Նորություններ

Պաշտոնական

Պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստը Երեւանում

00:00 / 23.08.2007

Այսօր ՀՀ կառավարությունում իր աշխատանքն սկսեց ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստը։

ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդը հիմնադրվել է 2004 թվականին։ Կաննադրությունը հաստատվել է ԱՊՀ երկրների Տնտեսական խորհրդի նիստում` 2004-ի դեկտեմբերի 3-ին։ Վավերացվել է 9 պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կողմից։

Առաջին երկու նիստերն անց են կացվել Ուկրաինայում (2004-ին) եւ Ղազախստանում (2006-ին)։
Այսօր ՀՀ կառավարության դահլիճում անցկացվող ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Հայաստանի հանրապետությունների պատվիրակությունները։

Նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը։

«Պետական նյութական ռեզերվների համակարգերի նպատակաուղղված գործունեությունը ծառայում է մեր երկրների կայունության, տնտեսության աճի եւ ազգային անվտանգության ամրապնդմանը: Իր հերթին, այս խնդիրների լուծումը անհնար է առանց տարածաշրջանային եւ համաշխարհային ակտիվ համագործակցության:

Հայաստանը, որպես ԱՊՀ համահիմնադիրներից մեկը, մեծապես կարեւորում է ԱՊՀ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծմանն ուղղված ջանքերը, որոնք միտվում են երկրի կայունությանն ու ազգային անվտանգությանը։ Մենք կայունության ապահովման կարեւոր գործոն ենք համարում նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունը:

Պետական ռեզերվների բնագավառում համագործակցությունն այս առումով կարեւոր դերակատարություն ունի։

Ես բեղմնավոր գործունեություն եմ մաղթում ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի Հայաստանում անցկացվող նիստին, որը կոչված է հենց այդ խնդիրների լուծմանը»,-ասաց փոխվարչապետը։

Նիստի մասնակիցների հավանությանն արժանացավ Խորհրդակցական խորհրդի նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների կոմիտեի նախագահ Կաբիդոլլա Սարեկենովի հաշվետվությունն անցած ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների մասին։

Այնուհետեւ քննարկվեցին Խորհրդի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ մարդասիրական օգնության ցուցաբերման նպատակով պետական պահուստի օգտագործման հարցերում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ օրակարգային այլ հարցեր։

Պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական մարմինների խնդիրն է բնական եւ տեխնոգեն աղետների, պատերազմների եւ այլ արտակար• իրավիճակներում սեփական ժողովրդին ապահովել սննդով, անհրաժեշտ դեղամիջոցներով, վառելիքով եւ կենցաղային առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաեւ վերացնել աղետների հետեւանքները։

Բայց քանի որ պետական նյութական ռեզերվների համակարգերը, պետական գաղտնիք պարունակելով, ողջ աշխարհում փակ են, ապա մինչ ԱՊՀ երկրների Պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի ստեղծումը դյուրին չէր համագործակցության եզրեր գտնելը, փորձի փոխանակման կազմակերպումը։

Այս ոլորտում փոխհամագործակցությունը պետք է ապահովվի տարբեր ուղղություններով` անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծումից մինչեւ համագործակցությունը պետական նյութական պահուստների ձեւավորման, պահպանման եւ թարմացման գործընթացներում։
Օրախնդիր է կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպումը։

Այս առթիվ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը տեղեկացեց, որ ՌԴ-ում գործող եւ վերջին տարիներին կարգավիճակը բարձրացրած գիտաուսումնական հաստատությունը ԱՊՀ երկրների համար դարձել է թե՛ կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման, թե՛ պետական նյութական պահուստի համակարգի գիտատեխնիկական զարգացման, պահուստի պահպանման եւ այլ նորմատիվների մշակման բազային կազմակերպություն։

Հաշվի առնելով տարածաշրջանի որոշ երկրներում տիրող քաղաքական անկայուն իրավիճակը, ինչպես նաեւ սեյսմիկ եւ տարերային այլ աղետների վտանգն ու դրանց արագ եւ արդյունավետ դիմայակայելու անհրաժեշտությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության պետական ռեզերվների գործակալության պետ Ռուդիկ Ղուկասյանը հանդես եկավ Հայաստանի Հանրապետության տարածքում հումանիտար օգնության տրանզիտային բազաներ ստեղծելու առաջարկով։

ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստում նաեւ տեղեկատվություն տրվեց 2007թ. սեպտեմբերի 12-13-ին Մոսկվայում կայանալիք «Ժամանակակից պետական նյութական ռեզերվները. Համագործակցություն, փոխօգնություն եւ պահուստների օպտիմալացում» միջազգային գիտագործնական համաժողովի մասին, որին կմասնակցեն ԱՊՀ, ԵՄ եւ ԱՄՆ պետական նյութական ռեզերվների կառավարող մարմինների եւ գիտական ընկերակցությունների ներկայացուցիչները։

Նիստը հաստատեց Խորհրդատվական խորհրդի 2007-2008թ.թ. աշխատանքային ծրագիրը։

ԱՊՀ երկրների մասնակից պետությունների պետական նյութական պահուստի կառավարում իրականացնող պետական (գործադիր) իշխանության մարմինների ղեկավարների Խորհրդակցական խորհրդի երրորդ նիստն իր աշխատանքները շարունակեց օգոստոսի 24-ին։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին