ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհատեխնիկական փորձաքննություն

14:36 / 12.04.2016

(2-րդ մաս)

Քանի որ հրդեհատեխնիկական փորձաքննության հիմնական խնդիրը հրդեհի առաջացման պատճառը որոշելն է, ապա փորձաքննության այդ տեսակն անցկացնում են այլ փորձաքննություններից (դատաբժշկական, քիմիական, էլեկտրատեխնիկական և այլն) հետո։ Հրդեհատեխնիկական փորձագետը պարտադիր պետք է ծանոթանա այլ փորձաքննությունների եզրակացությունների հետ։

Հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելուց առաջ քննիչի կողմից ընտրվում են հետազոտության ենթակա օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում վերցվում են նմուշներ` համեմատական հետազոտության համար։ Փորձագետին տրամադրվում են այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են փորձաքննություն կատարելու համար։ Այդպիսի փաստաթղթեր կարող են լինել հրդեհի մասին ակտը, գերատեսչական ակտը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, հետաքննչական փորձարարությունների արձանագրությունները, պլան-սխեմաները, ֆոտոլուսանկարները և այլն։

Հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելիս մեծ նշանակություն ունի հարցերի ճիշտ և հստակ առաջադրումը փորձագետին։ Անհրաժեշտ է, որ այդ հարցերը ձևակերպվեն հատուկ տերմինալոգիայով, շարադրվեն հստակ, պարզ և կոնկրետ, ինչպես նաև դուրս չգան փորձագետի իրավասությունների շրջանակից։ Որպեսզի հրդեհատեխնիկական փորձաքննությունը լինի օպերատիվ, մեծ նշանակություն ունի հարցերի առաջադրման ճիշտ հերթականությունը։ Հարցերի ճիշտ առաջադրումը փորձագետի առջև շատ բարդ գործընթաց է և, որպեսզի թեթևացվի այդ խնդրի լուծումը, առաջարկվում է հարցերի օրինակելի ցուցակ ու դրանց այն հերթականությունը, որով անհրաժեշտ է առաջնորդվել։ Առաջին հերթին առաջադրվում են այնպիսի հարցեր, որոնք նպատակ ունեն պարզելու հրդեհի առաջացման տեղը (օջախը), ժամանակը և կրակի տարածման ուղղությունները։

Օրինակ`

-որտեղ և երբ բռնկվեց հրդեհը և ինչպիսի ուղղություններով տարածվեց կրակը.
-ինչ ձևով էր տարածվում այրումը (ներքևից` վերև, վերևից` ներքև, հորիզոնական, թեքությամբ և այլն).
-ինչով է բացատրվում տվյալ տեղամասում կառուցատարրերի և այլ` այրման ընդունակ նյութերի առավել շատ այրվածությունը.
-ինչն է սկսվել այրվել ավելի շուտ, և այլն։
Այնուհետև առաջադրվում են հարցեր` հրդեհի առաջացման հանգամանքների հետ կապված տեխնիկական տվյալների պարզաբանման համար։ Օրինակ`
-ինչպիսի՞ն է որոշակի նյութի բռնկման կամ ինքնաբռնկման ջերմաստիճանը.
-ինչպիսի՞ կոնկրետ նյութեր էին այրվում, եթե բոցի և ծխի բնույթը (գույնը) ինչ-որ տեսքի էին.
-ինչպիսի՞ն է կոնկրետ ինչ-որ նյութի այրման առավելագույն ջերմաստիճանը.
-առաջանու՞մ են արդյոք կայծեր ինչ-որ առարկաների մեխանիկական շփման (հարվածի) դեպքում։ Եթե այո, ապա կարո՞ղ էր արդյոք դա հանդիսանալ հրդեհի առաջացման պատճառ.
-կարո՞ղ էր արդյոք տեղի ունենալ որոշակի առարկայի, նյութի բռնկում` վառքի կոնկրետ աղբյուրից.
-կարո՞ղ էր արդյոք որոշակի պայմաններում տեղի ունենալ այրման ընդունակ ինչ-որ նյութերի և առարկաների ինքնաբոցավառում (օրինակ` շոգեջեռուցման կամ վառարանի խողովակից).
-կարո՞ղ էր արդյոք տեղի ունենալ որոշակի նյութերի և առարկաների ինքնաբռնկում` հրդեհին նախորդող պայմաններում, և այլն։
Այնուհետև առաջադրվում են հարցեր, որոնց նպատակն է պարզել հրդեհային
անվտանգության կանոնների չպահպանման (խախտման) փաստերը։ Օրինակ`
-թու՞յլ են տրվել արդյոք տեխնիկական պայմանների խախտումներ լուսավորման և ուժային սարքավորումների, ջեռուցման սարքերի, օդափոխության համակարգի էլեկտրահաղորդագծերի մոնտաժման ժամանակ.
-ունե՞ն արդյոք հայտնաբերված թերությունները անմիջական առնչություն հրդեհի առաջացման ու տարածման հետ. -արդյո՞ք պահպանվել են հրդեհային անվտանգության կանոնների բոլոր պահանջները ինչ-որ աշխատանքների (օրինակ` գազաեռակցում, էլեկտրաեռակցում) կատարման ժամանակ, և եթե ոչ, ապա կոնկրետ ո՞ր պահանջները.
-տվյալ իրավիճակում համապատասխանե՞լ են արդյոք որոշակի անձանց (անձի) գործողությունները այն տեխնիկական պահանջներին, որոնք ամրագրված են համապատասխան ակտում (օրինակ` կանոններ, հրահանգ և այլն)։
Հետո առաջադրվում են հարցեր` կապված հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառի հետ։

Օրինակ`

-ի՞նչն է հանդիսացել հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառ.
-կարո՞ղ էր արդյոք հրդեհն առաջանալ հրդեհի օջախում գտնվող նյութերի ինքնաբռնկումից.
-հանդիսանու՞մ են արդյոք հրդեհի առաջացման պատճառ էլեկտրացանցում տեղի ունեցած կարճ միացումը, ծանրաբեռնվածությունը, բարձր անցումային դիմադրությունները.
-առաջացե՞լ է արդյոք հրդեհը պայթյունից, թ՞ե պայթյունը հանդիսացել է հրդեհի հետևանք, և այլն։
Վերջում այն հարցերն են, որոնք առնչվում են հակահրդեհային տեխնիկայի տեխնիկական վիճակի պարզաբանմանը։ Օրինակ`
-ի՞նչ պատճառով չի գործել ինքնաշխատ հակահրդեհային սարքավորումը (տվիչները, սպրինկլերային և դրենչերային սարքավորումները (համակարգերը) և այլն) տվյալ հրդեհի ժամանակ.
-արդյո՞ք ճիշտ է օգտագործվել հակահրդեհային տեխնիկան տվյալ հրդեհի մարման ժամանակ, և այլն։
Բացի վերը նշվածներից, անհրաժեշտության դեպքում, փորձագետի առջև կարող են դրվել հարցեր` պարզելու համար հրշեջ ստորաբաժանումների գործողությունների ճշտությունը, տեխնոլոգիական սարքավորումների վիճակը, ջրամատակարարման, շանթապաշտպանության և այլ հարցեր։

Հարցերի գրագետ ու հստակ ձևակերպումը, դրանց առաջադրման խիստ տրամաբանական հերթականությունը, ինչպես նաև փորձագետներին բոլոր անհրաժեշտ տվյալների ժամանակին տրամադրումը թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում, առանց որոշակի դժվարությունների, տալ եզրակացություն` առաջադրանքի ամբողջ ծավալով։ Եթե հարցերն անհաջող են ձևակերպված (ոչ հստակ, ոչ կոնկրետ) ապա փորձագետը, պատասխանելով դրանց, իրավունք ունի` չփոխելով իմաստը, փոխել խմբագրությունը` նշելով դրա մասին եզրակացության մեջ։ Փորձաքննության ընթացքում հայտնաբերելով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ (որոնց վերաբերյալ հարցեր չեն առաջադրվել), փորձագետը կարող է ձևակերպել լրացուցիչ հարցեր, որոնք բերվում (առաջադրվում) են հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ առաջադրված հարցերից հետո։

Հրդեհատեխնիկական փորձաքննության դերն ու նշանակությունը պրոֆիլակտիկ գործունեության ընթացքում որոշվում է հարցերի շրջանակով, որոնք լուծում է փորձագետը` հիմնվելով իր մասնագիտական գիտելիքների վրա։ Հրդեհի հետաքննության ժամանակ խնդիրը կայանում է ոչ միայն նրանում, որ պարզվեն պատճառն ու այն անձը, որը մեղավոր է հրդեհի առաջացման մեջ, այլ նաև այն բանում, որպեսզի պարզվեն այն հանգամանքները, որոնք ստեղծել են պայմաններ ու իրավիճակ, որ նախորդել են հրդեհին (այսինքն, ստեղծել են հրդեհի առաջացմանը նպաստող պայմաններ և իրավիճակ), ինչպես նաև մշակվեն անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցառումներ։ Անհերքելի է, որ վերը նշված հարցերում քննիչին, դատախազին կամ դատարանին կարող է և պետք է մեծ օգնություն ցուցաբերի հրդեհատեխնիկական փորձագետը։

Հրդեհատեխնիկական փորձագետները ակտիվորեն օգնում են քննիչին` հրդեհի առաջացման պայմաններն ու պատճառները պարզելու, պրոֆիլակտիկ միջոցառումներ մշակելու գործում։ Փորձագետը կարող է քննիչից ավելի լավ բացահայտել այն պայմաններն ու պատճառները, որոնք նպաստել են հրդեհի առաջացմանը, ինչպես նաև մշակել հանձնարարականներ` դրանց վերացման համար։

Հրդեհատեխնիկական փորձաքննության ժամանակ ի հայտ են բերվում (պարզաբանվում են)`

-շեղումները արտադրական կանոնակարգից.
-տեխնոլոգիական սարքավորումների անսարքությունները.
-էլեկտրաէներգիայի սպառիչների անսարքությունները.
-տարբեր նյութերի համատեղ պահման կանոնների և հրահանգների պահանջների խախտումները.
-ջերմային, քիմիական կամ միկրոբիոլոգիական ինքնաբռնկմանը նպաստող պայմանների ու հանգամանքների առկայությունը.
-ավտոմատիկայի և միջավայրի վիճակը վերահսկող սարքերի վիճակի անհամապատասխանելիությունը սահմանված տեխնիկական նորմերին ու նախագծերին.
-օբյեկտում հակահրդեհային ծառայության կազմակերպման և իրականացման թերությունները.
-հրդեհի հայտնաբերման ու մարման ինքնաշխատ (ավտոմատ) համակարգերի անբավարար տեխնիկական վիճակը, և այլն։

Պարզելով հրդեհի առաջացմանը նպաստած պայմաններն ու պատճառները և մշակելով անհրաժեշտ պրոֆիլակտիկ միջոցառումներ` դրանք վերացնելու համար, փորձագետը քննիչին տեղեկացնում է դրանց մասին։ Վերջինս էլ դրանք ներկայացնում է համապատասխան ձեռնարկությանը, որոնք պետք է քննարկեն և ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` թերությունները վերացնելու համար։ Փորձագետն իրավունք չունի դուրս գալու իր գիտական իրավասությունների շրջանակներից, այսինքն, կատարել եզրահանգումներ այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք անլուծելի են իր ներկայացրած գիտական բնագավառի կողմից, ինչպես նաև քրեական գործով ձեռնարկել քայլեր` չկապված իր հատուկ մասնագիտական գիտելիքների կիրառման հետ։

Պրակտիկայում փորձագետի` իր իրավասությունների շրջանակը խախտելն արտահայտվում է այն բանում, որ նա`

ա) որոշում է արարքի մեջ հանցանքի առկայությունը կամ բացակայությունը, կամ գոնե դրա սուբյեկտիվ կողմից։ Բերենք օրինակ. Փայտամշակման արտադրամասին կից գտնվող կաթսայատան հնոցապանը գործող վառարանը թողել էր առանց հսկողության և տևական ժամանակով բացակայել։ Արդյունքում հրդեհ էր բռնկվել, որը տարածվել էր դեպի փայտամշակման արտադրամաս։ Հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ քննիչը, այլ հարցերի հետ մեկտեղ, փորձագետի առջև դրել էր հետևյալ հարցը.”իրավունք ունե՞ր հնոցապանը բացակայել իր աշխատատեղից վառարանի գործելու ժամանակ”։ Այդ հարցն ունի իրավական բնույթ և քննիչն իրավունք չուներ այն առաջադրելու փորձագետին, իսկ վերջինս էլ` դրան պատասխանելու։ Սակայն փորձագետը պատասխանել էր առաջադրված հարցին, վերջում նշելով նաև, որ հրդեհի առաջացման մեջ մեղավոր է հնոցապանը։ Մեր նկարագրած դեպքում փորձագետը ակնհայտորեն դուրս է եկել իր իրավասությունների շրջանակից, իր վրա վերցնելով իրավական հարցի լուծումը։ Անհրաժեշտ է հիշել, որ քրեական գործի փաստացի հանգամանքների իրավական գնահատականը (հաշվի առնելով արարքի օբյեկտիվ կողմը) կարող է տրվել միայն հետաքննչական մարմինների և դատարանի կողմից։

բ) հետազոտության համար ինքնուրույն հավաքում է (բացի իրեն ներկայացված գործի նյութերից) մեկնարկային (ելակետային) ապացուցողական նյութեր։ Օրինակ, ալրաղացներից մեկում բռնկված հրդեհից հետո փորձագետը, առանց քննիչի թույլտվության, գնացել էր դեպքի վայր։ Նա կատարել էր դեպքի վայրի զննություն, առգրավել հետաքննության ժամանակ հայտնաբերված իրեղեն ապացույցները, հարցաքննել էր մի քանի ականատեսների` ստանալով գրավոր բացատրություններ, և այդ ամենի հիման վրա տվել էր գրավոր եզրակացություն։ Բնականաբար փորձագետի նման գործողությունները դուրս են նրա իրավասությունների շրջանակից։ Ցանկացած դեպքում, երբ անհրաժեշտություն է առաջանում լրացնել (ավելացնել) փորձագիտական հետազոտության օբյեկտները նոր նյութերով, փորձագետը պարտավոր է դիմել փորձագիտությունը նշանակած մարմնին։
գ) իր հայեցողությամբ առանձնացնում է փորձագիտական հետազոտությանը առնչվող որոշ տեղեկություններ` մյուսները թողնելով առանց ուշադրության, այսինքն իրեն է վերապահում ապացույցների գնահատման գործառույթը։ Դրանից խուսափելու համար քննիչը պետք է մինչև հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելը ձեռնարկի միջոցներ` գործի նյութերում հակասությունները բացառելու համար։

Հրդեհատեխնիկական փորձագետի իրավասությունների հարցն ունի մի շարք առանձնահատկություններ` կապված հրդեհների հետաքննության պրակտիկայի հետ և դրանց վրա անհրաժեշտ է կանգ առնել.

1.Հրդեհի առաջացման միայն անմիջական (տեխնիկական) պատճառի հայտնաբերումը.

Ցանկացած հրդեհի առաջացումը միշտ կապված է այրման աղբյուրի հետ, որը խթան է հանդիսանում այրումը սկսելու համար։ Դա էլ հենց հանդիսանում է հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառ։ Օրինակ, էլեկտրացանցի կարճ միացումը, նյութերի ինքնայրումը, ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծը, լուցկու բոցը և այլն։ Փորձագետը իրավասու է պարզելու միայն հրդեհի առաջացման անմիջական (տեխնիկական) պատճառը։ Հրդեհի առաջացման պատճառի իրավական գնահատականը դուրս է հրդեհատեխնիկական փորձագետի իրավասությունների շրջանակից։

2.Հրդեհի ժամանակ տարբեր հանգամանքների և երևույթների միջև պատճառական կապի հայտնաբերումը.

Հրդեհների հետաքննության ժամանակ այդ հարցը կարող է առաջանալ երկու ասպեկտով (տեսանկյունով)։ Առաջինը, մարդու գործունեության կամ անգործության և հրդեհի (որն առաջացել է այդ գործունեության կամ անգործության հետևանքով) միջև պատճառական կապն է։ Երկրորդը, տեխնիկական բնույթի երևույթների (որոնցից մեկը (որպես պատճառ) առաջացնում է մյուսին (որպես հետևանք)) միջև եղած պատճառական կապն է` որպես օրինաչափ օբյեկտիվ կապ։ Հրդեհատեխնիկական փորձագետն իրավասու է բացահայտել միայն երկրորդ` տեխնիկական բնույթի երևույթների միջև եղած պատճառական կապը։ Օրինակ, որոշել հրդեհի առաջացման տեղը և կրակի տարածման ուղիները, բացատրել որոշակի տեղում փայտե կառուցատարրերի առավել շատ այրվածությունը, պարզել հետազոտվող նյութերի և առարկաների (փայտի թեփ, քսայուղերով ներծծված լաթեր և այլն)` տվյալ պայմաններում ինքնաբռնկման հնարավորությունը, ծխատարից դուրս եկած կայծերից որոշակի նյութերի բռնկման հնարավորությունը, և այլն։

3.Հրդեհային անվտանգության կանոնների չպահպանման փաստերի հայտնաբերումը.

Հրդեհատեխնիկական փորձագետի առջև առավել հաճախ դրվում է այն հարցը, թե հրդեհային անվտանգության ինչ կանոններ են խախտվել։ Հրդեհատեխնիկական փորձագետը, տալով եզրակացություն հրդեհային անվտանգության կանոնների չպահպանման վերաբերյալ, ելնում է միայն տեխնիկական հատկանիշներից` չխառնվելով հարցի իրավաբանական կողմին։

Իրավաբանական տեսակետից հանցակազմի բացահայտման համար (քննիչի իրավասություն) պետք է նախևառաջ հայտնաբերել խախտումները տեխնիկական տեսակետից (փորձագետի իրավասություն)։ Իսկ դրա համար փորձագետը պետք է շատ լավ իմանա տեխնիկական նորմերն ու կանոնները, որոնցով պետք է առաջնորդվի եզրակացություն կազմելիս, մասնավորապես, Շինարարական նորմերը և կանոնները (ՇՆևԿ կամ ՍՆիՊ), Էլեկտրակայանքների սարքվածքի կանոնները (ԷՍԿ), հրդեհային անվտանգության կանոնները և այլն։

Հրդեհատեխնիկական փորձաքննությունը պետք է համապատասխանի դատավարական օրենքով փորձագիտական հետազոտությանը ներկայացվող բոլոր պահանջներին, քանի որ փորձագետի եզրակացությունը ձեռք է բերում ապացուցողական նշանակություն միայն այն դեպքում, երբ այն ներկայացված է օրենքով սահմանված կարգով։ Փորձաքննության բովանդակությունն է կազմում հետազոտության արդյունքում ստացված որոշակի տվյալների վերլուծությունը` նպատակ ունենալով հայտնաբերել նոր փաստեր, որոնք նշանակություն ունեն գործի հետաքննության կամ դատական քննարկման համար։

Քննիչն ու դատարանը հիմնվում են փորձագետի եզրակացության վրա, որը համարվում է ապացուցման միջոց (աղբյուր)։ Փորձագետի եզրակացության ապացուցողական նշանակությունը հանդիսանում է դատական փորձաքննություն հասկացության անհրաժեշտ տարր, որը բնորոշում է փորձագետի և մասնագետի եզրահանգումների միջև եղած տարբերությունը (մասնագետի եզրահանգումները, որոնք կատարվել են քննիչին տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով, ունեն միայն օպերատիվ նշանակություն)։

Հրկիզումներից, կրակի հետ անզգույշ վարվելուց և հրդեհային անվտանգության կանոնները խախտելուց առաջացած հրդեհները ահռելի վնաս են հասցնում տնտեսությանը, մարդկանց անձնական սեփականությանը, կյանքին և առողջությանը։ Հրդեհների առաջացման ստույգ պատճառների հայտնաբերումը թույլ է տալիս պարզել հանցակազմի առկայությունը կամ դրա բացակայությունը, օգնում է մշակել և իրագործել կոնկրետ միջոցառումներ հրդեհների կանխարգելման ուղղությամբ։ Այստեղ մեծ դերակատարում է հատկացված հրդեհատեխնիկական փորձաքննությանը, որը դատական փորձաքննության ենթատեսակներից է։

← Վերադառնալ ցուցակին