ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Արտադրական օբյեկտների հրդեհային անվտանգությունը

11:55 / 12.07.2017

Վերլուծությունը ցույց է տալիս, որ արտադրական ձեռնարկություններում առաջացած հրդեհների շուրջ 60%-ը դրանց աշխատակիցների անզգուշության և անփութության հետևանք է: Առավել հաճախ դա չնախատեսված վայրերում ծխելն է, էլեկտրագազաեռակցման աշխատանքների ժամանակ առաջացող կայծերը, էլեկտրական սարքավորումների տեղակայման ու շահագործման կանոնների խախտումը, կրակի հետ անզգույշ վարվելը, սառած խողովակների տաքացումը զանազան զոդման լամպերի և ջահերի օգնությամբ և այլն: Այդ պատճառների դեմ կարելի է պայքարել` օբյեկտում սահմանելով խստագույն հակահրդեհային ռեժիմ (գործելակարգ) և իրականացնելով լայնամասշտաբ բացատրական աշխատանք (հրահանգավորում):

Պրակտիկայում ստուգված գիտատեխնիկական միջոցների զինանոցը (որը նպաստում է արտադրական ձեռնարկությունների հրդեհային անվտանգության բարձր մակարդակի պահպանմանը) շատ բազմազան է, սակայն դրանք պետք է կիրառվեն` հաշվի առնելով յուրաքանչյուր արտադրական ձեռնարկությունում հրդեհային վտանգավորության սպեցիֆիկան: Հատկապես հրատապ է հրդեհների և պայթյունների կանխարգելումը քիմիական (նավթաքիմիական) արտադրական ձեռնարկություններում: Այստեղ անհրաժեշտ է ամբողջությամբ օգտագործել արտադրական ավտոմատիկայի հնարավորությունները, ինչպես նաև բոլոր աշխատակիցներին ուսուցանել արտադրական և հրդեհատխնիկական անվտանգության կանոնների պահանջներին:

Արտադրական ձեռնարկություններում առաջնահերթ հակահրդեհային միջոցառումների շարքին են դասվում`

-շենքերի և սենքերի կահավորումը հրշեջ ավտոմատիկայի համակարգերով և դրանց ամենօրյա տեխնիկական սպասարկման կազմակերպումը.
-ագրեգատների, դետալների, արտադրանքի մաքրման (յուղազերծման) համար հրդեհավտանգ տեխնիկական լվացող միջոցների ներդրումը.
-տեխնոլոգիական գործընթացում օգտագործվող նյութերի հրդեհային և պայթյունավտանգ պարամետրերի (չափորոշիչների) սահմանումը.
-արտադրական սենքերի հրդեհապայթյունավտանգավորության դասին համապատասխանող էլեկտրասարքավորումների օգտագործումը.
-արտադրական սենքերում և օդափոխության համակարգերում հրդեհների տարածումը կանխարգելող հակահրդեհային պատնեշների, ձգափական-կափույրների, սահափականների օգտագործումը.
-շենքերի կառուցատարրերի հրակայունության աստիճանի բաձրացումը.
-հրդեհավտանգ սարքավորումների, ագրեգատների մեկուսացումը կամ տեղափոխումը բաց հրապարակներ.
-տարհանման ուղիների (դրանց պատերի, առաստաղների) երեսապատման համար այրման ընդունակ նյութերի օգտագործման արգելումը.
-հրդեհավտանգ արտադրական շենքերում հակածխային պաշտպանության համակարգի ներդրումը, ինչպես նաև եղած ծխահեռացման համակարգերի` աշխատանքային վիճակում պահելը.
-կրակային աշխատանքների կանոնակարգումը.
-բոլոր սենքերի և տարհանման ուղիների կահավորումը անվտանգության նշաններով և այլն:

Այն օբյեկտներում, որոնք ունեն գերատեսչական հրդեհային պահպանություն, պրոֆիլակտիկ աշխատանքները իրականացվում են հետևյալ կերպ`

-հրդեհային պահպանության աշխատակիցների ուժերով օբյեկտի հակահրդեհային վիճակի ամենօրյա ստուգում, ինչպես նաև առաջարկված հակահրդեհային միջոցառումների ժամանակին կատարման նկատմամբ հսկողության իրականացում.
-հրդեհավտանգ աշխատանքների կատարման նկատմամբ մշտական հսկողություն.
-նոր արտադրամասերի կառուցման, կամ հների վերակառուցման ժամանակ հրդեհային անվտանգության կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն.
-հրդեհաշիջման ինքնաշխատ և սկզբնական միջոցների, հրդեհի հայտնաբերման ու ահազանգման, հակահրդեհային ջրամատակարարման համակարգերի աշխատունակության և ճիշտ պահման նկատմամբ վերահսկողություն.
-հատուկ դասընթացների, հրահանգավորումների, զրույցների, ինչպես նաև այլ հակահրդեհային քարոզչական աշխատանքների անցկացում օբյեկտի աշխատակիցների հետ.

-հրդեհային պահպանության անձնակազմի նախապատրաստումը պրոֆիլակտիկ աշխատանքների անցկացմանն ու հնարավոր հրդեհների մարմանը.
-օբյեկտի տարեկան հրդեհատեխնիկական հետազոտություն (որպես կանոն, բրիգադային եղանակով), ղեկավարներին կարգադրագրերի հանձնում և վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.
-օբյեկտի տարբեր սենքերում հրդեհային ավտոմատիկայի համակարգերի սարքավորման աշխատանքների իրագործում:
Հակահրդեհային ռեժիմն իր մեջ ներառում է կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների համալիր, որն ուղղված է հրդեհների նախականխմանը (կանխարգելմանը), ինչպես նաև դրանց հաջող վերացմանը (մարմանը): Միջոցների և պահանջների այդ համախումբը, որը նախօրոք սահմանվում է օբյեկտի համար, ենթակա է պարտադիր կատարման:

Հակահրդեհային հրահանգավորման ժամանակ աշխատակիցները պետք է ծանոթանան`

-օբյեկտում գործող հակահրդեհային կանոններին և հրահանգներին.
-այն արտադրական տեղամասերին և վայրերին, որոնք առավել հրդեհավտանգ են և որտեղ արգելվում է ծխելը, բաց կրակի օգտագործումը և այլն.
-հրդեհների առաջացման հնարավոր պատճառներին և դրանց կանխարգելման միջոցներին.
-հրդեհի դեպքում կատարվող պրակտիկ գործողություններին (հրդեհաշիջման սկզբնական միջոցների կիրառում, հրշեջ ստորաբաժանումների կանչում, տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի դադարեցում, օդափոխության և էլեկտրասնուցման անջատում, մարդկանց և նյութական արժեքների տարհանում):

Հրահանգավորման անցկացումը պետք է ուղեկցվի հրդեհաշիջման և կապի միջոցների ցուցադրությամբ:



 

← Վերադառնալ ցուցակին