ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի հրդեհային անվտանգությունը

12:40 / 03.02.2016

25-ից ավելի փոխադրամիջոցների (տրանսպորտային միջոցների) համար նախատեսված շինություններում մշակվում է տեղաբաշխման հատակագիծ` հրդեհի դեպքում տարհանման կարգի և հերթականության նկարագրումով։ Փոխադրամիջոցների կայանման շինությունները, ինչպես նաև բաց պահման հրապարակները պետք է ունենան քարշակման մետաղաճոպաններ և մետաղաճաղեր, մեկ հատը` տասը միավոր տեխնիկայի հաշվարկով։

Փոխադրամիջոցների կայանման շինություններում, ծածկարանների տակ և բաց հրապարակներում արգելվում է`

- հրդեհային անվտանգության պահանջներով սահմանված քանակությունից ավելի տրանսպորտային միջոցներ կայանելը.
- տեղաբաշխման հատակագիծը խախտելը.
- ավտոմեքենաների միջև եղած հակահրդեհային միջտարածությունը փոքրացնելը.
- ելքի դարպասները ծանրաբեռնելը.
- դարբնոցային, ջերմամշակման, զոդման, ներկման, փայտամշակման աշխատանքներ կատարելը.
- փոխադրամիջոցների մասերն այրվող և դյուրավառ հեղուկներով լվանալը.
- վառելիքի բաքի բկանցքի բաց լինելը, ինչպես նաև վառելանյութի ու յուղի հոսքի դեպքում տրանսպորտային միջոցների կայանելը.
- տրանսպորտային միջոցները վառելիքով լցավորելը, դրանցից վառելանյութ դատարկելը.
- վառելանյութ, յուղեր տարայով պահելը (բացի անձնական ավտոտնակներից).
- կուտակիչների վերալիցքավորումը անմիջապես փոխադրամիջոցների վրա.
- շարժիչները տաքացնելը (խարույկների, ջահերի, զոդման լամպերի միջոցով) կամ լուսավորության համար բաց կրակից օգտվելը.
- ընդհանուր կանգառներում դյուրավառ և այրվող հեղուկների, այրվող գազերի տեղափոխման համար օգտագործվող փոխադրամիջոցների կայանելը։

Բոլոր տիպի ավտոտրանսպորտային միջոցները չի թույլատրվում շահագործել՝

- առանց համապատասխան կրակմարիչների.
- վնասված կամ մաշված մեկուսիչ շերտ ունեցող հաղորդալարերով և ոչ գործարանային տիպի ապահովիչներով կահավորված.
- անսարք բարձր ճնշման գազային այրման համակարգով կահավորված.
- եթե դրանք գտնվում են անսարք վիճակում և այդ անսարքությունը կարող է հրդեհի պատճառ հանդիսանալ:

Թեթև մարդատար ավտոմեքենաներում չի թույլատրվում 40լ-ից ավելի վառելանյութ և 10լ-ից ավելի յուղի պաշար պահելը։

Երկաթուղային կայարաններում ձեռքի ծանրոցների պահասենյակներում, ուղեբեռների բաժանմունքների դարակաշարերը կառուցվում են չայրվող նյութերից: Չի թույլատրվում վերին կիսահարկեր կառուցել: Պահեստային գնացքաշարերի հիմնակայանը պետք է գտնվի գլխավոր ուղիներից հեռու, ցանկապատվի և ապահովվի արտաքին լուսավորությամբ: Լվացման-շոգեմաքրման կայանների (կետերի) համար հատկացված հարթակները պետք է բավարարեն կայանների տեխնոլոգիական շահագործման պահանջներին, և տեղակայվեն երկաթուղիներից, մոտակա կայարանային, տրակտիոն ուղիներից ոչ պակաս, քան 30մ, իսկ կայարանային շենքերից և շինություններից` 50մ հեռավորությամբ:

Գլանատակառների մշակման հատվածամասերը, նավթամթերքների ներթափանցումը կանխելու համար, անհրաժեշտ է երեսպատել պինդ ծածկույթով: Գլանատակառների տեղափոխումը մշակման տեղամաս կատարվում է միայն կայծմարիչներով սարքավորված ջերմաքարշերով (շարժիչաքարշերով), որոնք կայանվում են մաքրման տեղամասից ոչ պակաս, քան 20մ հեռավորության վրա: Գլանատակառները մշակման համար լվացման-շոգեմաքրման կայաններ (կետեր) տեղափոխելիս, դրանց դատարկման սարքերը, թասակների կափարիչները, լցման անցքերը պետք է փակ լինեն: Մշակված գլանատակառները սարքավորվում են սարքին փակիչ ամրակներով: Գլանատակառների բեռնաթափում իրականացնող երկաթուղու տեղամասերը սարքավորվում են նավթամթերքի մնացորդի հավաքման հարմարանքներով: Խողովակաշարերի, պարզարանների մուտքերն ու գետնախորշերը պետք է մշտական փակված լինեն կափարիչներով: Լցավորման ժամանակ օգտագործվում են միայն կուտակչային լապտերներ և գունավոր մետաղներից պատրաստված գործիքներ:

Պահոցները, խողովակաշարերը, էստակադները, գլանատակառները, լցման և դատարկման երկաթուղիները էլեկտրաստատիկ լիցքերի կուտակումից զերծ պահելու նպատակով հուսալիորեն հողանցվում են: Շարժական մետաղական սանդուղքները սարքավորվում են պղնձյա կեռիկներով և ռետինե բարձիկներով: Գլանատակառների ներսը լուսավորելու համար օգտագործվում են միայն կուտակչային լապտերներ, որոնք միացվում և անջատվում են միայն գլանատակառներից դուրս: Էստակադները, հրապարակները, յուրաքանչյուր հերթափոխի ավարտին մաքրվում են նավթամթերքների մնացորդներից:

Լվացման-շոգեմաքրման կայանների (կետերի) տարածքում չի թույլատրվում՝

- երկաթուղիները, շենքերը և շինությունները օդային էլեկտրագծերով հատելը.
- գլանատակառների մեջ աշխատելիս, տակից խփած պողպատե թիթեղներ կամ մեխեր ունեցող կոշիկներ օգտագործելը.
- այրվող և դյուրավառ հեղուկների մնացորդները, ջրի և խտույքի հետ միասին ընդհանուր կոյուղու, բաց առուների մեջ լցնելը.
- գլանատակառների մեջ իջնելու համար շարժական, ինչպես նաև թիթեղապատած փայտյա սանդուղքներ օգտագործելը.
- գլանատակառների ներսում կամ արտաքին մասում օգտագործված լաթեր թողնելը.
- գնացքաքարշերի մուտքը մաքրման դեպոների և էստակադների տակ:

Երկաթգծերի օտարացված հողաշերտի գոտին պետք է մաքրվի ծառերի ոստերից, ծառահատման մնացորդներից, թփերից, հին փայտակոճերից և այլ վառողունակ աղբից և ժամանակին հեռացվեն այդ գոտուց: Երկաթուղիների վրա թափված այրվող և դյուրավառ հեղուկների վրա պետք է հող և ավազ լցնել, որից հետո այն հավաքել և օտարացված հողաշերտի գոտուց հեռացնել: Կայարաններում, կայարանների միջև ընկած ուղեմասերում, բազաներում փայտակոճերի և չորսուների ժամանակավոր պահման դեպքում դրանք դարսակույտվում են: Դարսակույտի հարթակը և շրջակա տարածքը առնվազն 3մ լայնությամբ մաքրվում են չոր խոտից և այլ վառողունակ նյութերից, շրջափորվում կամ հերկվում են: Փայտակոճերի, չորսուների դարսակույտերը տեղադրվում են երկաթգծերին զուգահեռ, շենքերից և շինություններից ոչ պակաս, քան 30մ, գնացքների կարգավորված երթևեկության ուղիներից` 10մ, այլ ուղիներից` 6մ հեռավորության վրա: Փայտակոճերի դարսակների միջտարածությունները պետք է լինեն 1մ-ից, իսկ դրանց զույգերի միջև՝ 20մ-ից ոչ պակաս: Փայտակոճերի, չորսուների երկարատև պահման, կամ դրանց պահեստների տարողությունը 10000մ3-ից ավելի լինելու դեպքում, անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության պահանջները:

Չոր խոտը պահեստավորվում է կամուրջներից, ճանապարհային շինություններից, գնացքների կազմակերպված երթևեկության ուղիներից ոչ պակաս, քան 50մ հեռավորության վրա: Չի թույլատրվում դրանց պահեստավորումը էլեկտրահաղորդման և կապի գծերի տակ: Անտառային զանգվածներում կամուրջների օտարացված հողաշերտերի շուրջը պետք է լինի 1.4մ-ից ոչ պակաս լայնությամբ հանքայնացված շերտ: Կամուրջների տակի հողակտորները 50մ շառավղով մաքրվում են չոր խոտից, փայտի մնացորդներից, վառողունակ աղբից: Չի թույլատրվում օտարացված հողաշերտի գոտում խարույկներ վառել: Նշված գոտիները պետք է մշտապես մաքուր պահել:

Երկաթուղիների վրայի փայտյա ուղեկամուրջները ներքևից, 4մ-ից ոչ պակաս լայնությամբ ծածկվում են տանիքաթիթեղով (երկու կողմից 30սմ իջեցված եզրերով): Տախտակամած ունեցող փայտյա և մետաղական կամուրջների մոտակայքում, գետերի վրա ստեղծվում են չսառչող սառցանցքեր՝ մոտեցման ճանապարհներով, որոնց տեղը նշվում է ցուցատախտակով:
Կամուրջները, ուղեկամուրջները շահագործելիս արգելվում է`

- դրանց տակ կառուցել պահեստներ, ստեղծել ավտոմեքենաների կայանատեղեր, նավթային լապտերների, բենզաշարժիչային ագրեգատների լցավորում կատարել.
- առանց լիազոր մարմնի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համաձայնեցնելու կրակային աշխատանքներ կատարել:

Ճանապարհային մեքենակայանների վագոնների կայանման համար նախատեսված երկաթուղային ճանապարհները սարքավորվում են սլաքային գծանցումով` հրդեհի դեպքում շարժակազմի տարակենտրոնացումն ապահովելու նպատակով: Ճանապարհային մեքենակայանների տեղակայման վայրերում, ջրամատակարարման բնական և արհեստական աղբյուրների բացակայության դեպքում, հրդեհաշիջման նպատակով ստեղծվում են գլանատակառներով և այլ տարողություններով ջրի պաշարներ, որոնց քանակությունը, հակահրդեհային հատվածամասի միջև պարփակված յուրաքանչյուր տարածքի համար 50մ3-ից պակաս չպետք է լինի: Յուրաքանչյուր շարժակազմ, հրշեջ-փրկարարական ծառայության կանչի համար պետք է ունենա հեռախոսային կապ մոտակա երկաթուղային կայարանի հետ:

← Վերադառնալ ցուցակին