Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպանին

00:00 / 19.03.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունելով Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին՝ շնորհավորեց նրան այդ պաշտոնում նշանակվելու եւ բոլորովին վերջերս Իսրայելում նոր կոալիցիոն կառավարության ստեղծման կապակցությամբ։

Նա հույս հայտնեց, որ դեսպանի դիվանագիտական հարուստ փորձը կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների հետագա զարգացմանը։ Մանավանդ, որ դրա համար իրական նախադրյալներ կան։

Արմեն Գեւորգյանը շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը։ Ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտում ապրանքաշրջանառության ծավալի կրճատումը երկուստեք համարեցին ժամանակավոր եւ պայմանավորեցին տնտեսական ընթացող ճգնաժամով։

Հայաստանի առջեւ այսօր ծառացած խնդիրներից ՀՀ փոխվարչապետն առանձնացրեց տնտեսական ճգնաժամի հետեւանքների մեղմումը, բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ, ինչպես նաեւ տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը։

Նշվեց, որ Իսրայելի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանը կարող են նպաստել գործարարների եւ գերատեսչությունների փոխադարձ շփումները։

ՀՀ փոխվարչապետը , որպես տարածքային կառավարման նախարար, կարեւորեց հատկապես տարածքային կառավարման ոլորտում վերջին տարիներին Իսրայելում կուտակված լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին