Նորություններ

Պաշտոնական

Գյումրիում փոխվարչապետն անդրադարձավ թե՛ մշակութային, թե՛ տնտեսական խնդիրներին

00:00 / 20.03.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Գյումրի:

ՀՀ քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի, ՀՀ մշակութի փոխնախարար Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ նա ծանոթացավ Աճեմյան փողոցի 2 եւ 2ա, Շչորսի փողոցի 2 հասցեներում գտնվող 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դերի սկզբին կառուցված պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վիճակին:

Մշակույթի փոխնախարարը ներկայացրեց «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի սահմաններում գտնվող շենքային այս համալիրի վերականգնման ծրագիրը: Միաժամանակ տեղեկացրեց, որ պետական սեփականություն ճանաչելու պարագայում, Իտալիայի կառավարությունը` ի դեմս ՀՀ-ում Իտալիայի դեսպանատան , պատրաստակամ է ներդնել 1 մլն եվրո` անհրաժեշտ վերակառուցման եւ հարմարեցումների նպատակով:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը տեղեկացրեց, որ շենքերի պետական սեփականություն ճանաչելու հարցին լուծում տրվել է:

Միաժամանակ փոխվարչապետը հանձնարարեց Շիրակի մարզպետարանին եւ Գյումրիի քաղաքապետարանին ՀՀ մշակութի նախարարության հետ միասին մեկ ամսվա ընթացքում հաշվարկել, թե որքան միջոցներ կպահանջվեն մշակութային համակառույցի վերակառուցման համար:

Քննարկվեց նաեւ համալիրին հարակից Շչորսի 1 հասցեում գտնվող թատրոնի հին շենքի վերակառուցման եւ շահագործման հարցը: Փոխվարչապետը հանձնարարեց մարզի եւ Գյումրիի ղեկավարությանը առաջարկներ ներկայացնել, թե մշակութային ինչ օջախներ է նպատակահարմար տեղակայել այս շենքում:

Այնուհետեւ Արմեն Գեւորգյանը ծանոթացավ «Գլենդեյլ Հիլզի» կողմից Անի եւ Մուշ թաղամասերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
«Գլենդեյլ Հիլզը» գրեթե ամբողջությամբ ապամոնտաժել է կիսակառույցները, եւ այդ տարածքներն արդեն պատրաստ են լայնածավալ շինարարական աշխատանքների համար:

Կազմակերպության ղեկավարը ներկայացրեց, որ ապրիլի 1-ից մեկնարկելու են հիմքային աշխատանքները եւ, պայմանավորվածության համաձայն, ծրագրի իրականացման համար կներգրավվի 2000-ից ավելի աշխատուժ: Հայտնեց, որ համաձայն ծրագրի, մինչեւ 2009 թվականի վերջն ավարտին կհասցվի 1200 բնակարան:

Արմեն Գեւորգյանն իր հերթին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության երեկվա նիստով այդ ծրագրի համար 2 մլրդ դրամ է հատկացվել: Տեղում կատարված քննարկումներից ակնհայտ դարձավ, որ «Գլենդեյլ Հիլզը» ակտիվորեն համագործակցում է մարզպետարանի եւ քաղաքապետարանի հետ եւ ընթացիկ բոլոր խնդիրները աշխատանքային կարգով օպերատիվորեն լուծում են ստանում:

Այնուհետեւ մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվեց Շիրակի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը : 2009 թ.-ի հունվար-փետվար ամիսներին գրանցված ցուցանիշները փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը գնահատեց անբավարար:

Անդրադարձան նաեւ նախորդ տարիներին կուտակված աշխատավարձերի պարտքերի մարման խնդրին: Արմեն Գեւորգյանը եւս մեկ անգամ առաջարկեց 2009թ. դոտացիաների ավելացման չափով գումարներն առաջին հերթին ուղղորդել նախորդ տարիներին կուտակված պարտքերը՝ մասնավորապես, սոցվճարները մարմանը։

Քննարկվեց Գյումրիի ներքաղաքային ուղեւորափոխադրումների հարցը: Քաղաքապետին առաջարկվեց սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավտոտրանսպորտային ուղեւորափոխադրումներով զբաղվող անձինք իրենց գործունեությունն իրականացնեն հարկային դաշտում, ինչպես նաեւ կարճ ժամանակում ներկայացնել ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա տրամադրելու մրցույթի ժամանակացույց:

Քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին