ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհներ բնակելի հատվածում

16:11 / 11.04.2016

Բոլոր ժամանակներում մարդու համար մեծագույն չարիքներից մեկը եղել և մնում է հրդեհը: Այն խլում է բազմաթիվ մարդկային կյանքեր, պատճառում վիթխարի նյութական վնասներ:

Հրդեհի առաջացման պատճառները շատ են ու բազմապիսի, սկսած կայծակներից ու պայթյուններից, վերջացրած էլեկտրական կարճ միացումներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով, կենցաղային էլեկտրական սարքերի անսարքություններով ու հրկիզումներով: Ուսումնասիրելով հրդեհների առաջացման պատճառները, հանգում ենք այն եզրակացության, որ դրանցում հիմնականում որոշիչ դեր է խաղացել մարդկային գործոնը, ավելի ստույգ` մարդկանց անուշադրությունը, անփութությունը, անտարբերությունը, երբեմն` դիտավորությունը:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունենում բնակելի հատվածում, այն էլ հենց իրենց` բնակիչների մեղքով` կրակի հետ անզգույշ վարվելուց, հրդեհային անվտանգության կանոնները խախտելուց, առաջացած հրդեհները հենց սկզբնական շրջանում հանգցնելու ձևերը չիմանալուց, ինչն, ի վերջո, հանգեցնում է անդառնալի կորուստների՝ և՛ մարդկային և՛ նյութական:

Բնակելի հատվածում մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, երեխաների` կրակի հետ խաղալուց, ինչպես նաև կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Բերենք 2016 թվականին արձանագրված հրդեհների մի քանի բնութագրական օրինակներ՝ հաստատելու համար այն պարզ ճշմարտությունը, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` հղի են անուղղելի հետևանքներով:

Այսպես, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 77-ամյա Թ. Ավետիսյանը, ննջասենյակը տաքացնելու համար օգտագործել էր բաց գալարագծերով ինքնաշեն էլեկտրաջեռուցիչ սարքավորում` խախտելով դրա տեղակայման ու շահագործման կանոնների պահանջները: Արդյունքում ջեռուցիչի ջերմային ազդեցությունից հրդեհ էր բռնկել: Հրշեջներին հաջողվել էր մեծ դժվարությամբ մեկուսացնել ու մարել հրդեհը, սակայն անփույթ տանտիրուհին զոհվել էր:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Ա. Շահազիզյանն օգտագործել է փայտով գործող հնամաշ, տեղ-տեղ քայքայված պատերով թիթեղյա վառարան, որից դուրս թափված կայծերից բռնկել էին հատակն ու վառարանի տակ տեղադրված վառելափայտը: Դեպքի վայր ներկայացած հրշեջներին մեծ դժվարությամբ հաջողվել էր մարել հրդեհը, սակայն տան անդամներից մեկը ստացել էր լուրջ վնասվածքներ: Հետաքննությունը պարզեց, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի տեղակայման ու շահագործման կանոնների կոպիտ խախտումը:

Հարգելի քաղաքացիներ, մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ջեռուցման տարատեսակ սարքավորումների ոչ ճիշտ օգտագործումը, դրանց հետ անփույթ, անպատասխանատու վարվելն ու հրդեհային անվտանգության կանոնների ամենաաննշան խախտումն անգամ բավական են, որ կորցնեք նյութական արժեքներ, պատճառ դառնաք մարդկանց խեղանդամության կամ մահվան:

Մեծ թիվ են կազմում նաև երեխաների` կրակի հետ խաղալուց առաջացած հրդեհները: Դա տեղի է ունենում հիմնականում այն պատճառով, որ հաճախ ծնողները երեխաներին թողնում են առանց հսկողության: Այս տեսակի հրդեհներն ավելի վտանգավոր են, քանի որ ոչ միայն նյութական արժեքներ են ոչնչանում, այլև երբեմն երեխաներն են դառնում կրակի զոհ: Ծնողներին վերստին հիշեցնենք, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ դառնալ, իսկ երբեմն էլ դրա անմիջական զոհը լինել:

Քիչ չեն նաև կրակի հետ անզգույշ վարվելու, մասնավորապես` անզգույշ ծխելու հետևանքով առաջացած հրդեհները: Այս տարի արդեն իսկ գրանցվել են նմանօրինակ մի քանի տասնյակ հրդեհներ: Բարեբախտաբար կորուստները միայն նյութական են եղել:

Հետագայում հրդեհներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը կրկին անգամ նախազգուշացնում է, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` հղի են անուղղելի հետևանքներով: Կարևոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի ձեր անվտանգությունը:

Պետք է միշտ հիշել, որ հրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումն ու պատշաճ զգոնությունը թույլ կտան խուսափել հավանական հրդեհներից ու դրանց ծանրագույն հետևանքներից:

← Վերադառնալ ցուցակին