ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգությունը

15:00 / 26.02.2016

Սենքերի առավել հեռավոր կետերից, իսկ Գ5 դասի շենքերի համար առավել հեռավոր աշխատատեղից, սահմանային թույլատրելի հեռավորությունը մինչև մոտակա տարահանման ելքը, որը չափվում է տարահանման ուղու առանցքով, պետք է սահմանափակվի` կախված գործառական հրդեհային վտանգավորության դասից և շենքերի ու սենքերի հրդեհապայթունավտանգավորության կարգից, տարահանվողների թվաքանակից, տարահանման ուղիների և սենքերի երկրաչափական պարամետրերից, կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասից և շենքի հրակայունության աստիճանից: 2-րդ տեսակի սանդուղքով տարահանման ուղիների երկարությունը հարկավոր է ընդունել հավասար իր բարձրության եռակի չափին:

Տարահանման ուղիները հարկավոր է նախատեսել հաշվի առնելով տարահանման ելքերի համար նախատեսված պահանջները: Դրանք չպետք է ներառեն վերելակներ և շարժական դռներ, ինչպես նաև հատվածամասեր, որոնք տանում են`

1 վերելակների հորաններից ելքերով միջանցքների միջով, վերելակների նախասրահներով և վերելակների առջևի նախամուտքերի միջով, եթե վերելակների հորանների պատող կոնստրուկցիաները, ներառյալ վերելակների հորանների դռները, չեն համապատասխանում հակահրդեհային պատնեշներին ներկայացվող պահանջներին,
2 միջանցիկ սանդղավանդակների միջով, երբ սանդղավանդակի հարթակը հանդիսանում է միջանցքի մասը, ինչպես նաև տարահանման ուղի չհանդիսացող 2–րդ տեսակի սանդուղք ունեցող սենքի միջով,
3 շենքի տանիքով, բացառությամբ շահագործվող տանիքից կամ հատուկ սարքավորված տանիքի հատվածամասից,
4 երկու հարկից հարկաբաժիններից ավելի միացնող, ինչպես նաև նկուղային և որմնախարսխային հարկեր տանող 2-րդ տեսակի սանդուղքներով:

Բոլոր աստիճանի հրակայունության և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասերի շենքերում, բացի V աստիճանի հրակայունության և CՑ3 դասի շենքերից, տարահանման ուղիներում չի թույլատրվում օգտագործել ավելի բարձր հրդեհային վտանգավորությամբ նյութեր, քան`

1 Ա1, Բ1, Ծ2, Թ2 – պատերի, առաստաղների հարդարման և նա¬խասրահ¬ներում, սանդղավանդակներում, վերելակի նախասրահներում կախովի առաստաղների լցվածքի համար,
2 Ա2, Բ2, Ծ3, Թ3 կամ Ա2, Բ3, Ծ2, Թ2 – պատերի, առաստաղների հարդարման և ընդհանուր միջանցքներում, սպասասրահներում և ճեմասրահներում կախովի առաստաղների լցվածքի համար,
3 Ա2, ԲՏ2, Ծ2, Թ2 - նախասրահներում, սանդղավանդակներում, վերելակի նախասրահներում հատակի ծածկույթի համար,
4 Բ2, ԲՏ2, Ծ3, Թ2 - ընդհանուր միջանցքներում, սպասասրահներում և ճեմասրահներում հատակի ծածկույթի համար:

Ընդհանուր միջանցքներում, բացառությամբ նորմերում հատուկ վերապահված դեպքերի, չի թույլատրվում հարկի հատակից 2մ-ից պակաս բարձրության վրա տեղակայել պատի մակերեսից դուրս եկող սարքավորումներ, վառվող հեղուկներով խողովակաշարեր և գազատարներ, ինչպես նաև ներկառուցված պահարաններ, բացի հրշեջ ծորակների ու հաղորդակցուղների պահարաններից:
60մ-ից ավելի երկարությամբ ընդհանուր միջանցքները հարկավոր է բաժանել հատվածամասերի` 2-րդ տեսակի հակահրդեհային պատնեշներով և հակահրդեհային դռներով, որոնց երկարությունը որոշվում է համապատասխան նորմատիվային փաստաթղթերով, բայց չպետք է գերազանցի 60մ-ը: Սենքերից դեպի միջանցք բացվող դռների դեպքում միջանցքով տարահանման ուղու լայնությունը հարկավոր է ընդունել միջանցքի լայնությունը` փոքրացված՝

1 դռան փեղկի լայնության կեսի չափով` դռների միակողմանի տեղադրման դեպքում,
2 դռան փեղկի լայնությամբ` դռների երկկողմանի տեղադրման դեպքում: Այս պահանջը չի տարածվում միջհարկային միջանցքների նախասրահների վրա, որոնք սարքավորվում են Գ1.3 դասի շենքերում բնակարանի և սանդղավանդակի ելքերի միջև:

Տարահանման ուղիների հորիզոնական հատվածամասերի առլույս բարձրությունը պետք է լինի 2մ-ից ոչ պակաս, տարահանման ուղիների հորիզոնական հատվածամասերի և թեք հարթակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս`

1 1,2մ-ից՝ ընդհանուր միջանցքների համար, որոնցով Գ1 դասի սենքերից կարող են տարահանվել 15-ից ավելի, իսկ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասի սենքերից` 50-ից ավելի մարդ,
2 0,7մ-ից՝ դեպի միայնակ աշխատատեղեր տանող անցումների համար,
3 1մ-ից՝ մնացած բոլոր դեպքերում:

Ցանկացած դեպքում տարահանման ուղիները պետք է լինեն այնպիսի լայնությամբ, որպեսզի, հաշվի առնելով երկրաչափական ձևը, հնարավոր լինի դրանցով անարգելք անցկացնել պատգարակներ` դրանց վրա պառկած մարդկանցով հանդերձ: Տարահանման ուղիների հատակի վրա չեն թույլատրվում բարձրությունների 45սմ-ից պակաս անկումներ և ելուստներ, բացառությամբ դռների բացվածքների շեմերի: Բարձրությունների անկումների տեղերում պետք է նախատեսել սանդուղքներ՝ 3-ից ոչ պակաս աստիճանների թվաքանակով, կամ 1:6 ոչ ավելի թեքությամբ թեք հարթակներ: Սանդուղքների 45սմ-ից ավելի բարձրության դեպքում պետք է նախատեսվեն բազրիքներով ճաղաշարեր: Տարահանման ուղիների սանդղաբազուկի և սանդղավանդակի սահմաններում չի թույլատրվում պտուտակային, հատակագծում լրիվ կամ մասամբ կորագիծ սանդուղքների, ինչպես նաև տարբեր լայնությամբ սանդղամատերի և տարբեր բարձրությամբ աստիճանների տեղակայում:

Սանդղավանդակները պետք է առանձնացված լինեն հարակից տարածքներից միջանցքներ, սպասասրահներ, նախասրահներ, ճեմասրահներ և նմանատիպ այլ սենքեր հակահրդեհային պատերով և դռներով: Մարդկանց տարահանման համար նախատեսված սանդղաբազուկի այդ թվում սանդղավանդակում տեղավորված լայնությունը պետք է լինի ոչ պակաս հաշվարկայինից, կամ ոչ փոքր դրա վրա դուրս եկող ցանկացած տարահանման ելքից դռնից, բայց ոչ պակաս`

1 1,35մ-ից՝ Գ1.1 դասի շենքերի համար,
2 1,2մ-ից՝ ցանկացած հարկում, բացի առաջին հարկից, 200 մարդ և ավելի թվաքանակով շենքերի համար,
3 0,7մ-ից՝ միայնակ աշխատատեղեր տանող աստիճանների համար,
4 0,9մ-ից՝ մնացած բոլոր դեպքերի համար:

Տարահանման ուղիներում սանդուղքների թեքությունը, պետք է լինի 1:1 հարաբերությունից ոչ ավելի, սանդղամատի լայնությունը` 25սմ-ից ոչ պակաս, իսկ աստիճանի բարձրությունը` 22սմ-ից ոչ ավելի: Միայնակ աշխատատեղ տանող անցման բաց աստիճանների թեքությունը թույլատրվում է մեծացնել մինչև 2:1 հարաբերությունը: Կորագիծ շքաաստիճանների սանդղամատերի լայնությունը նեղ հատվածներում թույլատրվում է փոքրացնել մինչև 22սմ-ը, իսկ 15 մարդուց ոչ ավելի ընդհանուր աշխատատեղերով սենքերի բացի Ա և Բ կարգի Գ5 դասի սենքերից սանդուղքների սանդղամատերի լայնությունը` մինչև 12սմ-ը:
Սանդղահարթակների լայնությունը պետք է լինի սանդղաբազուկի լայնությունից ոչ պակաս, իսկ երկփեղկ դռներով վերելակների ելքերի առջև` սանդղաբազուկի լայնության և վերելակի դռան լայնության կեսի գումարից, բայց 1,6մ-ից ոչ պակաս: Միջանկյալ հարթակները սանդուղքի ուղիղ սանդղաբազուկում պետք է ունենան 1մ-ից ոչ պակաս երկարություն: Սանդղավանդակ դուրս եկող դռները բաց վիճակում չպետք է փոքրացնեն սանդղահարթակների և սանդղաբազուկների լայնությունը:

Սանդղավանդակներում չի թույլատրվում տեղակայել դյուրավառ գազերով և հեղուկներով խողովակագծեր, ներկառուցված պահարաններ, բացի հրշեջ ծորակների և հաղորդակցուղիների համար նախատեսված պահարաններից, էլեկտրական մալուխներ և հաղորդալարեր բացառությամբ սանդղավանդակների և միջանցքների լուսավորման համար էլեկտրահաղորդալարերից, ներկառուցել ցանկացած նշանակության սենքեր, նախատեսել ելքեր բեռնատար վերելակներից և բեռնամբարձիչներից, ինչպես նաև տեղակայել պատի մակերևույթից դուրս եկող սարքավորումներ` սանդղամատի մակերևույթից և սանդղահարթակից մինչև 2,2մ բարձրության վրա:

Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերում, որտեղ հարկի բարձրությունը հատակից մինչև առաստաղ կազմում է 2,5մ, թույլատրվում է գազի հաշվիչների արկղների տեղադրումն իրականացնել սանդղավանդակներում` սանդղահարթակի, սանդղավանդակի սանդղամատերի կամ հարկի հատակի մակերևույթից 1,9մ բարձրության վրա: Մինչև 28մ-ը ներառյալ բարձրությամբ շենքերում սովորական սանդղավանդակներում թույլատրվում է նախատեսել աղբամուղեր և սենքերի լուսավորման համար նախատեսված էլեկտրահաղորդալարեր: Սովորական սանդղավանդակների ծավալում չի թույլատրվում ներկառուցել այլ նշանակության սենքեր, բացի պահակակետի սենքից: Թույլատրվում է առաջին, որմնախարսխային կամ նկուղային հարկերի սանդղաբազուկների տակ ջեռուցման կառավարման, ջրաչափական հանգույցների և էլեկտրական ջրաբաշխիչ սարքերի տեղակայումը: Չծխապատվող սանդղավադակներում թույլատրվում է նախատեսել միայն ջեռուցման սարքեր:

Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը վերականգնելիս, որտեղ գազականգնակներն ամբողջությամբ կամ մասամբ անցնում են սանդղավանդակներով, գազի ծախսի հաշվիչներ տեղակայված չայրվող արկղերում և առանց պարուրակային միացման գազատար խողովակներ թույլատրվում է տեղակայել 2-րդ աստիճանի հրակայունությունից ոչ պակաս բնական արտածման օդափոխությամբ սանդղավանդակներում, եթե առկա են գազի կոնցենտրացիայի անթույլատրելի չափը կանխարգելող ավտոմատ սարքեր: Գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը վերականգնելիս, նախագծային լուծումները անհրաժեշտ է համաձայնեցնել հրդեհային հսկողություն իրականացնող պետական մարմնի հետ: Շենքերի պատերի մեջ ծխատար և օդատար ուղիները թույլատրվում է անցկացնել միասին: Այդ դեպքում դրանք շենքի ամբողջ բարձրությամբ պետք է բաժանված լինեն իրարից ոչ պակաս 120մմ հաստությամբ հերմետիկ միջնորմներով` պատրաստված պատի նյութից:

Սանդղավանդակներում, բացի չծխապատվող սանդղավանդակներից, թույլատրվում է տեղակայել առաջին հարկից ոչ ցածր իջնող երկուսից ոչ ավելի մարդատար վերելակներ, որոնց հորանների պատող կոնստրուկցիաները չայրվող նյութերից են: Չծխապատվող սանդղավանդակներում թույլատրվում է նախատեսել միայն ջեռուցման սարքեր: Սանդղավանդակները պետք է ունենան ելք դեպի դուրս, շենքին հարող տարածք անմիջապես կամ նախասրահով, անջատված կից միջանցքներից դռներով, միջնապատերով: Երկու սանդղավանդակներից դեպի ընդհանուր նախասրահ տարահանման ելքի կիրառման դեպքում դրանցից մեկը, բացի ելքից դեպի նախասրահ, պետք է ունենա ելք անմիջապես դեպի դուրս: Չ1 տեսակի սանդղավանդակները պետք է ունենան ելք միայն անմիջականորեն դուրս:

Սանդղավանդակները, բացառությամբ Ս2 տեսակի սանդղավանդակներից, յուրաքանչյուր հարկում արտաքին պատերում պետք է ունենան 1,2մ2-ից ոչ պակաս մակերեսով լուսաբացվածքներ: Թույլատրվում է տարահանման համար նախատեսված ներքին սանդղավանդակ¬ների 50%-ից ոչ ավելին նախատեսել առանց լուսաբացվածքների հետևյալ շենքերում.
1 Գ2, Գ3 և Գ4 դասի – Չ2 կամ Չ3 տեսակի` հրդեհի դեպքում օդի ճնշումով,
2 Գ5 դասի Վ կարգի մինչև 28մ բարձրությամբ, իսկ Գ և Դ կարգի, անկախ շենքի բարձրությունից Չ3 տեսակի` օդի ճնշմամբ հրդեհի դեպքում,
3 Ս2 տեսակի սանդղավանդակները վերնածածկում պետք է ունենան 4մ2-ից ոչ պակաս մակերեսով լուսաբացվածքներ` 0,7մ-ից ոչ պակաս լայնությամբ սանդղաբազուկների միջև լուսաճեղքերով կամ սանդղավանդակի ամբողջ բարձրությամբ 2մ2-ից ոչ պակաս մակերեսով հորիզոնական կտրվածքի լուսավորության հորանցքներ:

Չ2 և Չ3 տեսակի սանդղավանդակների հակածխային պաշտպանությունը պետք է նախատեսվի նորմատիվային փաստաթղթերին համապատասխան: Անհրաժեշտության դեպքում Չ2 տեսակի սանդղավանդակներն` ըստ բարձրության պետք է բաժանել հատվածամասերի 1-ին տեսակի խուլ հակահրդեհային միջնորմներով, սանդղավանդակի ծավալից դուրս հատվածամասերի միջև անցումներով: Չ2 տեսակի սանդղավանդակներում պատուհանները պետք է լինեն չբացվող: Արտաքին օդային գոտու միջով դեպի Չ1 տեսակի չծխապատվող սանդղա¬վանդակներ տանող անցումների չծխանելիությունը պետք է ապահովվի իրենց կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումներով, այդ անցումները պետք է լինեն բաց, չպետք է տեղակայված լինեն շենքի ներքին անկյուններում և պետք է ունենան 1,2մ-ից ոչ պակաս լայնություն, 1,2մ բարձրությամբ ցանկապատով, արտաքին օդային գոտում դռների միջև միջնապատի լայնությունը պետք է լինի 1,2մ-ից ոչ պակաս, իսկ սանդղավանդակի դռների, պատուհանների բացվածքների և մոտակա պատուհանների միջև` 2մ-ից ոչ պակաս հեռավորություն: Շենքի արտաքին պատի մեկ կողմը մյուսին 135օ-ից ոչ պակաս անկյան տակ կցման դեպքում, արտաքին օդային գոտում դռան մոտակա բացվածքից մինչև արտաքին պատի ներքին անկյան գագաթը հեռավորությունը պետք է լինի 4մ-ից ոչ պակաս, այդ հեռավորությունը կարելի է փոքրացնել արտաքին պատի ելուստի չափով: Տվյալ պահանջը չի տարածվում 1350 և ավելի ներքին անկյուններում տեղակայված անցուղիների վրա, ինչպես նաև պատի 1,2մ-ից ոչ ավելի ելուստի դեպքում։

Ս1 տեսակի սանդղավանդակներ կարող են նախատեսվել մինչև 28մ բարձրությամբ բոլոր դասերի գործառական հրդեհային վտանգավորության շենքերում, ընդ որում Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերում Ա և Բ կարգի սենքերից դեպի յուրաքանչյուր հարկի միջանցք ելքերը պետք է նախատեսել նախամուտք-անցախցերի միջով` օդի մշտական ճնշմամբ:

Ս2 տեսակի սանդղավանդակներ թույլատրվում է նախատեսել I, II և III աստիճանի հրակայունությամբ CՑ0 և CՑ1 դասերի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության և Գ1, Գ2, Գ3, Գ4 գործառական հրդեհային վտանգավորության շենքերում` 9մ-ից ոչ ավելի բարձրությամբ: Թույլատրվում է ավելացնել շենքի բարձրությունը մինչև 12մ` հրդեհի ժամանակ վերևի լուսաբացվածքի ավտոմատ բացման և Գ1.3 դասի շենքերում` հրդեհի ազդանշանման ավտոմատ ազդարարիչների տեղակայման դեպքերում: Ընդ որում Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում այդպիսի սանդուղք¬ները պետք է լինեն 50%-ից ոչ ավելի, իսկ մնացածները յուրաքանչյուր հարկում պետք է ունենան արտաքին պատերում լուսաբացվածքներ: Հատվածամասային տեսակի Գ1.3 դասի շենքերում 4մ-ից բարձր տեղադրված յուրաքանչյուր բնակարանում պետք է նախատեսել վթարային ելք:

28մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, ինչպես նաև Ա և Բ կարգի Գ5 դասի շենքերում պետք է նախատեսել Չ1 տեսակի չծխապատվող սանդղավանդակներ: Թույլատրվում է նախատեսել.

1 Գ1.3 դասի միջանցքային տեսակի շենքերում` սանդղավանդակների 50%-ից ոչ ավելին` Չ2 տեսակի,
2 Գ5 դասի Ա և Բ կարգի շենքերում Չ2 և Չ3 տեսակի սանդղավանդակներ բնական լուսավորությամբ և հրդեհի դեպքում մշտական օդի ճնշմամբ,
3 Գ1.1, Գ1.2, Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում 50%-ից ոչ ավելի Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ` հրդեհի դեպքում օդի ճնշմամբ,
4 Գ5 դասի Վ կարգի շենքերում` Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ` հրդեհի դեպքում օդի ճնշմամբ,
5 Գ5 դասի Գ և Դ կարգի շենքերում` Չ2 կամ Չ3 տեսակի սանդղավանդակներ, հրդեհի դեպքում օդի ճնշմամբ, ինչպես նաև Ս1 տեսակի սանդղա¬վանդակներ, բաժանելով դրանց բարձրությունը յուրաքանչյուր 20մ-ը մեկ խուլ հակահրդեհային միջնորմներով և սանդղավանդակի ծավալից դուրս սանդղավանդակի մի մասից դեպի մյուսն անցումով:

Չծխապատվող սանդղավանդակներով շենքերում պետք է նախատեսել ընդհանուր միջանցքների, նախասրահների, ճեմասրահների և նախամուտքերի հակածխային պաշտպանություն: Բոլոր դասի գործառնական հրդեհային վտանգավորության շենքերում, բացառությամբ Գ1.3 դասի, տեխնոլոգիական պայմաններից ելնելով, թույլատրվում է նախատեսել առաջին և որմնախարսխային կամ նկուղային հարկերի միջև հաղորդակցման համար առանձին սանդուղքներ: Տարահանման դեպքում այդ սանդուղքները հաշվի չեն առնվում: I և II աստիճանի հրակայունության CՑO դասի շենքերում թույլատրվում է նախատեսել նախասրահից մինչև երկրորդ հարկ տանող 2-րդ տեսակի աստիճաններ:

28մ-ից ոչ ավելի բարձրությամբ, Գ1.2, Գ2, Գ3 և Գ4 դասի գործառական կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության, I և II աստիճանի հրակայունության և CՑO դասի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության շենքերում թույլատրվում է կիրառել երկուսից ավելի հարկեր միացնող 2-րդ տեսակի սանդուղքներ` նորմերով պահանջվող տարահանման սանդղավանդակների առկայության դեպքում: Շարժասանդուղքները պետք է նախատեսել 2-րդ տեսակի սանդուղքների համար ընդունված պահանջներին համապատասխան: 

(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին