ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգությունը

15:02 / 16.05.2016

Հրդեհի տարածումը կանխարգելվում է այրման մակերեսի ինտենսիվությունը և տևողությունը սահմանափակող միջոցառումների իրականացմամբ: Դրանց են վերաբերվում.

1 սենքում, սենքերի միջև, տարբեր գործառական հրդեհային վտանգավորության սենքերի խմբերի, հրդեհային հատվածամասերի, ինչպես նաև շենքերի միջև հրդեհի վտանգավոր գործոնների տարածումն արգելակող կոնստրուկտիվ և ծավալահատակագծային լուծումները,
2 շենքի կոնստրուկցիաների, այդ թվում տանիքածածկերի, ճակատների հարդարման ու երեսապատման, սենքերի և տարահանման ուղիների մակերևույթային շերտերում օգտագործվող շինարարական նյութերի հրդեհային վտանգավորության սահմանափակումը,
3 սենքերի և շենքերի տեխնոլոգիական պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության նվազեցումը,
4 հրդեհաշիջման առաջնային, այդ թվում` ավտոմատ հրդեհաշիջման միջոցների առկայությունը,
5 հրդեհի մասին ազդանշանումը և ազդարարումը:

Շենքերի մասերը, որտեղ հրդեհի մարումը դժվար է իրականացնել տեխնիկական սենքեր և հարկեր, նկուղային և որմնախարսխային հարկեր ու շենքի այլ մասեր, պետք է սարքավորել լրացուցիչ միջոցներով` ուղղված այրման մակերեսի, ինտենսիվության և տևողության սահմանափակմանը: Հրդեհի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը թույլատրվում է գնահատել հրդեհից ուղղակի և անուղղակի վնասի սահմանափակմանն ուղղված տեխնիկատնտեսական հաշվարկներով:

Տարբեր դասի գործառական հրդեհային վտանգավորության շենքերի մասերը և սենքերը միմյանցից պետք է բաժանված լինեն հրակայունության սահմաններով և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասերով նորմավորված պատող կոնստրուկցիաներով կամ հակահրդեհային պատնեշներով: Ընդ որում, այդպիսի պատող կոնստրուկցիաներին և հակահրդեհային պատնեշների տեսակներին ներկայացվող պահանջները սահմանվում են` հաշվի առնելով սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, հրդեհային բեռնվածքի մեծությունը, հրակայունության աստիճանը և շենքի կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը:

Շենքում հակահրդեհային պատնեշներով բաժանված տարբեր գործառական հրդեհային վտանգավորության հատվածամասերի առկայության դեպքում, յուրաքանչյուր այդպիսի մասը պետք է բավարարի համապատասխան գործառական հրդեհային վտանգավորության` շենքերին ներկայացվող հակահրդեհային պահանջներին: Շենքի հակահրդեհային պաշտպանության համակարգն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ դրա մասերի տարբեր գործառական հրդեհային վտանգավորության դեպքում, շենքի գործառական հրդեհային վտանգավորությունն ամբողջությամբ կարող է մեծ լինել այդ մասերից յուրաքանչյուրի գործառական հրդեհային վտանգավորությունից:

Գ5 դասի շենքերում Ա և Բ կարգի սենքերը, եթե դա թույլատրվում է տեխնոլոգիական պահանջներով, պետք է տեղակայել արտաքին պատերի մոտ, իսկ բազմահարկ շենքերում` վերևի հարկերում: Նկուղային և որմնախարսխային հարկերում չի թույլատրվում տեղաբաշխել սենքեր, որոնցում օգտագործվում կամ պահվում են այրվող գազեր և հեղուկներ, ինչպես նաև դյուրաբոցավառ նյութեր` բացառությամբ վերապահված դեպքերի: Շինարարական կոնստրուկցիաները չպետք է նպաստեն այրման թաքնված տարածմանը: Շինարարական կոնստրուկցիաների ամրակման հանգույցի հրակայունությունը պետք է լինի կոնստրուկցիայի պահանջվող հրակայունությունից ոչ ցածր: Նորմավորված հրակայունությամբ և հրդեհային վտանգավորությամբ պատող կոնստրուկցիաների հետ խողովակաշարով և մալուխներով փոխհատվող հանգույցները չպետք է նվազեցնեն կոնստրուկցիաների՝ պահանջվող հրդեհատեխնիկական ցուցանիշները:

Կոնստրուկցիաների բաց մակերևույթի վրա պատված հատուկ հրապաշտպան ծածկույթները և տոգորանյութերը պետք է համապատասխանեն կոնստրուկցիաների հարդարմանը ներկայացվող պահանջներին: Տեխնիկական փաստաթղթերում այդ ծածկույթների և տոգորանյութերի վերաբերյալ պետք է տրված լինի դրանց փոխարինման կամ վերականգնման պարբերականությունը` կախված շահագործման պայմաններից: Կոնստրուկցիաների հրակայունության սահմանը բարձրացնելու կամ հրդեհային վտանգավորության դասը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է այդ կոնստրուկցիաները հատուկ հրապաշտպան նյութերով ենթարկել տոգորման: Կոնստրուկցիաների հրակայունության սահմանների բարձրացման կամ հրդեհային վտանգավորության կարգերի նվազեցման դեպքում չի թույլատրվում հատուկ հրապաշտպան ծածկույթների օգտագործումն այն տեղերում, որտեղ բացառվում է դրանց պարբերական փոխարինումը կամ վերականգնումը:

Նյութերի հրդեհային վտանգավորության նվազեցման, ինչպես նաև կոնստրուկցիաների հրակայունությունը բարձրացնելու համար նախատեսված հրապաշտպան միջոցների արդյունավետությունը պետք է գնահատվի փորձարկման միջոցով: Մետաղե կոնստրուկցիաների կրողականությունը որոշելիս, հաշվի չառնվող հրապաշտպան միջոցների արդյունավետությունը թույլատրվում է գնահատել առանց ստատիկ բեռնվածքի` 1,7մ-ից ոչ պակաս բարձրությամբ փոքրացված չափերով սյան մոդելի կամ 2,8մ-ից ոչ պակաս թռիչքով հեծանի մոդելի համեմատական փորձարկումներով: Ծածկերի և վերնածածկերի հրակայունության սահմանը բարձրացնելու նպատակով օգտագործվող կախովի առաստաղներն ըստ հրդեհային վտանգավորության պետք է համապատասխանեն այդ ծածկերին և վերնածածկերին ներկայացվող պահանջներին: Տարահանման ուղիներում և սենքերում կախովի առաստաղների հիմնակմախքը հարկավոր է իրականացնել չայրվող նյութերից: Կախովի առաստաղներով սենքերում հակահրդեհային միջնորմները պետք է բաժանեն դրանցից վեր գտնվող տարածությունը: Կախովի առաստաղների ետևի տարածությունում չի թույլատրվում նախատեսել այրվող գազերի, փոշեօդային խառնուրդների, հեղուկների և նյութերի տեղափոխման անցուղիներ և խողովակաշարեր: Չի թույլատրվում նախատեսել կախովի առաստաղներ Ա և Բ կարգի սենքերում:

Հակահրդեհային պատնեշները շենքի պատող կոնստրուկցիաների հետ միացման տեղերում, այդ թվում շենքի ուրվագծի փոփոխման տեղերում, պետք է նախատեսել հրդեհի տարածումը կանխարգելող միջոցառումներ, շրջանցելով այդ պատնեշները: Շենքը հրդեհային հատվածամասերի բաժանող հակահրդեհային պատերը պետք է կառուցել շենքի ամբողջ բարձրությամբ` հրդեհի տարածումը դեպի հարակից հրդեհային հատվածամաս կանխարգելելու նպատակով: Հրդեհի ժամանակ հակահրդեհային պատնեշների բացվածքները պետք է լինեն փակ: Հակահրդեհային պատնեշներում պատուհանները պետք է լինեն չբացվող, իսկ դռները, դարպասները, ելանցքները և փականները պետք է ունենան ինքնափակման համար սարքվածքներ, փեղկերում` խցվածքներ: Դռները, դարպասները, ելանցքները և փականները, որոնք կարող են շահագործվել բաց վիճակում, պետք է կահավորված լինեն հրդեհի դեպքում ավտոմատ փակումն ապահովող սարքվածքներով:

Հակահրդեհային պատնեշներում բացվածքների ընդհանուր մակերեսը, բացառությամբ վերելակային հորանների պատերի, չպետք է գերազանցի այդ մակերեսի 25-ը: Ա և Բ կարգի սենքերը այլ կարգի սենքերից, միջանցքներից, սանդղավանդակներից և վերելակային նախամուտքերից բաժանող հակահրդեհային պատնեշներում պետք է նախատեսել օդի մշտական ճնշումով նախամուտք-անցախցեր՝ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նշված կարգերի երկու և ավելի սենքերի համար ընդհանուր նախամուտք-անցախցերի սարքում չի թույլատրվում:

Ա և Բ կարգի սենքերն այլ սենքերից բաժանող այն հակահրդեհային պատնեշներում, որոնցում հնարավոր չէ սարքել նախամուտք-անցախցեր, կամ Վ կարգի սենքերն այլ սենքերից բաժանող հակահրդեհային պատնեշների բացվածքներում (դռներ, դարպասներ, ելանցքներ և փականներ) պետք է նախատեսել միջոցառումների համալիր` հրդեհի տարածումն ու պայթունավտանգ պարունակություններ առաջացնող այրվող գազերի, դյուրաբոցավառ և այրվող հեղուկների, փոշիների, թելքերի թափանցումը հարակից հարկերը և սենքերը կանխարգելելու համար: Վ, Գ և Դ կարգի հարակից սենքերի միջև հաղորդակցման համար հակահրդեհային պատնեշների բացվածքներում, որոնք չեն կարող փակվել հակահրդեհային դռներով կամ դարպասներով, թույլատրվում է նախատեսել ավտոմատ հրդեհաշիջման կայանքներով կահավորված բաց նախամուտքեր: Այդ նախամուտքերի պատող կոնստրուկցիաները պետք է լինեն հակահրդեհային:

Հակահրդեհային պատնեշներում որմնանցքների լցնումը պետք է կատարվի չայրվող նյութերով: Դռները, դարպասները, ելանցքները և փականները թույլատրվում է պատրաստել 40մմ-ից ոչ պակաս հաստությամբ չայրվող նյութերով պաշտպանված, այրվողականության Ա3-ից ոչ ցածր խմբի նյութերի օգտագործմամբ: Հակահրդեհային պատնեշներում նախամուտք-անցախցերի դռները, դարպասները և ելանցքները սենքերի կողմից, որոնցում չեն կիրառվում և չեն պահվում այրվող գազեր, հեղուկներ և նյութեր, ինչպես նաև բացակայում են այրվող փոշու առաջացման հետ կապված գործընթացներ, թույլատրվում է պատրաստել 40մմ-ից ոչ պակաս հաստությամբ այրվողականության Ա3 խմբի նյութերից և առանց անցքերի: Չի թույլատրվում հակահրդեհային պատերը և 1-ին տեսակի ծածկերը հատել խուղակներով, հորաններով և խողովակաշարերով` նախատեսված այրվող գազերի, փոշեօդային խառնուրդների, հեղուկների և նմանատիպ այլ նյութերի տեղափոխման համար: Վերը նշվածներից տարբերվող նյութերը խուղակներով, հորաններով և խողովակաշարերով տեղափոխելու համար հակահրդեհային պատերի և 1-ին տեսակի ծածկերի հետ դրանց հատման տեղերում պետք է նախատեսել այրման արգասիքների տարածումը կանխարգելող ավտոմատ սարքեր:

Վերելակային հորանների և վերելակների մեքենայական բաժանմունքների սենքերի (բացի տանիքածածկի վրա տեղավորվածներից), ինչպես նաև հաղորդակցուղիների տեղավորման համար անցուղիների, խորշերի և հորանների պատող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմներին և 3-րդ տեսակի ծածկերին ներկայացվող պահանջներին: Վերելակային հորանների պատերում հակահրդեհային դռների սարքման անհնարինության դեպքում պետք է նախատեսել նախամուտքեր կամ նախասրահներ` 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմներով և 3-րդ տեսակի ծածկերով կամ էկրաններ, որոնք հրդեհի դեպքում ավտոմատ կերպով կփակեն վերելակային հորանների դռների բացվածքները: Չծխապատվող սանդղավանդակներով շենքերում, որոնք չունեն իրենց ելքերի մոտ հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցեր, պետք է նախատեսվի վերելակային հորանների ավտոմատ հակածխային պաշտպանություն:

Նկուղային կամ որմնախարսխային հարկից, որի սենքերում օգտագործվում կամ պահվում են այրվող նյութեր, առաջին հարկի սենքեր տանող սանդուղքները պետք է եզրապատված լինեն 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմներով` հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցերի կառուցմամբ: Գ5 դասի շենքերում Վ, Գ և Դ կարգի սենքերով նկուղային կամ որմնախարսխային հարկից ելքը դեպի առաջին հարկի նույն կարգի սենքեր թույլատրվում է նախատեսել առանց նախամուտք-անցախցերի կառուցման: Գ2, Գ3 և Գ4 դասի շենքերում ճեմասրահից, հանդերձարաններից, ծխարաններից և սանհանգույցներից, որոնք տեղավորված են նկուղային կամ որմնախարսխային հարկում, դեպի առաջին հարկ ելքերը թույլատրվում է նախատեսել առանց նախամուտք-անցախցերի կառուցման: Նախասրահից մինչև երկրորդ հարկ տանող 2-րդ տեսակի սանդուղք կամ շարժասանդուղք կառուցելիս, սենքը, որում տեղավորված է 2-րդ տեսակի սանդուղքը կամ շարժասանդուղքը, պետք է առանձնացված լինի միջանցքներից և հարակից սենքերից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմերով և հակահրդեհային դռներով:

Սենքը, որում տեղավորված է 2-րդ տեսակի սանդուղք, պետք է առանձնացված լինի իրեն հարող միջանցքներից և այլ սենքերից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմներով և հակահրդեհային դռներով: Թույլատրվում է չառանձնացնել հակահրդեհային միջնորմներով սենքը, որում տեղավորված է 2-րդ տեսակի սանդուղք`

1) ամբողջ շենքում ավտոմատ հրդեհաշիջման համակարգի առկայության դեպքում,
2) 9մ-ից ոչ ավելի բարձրություն և հարկի 300մ2-ից ոչ ավելի մակերես ունեցող շենքերում:

Նկուղային և որմնախարսխային հարկերում վերելակների առջև պետք է նախատեսել հրդեհի դեպքում օդի ճնշմամբ 1-ին տեսակի նախամուտք-անցախուց: Շենքերի և հրդեհային հատվածամասերի չափերի, ինչպես նաև շենքերի միջև հառավորությունների ընտրությունը պետք է կատարել՝ կախված դրանց հրակայունության սահմանից, կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասից, հրդեհային բեռնվածքի մեծությունից, հաշվի առնելով նաև հակահրդեհային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետությունը, հրշեջ փրկարարական ստորաբաժանման առկայությունն ու հեռահասությունը, նրանց զինվածությունը, հրդեհի հնարավոր տնտեսական և էկոլոգիական հետևանքները: Շահագործման ընթացքում պետք է ապահովված լինի հակահրդեհային պաշտպանության բոլոր ինժեներական միջոցների սարքինությունը: Սահմանված պահանջների համաձայն շենքերը պետք է սարքավորվեն հրդեհի ազդանշանման և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով:

Հնարավոր հրդեհի մարումը և փրկարարական աշխատանքների իրագործումն ապահովում են կոնստրուկտիվ, ծավալահատակագծային, ինժեներատեխնիկական և կազմակերպչական հետևյալ միջոցառումներով.

1) հատուկ կամ գործառնական անցումներով և մուտքերով համատեղված հրշեջ փրկարարական տեխնիկայի համար անցումների և ստորգետնյա ուղիների սարքումը,
2) արտաքին հրշեջ սանդուղքների սարքումը և հրշեջ փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի ու տեխնիկայի` դեպի շենքերի տանիք և հարկեր բարձրացնելու այլ միջոցների ապահովումը, այդ թվում հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեղափոխման ռեժիմ ունեցող վերելակների սարքումը,
3) հակահրդեհային ջրմուղի, այդ թվում համատեղված տնտեսականի հետ, կամ հատուկ ջրմուղի, իսկ անհրաժեշտության դեպքում` ցամաքախողովակների և հակահրդեհային ջրավազանների (ամբարների) սարքումը,
4) շենքի ներսում հրշեջ ստորաբաժանումների ընթացուղիների հակածխային պաշտպանությունը,
5) անհրաժեշտության դեպքում մարդկանց փրկության անհատական կամ կոլեկտիվ միջոցներով շենքի կահավորումը,
6) բնակավայրի կամ օբյեկտի տարածքում անձնակազմի անհրաժեշտ թվաքանակով և հրդեհների ազդեցության շառավիղում տեղադրված օբյեկտներում հրդեհի մարման պայմաններին համապատասխանող հրդեհային տեխնիկայով հագեցված հրշեջ փրկարարական ստորաբաժանումների տեղավորումը: Նշված միջոցառումների ընտրությունը կախված է շենքի կոնստրուկտիվ և գործառական հրդեհային վտանգավորության դասից:

Հիմնական և հատուկ հրշեջ մեքենաների անցումները պետք է նախատեսել սահմանված պահանջներին համապատասխան: Մինչև տանիքածածկի քիվը կամ արտաքին պատի (քիվապատի) վերևը 10մ և ավելի բարձրությամբ շենքերի համար պետք է նախատեսել ելքեր դեպի տանիքածածկ անմիջապես սանդղավանդակներից կամ ձեղնահարկերի միջով, բացառությամբ տաք ձեղնահարկի, ինչպես նաև 3-րդ տեսակի սանդուղքներով կամ արտաքին հրշեջ սանդուղքներով: Դեպի տանիքածածկ ելքերի թիվը և տեղաբաշխումը պետք է նախատեսել կախված շենքի գործառական հրդեհային վտանգավորությունից և չափերից, բայց մեկ ելքից ոչ պակաս.

1) ձեղնահարկային վերնածածկով շենքի յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ 100մ երկարության համար,
2) Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի անձեղնահարկ վերնածածկով շենքերի յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ 1000մ2 մակերեսի համար,
3) Գ5 դասի շենքերի պարագծով հրշեջ սանդուղքներով տեղադրված յուրաքանչյուր 280մ-ը մեկ:
4) Թույլատրվում է չնախատեսել.

ա. հրշեջ սանդուղքներ շենքի գլխավոր ճակատում, եթե շենքի լայնությունը չի գերազանցում 150մ-ը, իսկ գլխավոր ճակատին հակադիր կողմից գոյություն ունի հակահրդեհային ջրագիծ,
բ. ելք դեպի տանիք 100մ2-ից ոչ ավելի մակերեսով վերնածածկ ունեցող միահարկ շենքերում:

Շենքերի ձեղնահարկերում, բացառությամբ Գ1.4 դասի շենքերից, հարկավոր է նախատեսել մշտական սանդուղքներով սարքավորված ելքեր դեպի տանիք` դռներից, ելանցքներից կամ 0,6x0,8մ-ից ոչ պակաս չափերով պատուհաններից: Սանդղավանդակներից ելքերը դեպի տանիք կամ ձեղնահարկ պետք է նախատեսել ելքի առջև հարթակներ ունեցող սանդղաբազուկներով` 0,75x1,5մ-ից ոչ պակաս չափերով 2-րդ տեսակի հակահրդեհային դռների միջով: Գ1, Գ2, Գ3 և Գ4 դասի մինչև 15մ բարձրությամբ շենքերում դեպի ձեղնահարկ կամ տանիք ելքերը թույլատրվում է իրականացնել սանդղավանդակների պատերին ամրացված պողպատե ելարաններով, 0,6x0,8մ չափերով 2-րդ տեսակի հակահրդեհային ելանցքների միջով: Տեխնիկական հարկերում, այդ թվում տեխնիկական ներքնահարկերում և տեխնիկական ձեղնահարկերում, անցման բարձրությունը առլույս պետք է լինի 1,8մ-ից ոչ պակաս, ձեղնահարկերում ամբողջ շենքի երկարությամբ` 1,6մ-ից ոչ պակաս: Այդ անցումների լայնությունը պետք է լինի 1,2մ-ից ոչ պակաս: 2մ-ից ոչ ավելի երկարությամբ առանձին տեղամասերում ելքի բարձրությունը թույլատրվում է փոքրացնել մինչև 1,2մ, իսկ լայնությունը` մինչև 0,9մ:

Մանսարդներով շենքերում ձեղնահարկերի ծոցերի պատող կոնստրուկցիաներում պետք է նախատեսել ելանցքներ: Տանիքածածկերի (այդ թվում՝ լուսաաէրացիոն երդիկների տանիքածածկի) վրա բարձրանալու համար բարձրությունների 1մ-ից ավելի անկման տեղերում պետք է նախատեսել հրշեջ սանդուղքներ: Տանիքածածկի 10մ-ից ավելի բարձրությունների անկումներում չեն նախատեսնվում հրշեջ սանդուղքներ, եթե տանիքածածկի յուրաքանչյուր 100մ2-ից ավելի մակերեսով յուրաքանչյուր տեղամաս ունի դեպի տանիքածածկ տանող սեփական ելք, կամ երբ տանիքածածկի ստորին հատվածի բարձրությունը չի գերազանցում 10մ-ը: 10-ից մինչև 20մ բարձրանալու համար, ինչպես և տանիքածածկի 1մ-ից մինչև 20մ անկման տեղերում պետք է կիրառել Հ1 տեսակի հրշեջ սանդուղքներ, 20մ-ից ավելի բարձրանալու համար և 20մ-ից ավելի բարձրությունների անկման տեղերում` Հ2 տեսակի հրշեջ սանդուղքներ: Հրշեջ սանդուղքները պետք է պատրաստվեն չայրվող նյութերից, տեղավորված լինեն պատուհաններից 1մ-ից ոչ մոտ, և պետք է հաշվարկված լինեն հրշեջ փրկարարական անձնակազմի կողմից օգտագործման համար:

Սանդղաբազուկների միջև և սանդղաբազուկների բազրիքների միջև պետք է նախատեսել բացակ հատակագծում` առլույս 75մմ-ից ոչ պակաս լայնությամբ: Գ1.1 դասի 5մ-ից ավելի բարձրությամբ շենքերի, 28մ-ից ավելի բարձրությամբ (բացառությամբ Գ1.3 դասի շենքերի) հրդեհային գործառական վտանգավորության բոլոր դասերի շենքերի յուրաքանչյուր հրդեհային հատվածամասում հրշեջ փրկակարական անձնակազմի փոխադրման համար պետք է նախատեսել հրդեհային անվտանգության նորմերի պահանջներին համապատասխանող վերելակներ: Տանիքի մինչև 12-ը ներառյալ թեքությամբ, մինչև քիվը կամ արտաքին պատի (քիվապատի) վերևը 10մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, ինչպես նաև տանիքի 12-ից ավելի թեքությամբ և քիվի 7մ-ից ավելի բարձրությամբ շենքերում, տանիքածածկի վրա պետք է նախատեսել բազրիքներով ճաղաշարեր` ստանդարտներին համապատասխան: Անկախ շենքի բարձրությունից այդ ստանդարտի պահանջներին համապատասխանող բազրիքներով ճաղաշարեր պետք է նախատեսել նաև շահագործվող հարթ տանիքածածկերի, պատշգամբների, խորշապատշգամբների, արտաքին սրահների, բաց արտաքին սանդուղքների, սանդղաբազուկների և հարթակների համար:

Բնակավայրերի տարածքում հրշեջ փրկարարական ստորաբաժանումները պետք է տեղաբաշխել գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան, այնպես, որ դրանց սպասարկման շառավիղը քաղաքային բնակավայրերում չգերազանցի 3կմ-ը, իսկ գյուղական բնակավայրերում` 10-12կմ-ը: Հակահրդեհային ջրագիծ և հրդեհաշիջման այլ մշտական միջոցներ սարքելու անհրաժեշտությունը պետք է նախատեսվի կախված շենքի հրակայունության աստիճանից, կոնստրուկտիվ ու գործառական հրդեհային վտանգավորությունից, ժամանակավոր հրդեհային բեռնվածքի մեծությունից և հրդեհապայթունավտանգավորությունից: Հրշեջ-փրկարարական անձնակազմի և նրանց սարքավորումների համար պետք է ապահովված լինի մշտական մոտեցման հնարավորություն շենքերի հակահրդեհային ջրամատակարարման համակարգերին:

Տրանսպորտային միջոցների և հետիոտների անցուղիներն անհրաժեշտ է նախատեսել այնպես, որ հրշեջ ավտոմեքենաները և այլ տեխնիկական միջոցները հնարավորություն ունենան մոտենալ բնակելի և հասարակական նշանակության շենքերին, այդ թվում նաև կցակառույց և ներկառուցված սենքերին, և հրշեջ-փրկարարական անձնակազմն ավտոսանդուղքի կամ ավտոամբարձիչի միջոցով կարողանա մոտենալ ցանկացած բնակարանին կամ սենքին`

1) հեռավորությունը անցուղու եզրից մինչև շենքի պատը մինչև 9 հարկանի շենքերի համար պետք է ընդունել 5մ, իսկ 9 և ավելի հարկերով շենքերի համար` 8մ: Այդ գոտում չի թույլատրվում իրականացնել կցակառույցներ, տեղադրել ցանկապատեր, պատնեշներ, օդային էլեկտրահաղորդման գծեր և տնկել ծառեր,
2) շենքի ճակատի երկարությամբ, որը չունի մուտքեր, թույլատրվում է նախատեսել հրշեջ ավտոմեքենաների անցման համար կոշտ ծածկույթով 6մ լայնությամբ ճանապարհ:

Բնակելի, հասարակական և I ու II հրակայունության աստիճանի օժանդակ շենքերից մինչև արտադրական շենքերը և I ու II հրակայունության աստիճանի ավտոտնակները եղած նվազագույն հեռավորությունը պետք է ընդունել 9մ-ից ոչ պակաս, իսկ մինչև պոլիմերային կամ այրվող նյութերից պատրաստված ծածկերով արտադրական շենքերը` 15մ: Անհրաժեշտ է շենքերի միջև հակահրդեհային միջտարածություններ նախատեսել.

1) կախված շենքերի հրդեհային վտանգավորության աստիճանից և հրդեհապայթունավտանգավորության կարգից,
2) շենքերի և շինությունների միջև հակահրդեհային միջտարածությունը պետք է ընդունել շենքերի և շինությունների արտաքին պատերի կամ այլ կոնստրուկցիաների միջև: Երբ շենքերի, շինությունների վրա առկա են այրվող նյութերից պատրաստված, 1մ-ից ավելի դուրս ցցված կոնստրուկցիաներ, ապա այդ միջտարածությունը պետք է ընդունել այդ կոնստրուկցիաների միջև,
3) առանց բացվածքների (պատուհանների, դռների) շենքերի և շինությունների միջև այդ միջտարածությունները թույլատրվում է փոքրացնել 20-ով, պայմանով, որ ծածկը պատված լինի չայրվող նյութից պաշտպանիչ շերտով` բացառությամբ V հրակայու¬նության աստիճանի շենքերի,
4) սեյսմիկ գոտում բնակելի շենքերի միջև, ինչպես նաև բնակելի և հասարակական նշանակության IV ու V հրակայունության աստիճանի շենքերի միջև հեռավորությունը անհրաժեշտ է մեծացնել 20-ով,
5) I և II հրակայունության աստիճանի շենքերի միջև այդ միջտարածությունները (բացառությամբ Գ1.1 և Գ4.1 դասի) թույլատրվում է չնորմավորել, պայմանով, որ մեկը մյուսի դիմաց տեղակայված ավելի բարձր (լայն) շենքի պատը, որը հանդիսանում է I տեսակի հակահրդեհային, և ավելի ցածր (լայն) շենքի պրոյեկցիայի սահմանից ուղղահայաց ուղղությամբ առլույս 8մ, իսկ հորիզոնական ուղղությամբ 4մ հեռավորու¬թյան վրա չունենա բացվածքներ,
6) V հրակայունության աստիճանի շենքերի միջև այդ միջտարածություններն անհրաժեշտ է մեծացնել 50-ով,
7) քաղաքային բնակավայրերի կառուցապատման սահմանից մինչև անտառային զանգվածներն ընկած միջտարածությունը պետք է լինի 50մ-ից, իսկ գյուղական բնակավայրերի կառուցապատման սահմանից և այգեգործական ընկերությունների տարածքներից մինչև անտառային զանգվածները` 15մ-ից ոչ պակաս,
8) Բնակելի, հասարակական շենքերի և բենզալցակայանների միջև այդ միջտարածություններն ընդունվում են ՍՆիՊ 2.07.01 շինարարական նորմերով:

Շենքերին կցակառույցներ թույլատրվում է նախատեսել, պայմանով, որ հնարավոր լինի հրշեջ ավտոսանդուղքով հրշեջների մոտեցումը շենքի ամենավերին հարկի բնակարանին կամ սենքին, իսկ կցակառույցի տանիքը լինի չայրվող նյութերից:

← Վերադառնալ ցուցակին