Նորություններ

Պաշտոնական

Կայացավ ՀՀ-ում թրաֆիկինգի հարցերով խորհրդի նիստ

00:00 / 11.03.2009


Հայաստանի Հանրապետությունում թրաֆիկինգի հարցերով խորհրդի այսօրվա նիստում ներկայացվեցին ՀՀ-ում թրաֆիկինգի դեմ պայքարի ուղղությամբ 2008 թվականին իրականացված աշխատանքների հաշվետվությունը եւ 2009 թ. իրականացվելիք ծրագրերը։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ-ում թրաֆիկինգի հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը նշեց, որ թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերը գտնվում են ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Դրանով է պայմանավորված նաեւ, որ այս տարի նպատակային ծրագրերի իրականացման համար պետբյուջեից միջոցներ են հատկացվել:

Ներկայացվեց պետական կառույցների կողմից 2008 թ. իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Նշվեց, որ խստացվել են թրաֆիկինգի կազմակերպիչների համար նախատեսվող պատժամիջոցները. ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Խստացվել են նաեւ 2008 թվականին դատապարտվածների պատժամիջոցները։ 2008-ի ընթացքում թրաֆիկինգի հատկանիշներով հարուցվել է 13 քրեական գործ՝ 15 դեպքով։

Ակտիվ աշխատանքներ են տարվում այլ պետությունների, հասարակական կազմակերպությունների հետ` թրաֆիկինգի զոհերին հայտնաբերելու, աջակցելու գործում: Բանակցություններ են սկսվել նշանակետ երկիր հանդիսացող ԱՄԷ-ի իշխանությունների հետ՝ հակաթրաֆիկինգային համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ 2008թ.-ին թրաֆիկինգի նույնացված 20 զոհեր ոստիկանության աշխատակիցների կողմից ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ` աջակցություն ստանալու նպատակով: Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման նպատակով միջկառավարական երկկողմանի ռեադմիսիոն պայմանագրեր են կնքվել 15 պետությունների հետ:

Ի գիտություն ընդունվեց խորհրդին կից աշխատանքային խմբի 2008 թ. իրականացված աշխատանքների հաշվետվությունը եւ քննարկվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալության կողմից 2009թ.-ի ծրագրերը: Նշվեց, որ արդիական են մնում ՀՀ ոստիկանության, ՀՀ սահմանապահ զորքերի եւ իրավապահ մյուս մարմինների աշխատակիցների վերապատրաստման շարունակականության ապահովումը, ինչպես նաեւ ուղղորդման կարգի առանձին ուսուցման դասընթացների անցկացումը:

Վերապատրաստման դասընթացներն ավելի արդյունավետ եւ նպատակային կազմակերպելու համար Արմեն Գեւորգյանը հանձնարարեց ՀՀ ոստիկանությանը՝ զբաղվել մեթոդական ձեռնարկների եւ ուղեցույցերի մշակմամբ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը փոխվարչապետը հանձնարարեց հասարակական կազմակերպությունների հետ քննարկման արդյունքում 10-օրյա ժամկետում հակաթրաֆիկինգային քարոզչության կարգախոս մշակել:

Խորհուրդը հավանություն տվեց ՀՀ պետական կառույցների եւ ոչ կառավարական կազմակերպությունների միջեւ թրաֆիկինգի հարցերով Փոխըմբռնման հուշագրի օրինակելի ձեւին:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց թրաֆիկինգի հարցերով դեպքերի հրապարակայնության ապահովման, ինչպես նաեւ այս հարցերում մարդկանց իրազեկվածության բարձրացման խնդիրներին: Հաշվի առնելով խորհրդի անդամների նկատառումները` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին առաջարկվեց ուսուցողական երկօրյա սեմինար կազմակերպել լրագրողների համար:

Նիստին ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ելույթ ունեցավ եւ նշեց, որ տպավորված է թրաֆիկինգի դեմ պայքարում խորհրդի իրականացրած աշխատանքներից: Առանձնապես կարեւորեց հակաթրաֆիկինգային միջոցառումների համար պետբյուջեից գումարների հատկացումը, կավատ Զախարյանցի դատական գործի վերաբացումը, թրաֆիկինգի կազմակերպիչների համար ավելի խիստ պատժամիջոցների սահմանումը: Մ. Յովանովիչը կարծիք հայտնեց, որ Հայաստանը հնարավորություն ունի դուրս գալու 2-րդ խմբի հատուկ վերահսկման ցուցակից: ԱՄՆ կառավարությունն այս տարի Հայաստանում նախատեսում է այս ոլորտում իրականացնել ընդհանուր առմամբ՝ 550 հազար դոլարի արժողությամբ չորս ծրագիր: Դեսպանը լուրջ քայլ համարեց Ազգային ուղղորդման կարգի սահմանումը եւ մի շարք նկատառումներ ներկայացրեց:

ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն առաջարկեց այս նկատառումները քննարկել աշխատանքային խմբում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին