ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Ընդհանուր տեղեկություններ երկրաշարժի մասին

17:28 / 27.06.2016

Մեր երկիրը գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Հայաստանում և նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր։ Երկրաշարժը լինելով բնական երևույթ, կարող է լինել աղետալի, եթե տեղի ունենա այնպիսի վայրերում, որտեղ կառույցները սեյսմակայուն չեն, իսկ բնակչությունը չի տիրապետում սեյսմապաշտպանության վարքականոններին: Երկրաշարժը, որպես այդպիսին, սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ։

Երկրագունդը կենդանի մոլորակ է` իր բնականոն փոփոխություններով։ Երկրաշարժը բնական երևույթներից է, ինչպես քամին, անձրևը կամ փոթորիկը և այն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով ու ցնցումներով, բնականաբար, պատճառելով վիթխարի ավերածություններ։

Երկրաշարժերը լինում են փլուզումնային, հրաբխային և տեկտոնական։ Առավել ավերիչ են տեկտոնական երկրաշարժերը, (տեկտոնական-երկրակեղևի շարժումները, կառուցողական), որոնք կապված են շարունակվող լեռնագոյացման գործընթացների հետ և կազմում են աշխարհում տեղի ունեցող երկրաշարժերի մեծ մասը (ավելի քան 95%)։

Երկրաշարժի ուժգնությունը մեր տարածաշրջանում չափվում է MSK-64 1-12-բալանոց սանդղակով: Որքան ուժեղ է երկրաշարժը, այնքան բարձր է բալը։

Երկրաշարժը` երկրաբանական բարդ գործընթացի արդյունք լինելով հանդերձ, տեղի է ունենում նաև երկրագնդի ու տիեզերական մարմինների (Լուսին, Արև, Վեներա) փոխազդեցության հետևանքով, և նրա կանխատեսումը երկրաֆիզիկայի գերխնդիրն է, որի լուծման ուղղությամբ աշխատում են աշխարհի տարբեր բնագավառների գիտնականներ։ Եթե ճշգրիտ կանխատեսումներ կատարվեն, ապա միլիոնավոր մարդկանց կյանք կարելի է փրկել։ Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում գիտնականները կլուծեն նաև այս խնդիրը, որի հուսադրող ապացույցներն են առանձին երկրներում կանխատեսման հաջող դեպքերը։ 1975թ. Չինաստանում, հիմնականում մագնիսական դաշտի անոմալ փոփոխություններով, կանխատեսվեց 7,3 մագնիտուդով Հայչենի երկրաշարժը։ Սակայն, այդ նույն Չինաստանում 1976 թ. չկանխատեսված երկրաշարժը խլեց շուրջ 240 հազար մարդկային կյանք։

Սա վկայում է, որ յուրաքանչյուր երկրաշարժ ունի իրեն հատուկ կազմավորման գործընթաց, և միշտ չէ որ, կարելի է նույնիսկ նույն տարածքում ընդհանրացնել մեկ երկրաշարժի նախանշանը` հաջորդ սպասվող երկրաշարժի համար։

Կանխատեսման ոլորտում աշխատանքներ են կատարվում նաև ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում, որտեղ հավաքվում են տեղեկություններ երկրի ընդերքում տեղի ունեցող անոմալ փոփոխությունների վերաբերյալ։ Իր գործունեության ընթացքում ՍՊԾ-ը կատարել է մի շարք հաջող կանխատեսումներ։

Օրինակ.

1. 1992 թ. մարտի 13-ին, Թուրքիայի Երզնկայի տարածքի 8-9-բալանոց երկրաշարժը, M=6.9.
2. 1997 թ. օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ տարածքի 9-10 բալանոց երկրաշարժը, M=7.4

Երկրաշարժի կանխատեսումը հենվում է հայտնի այն երևույթների վրա‚ որոնք տարիներ շարունակ գրանցվել և նկատվել են մարդկանց կողմից՝ երևույթին նախորդած ժամանակահատվածում։

Դրանք այն հայտնի նախանշաններն են‚ որոնցով բնությունը կարծես հուշում է վերահաս աղետի մասին։

Երկրաշարժերի նախապատրաստման փուլում ընդերքում տեղի ունեցող գործընթացները խախտում են որոշ բնական երևույթների սովորական ընթացքը՝ փոխելով դրանց քանակական և որակական բնութագիրը։ Նման շեղումները, կամ ինչպես երկրաբաններն են ասում՝ անոմալիաները‚ կարող են վերահաս երկրաշարժի նախանշաններ լինել։ Սակայն հարկավոր է նշել‚ որ ո՛չ բոլոր անոմալիաները կարող են նախանշան ծառայել‚ ուստի շատ կարևոր է հայտնաբերել այն անոմալիաները‚ որոնք ստույգ վկայում են մոտալուտ աղետի մասին։

Որքան շատ և բազմազան են հայտնաբերված նախանշանները‚ այնքան հաջող է կանխատեսման հավանականությունը։ Գիտության և տեխնիկայի ժամանակակից զարգացումը‚ ինչպես նաև մարդկանց ու կենդանիների բնական վարքը հնարավոր դարձրեցին ի հայտ բերել բազմաթիվ բնութագրեր‚ որոնք կարող են նպաստել երկրաշարժերի կանխատեսմանը։ Ուժեղ երկրաշարժերի բնական նախանշանները բաժանվում են երկու հիմնական խմբի`

• մակերևութային նախանշաններ
• մարդկանց և կենդանիների վարք


Մակերևութային նախանշաններ


- Ուժեղ երկրաշարժերից առաջ նկատվում է սեյսմիկ ակտիվացում‚ բազմաթիվ թույլ ցնցումները‚ նրանց ուժը և տեղը կարող են վկայել վերահաս երկրաշարժի մասին։

- Երկրի մակերեսի վրա՝ տիեզերքից կատարված երկրաչափումների և երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով կարելի է փաստել քարոլորտային սալերի տեղաշարժեր‚ լայնամասշտաբ ձևախախտումներ‚ երկրակեղևի առանձին մասերի բարձրացում կամ իջեցում‚ որոնք երկրաշարժերի կարևոր նախանշաններն են։

- Կուտակվող լարումների ազդեցություններից ապարներում առաջացած ճեղքվածքների հետևանքով ստորգետնյա ջրերի մակարդակը և քիմիական կազմը երկրաշարժից առաջ հաճախ փոփոխվում են՝ իջնում կամ բարձրանում։ Այդ փոփոխությունները նկատվում են նույնիսկ էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա։

- Երկրագունդն‚ ինչպես հայտնի է‚ ունի իր մագնիսական դաշտը‚ որի բնութագիրը երկրաշարժից առաջ կարող է փոխվել՝ լեռնային ապարների լարումների ձևախախտումների հետևանքով։ Այսպիսի փոփոխություններ նկատվել են բազմաթիվ երկրներում‚ մասնավորապես Չինաստանում‚ Հայաստանում։

- Տարբեր լեռնային ապարներ օժտված են տարբեր էլեկտրական դիմադրողականությամբ։ Դիտվել է‚ որ երկրաշարժից առաջ լարումների ազդեցության պատճառով փոխվում է նաև ապարների էլեկտրական դիմադրությունը։

- Ընդերքից մշտապես անջատվում է ռադոն ռադիոակտիվ գազը‚ որի մի մասը խառնվում է մթնոլորտին‚ իսկ որոշ քանակությամբ էլ այն տարրալուծվում է ստորգետնյա ջրերում։

Երկրաշարժից առաջ այդ գազի պարունակությունը ջրերում փոխվում է‚ առաջացնելով ռադիացիոն դաշտի փոփոխություն։

Այդպես է եղել օրինակ` 1966 թ. Տաշքենդի երկրաշարժի ժամանակ‚ երբ ռադոն գազի պարունակությունն անընդհատ աճում էր նախորդ տասը տարվա ընթացքում‚ իսկ երկրաշարժից առաջ այն կտրուկ նվազեց։

Մարդկանց և կենդանիների անսովոր վարքը

Երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանում կայացած էլեկտրամագնիսական դաշտերի‚ ռադիացիոն ֆոնի, ուլտրաձայների և այլ երևույթների փոփոխություններն ազդում են մարդկանց (հատկապես կանանց և երեխաների) նյարդային համակարգի վրա‚ որոնք արտահայտվում են գլխապտույտով‚ գլխացավով‚ սրտխառնոցով‚ արյան ճնշման փոփոխությամբ և այլն։

← Վերադառնալ ցուցակին