Նորություններ

Պաշտոնական

Կայացավ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հարցերով հանձնաժողովի առաջին նիստը

00:00 / 06.06.2009


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ այսօր կայացավ Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգի, ինչպես նաեւ միջոցառումների ծրագրերի հրապարակային եւ մասնակցային քննարկումների, միջազգային փորձագիտական գնահատականների հաշվի առնման արդյունքում վերջնական լրամշակման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:

Հանձնաժողովում ներգրավված են ինչպես պետական կառույցների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այն կզբաղվի «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման» հայեցակարգի վերջնական լրամշակման եւ դրանից բխող միջոցառումների կազմակերպման հարցերով: Հանձնաժոողովի խնդիրն է նաեւ պայմաններ ստեղծել հանրային լայն իրազեկման համար։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը նշեց, որ համայնքների խոշորացման գաղափարն այսօր այլընտրանք չունի, քանի որ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման խոչընդոտներից մեկն էլ նրա մասնատվածությունն է: Վերլուծությունները, ինչպես նաեւ միջազգային փորձը ցույց են տալիս, որ համայնքների խոշորացման ճանապարհով է հնարավոր ավելի արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնել:

Նման փաստաթուղթ ստեղծվել էր դեռեւս 3-4 տարի առաջ, սակայն այն ժամանակ ներդնելու համար հանրային իրազեկվածության բավարար պայմաններ չկային: Այսօր արդեն առկա են այն հնարավորինս առանց ցնցումների իրականացնելու հնարավորությունները: Փոխվարչապետը նաեւ նշեց, որ եթե հաջողվի հանդես գալ շատերի համար ընդունելի փաստաթղթով, ապա երկիրը կմտնի վարչատարածքային բարեփոխումների փուլ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ.Տերտերյանը ներկայացրեց, որ փաստաթուղթը լրամշակվել է վերջին տարիների զարգացումներին համընթաց, անցել է 2-3 փորձագիտական եզրակացություն: Այսօր ձեւավորված է ընդգրկուն, բազմակողմանի փաստաթուղթ, որտեղ ներառված են գործընթացի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ Հանձնաժողովի առաջին նիստն ավելի շատ կազմակերպական է եւ նվիրված է նրա հետագա աշխատանքների կազմակերպմանը, ինչի առթիվ հանձնաժողովի անդամները ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու առաջարկությունները:

Փոխվարչապետը կարեւորեց, որ Հանձնաժողովի աշխատանքներն ընթանան բաց եւ հնարավորություն տրվի ԶԼՄ-ներին՝ լայնորեն լուսաբանել դրանք։ Հանրային իրազեկման նպատակով առաջիկայում նաեւ հանդիպումներ կկազմակերպվեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների հետ, սեմինարներ կանցկացվեն համայնքների ղեկավարների, հասարակական լայն շրջանակների ներկայացուցիչների համար:

Նա առաջարկեց ստեղծել աշխատանքային խմբեր, որտեղ կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ, որոնց արդյունքում էլ խմբերն իրենց նկատառումները կներկայացնեն լիագումար նիստին։ Հանձնաժողովի անդամներին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն առաջարկեց առաջիկա 2 շաբաթվա ընթացքում ներկայացնել իրենց կարծիքը` փաստաթղթի եւ առաջարկությունները` աշխատանքային խմբերի ձեւավորման վերաբերյալ: Ինչպես նաեւ տալ համապատասխան ֆինանսական ռեսուրսներ գտնելու առաջարկներ` միջազգային փորձագետներ հրավիրելու եւ նրանց մասնակցությունն այս աշխատանքներին ապահովելու նպատակով:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Հ.Գ. Տեղեկացնում ենք, որ «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման» հայեցակարգի նախնական տարբերակը եւ դրանից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը տեղադրված են ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքի «Քննարկումներ» բաժնում։ Խնդրի առթիվ կարեւորում ենք բոլոր կարծիքներն ու առաջարկությունները եւ ակնկալում Ձեր մասնակցությունը երկրի վարչատարածքային բարեփոխման գործում։

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

← Վերադառնալ ցուցակին