Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեցին սոցիալական ծառայությունների հիմնախնդիրները

00:00 / 01.08.2008


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին աղքատության ընտանեկան նպաստի համակարգի հիմնախնդիրները։

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, համայնքային եւ մարզային ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների 55 տարածքային գործակալությունների ղեկավարները, մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Տարածքային այս գործակալություններն են իրականացնում հանրապետությունում գործող սոցիալական աջակցության աղքատության ընտանեկան նպաստի ծրագիրը։

Նրանց խնդիրն է հայտնաբերել սպասարկման տարածքում բնակվող սոցիալապես առավել անապահով ընտանիքներին եւ, սահմանված կարգով, հաշվառել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց ծառայությունների աշխատանքներին առնչվող առկա թերությունները եւ դժգոհությունները, ինչպես նաեւ չարաշահումների տարածված դրսեւորումները:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց համակարգում տեղ գտած խնդիրների վրա։ Համայնքային եւ մարզային ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների ղեկավարներին նա խստորեն հանձնարարեց վերացնել համակարգում տեղ գտած թերությունները, ապահովել գործունեության լայն հրապարակայնություն, խստորեն առաջնորդվել գործող օրենսդրությամբ:

Նա պահանջեց աշխատանքներն այնպես կազմակերպել, որ աղքատության ընտանեկան նպաստի համակարգից դուրս չմնա անապահովության գնահատման սանդղակում տեղավորվող որեւէ ընտանիք, միաժամանակ անաչառությամբ պարզել սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը:

Սոցիալական ծառայությունների ղեկավարներին տեղեկացվեց, որ մարզպետերանների եւ քաղաքապետարանների համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարված է ապահովել համայնքներում օգոստոսի 1-ից մարդաշատ եւ տեսանելի վայրերում ընտանեկան նպաստ ստացողների ցուցակների տեղադրումը:

Արձանագրվեց, որ թերի են աշխատում սոցիալական աջակցության խորհուրդները: Շատ դեպքերում դրանց աշխատանքը ձեւական բնույթ է կրում:

Քննարկման ընթացքում բացահայտվեց , որ սոցիալական աջակցության ծառայությունները չեն իրականացնում սոցիալական աջակցության համայնքային ծրագրեր:

Կարեւորվեց, որ տեղական ինքնակառավարման մարմինները գիտակցեն պետության հետ հանդերձ բնակչության սոցիալական աջակցության խնդիրներին իրենց մասնակցության անհրաժեշտությունը՝ այդ նպատակին ծառայեցնելով սոցիալական աջակցության ծառայությունների հնարավորությունները:

Տրվեցին նաեւ այլ հանձնարարականներ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին