ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհների ուսումնասիրությունը

14:32 / 12.04.2016

Հրդեհների ուսումնասիրությունը հանդիսանում է հրդեհային պրոֆիլակտիկ աշխատանքների և հրդեհաշիջման որակի բարձրացման, հրշեջ ստորաբաժանումների մարտական պատրաստականության մակարդակի կատարելագործման անհրաժեշտ և կարևոր պայման:

Հրդեհների ուսումնասիրությունն իր մեջ ներառում է`

- հրդեհների հետազոտությունը.
- պրոֆիլակտիկ աշխատանքների և հրշեջ ստորաբաժանումների մարտական գործողությունների վերլուծությունը:
Հետազոտման ենթակա է յուրաքանչյուր հրդեհ` անկախ դրա չափերից, նյութական վնասից և հրդեհաշիջման մասնակիցների և տեխնիկայի թվաքանակից: Հրդեհների հետազոտության նպատակն է`
- գնահատել օբյեկտի հակահրդեհային վիճակը և պարզել հրդեհի առաջացման պատճառը.
- վերլուծել օբյեկտում իրականացված պրոֆիլակտիկ աշխատանքների որակն ու արդյունավետությունը.
- վերլուծել հրդեհաշիջման կազմակերպումը, հրդեհը մարելու ժամանակ հրշեջ ստորաբաժանումների, տվյալ օբյեկտի ղեկավարության և աշխատակիցների գործողությունները.
- ուսումնասիրել հրդեհի զարգացման գործընթացն ու պարամետրերը, կրակի և ծխի տարածմանը նպաստած պատճառներն ու պայմանները, շենքի (շինության) կառուցատարրերի, ինչպես նաև զանազան նյութերի և արտադրական սարքավորումների պահվածքի առանձնահատկությունները հրդեհի ժամանակ.
- ուսումնասիրել մարդկանց փրկման, կենդանիների և գույքի տարհանման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև մարդկանց զոհվելուն և վնասվածքներ ստանալուն նպաստած պատճառներն ու պայմանները.
- ուսումնասիրել հրշեջ տեխնիկայի, հրդեհաշիջման նյութերի, կապի միջոցների օգտագործման արդյունավետությունը.
- գնահատել հրշեջ ավտոմատիկայի սարքավորումների (հրդեհի ազդանշանային և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի) արդյունավետությունը.
- նախապատրաստել համապատասխան միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են հրդեհային պրոֆիլակտիկ աշխատանքների, հրդեհաշիջման կազմակերպման և իրականացման բարելավմանը:

Հրդեհների հետազոտության աշխատանքները իրականացվում են հետևյալ կերպ`

- գրանցվում են հրդեհի մարման ժամանակ դիտվող բոլոր իրադարձությունները, փաստերը, երևույթները` ըստ ժամանակի.
- անցկացվում է հրդեհի վայրի մանրակրկիտ զննում` անհրաժեշտ չափումներով, ֆոտոլուսանկարներով, պլան-սխեմաների կազմմամբ.
- իրականացվում են զրույցներ այն մարդկանց հետ, ովքեր հայտնաբերել են հրդեհը և հայտնել դրա մասին, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների հետ.
- ուսումնասիրվում են արտադրության տեխնոլոգիական գործընթացները, շինարարական կառուցատարրերը, տարհանման ուղիների վիճակը, հակահրդեհային ջրամատակարարումը, հրդեհաշիջման համակարգերը, ազդանշանային և կապի միջոցները, մոտեցման ճանապարհներն ու անցուղիները.
- կատարվում են անալիտիկ և փորձարարական հետազոտություններ.
- ուսումնասիրվում են հրդեհաշիջմանն առնչվող օպերատիվ փաստաթղթերը (հրդեհի մեկնման չվացուցակը, ուժերի և միջոցների ներգրավման պլանը, հրդեհաշիջման քարտերը (պլանները) և այլն).
- վերլուծվում են տեսչության կարգադրագրերը, օբյեկտի հրդեհային անվտանգությանը վերաբերվող հրահանգները, ծառայության, հրդեհաշիջման և պրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպման մակարդակը.
- ստուգվում են հրշեջ ստորաբաժանումների` դեպքի վայր ներկայանալու և բացազատվելու արագությունը, հրդեհաշիջման ճիշտ գործողությունները, ինչպես նաև օգտագործված ուժերի և միջոցների արդյունավետությունը:

Հրդեհի և դրա մարման վերաբերյալ տվյալների պարզումը իրականացվում է հետևյալ սխեմայով (որը կարող է փոփոխվել` կախված հրդեհի չափերից, զարգացման բնույթից, հրդեհաշիջման առանձնահատկություններից և հետևանքներից)`

1.Ընդհանուր տվյալներ.

- օբյեկտի հասցեն, անվանումն ու գերատեսչական պատկանելիությունը, կառուցման տարեթիվը և նախագծի տեսակը, ինչպես նաև շենքի համապատասխանելիությունը նախագծին և հակահրդեհային նորմերի և կանոնների պահանջներին.
- հրդեհի առաջացման, հայտնաբերման և հայտնման օրն ու ժամը.
- հրդեհի առաջացման պատճառն ու մեղավոր անձինք:

2.Շենքի (շինության, սենքի) նշանակությունը, արտադրական գործընթացի բնույթը.

- շենքի նշանակությունը, չափերը, դրանում առկա մարդկանց թվաքանակը, հիմնական սարքավորումները, օգտագործվող կամ պահվող նյութերն ու դրանց բնութագրերը.
- արտադրական գործընթացը, դրա հրդեհավտանգավորության աստիճանը, իրականացվող աշխատանքները (որոնք կարող էին հրդեհի առաջացման պատճառ հանդիսանալ):

3. Շենքի շինարարական և կառուցատարրային առանձնահատկությունները (որոնք առնչվում են հրդեհի զարգացմանը, մարմանը և հետևանքներին).

- շենքի հարկայնությունը, հատակագծումը (հարկ առ հարկ), նկուղների առկայությունն ու հատակագծումը.
- շենքի կառուցատարրերն ու կառուցման նյութերը և դրանց համապատասխանելիությունը նորմատիվ պահանջներին.
- կառուցատարրերի կրակապաշտպանության առկայությունն ու արդյունավետությունը.
- տարհանման ուղիների, արտաքին ու չծխապատվող սանդուղքների առկայությունն ու վիճակը.
- ջեռուցման, լուսավորության, օդափոխության համակարգերը.
- հորանների, որմնանցքերի, հաղորդակցության ուղիների և այլ բացվածքների առկայությունը, որոնք իրար են կապում հարկերն ու սենքերը: Դրանց քանակը, չափերը և ազդեցությունը հրդեհի զարգացման վրա.
- հեռավորությունը մինչև հարևան շենքեր (շինություններ, համակարգեր, սարքավորումներ), դրանց հրակայունության աստիճանը.
- այլ շինարարակառուցատարրային բնույթի տվյալներ, որոնք անմիջականորեն վերաբերվում են հրդեհի առաջացման պատճառին, կրակի ու ծխի տարածմանը, մարդկանց փրկմանը, հրդեհաշիջմանը:

4. Էլեկտրական ցանցի և էլեկտրասարքավորումների վիճակը.

- էլեկտրական ցանցի և էլեկտրասարքավորումների համապատասխանելիությունը էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների (ԷՍԿ) և նախագծային փաստաթղթերի պահանջներին.
- էլեկտրական ցանցերի ճիշտ մոնտաժը, դրանց տեխնիկական վիճակը և համապատասխանելիությունը մոնտաժման հրահանգների պահանջներին.
- էլեկտրական պաշտպանության վիճակը, էլեկտրական մալուխների և լարերի մակնիշները, դրանց անցկացման ձևերը, շահագործման ժամկետը.
- ստատիկ էլեկտրականությունից պաշտպանող սարքերի առկայությունն ու վիճակը:
- շանթապաշտպանիչ սարքերի առկայությունն ու վիճակը.

5. Հակահրդեհային ջրամատակարարման վիճակը.

- հակահրդեհային ջրամատակարարման առկայությունն ու տեսակը (ջրագծի տրամագիծը), մոտակա ջրաղբյուրների վիճակը և հեռավորությունը հրդեհի վայրից.
- ճնշումը ջրագծում և դրա ավելացման կարգը, ջրագծերի իրական ջրատվությունը (փաստացի ստուգումների արդյունքներով).
- ներքին հրշեջ ծորակների առկայությունն ու դրանց կիրառման արդյունավետությունը.

6. Հրդեհի հայտնաբերման, ազդանշանային և շիջման համակարգերի առկայությունը, տեսակն ու վիճակը, դրանց աշխատանքի արդյունավետությունը.

7. Հրդեհաշիջման սկզբնական միջոցների առկայությունն ու օգտագործման արդյունավետությունը.

8. Հակածխային պաշտպանության համակարգերի առկայությունը, տեսակն ու վիճակը, դրանց աշխատանքը հրդեհի պայմաններում.

9. Կապի միջոցների բնութագիրը և դրանց դերը հրդեհի՝ ժամանակին ազդարարման գործում.

10. Հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհի հայտնաբերման, ազդանշանային և շիջման ինքնաշխատ (կամ կիսաավտոմատ) համակարգերի, հրդեհաշիջման սկզբնական միջոցների ու կապի միջոցների համապատասխանելիությունը նորմատիվային պահանջներին.

11. Տեղական հրշեջ պահպանության բնութագիրը.

12. Օբյեկտի հակահրդեհային վիճակը մինչև հրդեհը.

- օբյեկտի հակահրդեհային վիճակը, վարչակազմի դերը հրդեհային անվտանգության ապահովման գործում, օբյեկտային հակահրդեհային կազմավորումների առկայությունն ու մարտունակությունը, հրդեհատեխնիկական հետազոտությունների` սահմանված ժամկետներում իրականացումն ու որակը, առաջարկված միջոցառումները, դրանց կատարման աստիճանը և ազդեցությունը հրդեհի առաջացման, տարածման և հրդեհաշիջման վրա.
- տվյալ օբյեկտում նախկինում գրանցված հրդեհները, դրանց պատճառները, ձեռնարկված միջոցները.
- Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության իրավունքների կիրառումը (սանկցիաները):

13. Տեղեկություններ հրդեհի զարգացման, ինչպես նաև շինարարական կառուցատարրերի և նյութերի` հրդեհի պայմաններում պահվածքի վերաբերյալ.

- այրման, հրդեհի զարգացման, տարածման ուղիների և արագության առանձնահատկությունները, ջերմային ճառագայթման դերը.
- հակահրդեհային պատնեշների ազդեցությունը հրդեհի տարածման վրա.
- պայթյունների ու բռնկումների դեպքերը, դրանց պատճառներն ու հետևանքները.
- շինարարական կառուցատարրերի փլման կամ ձևախախտման բնույթը.
- ծխապատման գոտին, ծխի տարածման ուղիները և ազդեցությունը հրդեհաշիջման ընթացքի վրա.
- այրվող հեղուկների եռումն ու դուրս նետումը, դրանց հոսման (տարածման) մակերեսը, հարակից շենքերին, սենքերին սպառնացող վտանգի աստիճանը, այդ հանգամանքների ազդեցությունը հրդեհաշիջման աշխատանքների վրա.
- հրդեհի ժամանակ առաջացող այլ երևույթներ և դրանց ազդեցությունը հրդեհի զարգացման ու մարման վրա:

14. Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը.

15. Հրդեհաշիջման ղեկավարի, օպերատիվ շտաբի և հրշեջ ստորաբաժանումների գործողությունների գնահատումը:

16. Հրդեհի ծավալմանը (մինչև խոշոր չափերի) նպաստած հանգամանքները.

- հրդեհի ուշ հայտնաբերումը, հրշեջ պահպանությանը ոչ ժամանակին ահազանգումը.
- ջրի կամ այլ հրդեհաշիջման նյութերի անբավարարությունը.
- օբյեկտի ոչ բարվոք հակահրդեհային վիճակը.
- հրշեջ ստորաբաժանումների ոչ ժամանակին տեղ հասնելը (վատ ճանապարհները, երթուղու չիմացությունը, տեխնիկայի խափանվելը և այլն).
- գազածխապաշտպան ծառայության բացակայությունը կամ ցածր մարտունակությունը.
- անբարենպաստ եղանակային պայմանները.
- դյուրավառ, պայթյունավտանգ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի առկայությունը.
- հրշեջ ստորաբաժանումների բացակայությունը կամ հեռու տեղակայված լինելը, դրանց սակավաքանակությունը.
- հրդեհաշիջման կազմակերպման փաստաթղթերի բացակայությունը կամ չօգտագործելը.
- հրդեհաշիջման ղեկավարի և օպերատիվ շտաբի սխալ գործողությունները.
- հրդեհային պահպանության պաշտոնատար անձանց կողմից հրդեհաշիջման ղեկավար փաստաթղթերի պահանջները չկատարելը:

17. Հրդեհի հետևանքները.

- այրվել կամ վնասվել է կրակից, ծխից.
- հրդեհի ժամանակ փլվել, քանդվել են կառուցատարրեր.
- փրկված մարդիկ, կենդանիներ, նյութական արժեքներ.
- տեղեկություններ մարդկանց զոհվելու կամ վնասվածքներ ստանալու վերաբերյալ.
- շենքի (շինության, տրանսպորտային միջոցի) վնասվածության աստիճանը և դրա վերականգնման հնարավորությունը.
- հրդեհի պատճառած ընդհանուր վնասը, ինչպես նաև առանձին` ըստ սենքերի, սարքավորումների, գույքի.
- հրդեհի ազդեցության աստիճանը արտադրական գործընթացի և արտադրության թողարկման վրա:

Հրդեհի փաստով ընդունված որոշումները հետևյալն են`

- հարուցվե՞լ է քրեական գործ, դրա համարը, ո՞ր հոդվածով, ո՞վ է ենթարկվում պատասխանատվության կամ գործով անցնում որպես կասկածյալ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման առկայությունը.
- հրդեհի հետազոտության ավարտի օրը հրդեհային պահպանության ղեկավարության կողմից ձեռնարկված միջոցները.
- տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ արված եզրակացություններն ու առաջարկությունները.
Հետազոտության արդյունքներով կազմվում է հրդեհի նկարագրությունը կամ մարտական գործողությունների քարտը: Հրդեհի նկարագրությունը կազմվում է 3 բաժիններից`

1. Հրդեհի վերաբերյալ ազատ և ամփոփ տվյալներ.

2. Բացատրագիր.

3. Եզրակացություններ, առաջարկություններ և կիրառված միջոցներ:

Յուրաքանչյուր կոնկրետ հրդեհի հետազոտություն պետք է ավարտվի վերլուծությամբ, որի նպատակն է`

- օբյեկտի հակահրդեհային վիճակի, օպերատիվ-տակտիկական, ինչպես նաև հրդեհի առաջացման պատճառի և զարգացման առանձնահատկությունների պարզումը և վերլուծումը.
- պրոֆիլակտիկ և հրդեհաշիջման աշխատանքների դրական և բացասական կողմերի վերլուծումը.
- թերությունների վերացումը և հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակումը.
- ընդհանրացումը և առաջավոր փորձի տարածումը:

← Վերադառնալ ցուցակին