Նորություններ

Պաշտոնական

Նոր ծրագիր փախստականների եւ անապահովների համար

00:00 / 11.03.2009


Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատար Բուշրա Հալեպոտային եւ ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներին:

Փոխվարչապետին ներկայացվեց , որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը դիմել էր Ճապոնիայի կառավարությանը ՄԱԿ-ի մարդկային անվտանգության համար վստահության հիմնադրամի միջոցով Հայաստանում փախստականների եւ սոցիալապես անապահով մարդկանց համար կայուն կեցության ծրագիր իրականացնելու նպատակով:

Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել ծրագրին եւ դրա իրականացման համար կտրամադրի 2 484 900 ԱՄՆ դոլար: Ծրագիրը կիրագործվի ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի համակարգմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման գործակալության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից:

Փոխվարչապետի հետ քննարկվեցին տարբեր ուղղություններով նախատեսվող ծրագրերը: Նախատեսվում է բարելավել փախստականների եւ սոցիալապես անապահով 50 ընտանիքների բնակարանային պայմանները։ Ծրագրեր կիրականացվեն մոր եւ մանկան առողջության պահպանման ուղղությամբ՝ այդ թվում` գյուղական բնակավայրերի բուժամբուլատորիաները կապահովվեն վերարտադրողական առողջությանն ուղղված բուժսարքավորումներով, ինչպես նաեւ շրջիկ գինեկոլոգիական ծառայությամբ երկու «Շտապ օգնության» մեքենաներով:

Նախատեսվում են նաեւ գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել հիմնականում Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Փամբակ համայնքներում եւ Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման ծրագրով նախատեսվում է խրախուսել փոքր եւ միջին բիզնեսը, ինչպես նաեւ երկու համայնքներում ներդնել կենսագազի կիրառությունը:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն առաջարկեց մինչ ծրագրի սկսելը մեկ անգամ եւս քննարկել թե' թիրախների ընտրության հարցը, թե' նախատեսվելիք միջոցառումների ցանկը: Մասնավորապես, նշվեց, թե պետք է առավել մանրամասն քննարկել, թե որն է ավելի ճիշտ` տվյալ համայնքներում կենսագազի վառարաններ տեղադրելու համար նոր տեխնոլոգիաներ ներդնելը եւ վառարաններ հատկացնելը, թե՞ նույն գյուղերը գազաֆիկացնելը:

Որոշվեց, որ մինչ ծրագիրն սկսելը բոլոր հարցերը մեկ անգամ եւս կքննարկվեն եւ կճշգրտվեն:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին