Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

00:00 / 12.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ դեկտեմբերի 11-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկեցին հանրապետության համայնքների կողմից 2014թ. բյուջեների կազմման գործընթացին վերաբերող հարցեր: Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց ծախսերի առավելագույնս արդյունավետ եւ նպատակային պլանավորումը` հաշվի առնելով նաեւ 2014թ. հուլիսից նվազագույն աշխատավարձի նախատեսվող բարձրացումները: Նշվեց, որ նման պարագայում պարտքերի կուտակումը բացառելու համար շեշտը պետք է դրվի մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկների` առավել արդյունավետ գործունեության կազմակերպման վրա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ քննարկվեցին հանրակրթական հաստատությունների 2014թ. ֆինանսավորման հետ կապված հարցեր: Մարզպետարաններին է ներկայացվել հանրակրթական հաստատություններում ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային հաստիքների ցանկը, որոնց վերաբերյալ մարզպետներն իրենց նկատառումները ներկայացրեցին նախարարին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարցը եւս մեկ անգամ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկելու վերաբերյալ: Քննարկվեցին նաեւ մարզերում ավագ դպրոցների ձեւավորումից հետո ավագ եւ հիմնական դպրոցների գույքի փոխանակմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ընդգծվեց դպրոցներում առանց ծնողական կոմիտեների գիտության եւ նախաձեռնության տարբեր ծրագրերի, այդ թվում` դրամահավաքների իրականացման անթույլատրելիությունը:

Քննարկվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը կարեւորեց եկամուտների ամբողջական ծավալով հավաքագրումը: Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով սեփական եկամուտների կատարողականը `5 հարկատեսակների գծով կազմել է 97,2%: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 91 %-ով, գույքահարկինը` 100,3 %-ով, գույքի վարձակալությունից ստացվող եկամուտների կատարողականը կազմել է 90,6 %:

Մարզպետների ուշադրությունը հրավիրելով հատկապես հողի հարկի եւ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտների ցուցանիշների վրա` փոխվարչապետն առաջարկեց հետեւողական աշխատանքներ իրականացնել այն համայնքների հետ, որտեղ հավաքագրման ցածր ցուցանիշներ են արձանագրվել: Նա մեկ անգամ եւս ընդգծեց ֆինանսական եւ հարկային կարգապահության պահպանման կարեւորությունը:

Խորհդակցությանը քննարկվեցին նաեւ ընթացիկ այլ հարցեր: Փոխվարչապետը մարզպետների առաջարկեց սերտորեն համագործակցել Տրանսպորտի եւ կապի նախարարության հետ` ձմեռային շրջանում հանրապետության ճանապարհների անցանելիության ապահովման միջոցառումների իրականացման հարցում: Նա նաեւ հանձնարարեց աջակցություն ցուցաբերել Գյուղատնտեսության նախարարությանը` հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ սերմացուի հատկացման ծրագրերի ամբողջական եւ լիարժեք իրականացման համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին