեթե 12 անգամ արդյունավետ է ածխածնի երկօքսիդից: 1 լիտր հեղուկ խլադոնից ստացվում է 245 լիտր գոլորշի, այն քիչ թունավոր նյութ է, օժտված է թույլ թմրեցնող հատկությամբ, թունավորվելու դեպքում նկատվում է գլխապտույտ: Առավել վտանգավոր է հրդեհաշիջման ընթացքում ջերմային քայքայման ենթարկված խլադոնը, որն իրենից ներկայացնում է հալոգենաջրածնային թթու: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդու համար առավել մեծ վտանգ են ներկայացնում հրդեհին ուղեկցող արգասիքները (ածխածնի օքսիդը, ծուխը, հրդեհով բռնկված տարածքում թթվածնի նոսրացումը և այլն), քան խլադոնը:

Համեմատաբար քիչ վտանգավոր գազ է 13Վ1 տեսակի խլադոնը, որն իրենից ներկայացնում է հալոգենաօրգանական միացություն, օժտված է այրման պրոցեսը արգելակելու հատկությամբ, հրդեհաշիջման բարձր էֆեկտիվությամբ և բարձր քիմիական կայունությամբ: Այն չունի հոտ, գույն, երկար ժամանակ պահպանում է իր հատկությունները, մետաղների, պլաստմասայի, փայտանյութի, ներկերի, գործվածքների հետ քիմիական ռեակցիայի մեջ չի մտնում, էլեկտրահաղորդիչ չէ, էլեկտրասարքավորումների վրա բացասական սառեցնող ազդեցություն չի ունենում, պաշտպանվող մակերեսի վրա հետքեր չի թողնում: Ի տարբերություն ածխածնի երկօքսիդի խլադոնը հոսելու ժամանակ ստատիկ էլեկտրական լիցքեր չի առաջացնում, փականները չի խցանում, բացառվում է կոշտավորումը (հրդեհաշիջման փոշե բաղադրությունների հետ համամատած), տատանումների հանդեպ կայուն է, ներգործությունը մարդկանց վրա լուրջ հետևանքներ չի ունենում: Ավելի թունավոր են ջերմության կամ տաքացած մակերևույթի հետ շփվելուց խլադոնի քայքայման հետևանքով առաջացած բաղկացուցիչ մասերը: Խլադոնի քայքայման աստիճանը և քայքայման հետևանքով առաջացած բաղկացուցիչ մասերի քանակությունը կախված է հրդեհի օջախի չափերից, պահպանվող սենքի ծավալից և հրդեհաշիջման տևողությունից:

 


ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին