Նորություններ

Պաշտոնական

Բելառուսն ուսումնասիրում է հայկական փորձը

17:01 / 11.12.2013

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում հյուրընկալվել էր Բելառուսի ԱԻՆ պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին Միջուկային և ճառագայթային անվտանգության վարչության պետ Օլգա Լուգովսկայան, վերահսկողության և կանխարգելման ղեկավարման պետ Վլադիմիր Ռաֆալսկին, կապի և տեղեկատվության բաժնի պետի տեղակալ Միխայիլ Չեշկոն: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Կիրակոսյանը:

Այցելության հիմնական նպատակը փորձի փոխանակումն էր: Բելառուսում պատրաստվում են ատոմակայան կառուցել, որն առաջինն է այդ երկրում:

ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի հետ հանդիպման ընթացքում վերջինս ներկայացրեց ԱԻՆ կառուցվածքը, առաքելությունը և ՀԱԷԿ-ի հետ համագործակցությունը:

Բելառուսի ԱԻՆ միջուկային և ռադիացիոն անվտանգության վարչության պետ Օլգա Լուգովսկայան իր խոսքում նշեց.
- Բելառուսը չեռնոբիլյան աղետից նույնպես մեծ վնասներ է կրել, որոնց հետևանքները զգալի են մինչ այսօր, և մենք առավել ուշադրությամբ ենք մոտենում մեր երկրում կառուցվելիք ատոմակայանի հետ կապված հարցերին: Հաշվի առնելով այդ ոլորտում Հայաստանի երկարամյա դրական փորձը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները խորհուրդ էին տվել ուսումնասիրել ՀԱԷԿ-ի կառուցման, շահագործման և դրա հետ կապված արտակարգ իրավիճակների կառավարման հայկական փորձը: 

Նույն օրը Բելառուսի ԱԻՆ պատվիրակությանն ընդունեց նաև ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը: Քննարկվեցին ատոմակայանի հրդեհային անվտանգության վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում բելառուս հյուրերը եղան ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանալու կենտրոնի տեխնիկական զինվածությանը, հրդեհային անվտանգության շուրջօրյա մոնիթորինգի «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» համակարգին և ՀԱԷԿ-ի հետ փոխգործակցությանը:
 

← Վերադառնալ ցուցակին