ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հանրակրթական նշանակության շենքերի հրդեհային անվտանգությունը

11:11 / 19.08.2016

Հանրակրթական նշանակության շենքերին ներկայացվող հրդեհային անվտանգության հիմնական պահանջները սահմանվում են ՀՀՇՆ 31-03.01-2014 շինարարական նորմերով, որոնք տարածվում են Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող և վերակառուցվող հանրակրթական նշանակության շենքերի նախագծման վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից։

Հանրակրթական հաստատությունների հողամասերի սահմանից մինչև բնակելի շենքերն ու օժանդակ շինությունները, հասարակական և այլ նպատակային նշանակության շենքերն ընկած հեռավորությունը պետք է ընդունել հակահրդեհային, ինսոլյացիոն, բնական լուսավորվածության և աղմուկից պաշտպանության նորմատիվ պահանջներով՝ բայց 10մ-ից ոչ պակաս: Բարդ տեղանքի և տարածքի քաղաքաշինական սահմանափակումների առկայության դեպքում թույլատրվում է տնտեսական և օժանդակ կառույցների տանիքները նախագծել որպես շահագործվող տանիքներ` հանգստի գոտիներ կազմակերպելու նպատակով։ Շահագործվող տանիքներում անհրաժեշտ է նախատեսել առնվազն երկու տարհանման ելքեր։ Շահագործվող տանիքները պետք է ունենան առնվազն 1,6մ բարձրությամբ ցանկապատեր` առանց հորիզոնական բաժանումների։ Ուղղահայաց բաժանումների հեռավորությունները չպետք է գերազանցեն 0,1մ-ը։

Հանրակրթական հաստատությունների տարածքներում շենքերին ու շինություններին հրշեջ ավտոմեքենաների և ավտոսանդուղքների մոտեցման և շրջանցի ճանապարհները պետք է համապատասխանեն ՍՆԻՊ 2.07.01 շինարարական նորմերի պահանջներին: Նշված ճանապարհները պետք է ունենան կոշտ ծածկույթ: Հանրակրթական հաստատության շենքերը պետք է ապահովվեն հրդեհի ազդանշանման ու ազդարարման համակարգերով և պահակակետով։ Հանրակրթական նշանակության շենքերի ծավալահատակագծային կառուցվածքը, գործառնական բլոկների համալիր կազմով, պետք է համապատասխանի հաստատության նշանակությանը, առանձնահատկություններին, շահագործման հարմարավետությանը, հրդեհային անվտանգության ապահովվածությանը, տեղի բնակլիմայական պայմաններին։

Հանրակրթական հաստատությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի երեքը։ Առանձին դեպքերում, ինչպես նաև գոյություն ունեցող շենքերի վերակառուցման ժամանակ, թույլատրվում է նախատեսել 4-րդ հարկ, որտեղ արգելվում է նախատեսել տարրական դպրոցի դասարաններ։ Նյութերի /մետաղ, փայտ և այլն/ մշակման, տեխնիկայի նորոգման արհեստանոցները նախագծվում են առաջին հարկերում կամ ըստ առաջադրանքի առանձին բլոկներում։ Նշված արհեստանոցների նյութերի և պատրաստի արտադրանքի պահեստները պետք է ապահովվեն անմիջական ելքով դեպի տնտեսական բակ։ Մարզադահլիճները պետք է նախատեսել առաջին հարկերում, հանդիսությունների դահլիճները կարող են տեղակայվել նաև երկրորդ հարկում։ Մարզադահլիճները և հանդիսությունների դահլիճները պետք է ապահոված լինեն անմիջապես դեպի բակ բացվող լրացուցիչ ելքով։

Տարահանման ուղիների լայնության հաշվարկի համար հանրակրթական հաստատությունների շենքերի հարկերում միաժամանակ գտնվողների քանակը պետք է հաշվարկվի տվյալ հարկում գտնվող սենքերի տարողունակությունից ելնելով։ Այն սենքերից, որտեղ միաժամանակ կարող են գտնվել 15 սովորողից ավել մարդ, ելքի դռների լայնությունը պետք է լինի 0,9մ-ից ոչ պակաս, իսկ դռները բացվեն դեպի դուրս` շարժման ուղղությամբ։

Միաժամանակյա 50 մարդուց ավելի ներկայության համար նախատեսված սենքերը պետք է ունենան ոչ պակաս երկու տարահանման ելք: Հարկերից տարահանման ելքերի քանակը պետք է լինի երկուսից ոչ պակաս, եթե դրանցում տեղակայված են սենքեր, որոնք պետք է ունենան ոչ պակաս երկու տարահանման ելքեր: Երկու և ավելի տարահանման ելքերի առկայության դեպքում, դրանք պետք է տեղավորվեն ապակենտրոնցված: Տարահանման համար նախատեսված սանդղավանդակները յուրաքանչյուր հարկի միջանցքներից, սպասասրահներից, նախասրահներից և ճեմասրահներից պետք է անջատված լինեն միջնորմներով և ինքնափակվող հարմարանքներով սարքավորված դռներով:

Նախասրահից մինչև երկրորդ հարկ տանող 2-րդ տեսակի սանդուղք կառուցելիս, նախասրահը պետք է առանձնացված լինի միջանցքներից և հարակից սենքերից 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմներով: Նկուղային (կամ որմնախարսխային) հարկից, որի սենքերում օգտագործվում կամ պահվում են այրվող նյութեր, առաջին հարկի սենքեր տանող սանդուղքները պետք է ցանկապատված լինեն 1-ին տեսակի հակահրդեհային միջնորմներով` հրդեհի դեպքում օդի ճնշումով նախամուտք-անցախցերի կառուցմամբ: Կոնստրուկցիաների նորմավորված հրակայունության աստիճանի ապահովման համար դրանք պետք է տոգորվեն (կամ ծածկվեն) հրապաշտպան նյութերով:

Սանդղավանդակները, բացառությամբ Ս2 տեսակի սանդղավանդակներից, յուրաքանչյուր հարկում արտաքին պատերում պետք է ունենան 1,2մ-ից ոչ պակաս մակերեսով լուսաբացվածքներ: Նկուղային կամ որմնախարսխային հարկերում գտնվող սենքերի համար անհրաժեշտ է նախատեսել առնվազն երկու տարահանման ելք անմիջապես դեպի բակ։ Նշված սենքերի համար թույլատրվում է ելքերի կազմակերպումը առաջին հարկ՝ առանձին աստիճանավանդակների միջոցով։

Մարզադահլիճի հատակի փայտե կոնստրուկցիաները պետք է ենթարկել հակապիրենով խորը մշակման։ Նստատեղերը թույլատրվում է պատել այրման ժամանակ թունավոր նյութեր չարտազատող նյութերով։ Հանդիսությունների դահլիճի և ստեղծագործական խմբակների սենքերը պետք է առանձնացված լինեն հակահրդեհային 1-ին տեսակի միջնորմներով և 3-րդ տեսակի ծածկերով։ 200մ2 և ավել մակերես ունեցող հանդերձարանների սենքերը պետք է կահավորված լինեն ծխահեռացման համակարգով։

Հանրակրթական հասատությունների շենքերում էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի սենքերի սնման համար անցկացվող մալուխների խրամուղիները պետք է նախատեսվեն 0,75 ժամ սահմանային հրակայունությամբ։ Փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցներից պետք է նախատեսել լրացուցիչ ելք դեպի բակ անմիջապես կամ ուսումնական սենքերի հետ կապ չունեցող միջանցքի միջոցով։ Հանրակրթական հասատությունների շենքերը չի թույլատրվում ջեռուցել կոշտ և հեղուկ վառելիքի և այլ ինքնաշեն վառարանների միջոցով, շենքերում տեղակայել կոշտ և հեղուկ վառելիքի պահեստներ:

Հանրակրթական հաստատությունների բոլոր սենքերը` բացառությամբ թաց կետերից, պետք է կահավորված լինեն հրդեհի ազդանշանման և ահազանգման ինքնաշխատ համակարգերով: Հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգերը պետք է միացված լինեն այդ բնագավառում լիազորված մարմնին: Հանրակրթական հաստատություններում պետք է նախատեսել ներքին հակահրդեհային ջրագիծ՝ 2,5 լ/վրկ երկշիթ ծախսի հաշվարկով։ Արտաքին հակահրդեհային ջրագիծ անհրաժեշտ է նախատեսել ՍՆԻՊ 2.04.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

Հանրակրթական հաստատությունների շենքերում անհրաժեշտ է նախատեսել էլեկտրասարքավորանքներ՝ էլեկտրական լուսավորում, էլեկտրոնային կապի և տեղեկատվության փոխանցման համակարգ, հրդեհային ազդանշանման և ահազանգման ավտոմատ համակարգ և այլն։ Շենքերի բոլոր սենքերում պետք է նախատեսել թաքնված էլեկտրահաղորդալարեր։ Խոհանոցի, պահեստների, սանհանգույցների և այլ օժանդակ սենքերի էլեկտրամատակարարումը թույլատրվում է իրականացնել բաց էլեկտրահաղորդալարերի միջոցով։ Էլեկտրավահանակները պետք է տեղադրել առաջին հարկերում։ Դրանք թույլատրվում է տեղադրել նկուղային հարկերում, եթե ապահովված է նախատեսված սենքի հիդրոմեկուսացումը։

Մարդկանց տարհանման համար վթարային լուսավորություն պետք է նախատեսել նախասրահներում, հանդերձարաններում, միջանցքներում, աստիճանավանդակներում, ռեկրեացիոն սենքերում, հանդիսությունների, մարզական և ճաշարանի դահլիճներում, արհեստանոցներում, կինոխցիկում։ Վթարների վերացման աշխատանքների իրականացման համար վթարային լուսավորություն պետք է նախատեսել էլեկտրավահանակների սենքերում, օդափոխման խցիկներում, ջերմային հանգույցներում, պոմպերի սենքերում։

Հանդիսությունների դահլիճներից տարահանման ուղիները պետք է նշվեն վթարային լուսավորության ցանցին միացված ցուցանակներով։ Կախված հանրակրթական հաստատությունների սենքերի նշանակությունից, ներքին հարդարումը և հարդարման ժամանակ պոլիմերային նյութերի կիրառումը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային նորմերի պահանջներին։

 

 

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին