Նորություններ

Պաշտոնական

Համայնքների տեղեկատվական բազան թարմացվում է

00:00 / 10.04.2009


ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ նախաձեռնել է «Համայնքների զարգացում» ծրագիրը։ Այդ նպատակով կթարմացվի «Համայնքային տիպաբանության զարգացում» ծրագրի տեղեկատվական միացյալ բազան:

Նախարարության նախաձեռնությամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտի փորձագետները մշակել են «Գյուղական համայնքների տվյալների հավաքագրման» եւ «Քաղաքային համայնքների տվյալների հավաքագրման» հարցաշարեր: Դրանցում ներառված են համայնքի սոցիալ-ժողովրդագրական բնութագրերը՝ զբաղվածություն, կրթություն, առողջապահություն, միգրացիա եւ այլն, համայնքի տնտեսական, ֆինանսական բնութագրիչները, ենթակառուցվածքները, զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարություն էին հրավիրվել հանրապետության տաս մարզերի մարզպետարաններում ձեւավորված աշխատանքային խմբերը։ Նրանց ներկայացվեցին հարցաշարերի լրացման կարգը, անհրաժեշտ ցուցանիշներն ու տվյալներ մուտքագրելու մեթոդաբանությունը։

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանրապետության գյուղական եւ քաղաքային համայնքների վերաբերյալ տեղեկատվական բազայի թարմացումը կարեւորեց որպես մարզային զարգացման ծրագրերի մշակման անհրաժեշտ բաղադրիչ։ Շեշտեց, որ հարցաշարերի հնարավորինս լիարժեք եւ հավաստի լրացումով է պայմանավորված «Համայնքների զարգացում» ծրագրի հաջող իրականացումը:

Համայնքների տվյալների հավաքագրումը նախատեսվում է ավարտել մինչեւ մայիսի կեսը։ Այնուհետեւ Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտի մասնագետներն այդ տվյալները կմուտքագրեն տեղեկատվական միացյալ բազայի համակարգչային ծրագրում։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին