Նորություններ

Պաշտոնական

Ներկայացվեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ստեղծած հակակոռուպցիոն հանրային ընդունարանների գործունեության արդյունքները

00:00 / 29.07.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր ներկայացվեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հակակոռուպցիոն հանրային ընդունարանների գործունեության ընթացքում ի հայտ եկած հիմնախնդիրները։

Քննարկմանը մասնակցում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ՀՀ արդարադատության փոխնախարարը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, հանրային ընդունարանների աշխատակիցներ։

2005 թվականից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային աջակցում է ՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրերի իրականացման գործում։ Այդ ծրագրերի շրջանակում 2006-ին Երեւանում, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվեցին հակակոռուպցիոն հանրային ընդունարաններ։ Այստեղ մարդկանց իրազեկում են իրենց իրավունքների մասին, կոռուպցիայի հնարավոր դեպքերի կանխման նպատակով տրամադրում իրավական, ընթացակարային եւ գործնական խորհրդատվություն։

Ընդունարաններում քաղաքացիները համապարփակ իրավական եւ փորձագիտական խորհրդատվություն են ստանում հետեւյալ ոլորտներում՝ հանրային առողջություն, կրթություն, բանակ եւ զորակոչ, փոքր եւ միջին ձեռնարկություններ, հանրային ծառայություններ եւ սպառողների իրավունքներ, ճանապարհային ոստիկանություն եւ վարորդների իրավունքներ, քաղաքացիական եւ վարչական իրավունքի հարցեր։

Նշվեց, որ հանրային ընդունարաններ դիմած քաղաքացիներից ստացված տեղեկատվության վերլուծությունը վկայում է, որ մարդիկ դժգոհում են դատական համակարգի գործունեությունից, նոտարների, կադաստրի, ՔԿԱԳ, ԴԱՀԿ մարմինների, անձնագրերի եւ վիզաների վարչության, իրավապահ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից, տարբեր մակարդակների պետական պաշտոնյաների կողմից անհարգալից վերաբերմունքից, հասարակության լայն շերտերին վերաբերող ընդունվող իրավական ակտերի մասին տեղեկատվության պակասից եւ այլն։

Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում։ Գերատեսչությունների ղեկավարների համար հետաքրքիր էր իմանալ, թե մարդիկ հատկապես ինչպիսի ծառայություններից են դժգոհ, հիմնականում ընդունեցին արձանագրված բացթողումները։ ՀՀ ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ վերջին շրջանում անձնագրերի եւ վիզաների վարչությունում կատարվող բարեփոխումների, կադրային փոփոխությունների արդյունքում կոռուպցիոն ռիսկերն զգալի կրճատվել են։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծված հակակոռուպցիոն հանրային ընդունարանների հետ՝ գերատեսչություններում ունենալ մեկ պատասխանատու, ով եռամսյակը մեկ անգամ հանրային ընդունարաններից տեղեկություն կստանա իրենց կողմից համակարգվող ոլորտներից ստացվող դժգոհությունների մասին, համատեղ քննարկել հակակոռուպցիոն հանրային ընդունարանների ունեցած փաստերը։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կոռուպցիոն դրսեւորումների կրճատման եւ մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ ընդունելի մի շարք առաջարկներ ներկայացվեցին։ Ընդունվեց նաեւ կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրման եւ մոնիտորինգի նպատակով հանրային ընդունարանները որպես գործիք օգտագործելու մասին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մ. Բոյանիչի առաջարկը։

« ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանրային ընդունարաններն աշխատում են հասարակական կազմակերպությունների հետ եւ նրանց ունեցած տվյալները բավական օբյեկտիվ եւ շատ արժեքավոր են մեզ համար։ Ցանկալի կլիներ, որ նման ընդունարաններ ստեղծվեին նաեւ մյուս մարզերում՝ կոռուպցիոն ռիսկերը, թերությունները բացահայտելու եւ արագ արձագանքելու համար»,- ասաց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին