Նորություններ

Պաշտոնական

Իջեւանում բացվեց երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոն

00:00 / 11.04.2009


Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Իջեւանում մասնակցեց «Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնի» բացմանը։

Սա «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի վեցերորդ մասնաճյուղն է։ Սպիտակում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում, Գավառում եւ այսուհետ նաեւ Իջեւանում գործող այս կենտրոնները զբաղվում են զարգացման տարբեր հապաղումներ ունեցող երեխաների մասնագիտական խնամքով։ Անհրաժեշտ բոլոր հարմարություններով ու պարագաներով հագեցած Իջեւանի մասնաճյուղը եւս ստեղծվել է «Արաբկիր» ԲՀ-ի մշտական գործընկեր-բարերարների աջակցությամբ։

«Արաբկիր» ԲՀ-ի «Արբես» կենտրոնում հատուկ վերապատրաստում անցած մասնագետները մարզերի ֆիզիկական, մտավոր, խոսքի, լսողական, վարքագծային եւ զարգացման այլ հապաղումներ ունեցող երեխաների ծառայությունները եւ խնամքը տանում են բազմամասնագիտական, թիմային մոտեցման սկզբունքով։

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Իջեւանի կենտրոնի բացումը կարեւորեց Տավուշի մարզի մատաղ սերնդի առողջության պահպանման գործում։ Երեխաների զարգացման խանգարումների ժամանակին հայտնաբերման եւ բուժման գործում նա կարեւորեց մարզի բնակչության իրազեկվածությունը։

«Ուրախալի է, որ նման կենտրոնների շնորհիվ առողջապահական ծառայություններն աստիճանաբար մայրաքաղաքից տեղափոխվում են մարզեր»,-ասաց Արմեն Գեւորգյանը։

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարար Հ. Քուշկյանի եւ Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ այցելեց Իջեւանի մարզային հիվանդանոց, ծանոթացավ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի իրականացման ընթացքին։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին