ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրդեհատեխնիկական փորձաքննություն

14:35 / 12.04.2016

Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հանդիսանում է հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով հետաքննության մարմին։ Հրդեհների հետաքննության ժամանակ հաճախ ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ։ Այդպիսի դեպքերում, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների հիման վրա (243; 244) քննիչը, դատախազը կամ դատավորը նշանակում են հրդեհատեխնիկական փորձաքննություն։ Փորձաքննությունը կատարվում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշման հիման վրա, երբ քրեական գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում՝ համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի, բնագավառներում հատուկ գիտելիքներ։

Փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին իր համաձայնությամբ, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան՝ նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը՝ գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որեւէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու եւ դրա հիման վրա եզրակացություն տալու համար։ Փորձագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Փորձագետի եզրակացությունը գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի որեւէ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործմամբ գրավոր հիմնավորված հետեւություններն են իրեն առաջադրած հարցերի, ինչպես նաեւ իր իրավասության մեջ մտնող այն հանգամանքների վերաբերյալ, որոնց նա հանգել է՝ գործի համապատասխան նյութերը հետազոտելով։ Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է գրավոր եզրակացություն եւ հաստատում է այն իր ստորագրությամբ, որն ուղարկվում է փորձաքննություն նշանակող անձին։ Փորձագետի եզրակացության մեջ պետք է նշված լինի՝ երբ, որտեղ, ում կողմից (անուն, ազգանուն, հայրանուն, կրթությունը, մասնագիտությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը եւ կոչումը, զբաղեցրած պաշտոնը) եւ ինչի հիման վրա է կատարվել փորձաքննությունը, ովքեր են մասնակցել, քրեական գործի որ նյութերն է փորձագետն օգտագործել, ինչպիսի իրեղեն ապացույցներ, նմուշներ եւ այլ օբյեկտներ են հետազոտվել, ինչպիսի հետազոտություններ են կատարվել, ինչպիսի մեթոդներ են կիրառվել, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք պարզվել են փորձագետի նախաձեռնությամբ։

Փորձագետի եզրակացությանը պետք է կցվեն հետազոտված իրեղեն ապացույցները, նմուշները եւ այլ նյութեր, ինչպես նաեւ փորձագետի հետեւությունները պարզաբանող լուսանկարները, սխեմաները։ Եթե ներկայացված նյութերն անբավարար են կամ հարցի լուծումը դուրս է փորձագետի հատուկ գիտելիքների սահմաններից, փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում։

Հրդեհատեխնիկական փորձաքննությունը դատավարական օրենքով սահմանված կարգով իրականացվող նյութերի (հանգամանքների) կամ հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետազոտումն է տեղեկացված (գիտակ) անձի (փորձագետի) միջոցով, որի նպատակն է հայտնաբերել (պարզել) հրդեհի առաջացման տեղն ու ժամանակը, պատճառն ու տարածման ուղիները, հրդեհային անվտանգության կանոնների խախտումները, ինչպես նաև այլ տեխնիկական հարցերի պարզաբանումները։

Օրգանապես կապված լինելով գիտելիքների հրդեհատեխնիկական բնագավառի հետ (հրդեհային պրոֆիլակտիկա, հրդեհաշիջման տեխնիկա ու տակտիկա և այլն) հրդեհատեխնիկական փորձաքննությունը հիմնվում է զանազան գիտությունների և գիտելիքների բնագավառների նվաճումների վրա (քիմիա, ֆիզիկա, էլեկտրատեխնիկա, շինարարական գործ, կրիմինալիստիկա և այլն), որոնք ծառայում են որպես հրդեհատեխնիկական փորձաքննության գիտական հիմնավորում և հանդիսանում են դրա արժանահավատության (ստույգության) անհրաժեշտ պայման։

Փորձագետը պարտավոր է ոչ միայն հայտնել իր եզրակացությունը հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակած անձին, այլև հիմնավորել այն, ընդ որում այնպես, որ քննիչը կամ դատավորը կարողանան ըմբռնել ու գնահատել , թե որքանով է այդ եզրակացությունը ճիշտ։ Ոչ լիարժեք հիմնավորված եզրակացությունը չունի ապացուցողական նշանակություն և հաճախ, այդպիսի “հետազոտություններից” հետո, քննիչն ու դատարանը ստիպված են լինում նշանակել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն։ Փորձագետը պետք է իր եզրակացությունը հիմնավորի ոչ միայն գործի մեջ եղած նյութերով, այլև հետազոտությունների ու դրանց արդյունքների միջոցով, քանի որ բացառված չէ, որ այն նյութերը, որոնց վրա հիմնվել էր փորձագետը, հետագայում կարող են ճանաչվել կեղծ կամ սխալ։

Հրդեհատեխնիկական փորձաքննությունը հանդիսանում է դատական փորձաքննության ինքնուրույն բնագավառ և մյուսներից առանձնանում է հետազոտության առարկայով։ Հրդեհատեխնիկական փորձաքննության հետազոտության առարկան է հանդիսանում հարցերի համալիրը, որը լուծվում է քննիչի, դատախազի կամ դատարանի հանձնարարությամբ` հրդեհատեխնիկական փորձագետի կողմից` իր իրավասությունների ու գիտելիքների շրջանակներում։ Հարկավոր է հաշվի առնել, որ հրդեհատեխնիկական փորձաքննության միջոցով պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը շատ լայն է` ի տարբերություն այլ փորձաքննությունների։ Դա բացատրվում է հրդեհների առաջացման պատճառների ու պայմանների, զարգացման առանձնահատկությունների, հրդեհաշիջման և հետևանքների բազմազանությամբ։ Այսպես, մասնավորապես, հրդեհատեխնիկական փորձագետը պարզաբանում է`

-հրդեհի առաջացման տեղը, ժամանակը և առաջացման պատճառը.
-կրակի տարածման ուղիները.
-հրդեհային անվտանգության կանոնների խախտումների փաստերը.
-տարբեր նյութերի ու առարկաների հրդեհավտանգավոր հատկությունները.
-պատճառական կապի առկայությունը կամ բացակայությունը մի կողմից հրդեհային անվտանգության կանոնների խախտումների փաստերի, իսկ մյուս կողմից` հրդեհի առաջացման, տարածման և հետևանքների միջև, և այլն։
Հրդեհատեխնիկական փորձաքննության հետազոտության առարկան որոշվում է քննիչի կամ դատարանի կողմից ամեն մի կոնկրետ դեպքի համար` կախված գործի հանգամանքներից։

Հրդեհատեխնիկական փորձաքննության օբյեկտներ կարող են հանդիսանալ տարբեր հանգամանքներ ու առարկաներ, որոնք վերաբերվում են հետաքննվող իրադարձությանը։ Որպես կանոն, այդպիսի օբյեկտներ են հանդիսանում`

-շենքերի ու շինությունների այրելի և դժվար այրելի կառուցատարրերի այրված ու ածխացած մնացորդները, ինչպես նաև առարկաների այրված կամ մասնակիորեն այրված մնացորդները.
-էլեկտրասարքավորումները և էլեկտրական պարագաները.
-տարատեսակ տեխնիկական կառուցվածքները և տեխնոլոգիական սարքավորումները.
-ջեռուցիչ և տաքացնող սարքերը.
-դյուրավառ և այրվող հեղուկների հետքերով առարկաները.
-բռնկման և ինքնաբռնկման հատկություններով օժտված նյութերը.
-հրկիզման գործիքները կամ դրանց մնացորդները.
-հակահրդեհային տեխնիկան և հրդեհաշիջման միջոցները, և այլն։

Հրդեհատեխնիկական փորձագետի եզրակացությունը, որը հիմնված է իրականացված հետազոտությունների արդյունքների վրա, հանդիսանում է տվյալ գործով ապացույցների աղբյուր, որով ի հայտ են բերվում մինչ այդ անհայտ փաստեր ու հանգամանքներ, դրանց և դրանց առաջացրած հետևանքների միջև եղած պատճառական կապը։

Հրդեհատեխնիկական փորձաքննության (ինչպես և ցանկացած այլ փորձաքննության) խնդիրն է հանդիսանում առկա գիտական տվյալների ու գիտելիքների հիման վրա հետազոտությունների իրականացումը այն փաստերի և առարկաների, որոնք ներկայացվել են քննիչի կամ դատարանի կողմից։

Հրդեհատեխնիկական փորձաքննությունը (ինչպես և ցանկացած այլ փորձաքննություն) կարող է լինել առաջնային, լրացուցիչ, կրկնակի, իսկ ըստ դրա անցկացման սուբյեկտների` միանձնյա, հանձնաժողովային և համալիր։

Առաջնային հրդեհատեխնիկական փորձաքննությունը հետաքննվող գործով կատարվում է առաջին անգամ։ Այն կհամարվի առաջնային նաև այն դեպքում, երբ արդեն նշանակվել կամ կատարվել են այլ փորձաքննություններ (քիմիական, կրիմինալիստական (քրեագիտական), հաշվապահական, շինարարական, էլեկտրատեխնիկական, և այլն)։ Այսինքն, նույն քրեական գործով կարող են անցկացվել մի քանի առաջնային փորձաքննություններ։

Լրացուցիչ հրդեհատեխնիկական փորձաքննություն, որպես կանոն, նշանակվում է այն դեպքերում, երբ առաջնային հրդեհատեխնիկական փորձաքննությունն իրականացրած փորձագետի եզրակացության մեջ չկա բավարար պարզություն և լրիվություն, կամ հետաքննության ընթացքում հայտնաբերվել են նոր օբյեկտներ, որոնք ենթակա են հետազոտման։ Լրացուցիչ հրդեհատեխնիկական փորձաքննության անհրաժեշտությունը վերանում է, երբ այդ հարցերի պարզաբանման համար պետք չեն լաբորատոր կամ այլ հետազոտություններ, և կարող են ճշտվել փորձագետի հարցաքննության միջոցով։

Որպես կանոն, լրացուցիչ հրդեհատեխնիկական փորձաքննության անցկացումը հանձնարարում են առաջնային հրդեհատեխնիկական փորձաքննությունն իրականացրած փորձագետին, կամ ուրիշին` եթե տվյալ փորձագետը հնարավորություն չունի կատարելու այն։ Լրացուցիչ հրդեհատեխնիկական փորձաքննության հետևությունները կարող են չհամընկնել առաջնային հրդեհատեխնիկական փորձաքննության հետևությունների հետ կամ նույնիսկ հակասել դրանց, սակայն դա փորձագետի մեղքը չէ, եթե լրացուցիչ հրդեհատեխնիկական փորձաքննության ժամանակ հետազոտվել են նոր հանգամանքներ և օբյեկտներ։

Հրդեհատեխնիկական փորձաքննության հետևությունների ճշտության և հիմնավորվածության մեջ կասկածներ առաջանալու դեպքում նշանակվում է կրկնակի փորձաքննություն։ Այն նշանակվում է, մասնավորապես, այն դեպքերում, երբ հայտնաբերվում են`

-փորձագետի մասնագիտական անիրավասություն.
-փորձաքննության կատարման դատավարական կանոնների զգալի խախտումներ.
-այնպիսի փաստեր, որոնք մատնանշում են փորձագետի շահագրգռվածությունը տվյալ գործի ելքով.
-գիտելիքների տվյալ ոլորտին չհամապատասխանող միջոցների և մեթոդների կիրառման փաստեր.
-մեկնարկային տվյալների և եզրահանգումների անհամապատասխանություն.
-փորձագիտական հանձնաժողովի անդամների անհամաձայնություն, և այլն։

Կրկնակի փորձաքննությունը հանձնարարվում է ուրիշ փորձագետի, կամ նույնիսկ նյութերը կարող են ուղարկվել ուրիշ փորձագիտական կենտրոն։ Հետևաբար, կրկնակի փորձաքննության խնդիրն է ստուգել առաջնային փորձաքննության ժամանակ կատարված հետազոտությունները, բացատրել հայտնաբերված անճշտությունները։ Այդ իսկ պատճառով կրկնակի փորձաքննությունը երբեմն անվանում են վերահսկողական։

Փորձագետը համակողմանիորեն վերլուծում է առաջնային փորձաքննությունն իրականացրած փորձագետի եզրակացությունը, որպեսզի հետաքննչական և դատական մարմինների համար պարզ լինի, թե ինչի հետ համաձայն չէ կրկնակի փորձաքննությունն իրականացնող փորձագետը։

Հարկ է նշել, որ կրկնակի փորձաքննության հնարավորություններն ավելի սահմանափակ են, քանի որ այն անցկացվում է շատ ավելի ուշ։ Այդ ընթացքում դեպքի վայրն ու իրեղեն ապացույցները, որպես կանոն, չեն պահպանվում իրենց սկզբնական տեսքով։ Այդ իսկ պատճառով փորձագետը ստիպված է լինում հետազոտությունն անցկացնել ավելի շատ գործի նյութերով, գծագրերով, պլաններով, լուսանկարներով և այլն։ Կրկնակի փորձաքննության անցկացումը հեշտացնելու նպատակով առաջնային փորձաքննությունն իրականացրած փորձագետը պետք է որակյալ և բազմակողմանիորեն հետազոտի բոլոր մեկնարկային (նախնական) տվյալները։

Հրդեհատեխնիկական փորձաքննությունների անցկացման պրակտիկան ցույց է տալիս, որ կրկնակի հրդեհատեխնիկական փորձաքննությունը նպատակահարմար է իրականացնել հանձնաժողովի միջոցով։ Կրկնակի հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքները գնահատում են առաջնային հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքների հետ համեմատելու միջոցով։ Սակայն կարող են լինել դեպքեր, երբ քննիչը հիմք է ընդունում կրկնակի հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքները, բայց դատարանը մերժում է այն և օգտվում առաջնային հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքներից։

Լրացուցիչ և կրկնակի հրդեհատեխնիկական փորձաքննություններ կարող են նշանակվել ինչպես քննիչի կամ դատարանի նախաձեռնությամբ, այնպես էլ մեղադրյալի, նրա պաշտպանի և դատական պրոցեսի այլ մասնակիցների միջնորդությամբ։

Միանձնյա հրդեհատեխնիկական փորձաքննությունը կատարում է մեկ անձը, իսկ հանձնաժողովայինը` նույն մասնագիտությունն ունեցող փորձագետների խումբը (հանձնաժողովը)։ Հանձնաժողովային հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակվում է կատարվող հետազոտությունների բարդության կամ կրկնակի հրդեհատեխնիկական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության դեպքում։ Փորձագետները կազմում են ընդհանուր եզրակացություն, սակայն տարաձայնությունների դեպքում յուրաքանչյուր փորձագետ ներկայացնում է ինքնուրույն (առանձին) եզրակացություն։

Որոշ (մասնավորապես` արդյունաբերական ձեռնարկությունների) հրդեհների հետաքննության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում միավորել տարբեր բնագավառների մասնագետների ջանքերը` այս կամ այն հարցը լուծելու համար։ Այդպիսի դեպքերում նշանակվում է համալիր հրդեհատեխնիկական փորձաքննություն։ Համալիր հրդեհատեխնիկական փորձաքննության հետևություններն ամրագրվում են կամ մեկ եզրակացությամբ, որտեղ ամեն մի փորձագետ ստորագրում է իր կողմից իրականացրած հետազոտությունների արդյունքների տակ, կամ էլ ամեն մի փորձագետ կազմում է առանձին եզրակացություն։ Համալիր հրդեհատեխնիկական փորձաքննության անցկացումը ենթադրում է հետազոտությունների կատարման կարգի ու հերթականության, ինչպես նաև դրանց արդյունքների պարտադիր համատեղ քննարկում։

Համալիր հրդեհատեխնիկական փորձաքննություն կարող է կատարվել տարբեր մասնագիտությունների տեր փորձագետների խմբի կողմից (օրինակ` հրշեջ, էլեկտրիկ, քիմիկոս, ֆիզիկոս և այլն)։ Փորձաքննությունը համարվում է համալիր նաև այն դեպքում, երբ այն անցկացնում է մեկ փորձագետ, որը տիրապետում է տարբեր բնագավառների գիտելիքների։

Համալիր հրդեհատեխնիկական փորձաքննության նշանակումն ու իրականացումը հաճախակի երևույթ է։ Դա բացատրվում է նրանով, որ հրդեհների հետաքննության ժամանակ ի հայտ են գալիս բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը կարող է տրվել միայն գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառների հատուկ գիտելիքների համալիրի օգնությամբ։ Առավել հաճախ համալիր հրդեհատեխնիկական փորձաքննության ժամանակ փորձագետների խմբում ընդգրկվում են տեխնոլոգներ, էլեկտրիկներ, քիմիկոսներ, ջեռուցման և օդափոխության համակարգերի մասնագետներ, էլեկտրագազաեռակցման, շինարարական գործի մասնագետներ և այլն։

Օրենքը չի նախատեսում կոնկրետ դեպքեր, երբ անհրաժեշտ է նշանակել հրդեհատեխնիկական փորձաքննություն, այն որոշում են քննիչը կամ դատախազը` ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից։ Օրինակ, խոշոր գործարաններից մեկի հումքի պահեստում հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում այրվել էր մեծ քանակությամբ տարբեր տեսակի մանրաթել։ Մի շարք այլ հավանական պատճառների հետ մեկտեղ պետք էր ստուգել նաև հրդեհի առաջացման հավանականությունը պահեստում պահվող նյութերի ինքնաբռնկումից։ Քանի որ քննիչը չուներ տվյալներ դրանց ինքնաբռնկվող հատկությունների մասին (տեխնիկական և տեղեկատու գրականության մեջ այդ տվյալները բացակայում էին), նա որոշում է կայացնում հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Փորձագետը` քննիչից ստանալով մանրաթելերի նմուշները և փորձագիտական կենտրոնում կատարելով փորձաքննություն, տվեց եզրակացություն, որ հրդեհի առաջացումը ինքնաբռնկումից բացառվում է, քանի որ պահեստում պահվող մանրաթելերը այդպիսի հատկությամբ օժտված չեն։

Հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու հիմքերից մեկն էլ կարող է լինել գործի նյութերում իրար հակասող տվյալների առկայությունը։ Պրակտիկայում այդ հակասությունը առավել հաճախ լինում է հրդեհի մասին ակտի և գերատեսչական ակտի միջև։ Հրդեհի մասին ակտը հանդիսանում է գործի անքակտելի մասը, կազմվում է Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակցի կողմից ղեկավարվող հանձնաժողովի կողմից` բոլոր հրդեհների դեպքում։ Ակտում նշվում են հրդեհի հայտնաբերման ժամանակը, ով է հայտնաբերել և հայտնել հրդեհի մասին, հրշեջ ծառայությունում կանչի ստացման ժամանակը, հրդեհի մարման ժամանակը և հետևանքները։ Նախնական տվյալների հիման վրա հանձնաժողովը տալիս է իր կարծիքը հրդեհի առաջացման հավանական պատճառի վերաբերյալ։

Գերատեսչական հանձնաժողովի ակտը (մասնագետների տեխնիկական եզրակացությունը), որպես կանոն, կազմվում է այն դեպքում, երբ հրդեհն առաջացել է արդյունաբերական ձեռնարկությունում։ Այդ ակտի կազմման գործընթացին կարող են մասնակցել նաև Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները։ Որպես կանոն, հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակում են այն դեպքում, երբ այդ երկու ակտերի միջև եղած տարաձայնությունները կապված են հրդեհի առաջացման տեղի, տարածման ուղիների և պատճառի հետ։

Հարկավոր է նշել, որ հրդեհատեխնիկական փորձաքննություն պետք է նշանակել միայն դրա անցկացման անհրաժեշտության բավարար հիմքերի դեպքում։ Օրինակ, բնակելի տներից մեկում հրդեհ էր առաջացել։ Հետաքննիչը պարզել էր, որ այն առաջացել է խոհանոցում գտնվող նավթավառի շրջակայքում, իսկ տանտիրուհին պնդում էր, որ ինքը փչելով հանգցրել է նավթավառը` հրդեհի բռնկումից 5-10 րոպե առաջ։ Եվ հետաքննիչը որոշում է նշանակել հրդեհատեխնիկական փորձաքննություն` առաջադրելով անգրագետ մի հարց. “Կարո՞ղ էր արդյոք տանտիրուհին փչելով հանգցնել նավթավառը, թ՞ե ոչ”։ Ակնհայտ է, որ այս դեպքում լրիվ բավական էր անցկացնել հետաքննչական փորձարարություն, այլ ոչ թե նշանակել հրդեհատեխնիկական փորձաքննություն։

Հրդեհատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար որոշիչ պահ է հանդիսանում քննիչի ձեռքի տակ գտնվող այնպիսի տվյալների առկայությունը, որոնք ենթակա են փորձագիտական հետազոտման և բավարար են նրան հետաքրքրող հարցերին պատասխանելու համար։ Հրդեհատեխնիկական փորձաքննության անցկացումը չի դասվում անհետաձգելի փորձաքննությունների շարքին և կարող է նշանակվել հետաքննության ցանկացած փուլում։ Հաճախ այն նշանակում են անմիջապես հրդեհից հետո` նպատակ ունենալով փորձագետին հնարավորություն տալ “տաք հետքերով” կատարել հետազոտություններ։ Պետք է նշել, որ հրդեհի վայրի հետազոտման համար հետաքննիչը կարող է ներգրավել համապատասխան մասնագետի, ով նրան կցուցաբերի անհրաժեշտ որակյալ օգնություն։

(շարունակությունը  2-րդ մասում)

 

← Վերադառնալ ցուցակին