Նորություններ

Պաշտոնական

Հանդիպումներ Սլովակիայում

00:00 / 02.06.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ Դուշան Չապլովիչի այսօր առավոտյան տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները՝ շեշտելով ԵՄ Արեւելյան հարեւանության կողմից ընձեռվող նոր հնարավորությունները։

Փոխվարչապետները համակարծիք էին, որ, թեեւ առկա է փոխհարաբերությունների զարգացման մեծ ներուժ, սակայն ներկայումս դրանք ցանկալի մակարդակի չեն։
Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը տնտեսական, մշակութային եւ հատկապես՝ գիտության եւ կրթության բնագավառներում։

Քննարկվեցին երկու երկրների համագործակցության հնարավորությունները ատոմային էներգետիկայի ոլորտում։ Քանի որ երկու երկրներում էլ գործում են ատոմակայաններ՝ կարեւորվեց ատոմային էներգիայի զարգացման հեռանկարը։

Դուշան Չապլովիչն առաջարկեց համագործակցություն ծավալել տեղեկատվության թվայնացման, համայնքների լայն տեղեկատվայնացման, ինչպես նաեւ միջհամայնքային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման ոլորտներում։

Այցի ընթացքում նախապատրաստվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, որոնք բավարար հիմք կհանդիսանան երկու երկրների փոխհարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Արմեն Գեւորգյանը եւ Դուշան Չապլովիչը քննարկեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հոկտեմբերի երկրորդ կեսին Սլովակիայի Հանրապետություն կատարելիք այցի մանրամասները։

Հանդիպման ընթացքում որպես փոխհարաբերությունների զարգացման արդյունավետ տարբերակ կարեւորվեցին փոխադարձ այցելությունները։
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հաստատեց Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ Դուշան Չապլովիչի հրավերը Հայաստանի Հանրապետություն։

Բրատիսլավայում ՀՀ փոխվարչապետն այնուհետեւ հանդիպեց Սլովակիայի Հանրապետության քաղաքաշինության եւ տարածքների զարգացման նախարար Իգոր Շտեֆանովի հետ։

Արմեն Գեւորգյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության տնտեսական ներկա իրավիճակը, տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները Հայաստանի անմիջական հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության առաջնային ծրագրերն ու գերակա նպատակները։

Նա նաեւ հետաքրքրվեց Սլովակիայի Հանրապետության քաղաքաշինության եւ տարածքների զարգացման նախարարության գործունեությամբ՝ տեղական ինքնակառավարման եւ քաղաքաշինության բնագավառներում։
Երկուստեք տարածքների համաչափ զարգացումը կարեւորվեց որպես նախարարությունների առաջնային խնդիր։

Իգոր Շտեֆանովը ներկայացրեց տարածքների համաչափ զարգացման Սլովակիայի փորձը, հիփոթեքային վարկավորմամբ բնակարանաշինության ծրագրերը, ինչպես նաեւ իր կողմից ղեկավարվող նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից։

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կարեւորեց փորձի փոխանակումը եւ շփումների հաճախականությունը։ Նա շեշտեց, որ ԵՄ Արեւելյան հարեւանությունը դրա համար լայն հնարավորություններ է ստեղծում։

Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մեկնեց Կոշիցա՝ մասնակցելու «Արեւելյան հարեւանների հետ համագործակցության ամրապնդում. տեղական եւ տարածքային իշխանությունների դերը Արեւելյան գործընկերության եւ նախաձեռնության զարգացման գործում» միջազգային սեմինարին։

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին