Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն այցելեց Լոռու մարզ

00:00 / 17.04.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հետ այցելեց Լոռու մարզ` երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման հարցերը տեղում քննարկելու նպատակով:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը 1988թ. երկրաշարժի էպիկենտրոնում` Շիրակամուտ գյուղում, ՀՀ Լոռու մարզպետի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկեց Մեծ Պարնի, Լուսաղբյուր, Գեղասար, Սարահարթ, Արեւաշող, Հարթագյուղ, Գոգարան, Շիրակամուտ համայնքների բնակարանաշինության ծրագիրը:

2009 թվականի ապրիլի 16-ի կառավարության որոշման համաձայն «Գլենդել Հիլզ» ընկերությանը տրամադրվել է պետական երաշխիք վերոհիշյալ գյուղական համայնքներում բնակարանաշինության ծրագրի իրականացման նպատակով:

«Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ կնքված եռակողմ պայմանագրերի առկայության դեպքում մայիսի 20-ից կսկսվեն շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Ըստ ծրագրի, առաջին հերթին կմեկնարկի զրոյից կառուցվող բնակարանների կառուցապատումը, որից հետո կշարունակվի կիսավարտ բնակարանների կառուցապատումը:

ՀՀ փոխվարչապետը հանձնարարեց ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ կիսավարտ բնակարանների շինարարության ծավալները շահառուների հետ հստակեցնել մինչեւ 2009թ. հուլիսի 1-ը:

Արմեն Գեւորգյանը հանձնարարեց քաղաքաշինության նախարարությանը Լոռու մարզպետարանի հետ համատեղ արագացնել եռակողմ պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաեւ մեկ անգամ եւս հստակեցնել կառուցվող բնակարանների սենյակների քանակը՝ շահառուների պահանջարկին համապատասխան:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ շինարարական աշխատանքները իրականացնելու համար ներգրավվելու է շուրջ 500 հոգի, որպես աշխատուժ, — համաձայն հաստատված ծրագրի, 2009 թ.-ին կառուցապատվելու է 27 հազար քմ. բնակտարածք ընդհանուր թվով 403 բնակարան:

Արմեն Գեւորգյանը հանձնարարեց, որ Լոռու մարզպետարանը մեկ շաբաթվա ընթացքում ցուցակագրի շինարարական աշխատանքներին մասնակցելու ցանկություն հայտնած տեղի բնակիչներին եւ իրազեկի «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ շինարարական աշխատանքներում ընդգրկվող աշխատողների հետ կնքվելու են գործարքային պայմանագրեր: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ շինարարական աշխատանքների հետ կապված այլ հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին