ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Բնակչության գործելակերպը և վարքը երկրաշարժից առաջ

17:26 / 27.06.2016

Երկրաշարժը բնական երևույթ է‚ որը երկրի մակերևույթին արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով։ Բնականաբար‚ դրանց վերնակենտրոնները դարձել են հազարավոր քաղաքների և ավանների ավերման պատճառ՝ խլելով միլիոնավոր մարդկային կյանքեր։

Նման դեպքերից զերծ չէ նաև մեր հանրապետությունը։

1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները ցույց տվեցին‚ որ այն ժամանակ Խորհրդային Միությունում գործող սեյսմապաշտպանության բոլոր օղակները բավական ցածր մակարդակի վրա էին։

Այս ամենի վերլուծությունն էր‚ որ առաջ քաշեց Հայաստանի բնակչությանը երկրաշարժից պաշտպանելու հարցը։ Այն ստացավ հատուկ կարգավիճակ և դարձավ մեր ազգային անվտանգության անբաժանելի մասը։

ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը (ՍՊԾ) սեյսմիկ ռիսկի գնահատման‚ սեյսմակայուն շինարարության‚ միջազգային կապերի‚ բնակչության ուսուցման և շատ այլ բնագավառներում հասել է մեծ հաջողությունների։ Բավական է նշել‚ որ 1998 թ. հոկտեմբերի 14-ին‚ Ժնևում‚ Ազգերի պալատում կայացած ՄԱԿ-ի Սասակավայի աղետների վտանգի կանխման մրցանակների շնորհման ժամանակ‚ ՀՀ ՍՊԾ-ը Եվրոպայում գրավեց առաջին տեղը‚ իսկ աշխարհում երկրորդ տեղը՝ Չինաստանից հետո։

Աշխատանքային քսանհինգ տարիների ընթացքում ՍՊԾ-ի լուրջ հաջողությունների թվին են պատկանում նաև նրա կազմած երկու երկարաժամկետ համալիր ծրագրերը‚ որոնք վերաբերում են Հայաստանի և Երևանի տարածքներում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքը։ ՀՀ կառավարության հաստատած ծրագրերը նախատեսում են սեյսմապաշտպանական միջոցառումների իրականացում, որոնք նվազագույնի կհասցնեն ուժեղ և ավերիչ երկրաշարժերի հետևանքները։ Այդ ծրագրերի ֆինանսավորումը նախատեսվում է ինչպես Կառավարության‚ այնպես էլ դոնոր կազմակերպությունների կողմից։

ՍՊԾի ազգային դիտակայանները հանրապետությունում և նրա մերձակա տարածքներում գրանցում են հարյուրավոր երկրաշարժեր, որոնց ինտենսիվությունը շատ հաճախ գերազանցում է 5 բալը:

Պետք է գիտակցել‚ որ մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում‚ սակայն դա չպետք է խաթարի մեր առօրյան‚ քանզի այսօր կան սեյսմապաշտպանության այնպիսի համալիր ծրագրեր‚ որոնց իրականացումը զարգացած երկրներում‚ ինչպիսին ԱՄՆ-ն ու Ճապոնիան են‚ տվել է իր դրական արդյունքները՝ նվազեցնելով աղետի հետևանքները։ Նման ծրագրեր մշակվել են նաև ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ում‚ սակայն դրանց կատարումը կապված է հսկայական ֆինանսական միջոցների հետ։ Այդ ծրագրերի մեջ կան նաև այնպիսի միջոցներ‚ որոնք դուք կարող եք իրականացնել անհատական ուժերով‚ առանց էական ծախսերի։

Ինչպե՞ս նախապատրաստվել երկրաշարժին

1988-ի Սպիտակի երկրաշարժի վերլուծությունը ցույց տվեց‚ որ երկրաշարժի նախապատրաստական փուլը սեյսմապաշտպանության հարցում վճռական նշանակություն ունի։
Այժմ թվարկենք այն գործողությունները‚ որոնք անհրաժեշտ են նախապատրաստական փուլում։

Շենքերի անվտանգության համար անհրաժեշտ պայմանները`

Այս խնդրի շուրջ խոսելիս տեղին է հիշել ճապոնացիների հետևյալ պատկերավոր արտահայտութունը. «Երկրաշարժերը չեն սպառնում մարդկանց‚ այլ՝ նրանց կառուցած վատ շենքերի բեկորները»։ Սա իր ողբերգական հաստատումը գտավ 1988-ին Հայաստանում: Մարդկանց մեծ մասն ավերակների զոհ դարձավ։

Շինհրապարակի ընտրության հարցում ունեցեք տեղանքի կառուցապատումը երաշխավորող փաստաթուղթ‚ ըստ որի շենքեր անհրաժեշտ է կառուցել երկրաբանական ակտիվ խզվածքներից հեռու‚ որովհետև ավերածություն առաջացնող գրունտի տեղաշարժերը կատարվում են հենց այդ խզվածքների երկայնքով։

Չի թույլատրվում շենքերը կառուցել սարալանջերի ստորոտին գտնվող ջրաբերուկային գրունտների վրա։ Երկրաշարժի հետևանքով նման վայրերում փլուզումներ և սողանքներ են առաջանում։

Ստուգեք ձեր տան վիճակը‚ եթե անհրաժեշտ է՝ անմիջապես ձեռնամուխ եղեք այդ գործին‚ որովհետև ձեր բնակարանի անվտանգության համար արված ոչ մի միջոց չի օգնի‚ եթե շենքն ամբողջությամբ ամրացված չէ։ Շենքեր կառուցելիս հնարավորինս ամուր հիմք դրեք‚ իսկ պատերը հուսալիորեն ամրացրեք հիմքին։

Շենքերում չի կարելի կատարել այնպիսի ձևափոխումներ‚ որոնք նվազեցնում են շենքի սեյսմակայունությունը‚ օրինակ՝
ա. հիմքը թուլացնող նկուղային հարկերի վերակառուցում.
բ. բնակարանի հատակագծի փոփոխություն (կրող պատերում բացված որմնախորշեր‚ որոնք ազդում են շենքի ընդհանուր ամրության վրա).
գ. տանիքում ջրի ծանր բաքի տեղադրում։

Շենքերից մարդկանց տարահանելու և տուժածներին փրկելու ուղիների ապահովման համար պետք է՝ երկաթյա դռները փոխարինել փայտե դռներով‚ որովհետև առաջին իսկ ցնցումների ժամանակ մետաղյա դռները սովորաբար ճկվում են և դժվար բացվում‚ իսկ երբեմն՝ լռվում։

Առաջին հարկերի պատուհաններից հանել մետաղյա ճաղաշարերը‚ իսկ եթե անվտանգությունն ապահովելու նպատակով օգտվել եք պաշտպանական միջոցներից‚ ապա ճաղաշարերն ամրացնել անմիջապես բացվող փեղկերին‚ քանի որ պատուհանները ևս պահեստային ելք են։

Ելքերը և մուտքերը‚ սանդղավանդակներն ու միջանցքներն ազատել մեծածավալ առարկաներից։

Ծառայողական և բնակելի շենքերում ձեր անվտանգութունն ապահովելու համար՝ կահույքը‚ հաստոցներն ու սարքերը հուսալիորեն ամրացրեք հատակին ու պատերին։

Բոլոր էլեկտրոնային սարքերն իջեցրեք վերին դարակներից և տեղադրեք ներքին դարակներում՝ հատուկ միջադիրների վրա։

Ծանր առարկաները նույնպես իջեցրեք վերին դարակներից‚ տեղադրեք առանձին պատվանդաններին։

Դյուրավառ և թունավոր հեղուկներով անոթները հուսալիորեն ամրացրեք‚ ստուգեք տարաների ամրակները և խցանների հուսալիությունը։

Խտացված գազով լի գլանոթը և ջրատաքացուցիչը մետաղագամերով ամրացրեք պատին։

Կախովի իրերը և լուսավորող սարքերը հուսալիորեն ամրացրեք առաստաղին։

Մահճակալները տեղադրեք կրող պատի մոտ՝ պատուհաններից հեռու։ Չի կարելի մահճակալի վերևում կախել գրադարակներ‚ ծանր շրջանակներով նկարներ։

Ձեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է՝

Նախապես մշակել հնարավոր երկրաշարժի ժամանակ ձեր գործելակերպը‚ այն կօգնի ձեզ երկրաշարժի պահին խուսափել խուճապային իրավիճակներից և ճիշտ գործել։

Գիտենալ տան կամ աշխատավայրի ամենաանվտանգ տեղերը‚ ուր կարելի է պատսպարվել ցնցումների ժամանակ։

Ձեր ընտանիքի անդամներին և աշխատակիցներին ծանոթացնել դրանց։

Նախապես որոշել շենքից դուրս գալու և դեպի բաց տարածություն հեռանալու ամենաանվտանգ ուղին։ Պայմանավորվել ընտանիքի անդամների հետ (եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք բնակավայրի տարբեր մասերում) հանդիպման տեղը։

Տիրապետել և ընտանիքի անդամներին սովորեցնել առաջին օգնության ձևերը:

Տանը՝ մուտքի մոտ‚ պահել առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։ Պայուսակի մեջ պետք է լինեն՝

ա. առաջին օգնության դեղարկղիկ (դեղորայք‚ վիրակապական նյութեր).
բ. մարտկոցով ռադիոընդունիչ և գրպանի լապտեր.
գ. կարևոր փաստաթղթեր և տաք հագուստ.
դ. պահածոյացված սնունդ և խմելու ջրով լի տարա (սնունդ պատրաստելու և խմելու համար անհրաժեշտ է 3-4 լիտր ջուր)։

 

← Վերադառնալ ցուցակին