ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհների վիճակագրական հաշվառումն ու վերլուծությունը

14:28 / 12.04.2016

Հրդեհների եւ դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը (համաձայն ,,Հրդեհային անվտանգության մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի) կատարում են պետական հրդեհային հսկողության մարմինները, այդ բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցված՝ հրդեհների հաշվառման կանոններին համապատասխան: Պետական կառավարման մարմինները եւ կազմակերպություններն իրենց ենթակա օբյեկտներում իրականացնում են հրդեհների վերաբերյալ հաշվառում: Հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 31.10.2003թ. թիվ 978-Ն հրամանով հաստատված ,,Հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառման կանոններին,, համապատասխան: Այդ կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների, դրանց պատճառած նյութական վնասի, հրդեհների ժամանակ տուժած քաղաքացիների հաշվառման միասնական համակարգը:

Համաձայն այդ կանոնների hրդեհներ չեն համարվում`

ա) փորձերի ժամանակ փորձագիտական սարքերում կատարվող այրումը, եթե դա նախատեսված է հատուկ գիտահետազոտական փորձարարական աշխատանքների անցկացման պայմաններով.
բ) ծխեցման վաննաներում, ձյութաեռ կաթսաներում, էլեկտրաշարժիչներում և էլեկտրաբաշխիչ վահանակներում կատարվող այրումը, եթե այրումը նշված սարքավորումներից դուրս տարածում չի գտել.
գ) աղբաոչնչացման համար նախատեսված հատուկ վայրերում կատարվող այրումը.
դ) պայթյունները, որոնց չի ուղեկցել և չի հաջորդել այրումը.
ե) վերահսկվող այլ այրումները:
Նյութական վնասի չափից կախված, հրդեհները բաժանվում են երեք խմբի`
ա) հրդեհներ` եթե պատճառված նյութական վնասը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը.
բ) խոշոր հրդեհներ` եթե պատճառված նյութական վնասը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհազարապատիկը.
գ) առավել խոշոր հրդեհներ` եթե պատճառված նյութական վնասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհազարապատիկը.

Հրդեհների հետևանքներ են` առաջացած մարդկային զոհերը, մարդկանց պատճառված առողջական և մարմնական վնասվածքները, թունավորումները, շրջակա միջավայրին հասցված վնասները, շենքերի, շինությունների, հիմնական միջոցների, փոքրարժեք արագամաշ առարկաների, պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, փաստաթղթերի և այլ գործերի ոչնչացումն ու փչացումը: Հրդեհի զոհեր համարվում են այն անձինք, ովքեր զոհվել են հրդեհից այրվածքներ, թունավորումներ, վնասվածքներ ստանալուց, որը հաստատվում է իրավասու առողջապահական կազմակերպությունների կողմից: Հրդեհից վնասվածքներ ստացած են համարվում այն անձինք, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ և թունավորումներ, ինչն առաջ է բերել աշխատունակության կորուստ, մեկ օրից ոչ պակաս հոսպիտալացում կամ առաջին բուժօգնությունից հետո ամբուլատոր բուժման անհրաժեշտություն:

Հրդեհից փրկված (բացառությամբ հրդեհի վայրից ինքնուրույն դուրս եկածներից) համարվում են այն անձինք, որոնք հրդեհի վայրից տեղափոխվել են անվտանգ վայր` համապատասխան ծառայությունների կամ քաղաքացիների օգնությամբ: Շենքերը, շինությունները, հիմնական միջոցները, փոքրարժեք արագամաշ ապրանքները և այլ նյութական արժեքները համարվում են փրկված, եթե դրանք` գտնվելով հրդեհի տարածման գոտում, հրդեհից չեն վնասվել և կարող են օգտագործվել իրենց սկզբնական նշանակությամբ:

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնակավայրերում և օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների վերաբերյալ հաշվառումն իրականացնում են`

ա) պետական հրդեհային հսկողության մարմինները.
բ) պետական կառավարման մարմինները.
գ) կազմակերպությունները:

Հաշվառվում են բոլոր հրդեհները` անկախ դրանց առաջացման վայրից և հետևանքից: Տրանսպորտային միջոցներում տեղի ունեցած հրդեհները հաշվառվում են այն քաղաքի (տարածաշրջանի) պետական հրդեհային հսկողության մարմնի կողմից, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Պաշտպանության և ազգային անվտանգության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների օբյեկտներում, մետրոպոլիտենի, երկաթգծի շարժակազմերում և օդային տրանսպորտում, անտառներում, ստորգետնյա հանքերում տեղի ունեցած հրդեհները հաշվառվում են տվյալ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, կազմակերպության կողմից:

Յուրաքանչյուր հրդեհի վերաբերյալ պետական հրդեհային հսկողության մարմնի պաշտոնատար անձի կողմից ղեկավարվող և ոչ պակաս, քան 3 անձից բաղկացած հանձնաժողովը 10 օրվա ընթացքում կազմում է հրդեհի մասին ակտ: Հրդեհի մասին ակտը կազմվում է 3 օրինակից ոչ պակաս: Այն հրդեհի դեպքում, երբ մարմանը հրշեջ ստորաբաժանումները չեն մասնակցել, և որի մասին (բանավոր կամ գրավոր) հայտարարությունը քաղաքացիներից, իրավապահ և ապահովագրական մարմիններից կամ այլ աղբյուրներից ստացվել է ուշացումով, ակտը կազմվում է տեղեկություն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում: Պետական հրդեհային հսկողության մարմինը, յուրաքանչյուր հրդեհի առաջացման պայմանների և պատճառների ուսումնասիրության հիման վրա, 10 օրվա ընթացքում կազմում է հրդեհի հաշվառման քարտ:

Պաշտպանության և ազգային անվտանգության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների օբյեկտներում, մետրոպոլիտենի, երկաթգծի շարժակազմերում և օդային տրանսպորտում, անտառներում, ստորգետնյա հանքերում տեղի ունեցած հրդեհների մասին ակտերը կազմվում են համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից:

Շենքերը, շինությունները, հիմնական միջոցները, փոքրարժեք արագամաշ ապրանքները և այլ արժեքները համարվում են վնասված, եթե դրանք վերանորոգման միջոցով կարող են բերվել իրենց սկզբնական նշանակության համար պիտանի վիճակի: Հակառակ դեպքում դրանք համարվում են ոչնչացված:

Պետական հրդեհային հսկողության մարմինները հրդեհից պատճառված նյութական վնասը հաշվառում են կազմակերպության, հիմնարկի ղեկավարության, ապահովագրական կազմակերպության, քաղաքացու կողմից տրված տեղեկանքի (ակտի) հիման վրա: Տեղեկանքում (ակտում) պարտադիր նշվում է ընդհանուր վնասի գումարը, ինչպես նաև առանձին շինությունների, սարքավորումների և այլ գույքի վնասի գումարի չափը: Նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատու են փաստաթղթերը ստորագրող անձինք:

Հրդեհների, դրանց պատճառած նյութական վնասների և տուժած անձանց հաշվառման ամբողջականության, ինչպես նաև հաշվետվային ամփոփ տվյալների հավաստիության և ժամանակին ներկայացնելու համար պատասխանատվություն է կրում պետական հրդեհային հսկողության մարմնի ղեկավարը: Պետական հրդեհային հսկողության մարմինների ղեկավարները պարտավոր են յուրաքանչյուր ամիս կատարել հրդեհների մասին տեղեկությունների համեմատում` առողջապահական (մարդկանց զոհվելու կամ վնասվելու վերաբերյալ) և ապահովագրական (հրդեհների վնասների չափի վերաբերյալ) կազմակերպությունների տվյալների հետ: Պետական հրդեհային հսկողության մարմինը հսկում է հրդեհների և դրանց հետևանքների ճիշտ հաշվառումը` իր տարածքային ստորաբաժանումների գործունեության ստուգման միջոցով:

Հրդեհների վերլուծական խմբավորումը անալիտիկ աշխատանք է, որը հնարավորություն է տալիս (որոշակի հատկանիշների հիման վրա) պարզել հրդեհների փոխադարձ կապը տնտեսական և սոցիալական գործոնների հետ, հայտնաբերել հրդեհների բաշխվածության օրինաչափությունները ըստ առաջացման տեղերի, խմբավորել հրդեհներն` ըստ առաջացման պատճառների և հետևանքների:

Վիճակագրական խմբավորման առաջին խմբին են դասվում տոպոլոգիական խմբավորումները: Դրանք խնդիր ունեն հրդեհներն առանձնացնել` ըստ ինչ-որ մեկ հատկանիշի: Որպես օրինակ կարող է հանդիսանալ հրդեհների քանակի և վնասների բաժանումն ըստ տարածքային հատկանիշի, առաջացման տեղերի, տնտեսության ոլորտների և այլն:

Խմբավորման երկրորդ խումբը բաժանում է միասեռ (համասեռ) վիճակագրական նյութը` կառուցվածքային կամ բաղադրիչ մասերի: Այդպիսի խմբավորումը կոչվում է վարիացիոն (փոփոխակային): Վարիացիոն շարքը, որպես կանոն, ներկայացվում է երկու տողով: Առաջինը բնութագրում է մեր կողմից ուսումնասիրվող փոփոխակային հատկանիշի մեծությունը (արժեքը) կամ տարբերակը, իսկ երկրորդը ցույց է տալիս, թե տվյալ մեծությունը որքան հաճախ է հանդիպում: Այդ իսկ պատճառով առաջին տողը կոչվում է մեծությունների (կամ տարբերակային) տող, իսկ երկրորդը` հաճախականությունների տող: Այսպես, հրդեհները հիմնականում խմբավորվում են ըստ տարածքի, առաջացման ժամանակի, պատճառների, տնտեսության ոլորտների, նախարարությունների ու գերատեսչությունների, հրդեհային պահպանության տեսակի, նյութական վնասի, հրդեհների առաջացման մեջ պատասխանատու անձանց, և այլն: Բացի այդ, հրդեհները ստորաբաժանվում են ըստ առաջացման պատճառների և տեղերի, զոհերի ու վնասվածքներ ստացողների, հրդեհաշիջման գործոնի, հրդեհաշիջման ժամանակի, և այլն:

Երրորդ տեսակի խմբավորումները կոչվում են անալիտիկ, որոնց նպատակն է հետազոտվող երևույթների միջև փոխադարձ կախվածության հայտնաբերումը: Հատկապես տեսանելի է հրդեհների անալիտիկ կախվածությունը կլիմայական պայմաններից, հրդեհների դեմ պայքարի համար ներդրվող տեխնիկական միջոցների վիճակից, հրդեհների առաջացման մեջ պատասխանատու անձանց զբաղվածության բնույթից:

Հրդեհների վիճակագրական վերլուծության օրինակելի (կիրառելի) կառուցվածքը հետևյալն է.

1. Հրդեհների խմբավորումն ըստ հրդեհների մասին տվյալներ պարունակողների (ակտ հրդեհի մասին, հրդեհի հաշվառման քարտ, և այլն) մեջ ընդգրկված հիմնական քանակական ու որակական ցուցանիշների:

Հրդեհների կառուցվածքն ու դինամիկան արտացոլող սխեմաների, աղյուսակների, գրաֆիկների, քարտեզների կազմում:
Հրդեհների, դրանց զարգացման ու առաջացման պատճառների փոխադարձ կապը ժողովրդագրական (դեմոգրաֆիական), տնտեսական և այլ գործոնների հետ:

2. Վիճակագրական վերլուծության ժամանակ ստացված թվային ցուցանիշների և փոխկապակցվածությունների բացատրությունը:

Հրդեհների վրա ներազդող դրական և բացասական գործոնների բացահայտումն ու գնահատումը:
Հրդեհներից պատճառված նյութական վնասի աճին կամ նվազմանը նպաստող պատճառների ու երևույթների սահմանումը (հաստատումը):
Պրոֆիլակտիկ աշխատանքների և հրդեհաշիջման կազմակերպման արդյունավետության գնահատումը:
Հրդեհային պահպանության աշխատանքների դրական ձևերի ու մեթոդների բացահայտումն ու դրանց համատարած ներդրումն ու տարածումը:

3. Անալիտիկ տվյալների հիման վրա ընթացիկ ու հեռանկարային միջոցառումների մշակումը, որոնք նպատակաուղղված են հրդեհների դեմ պայքարին, դրանց քանակի պակասեցմանը և որպես հետևանք` նյութական վնասի նվազմանը:

Վիճակագրական վերլուծությամբ հիմնավորված կազմակերպական և տեխնիկական օպերատիվ միջոցների (միջոցառումների) ընդունումը (իրականացումը), որոնց նպատակն է պրոֆիլակտիկ աշխատանքների ու հրդեհաշիջման որակի բարձրացումը:

Շատ կարևոր է, որ վիճակագրական վերլուծության համադրելի ցուցանիշները վերաբերվեն միևնույն տարածքին, ժամանակահատվածին, համապատասխան նախարարությանն ու գերատեսչությանը: Օրինակ, չի կարելի համեմատել հունվարին առաջացած հրդեհների ընդհանուր քանակն ապրիլին առաջացած հրդեհների քանակի հետ, քանի որ դրանք անհամատեղելի (անհամեմատելի) տվյալներ են:

Վիճակագրական վերլուծությունը ձեռք է բերում մեծ նշանակություն այն պատճառով, որ հրդեհների և դրանց հետևանքների խմբավորումներն ու որակական բնութագրերը հանդիսանում են տեսչության աշխատանքների գնահատման կարևորագույն մասերից մեկը: Շատ կարևոր է, որպեսզի վերլուծությունը կատարվի նույն տարածքի, տնտեսության ճյուղի համար: Այն պետք է ընդգրկի հնարավորինս երկար ժամանակահատված, ինչը թույլ կտա առավել օբյեկտիվ գնահատել հրդեհների առաջացման հանգամանքները, գործոնները, բացահայտել դրանց օրինաչափությունները, բացառել պատահականությունները:

← Վերադառնալ ցուցակին