Նորություններ

Պաշտոնական

Նախապատրաստվում է հայկազունիների երթարշավը

00:00 / 01.08.2008


ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ այսօր քննարկվեցին «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների «Երեւան-Լեռնային Ղարաբաղ» երթարշավի եւ «Շուշիի բերդի գրավում» զորախաղի նախապատրաստության հարցերը։

Ի տարբերություն հանրային դպրոցների՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները՝ հայկազունիները, նաեւ զինվորական հատուկ պատրաստվածություն են ստանում։ Նրանք հիմնականում ազատամարտիկների, անապահով ընտանիքների զավակներ են։

Օգոստոսի 15-27-ը 131 հայկազունիներ կանցնեն Հայաստանի չորս մարզերով՝ Արարատով, Վայոց Ձորով, Սյունիքով, Գեղարքունիքով, Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքներով, կայցելեն պատմամշակութային վայրեր, կանգառներ կկատարեն մի շարք քաղաքներում, հարգանքի տուրք կմատուցեն եւ ծաղկեպսակներ կդնեն զոհված ազատամարտիկների շիրիմներին։

«Փոքր Մհեր» կրթահամալիրը մեր երկրի անկախության լավագույն ձեռքբերումներից, մեր պետականության հիմքերն ամրապնդող օղակներից մեկն է։ Եւ ճիշտ կլինի, որ այն մարզերի եւ քաղաքների ղեկավարները, որտեղով անցնելու են հայկազունիները, հոգան, որ գեղեցիկ այս միջոցառումը հնարավորինս մեծ մասսայականություն վայելի, որ տեղերի երեխաները եւս ընդգրկվեն հայրենասիրական եւ ճանաչողական այս նախաձեռնության մեջ»,-ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը։

Մանրամասն քննարկվեցին քաղաքներում հայկազունիների դիմավորման, տեղերում կազմակերպվող միջոցառումների, գիշերակացերի կազմակերպման հարցերը։

Կրթահամալիրի ղեկավար Է. Միքայելյանը խոստացավ մինչեւ օգոստոսի 10-ը մարզպետներին եւ քաղաքապետերին տրամադրել երթարշավի առավել հստակ ժամանակացույցը։

Երթարշավը եւ զորախաղն անց են կացվելու ՀՀ պաշտպանության նախարարության օժանդակությամբ։ Օգոստոսի 15-ին, առավոտյան ժամը 9-ին Կոմիտասի անվան Պանթեոնի մոտից հայկազունիներին բարի երթ մաղթելով կճանապարհի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ողջ արշավի ընթացքում հայկազունիների շարասյունը կշարժվի ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին