Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը շարունակում է ծանոթանալ ջրանցքների վիճակին

00:00 / 15.04.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի մարզ՝ ծանոթանալու ջրանցքների վիճակին։ Շրջայցն սկսեց ջրագիծը սնուցող Թալինի մայր ջրանցքից։ Տեղում ծանոթացավ տեխնիկական վիճակին, առկա հիմնախնդիրներին։

Արմավիրի մարզում ոռոգման սեզոնն արդեն սկսվել է, ՋՕԸ-երն այսօրվանից հողօգտագործողներին ջուր են մատակարարում։ Թալինի ջրանցքի շատ հատվածներ գտնվում են վթարային վիճակում, որն էլ ջրի մեծ կորուստների պատճառ է հանդիսանում։

Փոխվարչապետին տեղեկացվեց, որ վթարային մի շարք հատվածներ կվերանորոգվեն «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում։ Վթարային մյուս հատվածները կընդգրկվեն Համաշխարհային բանկի վարկային ծրագրում։

Այնուհետեւ Արմեն Գեւորգյանն այցելեց Արմավիրի մայր ջրանցք, ծանոթացավ իրավիճակին։ Այստեղ նույնպես ՋՕԸ-երն արդեն սկսել են ջուր մատակարարել։ Արմավիրի ջրանցքը համեմատաբար բարվոք վիճակում է։ Եղած վթարային հատվածներն այս տարի կվերանորոգվեն «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում։

Ոռոգման համակարգի ղեկավարներին փոխվարչապետը հորդորեց աշխատանքներն այնպես կազմակերպել, որ օգտագործված ջրի դիմաց վարձավճարները գանձվեն ամբողջապես։ Ինչպես նաեւ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ քննարկել Հայաստանում ոռոգման նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները։ Դրա շնորհիվ կբարձրանա ջրի օգտագործման արդյունավետությունը եւ կնվազեն կորուստները՝ ինչն էլ ֆինանսական առումով կթեթեւացնի գյուղացու հոգսերը։

Համակարգի ղեկավարներին Արմեն Գեւորգյանը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել ջրառում գոյացող լրացուցիչ ծախսերն այլ աղբյուրների՝ մասնավորապես՝ ոռոգման ջրատարներում գոյացող ավազի վաճառքից գոյացող միջոցներով, փակելու վերաբերյալ։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին