ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Սոցիալական ապահովության ոլորտի օբյեկտների հրդեհային անվտանգությունը

17:09 / 12.11.2015

Սոցիալական ապահովության ոլորտի օբյեկտների (ծերանոցներ, մանկատներ, և այլն) հակահրդեհային պաշտպանության հարցը հատկապես հրատապ է այն պարզ պատճառով, որ դրանցում առաջացած հրդեհները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և' մարդկային, և' նյութական: Բավական է նշել վերջին 5 տարիներին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած հրդեհները, որոնց հետևանքով զոհվել էր 200-ից ավելի մարդ: Մեր հանրապետությունը երկար տարիներ խուսափել էր ծանր հետևանքներով հրդեհներից, սակայն այս տարվա հունվարի 15-ին ,, Գյումրու ծերերի տուն-ինտերնատ,, ՊՈԱԿ-ում առաջացած հրդեհի հետևանքով ծխախեղդ եղան 2 կին: Նախնական վարկածով հրդեհն առաջացել էր ինքնաշեն էլեկտրական սալիկի շահագործման (ինչն անթույլատրելի է) հետևանքով:

Մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհից պաշտպանելու նպատակով ՀՀ ՏԿ և ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հանրապետության նմանօրինակ օբյեկտներում պարբերաբար իրականացրել են նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ: Հետազոտության ենթարկված բոլոր օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զանգվածային լրատվամիջոցներով, ինչպես նաև ուսումնասիրված բոլոր օբյեկտներում իրականացվել են հակահրդեհային քարոզչական, բացատրական, իրազեկման աշխատանքներ` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի դեպքում գործելակարգի, տարհանման ձևերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակների և այլն, վերաբերյալ:

Հետագայում ևս հրդեհներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարել տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումները, չխախտել հակահրդեհային կենսակարգը: Նմանօրինակ օբյեկտներում հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել տարհանման ճանապարհների և ելքերի պատշաճ վիճակում պահելու, այրման ժամանակ թունավոր գազեր անջատող նյութերի օգտագործումը բացառելու, հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհաշիջման և հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգերի վերանորոգման և գործարկման, դրանց տեխնիկական սպասարկման, էլեկտրատնտեսությունում տեղ գտած թերությունների վերացման, հրդեհաշիջման սկզբնական միջոցներով ապահովելու, հրդեհի առաջացման դեպքում կատարվելիք գործողությունների և այլ հարցերի վրա:

Հրդեհային անվտանգության կանոնների պահանջներից նույնիսկ աննշան շեղումը կարող է բերել լուրջ հետևանքների: Խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այդ օբյեկտներում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում առաջացած հրդեհը չվտանգի մարդկանց առողջությանը, առավել ևս` կյանքին:

Ոչ պակաս կարևոր է օբյեկտների աշխատակիցների և վարչակազմի` հրդեհային անվտանգության կանոնների իմացությունը: Հրդեհների կանխարգելման համար վարչակազմի և պետական հրդեհային հսկողության աշխատակիցների ջանքերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրների լուծմանը`

-հրդեհի բռնկման հնարավոր աղբյուրների բացառում,
-հնարավոր հրդեհների տարածման պայմանների բացառում,
-հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարհանումն ապահովող պայմանների ստեղծում,
-հնարավոր հրդեհների շիջման համար նպաստավոր պայմանների ստեղծում,
-բոլոր աշխատակիցների` հրդեհային անվտանգության կանոնների ուսուցանում:

Շատ կարևոր են հրդեհի առաջացման դեպքում օբյեկտի վարչակազմի և աշխատակիցների ճշգրիտ գործողությունները: Դրանք առաջին հերթին պետք է ուղղված լինեն մարդկանց անվտանգ տարհանմանը: Յուրաքանչյուր աշխատակից, հրդեհ հայտնաբերելու դեպքում պարտավոր է`

- անհապաղ ահազանգել հրշեջ պահպանությանը` տեղեկություններ հայտնելով հրդեհի ճշգրիտ տեղի և շենքում մարդկանց գտնվելու վերաբերյալ,
- մինչև հրշեջների տեղ հասնելը միջոցներ ձեռնարկել մարդկանց տարհանման համար և առկա հրդեհաշիջման միջոցներով (կրակմարիչներ, ներքին հրշեջ ծորակներ և այլն) ձեռնամուխ լինել հրդեհաշիջման աշխատանքներին:

Օբյեկտի ղեկավարները հրդեհ առաջանալու դեպքում պարտավոր են`

- ստուգել, ահազանգե՞լ են արդյոք հրշեջ պահպանությանը, թե՞ ոչ,
- համաձայն տարհանման մշակված պլանի միջոցներ ձեռնարկել մարդկանց տարհանման, ինչպես նաև խուճապը կանխելու ուղղությամբ,
- ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները` մինչև հրշեջների տեղ հասնելը:

Պետք է հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` հղի են անուղղելի հետևանքներով: Եվ որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն և կանխվի չարիքը, հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումներ:

Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կարգապահությունը հրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ: Յուրաքանչյուրը պետք է գիտենա հակահրդեհային պաշտպանության վերաբերյալ հիմնական տվյալները, հրդեհի մասին տեղեկացման և հրդեհաշիջման գործողությունների կարգը, տարհանման ձևերն ու միջոցները, և այլն:

Ճիշտ կազմակերպված հրդեհային պրոֆիլակտիկ աշխատանքները, ինչպես նաև տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումների կատարումը թույլ կտան բացառել հրդեհի առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից:

← Վերադառնալ ցուցակին