Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենին

00:00 / 18.10.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուտակիսին։

Փոխվարչապետը Արիստոմենե Վարուտակիսի եւ նրա տեղակալ Նաիրա Մելքումյանի հետ քննարկեց Հայաստանում աղետների կանխարգելման ֆինանսավորման հնարավորությունները։

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց, որ ՀՀ կառավարությունը բավական աշխատանք կատարել է աղետների մեղմման եւ կանխարգելման ուղղությամբ։ Մասնավորապես 1 մլրդ դրամ է հատկացվել Արաքս գետի ափապաշտպան շերտ կառուցելու համար, մաքրվել են գետերի հուները, մեծ բարեփոխումներ են կատարվել Հայաստանի փրկարար ծառայությունում։

Միաժամանակ ամեն տարի մեծ միջոցներ է հատկացնում աղետների հետեւանքները վերացնելու ուղղությամբ։ Եւ վաղուց ժամանակն է ոչ թե հետեւանքները վերացնելու, այլ աղետների ռիսկերը մեղմելու։ Այդ առումով ողջունելի է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու գործում։

Ինչպես ցույց են տվել Համաշխարհային բանկի կատարած ուսումնասիրությունները, Հայաստանը գլխավորում է ամենաբարձր ռիսկեր ունեցող երկրների ցանկը։ Այդպիսի ծավալի աղետների հետեւանքների վերացման համար, ինչպես ցույց են տալիս ՀԲ-ի ուսումնասիրությունները, տնտեսական ծախսերը կարող են ՀՆԱ-ի մինչեւ 80 տոկոսը կազմել։

Արիստոմենե Վարուտակիսը համաձայնվեց ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի այն առաջարկի հետ, որ համապատասխան գերատեսչությունների հետ նախապես քննարկվեն կարեւոր, առաջնահերթ ոլորտները։ Քանզի Աղետների նվազեցման միջազգային հիմնադրամի կողմից առաջարկվող 150 հազար դոլարի դրամաշնոհրը շահելու համար իրատեսական ծրագիր է պետք ներկայացնել։

Հանդիպման երկրորդ մասում փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը Արիստոմենե Վարուտակիսի եւ ՀԲ-ի առողջապահության ծրագրերի ղեկավար Էնիս Բարիսի, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ անդրադարձան Հայաստանում առողջապահության ոլորտի օպտիմալացման՝ մասնավորապես մարզային հիվանդանոցների հզորացման խնդրին։

Մանրամասն անդրադարձ կատարվեց Համաշխարհային բանկի վարկային ծրագրով յուրաքանչյուր մարզում մեկ հիվանդանոց վերանորոգելու, համապատասխան պայմաններ ստեղծելու ծրագիրը։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին