Նորություններ

Պաշտոնական

Արտաշատի ջրանցքի վիճակը մտահոգիչ է

00:00 / 10.04.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Արտաշատի ջրանցքի երկայնքով։ Այն սկսեց Երեւանով անցնող հատվածով (Տիգրան Մեծ պողոտային զուգահեռ) եւ ավարտեց Մխչյանի պոմպակայանի ժայթքման մոտ։

Պարզվեց, որ ողջ ջրանցքը վերածվել է աղբավայրի։ Հարակից տնտեսություններն ու կազմակերպություններն աղբն ու կեղտաջրերն ուղղակի ջրանցք են նետում։ Ստեղծված ծայրահեղ հակասանիտարական վիճակում ջրանցքի թողունակությունը նախագծային 16 մ/վրկ.ից իջել է մինչեւ 7 մ/վրկ-ի։ Իսկ Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի հատվածում գտնվող դյուկերը, որն այժմ մաքրվում է, վերջին 20 տարիների ընթացքում ընդհանրապես չի մաքրվել։

Փոխվարչապետն անթույլատրելի համարեց նաեւ այն, որ ջրանցքի ամբողջ երկայնքով՝ թե՛ մայրաքաղաքի հատվածում, թե՛ գյուղերի ու ամառանոցների տարածքներում եւ անգամ՝ դաշտավայրերում, տեխնիկական սպասարկման գոտիները զավթված են։ Ջրանցքը շրջապատված է ապօրինի շինություններով ու կառույցներով։

Արմեն Գեւորգյանը հանձնարարեց արագացնել ջրանցքի եւ դյուկերի մաքրման աշխատանքները։ Միաժամանակ պահանջեց տեղական իշխանությունների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել ապօրինի շինությունների խնդիրը լուծելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ջրանցքն արդյունավետ եւ անխափան շահագործել։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին