Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

00:00 / 12.12.2013

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` ՀԲ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման ոլորտի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի (Ahmed Eiweida) գլխավորությամբ:

Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրեցին Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակում նախատեսվող տարածքների զարգացման ծրագրի նախնական ուղղությունների մասին` դրանց վերաբերյալ կարեւորելով ՀՀ կառավարության եւ ոլորտային նախարարության մոտեցումները: Նշվեց, որ հիմնականում շեշտը դրվելու է հարավային մարզերում զբոսաշրջության զարգացման վրա, ինչը ներառելու է ենթակառուցվածքների, ՓՄՁ-ների զարգացում, հնարավորություն է տալու ներդրումներ ներգրավել: Ծրագրի նախագծի վրա ներկայումս աշխատում է նաեւ ՀԲ փորձագիտական թիմը:

Նշելով, որ ծրագիրը համահունչ է կառավարության կողմից որդեգրված տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը, փոխվարչապետը կարեւորեց դրա իրականացումը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների համատեքստում: Անդրադառնալով բաղադրիչներին` նա մասնավորապես առաջարկեց հարավային մարզերում զբոսաշրջային միջանցքի զարգացման ուղղությունից բացի, մյուս մարզերի համար եւս նպատակային ծրագրեր նախատեսել, որոնք կունենան կոնկրետ տարածքում զբոսաշրջության զարգացմանը նպաստող նշանակություն: Որպես օրինակ նշվեց Դիլիջան քաղաքի հատակագծի պատրաստման աշխատանքների իրականացումը, ինչը կարեւոր է քաղաքի հետագա զարգացման համար:
Կողմերը քննարկեցին նաեւ ծրագրի մեկնարկի ժամկետների, ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին